ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.10.2013

ՇԱՄԻՐԱՄԱԿԵՐՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ*

Ամեն ինչ բարեհաջող ավարտելուց հետո, Շամիրամը մի քանի օր մնում է Այրարատի ղաշտում, բարձրանում երկրի հարավակողմն ընկած լեռնային գավառը։ Եվ քանի որ ամառային եղանակ էր, նա կամենում է զրոսնել տեղի զովաշունչ հովիտներում ու ծաղկավետ դաշտերում։ Զմայլված երկրի գեղեցկությամբ, օդի մաքրությամբ, վճիտ ու սառնորակ աղրյուրներով, կարկաչահոս գետերով՝ Շամիրամը մերձավորներին հայտնում է իր վճիռը. 
— Այսպիսի բարեխառն օդով ու մաքուր ջրերով երկրում պետք է քաղաք և ապարանք շինենք, որպեսզի ամառվա ամիսներին վայելենք Հայոց աշխարհի զովը, իսկ զով եղանակներին ապրենք Նինվեում։ 
Շրջելով Հայոց աշխարհի տարբեր վայրերում, Շամիրամը հասնում է աղի ծովակի արևելյան ափը, որի երկայնքով դեպի արևմուտք ձգվում էր մի երկար բլուր, հյուսիսակողմից փոքր-ինչ թեք, իսկ հարավից՝ ուղիղ երկինք խոյացող զառիվայր ապառաժով1։ Բլուրից հարավ տարածվում էր լայն ու երկայնաձիգ հովիտ, որ լեռան արևելյան կողմից ընդարձակ ու գեղեցիկ ձորի ձևով իջնում էր ծովափ։ Այդ հովտով հոսում էին լեռներից իջնող քաղցրահամ առվակներ, որոնք ծործորներից ու հովիտներից ծորելով, լեռների ստորոտներում միանում էին, ծավալվում, կազմում գեղեցիկ գետեր։ Այս հովտաձև ձորակում ջրերի աջ ու ձախ ափերին բավական թվով շեներ կային կառուցված։ Իսկ այս հաճելի բլրից դեպի արևելք բարձրանում էր մի փոքրիկ սար2։ 
Այս տեղը շատ է դուր գալիս Շամիրամին, և տռփոտ ու քաջասիրտ տիկինը հրամայում է Ասորեստանից և իրեն ենթակա այլ երկրներից անմիջապես բերել քառասուներկու հազար անարվեստ գործավորներ (սևագործ բանվորներ) և վեց հազար ընտիր արհեստավորներ, որոնք կատարելապես հմուտ էին փայտի, քարի, պղնձի և երկաթի արհեստներին։ 
Թագուհու հրամանն իր ուզած ձևով իսկույն կատարվում է. գալիս են անարվեստ բանվորների և բազմարվեստ հանճարեղ վարպետների բազմություններ։ Շամիրամը հրամայում է կառուցել նախ գետի ամբարտակը՝ անբավ լայնությամբ ու բարձրությամբ, ապառաժներով և խոշոր վեմերով, կրի և ավազի շաղախով ամրացված3։ 
Գետի այդ ամբարտակը մինչև այժմ էլ մնում է կանգուն, և այնպես ամրակուռ, որ եթե մեկը փորձի այդ շինվածքից պոկել թեկուզ մի փոքր քար պարսատիկի համար, երբեք չի հաջողվի։ Եվ կրաշաղախը շուրջը այնպես է ծեփված, որ թվում է, թե հալած ճարպով է ագուցված։ 
Այդպես երկար տարածության վրա ամբարտակը կառուցելով, Շամիրամը այն հասցնում է քաղաքի հիմնադրման համար որոշված տեղը։ Այստեղ թագուհին հրամայում է գործավորների բազմությունը բաժանել մասնագիտական տարբեր դասերի և յուրաքանչյուր դասի վրա ղեկավար նշանակել վարպետներից լավագույններին։ Նման խիստ լարված աշխատանքով մի քանի տարվա ընթացքում ավարտվում է հրաշակերտ քաղաքի կառուցումը՝ ամրակուռ պարիսպներով և պղնձակոփ դռներով։ Քաղաքի մեջ Շամիրամը կառուցում է բազմաթիվ ընտիր ապարանքներ՝ կրկնահարկ և եռահարկ, գույնզգույն պես-պես քարերով զարդարված, յուրաքանչյուրում պատուհաններ՝ ըստ պատշաճի։ Քաղաքի թաղամասերը միմյանցից բաժանվում են գեղեցկագույն և ընդարձակ փողոցներով։ Շինում է նաև չքնաղ բաղանիքներ՝ քաղաքի դիրքին ու կարիքներին համապատասխան։ Գետը բաժանում է երկու մասի, մեկը անց է կացնում քաղաքի միջով, քաղաքը պատում առուների ցանցով՝ քաղաքացիների տարբեր կարիքները հոգալու, բուրաստաններն ու ծաղկանոցները ոռոգելու, իսկ մյուս մասը անց է կացնում ծովակի աջ և ձախ ափերով, քաղաքի ողջ շրջակայքի այգիներն ու հողերը ջրելու համար։ Քաղաքի բոլոր կողմերը զարդարում է դաստակերտներով, վարսագեղ սաղարթախիտ ու պտղատու ծառերով, տնկում բազմաթիվ բարեբեր ու գինեվետ այգիներ։ Պարսպապատ քաղաքը ամեն ինչով դարձնում է հրաշալի ու հոյակերտ, մեջը բնակեցնում մարդկանց անթիվ բազմություն։ 
Շամիրամը պարսպապատում է քաղաքի վերին ծայրում գտնվող ժայռի գագաթը, ժայռի մեջ կառուցում գաղտնի ելք ու մուտք ունեցող քարակոփ արքայանիստ շինություններ, զանազան սենյակներ, ննջարաններ, գանձարաններ, վիհեր, որոնք բոլոր թագավորական մեծագործությունների մեջ առհասարակ առաջնակարգն ու վեհագույնն են համարվում։ Իսկ քարաժայռի արեգունի կողմը հարթեցնելով, ինչպես մեղրամոմն են երկաթե գրչով հարթում, Շամիրամը բազմաթիվ գրեր է գրել տալիս, որոնց միայն տեսքը մարդկանց զարմանքն ու հիացմունքն է շարժում: Եվ ոչ միայն այստեղ, այլև Հայոց աշխարհի շատ վայրերում Շամիրամն արձաններ է կանգնեցնում և նույն գրերով իր մասին ինչ-ինչ հիշատակներ գրել տալիս և շատ տեղերում նույն գրով սահմաններ հաստատում4։

-------------------------
* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։ Շամիրամակերտը, Շամիրամաշենը կամ Շամիրամի քաղաքը ըստ միջնադարյան ժողովրդական ավանդության, Վան քաղաքի անունն է, ուրարտական հզոր պետության Տուշպա անունով մայրաքաղաքը, որ հայերենում կոչվել է նաև Տոսպ կամ Վանտոսպ։
1 Խոսքը Վանա լճի և Վան քաղաքի մոտ գտնվող Տոսպան բլրի մասին է։
2 Այդ փոքրիկ սարը Վարագա սարն է։
3 Խոսքը վերաբերում է Վան քաղաքի մոտակայքում ուրարտական թագավոր Մենուայի կառուցած ջրանցքին, որ տեղացիները մինչև 1916թ. գաղթը, ըստ ավանդության, կոչում էին Շամիրամի առու։
4 Խորենացու խոսքն այստեղ Վանի քարաժայռի «Մհերի դուռ» կոչված հարթեցված երեսի, ինչպես նաև Վանի շրջակայքում և Հայաստանի տարբեր վայրերում քարե կոթողների վրա քանդակված ուրարտական թագավորների սեպագիր արձանագրություններին է վերաբերում, որ ժողովրդական ավանդությամբ թե Խորենացու ժամանակ և թե հետագայում վերագրվել է առասպելական Շամիրամ թագուհուն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets