ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.10.2013

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ

«Վախենում եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի ասելով` Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»:
1991 թվականի ապրիլի 30-ին, երբ Գետաշենում դրությունն օրհասական էր, «Օղակ» գործողություն ժամանակ զոհվում է «Գետաշենի Արծիվը»` Թաթուլ Կրպեյանը:
Եվ նորից մահ իմացյալ… Թաթուլն էլ չկար… Նա ընկավ իր ուխտի կես ճանապարհին, ընկավ, որ Արցախը հավերժի, ընկավ, որ Գետաշենը կանգուն մնա:
Նա մատաղվեց հայրենիքին` մայր հողին խառնելով իր տաք արյունը: Նա ընկավ հերոսաբար` ցավի կրակ վառելով հարազատների, ընկերների և իրեն ճանաչող ամեն մի մարդու սրտում: Կորստի վիշտն ու ցասումը մի ակնթարթում համակեցին բոլորին, երբ Թաթուլը վերջին անգամ գյուղ «վերադարձավ», բայց այս անգամ, որպես հավերժություն լույս ճամփորդ… «վերադաձավ» ու հողին հանձնվեց, որպես հայրենասիրության սուրբ առաքյալ` անմահությամբ օծելով իր կյանքը:



«Թաթուլը տան վեցերորդ երեխան էր,-պատմում է ավագ եղբայրը` Մանվել Կրպեյանը,- շատ աշխույժ էր և ակտիվ` ամեն ինչի նկատմամբ` և ուսման, և սպորտի, և խաղերի, և առօրյայում առհասարակ: Թաթուլին երբեք հոգնած չէիր տեսնի. ֆիզիկական աշխատանք այդքան շատ չէր անում` ինքներս էլ չեինք թողնում, բայց մնացած ամեն ինչում առաջինն էր և ամենաակտիվը: Խաղերի մեջ միշտ ուզում էր հրամանատարը լիներ, խնդրում էր պապին իր համար փայտից թուր պատրաստեր. առնում էր ձեռքին ու ասում. «Ես եմ հրամանատարը»:
Մեկ-մեկ կռիվ էր անում քրոջս` Ռուզանի հետ, Ռուզանը լաց էր լինում, ինքն էլ հետը մինչև վերջ լացում էր, Ռուզանը ձայնը կտրում էր, Թաթուլը դեռ շարունակում էր լաց լիներ»:
Հիրավի, Թաթուլը մեծ սիրտ ուներ, բարի և մեղմ հոգի…
Մի առիթով Մաքսիմ Գորկին ասել է. «Մարդկանց նկատմամբ սերը, դա հենց այն թևերն են, որոնցով մարդ բարձրանում է ամենից վեր»:
Եթե մենք այսօր չճանաչեինք Թաթուլ Կրպեյանին, որպես Ազգային հերոսի և հայրենիքի նվիրյալ զինվորի, ապա միևնույն է մարդասիրության թևերը Թաթուլին կբարձրացնեին վեր ու կկնեքեին, որպես «Հայոց մարդասեր»:
«Թաթուլի մեջ ամենաշատը գնահատում էի մարդասիրությունը: Սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ հատուկ վերաբերմունք և մարդկային աջակցություն ուներ: Խրոխտ էր և տանել չէր կարողանում անարդարությունը, թե անարդար մի բան նկատեր կռիվ կաներ»,-ահա այսպես Թաթուլին բնորոշեց իր երբեմնի դասախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի այժմյան դեկան Էդիկ Մինասյանը:
Պարոն Մինասյանը մեծ հպարտությամբ էր պատմում Սասնա երգերին ու պարերին, Սասնա հող ու ջրին նվիրված ուսանող Թաթուլի մասին. «Թաթուլը որպես ուսանող առանձնանում էր նախ ընդունակությունների տեսանկյունից. չափազանց ընդունակ էր, ամեն ինչ շատ արագ էր ընկալում և կարողանում էր նյութը ժամանակին մատուցել, առանձնապես կարևորում էր պատմական ցանկացած իրադարձության. ցանկացած դեպք վերլուծում էր` կապելով հայրենասիրական մղումների հետ, ազգային նպատակների հետ և շատ հարցասեր էր: Թաթուլը իրոք հայրենասերի կերպար էր, նա բուռն արձագանքում էր հայրենասիրական ցանկացած միջոցառման և դրա ակտիվ նախաձեռնողներից էր, ուներ կազմակերպչական մեծ ընդունակություններ»:
Արցախյան շարժման հենց առաջին իսկ օրերից, ոգևորված ուսանողության հետ, Թաթուլը մասնակցում է ցույցերին, սակայն նա քաջ գիտակցում էր, որ ազգի հարցերը հանրահավաքներով չես լուծի, ու շուտով 4-րդ կուրսի ուսանող Թաթուլ Կրպեյանը դիմում և ներկայացնում համալսարանի ռեկտորատ. ուզում էր մանկավարժ դառնալ, պետք է մեկներ Գետաշեն` այնտեղ պատմության ուսուչից աշխատելու նպատակով, բայց փաստացի Թաթուլը ուսանողական նստարանից տեղափոխվում էր դեպի պատերազմի դաշտ: Նա Գետաշեն էր մեկնում մարտական տրամադրվածությամբ: Նա վերջին պահին էլ զգում էր, որ կարող է մահանա, բայց դրան մեծ կարևորություն չէր տալիս.«Ավելի շատ ժողովրդին փրկելու և ազատագրելու գաղափարն էր նրա մեջ իշխողը, նրա ողջ մտածմունքը Գետաշենն էր ու Արցախ աշխարհն առհասարակ»:
Թաթուլն իսկապես մեծ հայրենասեր էր և ուներ անասելի մեծ սիրտ, բառիս թե ուղիղ և թե փոխաբերական իմաստներով: Երբ զրուցում էի Թաթուլի եղբոր հետ, մի հետաքրքիր դեպքի մասին տեղեկացա. «Եկավ պահը և Թաթուլն էր պետք է ծառայեր խորհրդային բանակում, սակայն զինկոմիսարիատում հայտնում են, թե հիվանդ է` 2 սիրտ ունի, և չի կարող ծառայել: Թաթուլը կռիվ է անում այնտեղ, ջղայնացած մտնում է տուն ու ասում. «Ես դրանց պիտի գնդակահարեմ, ոնց թե հիվանդ եմ, ես պարապած տղա եմ, ես պիտի ծառայեմ»…
Թաթուլին մի կերպ տանում են բանակ, ապրիլի 24-ի օրը 3 թուրքի է ծեծում, նրանցից մեկը ուղղեղի ցնցում է ստանում, պետք է դատ լիներ. Թաթուլն էլ փախնում գնում է գոսպիտալ` ասելով, թե հիվանդ է, երբ նրան զննում են տեսնում են, նա իսկապես հիվանդ է և 2 սիրտ ունի. պետք է վիրահատեին»…
Թաթուլն առյուծ սրտով էր ծնվել այնքան անասելի բարություն ու մեծություն կար նրա սրտում, որ առիթ է հանդիսացել կարծելու թե 2 սիրտ ունի: Նրա սրտի մեծությանն ու հայրենասիրությանը չափ սահման չկար. «Տանը խաբում էր ծնողներիս, թե գնում ենք պատմական հուշարձաններ ուսումնասիրելու, գնաց մի անգամ, վերադարձավ, հետո, երբ տեսավ ես տանն եմ` վիրավոր, ու կարող եմ ծնողներիս տեր լինել, ասաց,- Էլ հնար չկա, պիտի գնամ, մնամ…»
Ու գնաց… Թաթուլն էլ գնաց…
Կորուստդ ցավ է Թաթուլ, կարճ ապրեցիր քո կյանքը. Դու անարդարության երդվյալ թշնամի,հայրենիքի անձնվեր մարտիկ, դու, որ քո գործած սխրանքներով ու քո վսեմ կերպարով նոր իմաստ ու բավանդակություն հաղորդեցիր հայրենասիրությանն ու ազնվությանը դատապարտված էիր տեսնելու ընդհամենը 26 գարուն:
Կորուսյալ հայրենիքի վերադարձի գաղափարով ու վճռականությամբ էր դաստիարակված երիտասարդ թալինցի Թաթուլ Կրպեյանը, ով իր կյանքի կարճ , բայց և բովանդակ տարիների ընթացքում ապացուցեց, որ հայրենիքի համար պետք է պայքարել սրտացավորեն.
Այսօր էլ Թաթուլը ողջերի մեջ է: Նրա տեսակը կենդանի լեգենդ է, որ ապրում է հայ մարդու սրտում ու հոգում: Նրա տեսակը անմեռ է…
ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ ՔԵԶ ԹԱԹՈԻԼ ԿՐՊԵՅԱՆ…

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets