ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.10.2013

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ - Գուրգեն Մահարի

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Գուրգեն Մահարու (1903 թ. օգոստոսի 1-1969 թ. հունիսի 17) իսկական անունը Գուրգեն Աճեմյան է: Ծնվել է Վան քաղաքում 1903թ. և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել է շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան նաև վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին այնքան սիրում էր, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետո Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում:


Որբանոցում ծանոթանում է Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսում է գրել առաջին բանաստեղծությունները:
Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատ-շատերը ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ:
Այդ դժվար տարիներին հաջորդեցին խաղաղության և շինարարության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը: Գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, բանաստեղծությունների «Մրգահաս» ժողովածուն: 
Բայց նրա կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը ընդհատվեց աքսորով: 1936թ.-ին շատ գրողների, մտավորականների և հասարակ մարդկանց հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին հյուսիս, հետո Սիբիր: Նրան ազատեցին միայն Ստալինի մահից հետո` 1953թ.-ին: Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր` «Ծաղկած փշալարեր» վիպակը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի, նրա կենցաղի և ճակատագրի մասին, պատմվածքներ, պիես, բանաստեղծություններ, հուշեր:
Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets