ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.10.2013

ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «Տեսախցիկս այդ տարիներին ամբարեց ամենը, ինչ տեսավ»

«Ով կարող է մի բան անել այս հանճարեղ հայրենիքի մի վերք բուժելու համար ու չի անում, իմ բարոյական դատարանում նա դավաճան է» 
Հարցազրույց ռեժիսոր, սցենարիստ, Արցախյան ազատամարտի վավերագիր Սամվել Թադեւոսյանի հետ: 

-«Չկրակված փամփուշտներ», «Տաք արահետներ», «Խոնարհ հերոսներ». փաստագրական ֆիլմերի շարքը կարելի է երկար շարունակել: Պարոն Թադևոսյան, ո՞րն էր պատերազմի դաշտ գնալու և տեսախցիկը պատմությունը վավերացնելուն ծառայեցնելու ազդակը: Ի՞նչը տարավ Ձեզ պատերազմի դաշտ:
- Արժանապատվությունը, որովհետև մենք առանց այդ էլ սովետական
կայսրության օրոք ապրում էինք թույլատրելի կանոնների մեջ: Դրանից էր, որ պայթեց այդ ապստամբությունը, մենք ապստամբեցինք նախ ռեժիմի դեմ, ապա մեր դարավոր թշնամուց բռնակցված Արցախը ետ բերելու նախանձախնդրությամբ մղվեցինք մարտի: Դա պարտք էր, մենք բարոյական պարտքեր ունեինք: Եթե ասեմ՝ դա հայրենասիրություն էր, կնեղացնեմ ասելիքիս իմաստը, որովհետև հայրենասիրությունը քո որդու, մոր, ընկերոջ պատիվը պահելն է: Եթե թուրքը գալիս է, որ այդ արժեքները վերացնի, ամենաբնական օրենքը՝ հակազդելու օրենքն է: Մեզանից բոլոր ազգային արժեքները վերցրել ու ոչնչացրել էին՝ տևականորեն, հանդարտ, դավադրաբար: Մեր եկեղեցիներն էին ավերվում, մեր Անդրանիկն ու Նժդեհը արգելված արժեքներ էին, իսկ Արցախյան շարժումով մենք վերաարժեվորեցինք, վերաիմաստավորեցինք մեր արժեքները: Իսկ տեսախցիկս այդ տարիներին ամբարեց ամենը, ինչ տեսավ: Ես միակ վավերագիրը չեմ, տասնյակ տղաներ կան, հզոր նյութ է կուտակվել:
- Ո՞րն էր Ձեր պայքարը Արցախում, որ, կարելի է ասել, շարունակվում է նաև այսօր:
- Այդ ամենը պարզապես պետք էր ժապավենի վրա ունենալ` սկսած միտինգներից, մինչև Ղարաբաղի զինյալ հակամարտություն: Ես, այդպես մտածելով, բազմիցս գնացել եմ Ղարաբաղ, նույնիսկ այն ժամանակ, որ պարետային ժամ էր ու թռչել հնարավոր չէր, բայց գնացել ենք: Հսկայական նյութ ամբարվեց` կենցաղ, մարտական գործողություն, դաժանություն, ավերածություններ, վիշտ, որդեկորույս մայրեր, որբացող երեխաներ, ի վերջո, հաղթանակ... 1992 թվականի մայիսի 18-ին դաշնակցական հրամանատար Վարդան Ստեփանյանի` Դուշմանի վաշտի հետ մտա Լաչին: Դա իմ կյանքի երջանիկ օրերից էր. ազատագրված Լաչին, որով, փաստորեն, ազատագրված Արցախը միացավ մայր հայրենիքին: Դրանից հետո կյանքի կոչել էր պետք այն ամենը, ինչ ժապավենի վրա էր: 2000 թվականին վերջապես կարողացա հանրային հեռուստատեսությունով սկսել «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը, առաջինը նվիրված է իմ ընկերոջը, համակուրսեցուս` Մովսես Գորգիսյանին: Եվ այսպես՝ 30 ֆիլմ մինչ օրս: Ամեն մեկը նվիրված է մեկ նահատակի: Բացի այդ, ես հիմնել եմ մի նոր արվեստ, որը կոչվում է «խրամատային գեղարվեստ»: Կարծում եմ` մյուս տարի կհասցնեմ և լույս կտեսնի առաջին հատորը: Դա արվեստի մի նոր տեսակ է, որը ծնվում է ծայրահեղ վիճակում` մահվան և կռվի արանքում: Ես դա տեսա, երբ տղերքը կռվի ժամանակ կամ առաջ նկարում էին, փամփուշտներով Մասիս էին սարքում, ծխախոտի տուփի վրա բանաստեղծություն էին գրում, երգ էին գրում. դա արվեստ է, բայց բոլորի համար չէ: Դա մի արվեստ է, երբ մարդը պատրաստ է ընկերոջը թաղելուց ստեղծագործել, մահվան ժամանակ ստեղծագործել: Նրանք մարդիկ էին, ովքեր մահվանից այն կողմ էին անցել, կարող է բանաստեղծական է հնչում, բայց միայն այդ դեպքում ես դու գետնում վախն ու անցնում առաջ:
- Ի՞նչ եք կարծում, մենք ունե՞նք այսօր այն պետությունը, հանուն որի տղաները պայքարում էին: Արժանի՞ ենք մեր պետությամբ ու ապրելու կերպով Եռաբլուրի հերոսներին:
- Այդ թափված արյունն ապարդյուն չգնաց: Մենք ոչնչացրեցինք մեր մեջ ստրուկին, խեղճին, մոլորյալին, մենք վերադարձանք մեր ակունքներին, աշխարհի հետ հարաբերվելու փիլիսոփայությանը: Հիմա արժեքների կտրուկ կորուստ է մեզանում: Հայաստանը, նախևառաջ, հոգևոր արժեք է: Երբ դու չես գիտակցում դա, հողը քեզ համար դառնում է հերթական հող, Արաքսը` հերթական առու, ու ճամպրուկդ վերցնում, վազում ես: Բայց, երբ տիրապետում ես հոգևոր հայրենիքիդ` արդեն պայքարում ես նրա համար: Ես չեմ սիրում բազմոցի վրա ընկածներին, որոնք բողոքում են: Պետք է գործ անել` ամենօրյա, տքնաջան, ժրաջան աշխատանք: Մենք աշխատեցինք և 12.000 քառակուսի կմ միացրեցինք մեր հայրենիքին, այսինքն, հուրախություն մեզ, մեր մեջ կա պոտենցիալ: Մեր ամենամեծ թշնամին հիմա արտագաղթն է, մենք կորցնում ենք հայրենիքը: Աշխարհում պատերազմը երբեք չի դադարում, ձևերն են փոխվում: Եվ մենք դա պիտի գիտակցենք:
- «Աղերսանքով ու խնդրանքով բան դուրս կգա՞». Ձեր հերոսի խոսքերն են... Հիմա ես եմ հարցնում. այսօր` աղերսանքով ու խնդրանքով բան դուրս կգա՞:
- Մենք երբեք նախահարձակ չենք եղել, նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ նպատակը նույնն էր` լինել հզոր, որ թշնամին չկարողանա մոտենալ մեր պարիսպներին: Լաց ու կոծով ոչնչի չես հասնի: Ես երբեք պատերազմի կոչ չեմ անում, բայց, եթե մեկը սուր է բարձրացնում քեզ վրա, դու բոլոր բարոյական իրավունքներն ունես՝ կտրել այդ ձեռքը: Այս պարզ հոգեբանութունն է խոսում մեր մեջ: Խաղաղություն ես ուզում, այնքան անառիկ պիտի լինի բերդ-ամրոցդ, որ թշնամիդ միայն հեռադիտակով ուզենա նայել: Մեր միտքը տկարացել է, երբ միտքդ տկար է` դու չես կարող զենք վերցնել: Քրիստոնյա պետք է լինել քրիստոնյա հարաբերություններում, պիտի լինել բարբարոս` բարբարոս հարաբերություններում, պիղծ` պիղծ հարաբերություններում:
- Ենթադրում եմ` ֆիլմարտադրությունը ևս պետք է նպաստեր մեր հզորացմանը` պատմությունն իմանալու, արժեվորելու ու հաջորդ հարվածներին պատրաստ լինելու իմաստով: Բայց այդպես չէ, ավելին` սերիալները բոլորովին այլ բան են քարոզում, նոր ստեղծված ֆիլմերի գերակշիռ մասի բովանդակությունն, անգամ, անհասկանալի է:
- Գոյություն ունեն երգիչներ և պալատական երգիչներ: Պալատական երգիչները երգում են այն երգերը, որոնք պալատը կարգադրում է: Այն, ինչ հիմա կատարվում է` միտումնավոր քաղաքականություն է: Այդ գենդերային հավասարությունը, սերիալները, կեղծ արժեքները` մեր տոհմիկ, ավանդական հայեցի կեցվածքից, դիմագծից հեռացնելու համար է, որ դառնանք նախիր, զոմբի, ոչ բարոյական ազգ, որպեսզի դառնանք կառավարելի: Իրենք հայտարարում են` թե ժողովուրդը դրա պահանջը ունի: Չկա նման բան. ես ձեռնոց եմ նետել իրենց «հանճարեղ» ֆիլմերի վրա, որի վրա հսկայական գումարներ են վատնվում: Ես դրանց ասում եմ՝ հայեր, որոնք մասնագիտությամբ թուրք են: Եթե ինձ ասեն. «բա, ի՞նչ անենք, ասպարեզ չկա, ընտանիք չենք կարողանում պահենք», ես կասեմ. «մեռեք, որովհետև ծնկաչոք ապրելն ավելի ստորաքարշ է, քան պատվարժան մեռնելը»: Նրանք զբաղված են, մեկ բառով ասած, հայրենադավությամբ:
- Այս ամենից ելնելով, ինչպե՞ս եք անում այն, ինչ անում եք:
- Իմ գերագույն նպատակն էր պահպանել այն, ինչ կար տեսաժապավենների վրա: Իմ ֆիլմերը ծառայել են նպատակին: Ես դեռ մի 30 ֆիլմի նյութ ունեմ: Իմ ոճը չեմ փոխի, որովհետև անելիքներ շատ ունենք: Շուտով պատրաստ կլինի «Տիգրանի դասերը» ֆիլմը... Տիգրան Մեծը 2000 տարի հետո վերադառնում է Երևան ու սկսում է բարոյական դատ` թե ի՞նչն էր պատճառը, որ մենք մեր հայրենիքի 9/10-րդը կորցրեցինք: Հիմա նաև Լիզբոնի տղաների պատմության 30 տարվա փոշին եմ ուզում մաքրել՝ մինչև ցեղասպանության 100-ամյակը, կարծում եմ, այդ գործը կանենք, որ կտավային գեղարվեստական ֆիլմ ունենանք: «Խոնարհ հերոսներ»-ից 5 ֆիլմ կա, որ այսօր սեղանի վրա է: Ամեն ինչ կանեմ՝ ծրագրերս կիսատ չթողնելու համար, որովհետև ով կարող է մի բան անել այս հանճարեղ հայրենիքի մի վերք բուժելու համար ու չի անում, իմ բարոյական դատարանում նա դավաճան է:
Զրուցեց` ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
«ՇՐՋԱՊԱՏ» շաբաթաթերթ

ՉԱՐԱԿԱՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ
Արձակված գնդակներին
հանձնարարված չէր
գթասիրտ լինել:

ԱՆՍԵՐ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐ
Ռազմաճակատի առավոտները
լույս են ավետում, 
և անունները` նախորդ գիշերվա 
նահատակների: 

ԽՐԱՄԱՏԱՅԻՆ ԹԱԽԻԾ
Բաժանումի լուռ հառաչներ,
որ ծնվում են կարոտների ծարավ սրտում
Արցունքոտված աչքեր թաքուն, 
որ փայլում են կեսգիշերի
ժլատ լույսի հորիզոնում:

Ցնորամիտ երազանքներ,
Որ ծնվում են խրամատի շեղ փոսերում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets