ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.10.2013

ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆՈԻԿ ԵՎ ՎԱՂԱՐՇ

Հայոց Երվանդ Սակավակյաց թագավորի ժամանակ1 Տուհաց գավառից մի կտրիճ երիտասարղ Վարդգես անունով, գաղթում գալիս է Այրարատ, ամուսնանում Երվանդ Սակավակյացի քրոջ հետ և Շրեշ բլրի2 մերձակայքում, Արտեմիդ քաղաքի և Քասախ գետի մոտ շինում է մի ավան և իր անունով կոչում Վարդգեսավան։ Այդ մասին հին վիպասաններն այսպես են վիպել իրենց երգերում. 
Թողեց գնաց Վարդգես մանուկը 
Տուհաց գավառից, Քասախ գետի մոտ,
Եկավ ու նստեց Շրեշ բլրի 
Արտեմիդ քաղաքի, Քասախ գետի մոտ,
Երվանդ արքայի դուռը թակելու3։ 
Վարդգեսավանը հետագայում Տիգրան Մեծը բնակեցնում է հրեա գերիներով և դարձնում վաճառաշահ գյուղաքաղաք։ 
Տիրանի եղբայր Տիգրան Վերջին թագավորի կինը Այրարատի ձմեռանոցից գնալու ժամանակ ճանապարհին բռնվում է երկունքի ցավերով և Բասեն գավառում՝ Մուրց և Արաքս գետերի միախառնման տեղում, ծնում որդուն՝ Վաղարշին։ 
Երբ Վաղարշը թագավոր է դառնում, նա հավերժացնում է իր ծննդյան տեղի հիշատակը և գետերի այդ միախառնման տեղին մոտ կառուցում մի ավան և այն կոչում իր անունով՝ Վաղարշավան։ Վաղարշը վերանորոգում է նաև հին Վարդգեսավանը, այն ամրացնում ամուր պատվարով, պարսպապատում և կոչում իր անունով՝ Վաղարշապատ4։ 
Վաղարշի ժամանակ Կովկասյան լեռներից դեպի հյուսիս բնակվող խազարներն ու բասիլնեբը Ճորա դռնից5 դուրս են գալիս և իրենց բազմությամբ հեղեղում Անդրկովկասը։ Նրանք իրենց թագավոր Վնասեպ Սուրհապի առաջնորդությամբ գալիս, անցնում են Կուր գետը։ Այս հյուսիսային ցեղերի դեմ է դուրս գալիս հայոց Վաղարշ թագավորը՝ իր զորքերի բազմությամբ և քաջակորով մարտիկներով։ Վաղարշն իր զորքով մեծ ջարդ է տալիս թշնամուն, ամբողջ դաշտը ծածկվում է թշնամու դիակներով։ Թշնամու մնացած բազմությունը հալածվելով Վաղարշի կողմից, անցնում է Ճորա դուռը։ Այստեղ թշնամին վերադասավորելով ուժերը, նորից ճակատամարտ է տալիս։ Թեպետ հայոց քաջերը հաղթում են թշնամուն և փախուստի մատնում, բայց Վաղարշը աղեղնավորներից նետահարվում է և սպանվում։
--------------------------------
1 Երվանդ Սակավակյաց — Հայաստանի թագավոր, թագավորել է մոտավորապես մ. թ. ա. 570—560 թթ.։
2 Շրեշ բլուրը գտնվում է նախկին Վաղարշապատից (այժմ Էջմիածին) հյուսիս, որտեղից հայտնաբերվել են բազմաթիվ հնագիտական նյութեր, իրեր և առարկաներ։
3 Ստորև դրվում է այդ վիպական երգի հին հայերեն բնագիրը.
Հատուած գնացեալ Վարդգէս մանուկն 
Ի Տուհաց գաւաոէն, զՔասաղ գետով,
Եկեալ նստաւ զՇրէշ բլրով,
զԱրտիմէդ քաղաքաւ, զՔասաղ գետով,
Կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի։
4 Վաղարշապատը այժմյան Էջմիածին քաղաքն է, հին Վարդգեսավանը, որ վաղ միջնադարում հույների կողմից կոչվել է նաև Նոր քաղաք։ 
5 Ճորա դուռ կամ Ճորա պահակ — Կովկասյան լեռնաշղթայի արևելյան ծայրի և Կասպից ծովի միջև գտնվող անցման տեղ, այն միակ ճանապարհը, որով անցնում էին հյուսիսային ցեղերը և արշավում Անդրկովկաս։ Այդ տեղում է կառուցված այժմյան Դերբենդ քաղաքը (բառացի՝ փակ դուռ)։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets