ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.10.2013

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ /ԱՆԽՈՐԱԳԻՐ-Հուշագրություն-էսսե/

 …Սկսեմ, բայց ինչի՞ց... Որքան հիշում եմ մանկության մասին գրված վեպերն ու վիպակները մոտավորապես այսպես են սկսվում. «Մորս պատմելով, ես ծնվել եմ գարնանային մի առավոտ, վաղ արշալույսին, ու իմ ծնվելուն պես մեր եկեղեցու զանգերը սկսել են ղողանջել»: Ոչ, մայրս նման բան ինձ չի պատմել, ու ինձ անհայտ են իմ ծննդյան օրվա մանրամասները: Կամ այսպես են սկսել նաև. «Մայրս գնում է կովը կթելու: Գնում ու երկար ժամանակ չի վերադառնում: -Քա, աղջի, հարսն ինչ եղա՞վ,- հանկարծ բացականչում է հորաքույրս,-գոմ գնաց ու չեկավ: Վազում են, գնում տեսնում մորս կովի մոտ նստած, գրկում մի կապուտաչյա երեխա: Այդ երեխան ես էի»: Ոչ, իմ ծնունդը չի նշանավորվել նման առտառոց դեպքով, այլապես մայրս պատմած կլիներ ու հեշտացրած կլիներ իմ գործը: Բայց հիշում եմ, կա նաև այսպիսի սկիզբ. «Առաջին բանը, որ հիշում եմ, մորս թանաքտված ստինքներն են»… Առաջին բանը, որ հիշում եմ: Սա կարծես լավ սկիզբ է ու հարմար է ինձ: Բայց առաջին բանը, որ հիշում եմ, ոչ, մորս թանաքտված ստինքները չեն, այլ գառան մի սև մորթի… փաթաթված ինձ… Այո՛, գառան փորթի փաթաթված ինձ: Հավանաբար տատս է պատմել, պատմել է մայրս, ու հետո ինձ այնպես է թվացել, որ այդ ամենը հենց ինքս եմ հիշում ու հիշում ամենայն մանրամասնությամբ: Այսպես ուրեմն, տատս առավոտյան ինչ-որ տեղ է գնացած եղել ու վերադառնալիս հեռվից տեսել է, որ մեր տան շուրջը մարդիկ են հավաքվել, շփոթված ներս ու դուրս են անում, աղմկում, գոռում, գոչում: Տատս մի վայրկյան քարացել է, հետո վտանգի հոտն առած թխսմոր նման փետուրները քամուն է տվել ու վազել: Մեր տնից վերադարձող մի կին է դեմը ելել, տատս տագնապով բռնել է թևից ու գոռացել. -Աղջի՛, ադ ինչ է եղե՞լ Կինը շփոթված կմկմացել է. -Հեչ, ջանըմ, ձեր կճուճն է ջարդվեր… -Խենթ ե՞ս կնիկ, ադ կճուճի բան չէ՛,-աղաղակել է տատս ու շարունակել թխսմոր իր արշավանքը: Իսկ կճուճն իսկապես ջարդվել էր ու ջարդվել հետևյալ հանգամանքներում: Եփրատի վտակներից մեկի` Ոսկեգետակի վրա ծվարած գյուղաքաղաք Արաբկիրը, ուր ծնվել եմ ես, սովորություն ուներ ամռանը կավե տանիքներին քնել: Բայց մեր տանիքների կավը սովորական գորշ կավ չի եղել, այլ մոտակա լեռներից պեղված հատուկ` կապույտ ու անջրանցիկ կավ, որ երազային երանգներ է տվել գյուղաքաղաքին: Մի ուրշ բարեմասնություն էլ է ունեցել այդ կավը. Երբ երեկոները ջուր են ցողել տանիքին, կավը ծոթրինի ու մանուշակի պես է բուրել, ու հոգնաբեկ մարդկանց այնպես է թվացել, թե իրենք ծոթրինի ու մանուշակի մեջ են քնած: Ամառ է եղել: Մերոնք առավոտյան վաղ իջել են տանիքից, գնացել իրենց գործին, իսկ ես, որ երեք տարեկան եմ եղել, շարունակել եմ ծոթրինի ու մանուշակի հոտով թաթախված իմ լուսաբացի քունը ու երբ արթնացել եմ, սովորականի նման ձայն չեմ տվել մորս, այլ փորձել այս անգամ, ինչպես ասում են, սեփական նախաձեռնությամբ իջնել աստիճաններից… Փորձել եմ ու երկոտանի տան կտուրից, կամ ինչպես մեր բարբառով են ասում` «տեներից», ընկել ուղիղ պատի տակ դրված կճուճներից մեկի վրա ու… «Հեչ, ջանըմ, ձեր կճուճն է ջարդվեր…»: Մայրս փշրվող կճուճի ձայնն ու իմ ճիչն առնելով, դուրս է վազել ու տեսել, որ ես անշունչ «աչքերս դարձած», ընկած եմ կճուճի բեկորների վրա: Երբ տատս տեղ է հասել, ինձ գիրկն է առել ու գոռացել. -Շո՛ւտ, գառ մորթեցեք… Մեր հարևանի տղան` Տաղմաջոնց Սարգիսը, անմիջապես մորթել է գառը, ինձ փաթաթել տաք մորթու մեջ: Եվ առաջին բանը, որ հիշում եմ, այո գառան սև մորթի է փաթաթված ինձ: Երբ ուշքի եմ եկել, ասել եմ. -Աս փիս բանը վրայես հանեցեք… Մայրս պատմում է, որ հետո ամեն գիշեր ուղիղ նույն ժամին արթնացել եմ, ճիշտ նույն տևողությամբ լաց եմ եղել եւ նույն ժամին նորից քնել: Եվ մանկությանս առաջին հուշն են դարձել գառան այդ սև մորթին ու ցավը: Այդ խուլ, հեռավոր ցավը: Ամեն անգամ, երբ մայրս պատմել է իմ գիշերային այդ լացի մասին, ինձ այնպես է թվացել, թե ոսկորներս դեռ ցավում են… Ու եթե առաջ ինձ թվում էր, թե դա ոսկորներիս հիշողությունն է, ապա քանի հասակ առա, զգացի, որ ուրիշ, բոլորովին ուրիշ ցավ է դա, կորած մանկությանս, կորած ծննդվայրիս ցավը…

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets