ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.10.2013

ԱՐՏԱՎԱԶԴ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի, արտաքսում է Այրարատից1, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխանորդ, որովհետև ինքը զավակ չուներ։ 
Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ2։ 
Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում3, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը. 
Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, 
Ես ավերակների վրա ում թագավորեմ։ 
Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով. 
Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր4, ի Մասիս,
Քաջքերը5 քեզ բռնեն, տանեն՝ 
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես6։ 
Շատով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասսի փեշերին որսի դուրս գալիս, քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան7
Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։ 
---------------------------------------
1 Այրարատը Հին Հայաստանի (Մեծ Հայքի) ընդարձակ աշխարհներից մեկն էր, որի սահմանները տարածվում էին Երասխի միջին հոսանքի ավազանում և Արածանիի վերնագավառում։
2 Ժողովրղական հավատալիքով՝ մոր անեծքը չի բռնում որդուն, մինչդեռ հոր անեծքը անպայման իրագործվում է։ 
3 Հին հեթանոսական Հայաստանում և առհասարակ հին աշխարհում թագավորի կամ իշխանի մահվան և թաղման ժամանակ նրա մտերիմներին՝ կանանց, ծառաներին զոհում էին ի պատիվ հանգուցյալի և նրա հետ թաղում։ 
4 Մասիս սարը հնում կոչվում էր նաև Ազատն Մասիս, հավանաբար իր մեծության և բարձրության պատճառով։ 
5 Առասպելական ոգիներ, երբեմն չար, երբեմն էլ բարի բնավորությամբ։ 
6 Ստորև դրվում են վիպական այս հատվածների հին հայերեն բնագրերը. 
Մինչ դու գնացեր, 
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, 
Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ։ 
Եթէ դու յորս հեծցիս 
յԱզատն ի վեր ի Մասիս, 
Զքեզ կալցին քաջք, 
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս, 
Անդ կայցես, և զլոյս մի տեսցես։ 
7 5-րդ դարի հեղինակ Եզնիկ Կողբացու հաղորդման համաձայն, հին հայերը իրենց փրկության հույսը կապում էին Արտավազդի հետ, անձկությամբ սպասում, որ Արտավազդը մի օր դուրս է գալու քարանձավից և հայ ժողովրդին ու Հայաստանը ազատելու է օտար բռնակալների լծից։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets