ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.10.2013

ԵՐՎԱՆԴԱՇԱՏԻ, ԾՆՆԴՈՑ ԱՆՏԱՌԻ ԵՎ ԵՐՎԱՆԴԱԿԵՐՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երվանդի թագավորության ժամանակ Երասխ գետը արդեն բավականաչափ հեռացել էր Արմավիրի բլրից, իսկ երբ ձմեռը երկարատև էր լինում, հյուսիսից փչող ցուրտ քամիները լրիվ սառցակալում էին գետի վտակը, և արքունիքը զրկվում էր խմելու ջրից։ Դրանից նեղվելով՝ Երվանդը արքունիքը Արմավիրից տեղափոխում է արևմտյան կողմում գտնվող միակտուր ապառաժ բլրի վրա, որի մի կողմը շրջափակում էր Երասխը, իսկ դիմացից հոսում էր Ախուրյան գետը։ Երվանդը պարսպապատում է բլուրը, պարսպից ներս շատ տեղերում ժայռի քարերը կտրել տալով՝ փորվածքներ է բացում, հասցնում մինչև բլրի հատակը, հավասարեցնում գետնի մակերևույթին, այնպես, որ գետի ջրերը սկսում են հոսել փորվածքի մեջ և խմելու ջուր մատակարարել քաղաքին։ 
Այնուհետև Երվանդը կառուցում է միջնաբերդը, ամրացնում բարձր պարիսպներով, պարիսպների մեջ կանգնեցնում պղնձակոփ դռներ և ներքևից վերև, մինչև դուռը, երկաթե աստիճաններ դնում. սանդուղքի վրա, աստիճանների միջև գաղտնի որոգայթներ է սարքում։ Եվ եթե մեկը կամենար թագավորին դավել և թաքուն բարձրանալ այդ աստիճաններով, իսկույն կբռնվեր։ Աստիճանները երկկողմանի էին. մի կողմինը կոչվում էր ցերեկային, ծառայում էր արքունի սպասավորների և առհասարակ բոլոր պալատականների ելումուտի համար, մյուսը կոչվում էր գիշերային, հատուկ շինված դավադիրներին բռնելու նպատակով։ 
Երվանդն այդ նոր քաղաքը կոչում է իր անունով՝ Երվանդաշատ, Արմավիրից ամեն ինչ տեղափոխում այնտեղ, բացի կուռքերից1, և այդ անում է իր անձի ապահովության նպատակով։ Մտածելով, որ կուռքերը Երվանդաշատում դրվելու դեպքում կրոնական արարողությունների, հատկապես զոհաբերությունների ժամանակ այնտեղ կհավաքվի ժողովրդի հոծ բազմություն, և քաղաքի անվտանգության պահպանումը կդժվարանա, Երվանդը քաղաքից դեպի հյուսիս, մոտ քառասուն ասպարեզ2 հեռավորության վրա, Ախուրյան գետի ափին շինում է մի փոքրիկ քաղաք, նման իր քաղաքին և կոչում Բագարան3։ Արմավիրից նա այստեղ է տեղափոխում բոլոր կուռքերը, շինում մեհյաններ4 և իր եղբորը՝ Երվազին, նշանակում քրմապետ5։ 
Երվանդը գետի հյուսիսային կողմում տնկում է նաև մեծ անտառ, պասպապատում, դարձնում որսարգելանոց, մեջը թողնում արագավազ այծյամներ, եղնիկներ, եղջերուներ, ցիռեր6 ու վարազներ, որոնք աճելով ու բազմանալով՝ լցնում են անտառի, և Երվանդը իր արքայական որսի օրերին որսում էր դրանց ու զվարճանում։ Այդ որսարգելանոցը Երվանդն անվանում է Ծննդոց անտառ։ 
Երվանդը, դարձյալ իր անունով, կառուցում է Երվանդակերտը՝ մի չնաշխարհիկ դաստակերտ, գեղեցիկ ու չքնաղ հորինվածքով։ Նա մեծ հովիտը բնակեցնում է մարդկանցով, կառուցում պայծառ շենքեր, լուսավոր, ինչպես աչքի բիբը։ Բնակեցված այդ շենքերի շուրջը կանաչապատում է ծաղկանոցներով ու բուրաստաններով, ինչպես բիբը շրջանակող աչքի բոլորակ։ Իսկ նրա տնկած բազում այգեստանները նման էին գեղեցիկ, խիտ արտևանունքների, որոնց հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես հիշեցնում էր գեղատեսիլ կույսերի հոնքեր։ Հարավում ընկած դաշտերի հարթությունը նման էր ծնոտների գեղեցիկ ողորկության, գետը բերանի էր նմանվում, իսկ նրա զույգ ափերի դարավանդները՝ երկթերթ շրթունքների։ Եվ այս գեղադիր համալիրը թվում էր, թե իր անքթիթ հայացքն ուղղել է արքայանիստ բարձրավանդակին։
------------------------------
1 Հեթանոսական ժամանակներում պաշտվող և աստվածացվող մարդակերպ և կենդանակերպ արձաններ։
2 Երկարության չափ, հավասար 600 ոտնաչափի։
3 Ծագում է հին իրանական բագա - աստված բառից և նշանակում է աստվածների վայր, տեղ։ Մ. Խորենացին Բագարանը համարում է կազմված բագին բառից, որ դարձյալ նույն բագաից է սերում և նշանակում է աստվածների զոհասեղան, զոհարան, տաճարի այն սեղանը, որի վրա աստվածներին զոհ էին մատուցում։ Հետևաբար, ըստ Խորենացու՝ Բագարան նշանակում է բագիններ ունեցող տեղ։
4 Մեհյան՝ հեթանոսական տաճար։
5 Քուրմ՝ հեթանոսական կրոնի սպասավոր։ Քրմապետ՝ քուրմերի պետ, ավագ քուրմ։ 
6 Ցիռ՝ վայրի էշ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets