ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.10.2013

ԵՐՎԱՆԴ

Սանատրուկի մահից հետո թագավորության մեջ խռովություն է ընկնում, և թագավորությունն անցնում է ոմն Երվանդի ձեռքը։ Երվանդի մայրը Արշակունի արքայական տոհմից էր՝ մի տգեղ, պառաված ու վավաշոտ կին, որի հետ ոչ ոք չէր համարձակվում ամուսնանալ։ Նա, ցլի հետ ունեցած խառնակությունից, երկու մանուկ է ծնում։ Երբ երեխաները մեծանում են՝ մեկի անունը դնում են Երվանդ, մյուսինը՝ Երվազ։ 
Երվանդը հասակն առնելով՝ դառնում է մի խիզախ ու հադթանդամ մարդ։ Նա ծառայության է, անցնում Սանատրուկի մոտ, վերջինիս կողմից նշանակվում է վերակացու և առաջնորդ, աշխատում է նվիրված, բոլոր նախարարների մեջ դառնում է նշանավոր ու առաջնակարգ և իր խոնարհությամբ ու առատաձեռնությամբ բոլորին իր կողմը գրավում։ Եվ երբ Սանատրուկը մեռնում է, բոլոր նախարարները միաբանվում են և Երվանդին դնում թագավոր, բայց առանց Բագրատունիների կողմից թագադրվելու1։ Երվանդն օժտված էր հմայական չար նայվածքով կամ ինչպես ասում են՝ չար աչքով։ Արքունի սպասավորները ամեն առավոտ, լույսը բացվելիս՝ որձաքարե վեմեր էին բռնում Երվանդի առաջ, նրա չար նայվածքից որձաքարերը պայթում էին։ 
Երվանդ, Արտաշես և Սմբատ 
Երվանդը թագավոր դառնալուց հետո, կասկածելով Սանատրուկի զավակներին, որ կարող են իր դեմ դավադրություն սարքել, բոլորին կոտորում է։ Սանատրուկից մնում է մի փոքրիկ տղա՝ Արտաշես անունով, որին իր ստնտուն առնում և փախցնում է Հեր գավառի կողմերը, Մաղխազանի հովիվների մոտ։ Այստեղից նա լուր է ուղարկում Արտաշեսի դայակին՝ Սմբատ Բագրատունուն, Բյուրատ Բագրատունու որդուն, որ բնակվում էր Սպեր գավառի Սմբատավան գյուղում։ 
Սմբատը, երբ իմանում է Սանատրուկի մահվան և նրա զավակների կոտորածի գույժը, վերցնում է իր երկու դստրերին՝ Սմբատանույշին և Սմբատուհուն, տանում տեղավորում է Բայբերդի ամրոցում, քաջարի մարդկանց ամրոցին պահապան դնում, իսկ ինքը իր մի կնոջ և փոքրաթիվ մարդկանց խմբով գնում է մանուկ Արտաշեսին որոնելու։ 
Երվանդը Սմբատի մտադրությունն իմանալով, մարդիկ է ուղարկում նրան գտնելու և ձերբակալելու։ Սմբատը գտնում է մանուկ Արտաշեսին, բայց երկյուղելով հետապնդումից, ծպտվում է և կերպարանափոխված ու հետիոտն երկար ժամանակ երեխայի հետ թափառում է լեռներում ու դաշտերում, պատսպարվում հովվական վրաններում, սնվում հովիվների մոտ, մինչև որ հարմար պահ գտնելով՝ անցնում է Պարսկաստան, գնում պարսից Դարեհ թագավորի մոտ։ Քանի որ Սմբատը քաջ մարդ էր և պարսիկներին վաղօրոք ծանոթ, պարսից զորապետներին հավասար մեծ պատվի է արժանանում թագավորի կողմից։ Երեխան նույնպես ապրում է թագավորի որդիների հետ հավասար պայմաններում։ Թագավորն անգամ Արտաշեսի և իր զավակների համար բնակության հատուկ տեղեր է հատկացնում Բատ և Ողոմն գավառներում։ 
Արտաշեսի փախուստը շատ է անհանգստացնում Երվանդին. նրան շարունակ տանջում է այն միտքը, որ Պարսկաստանում Սմբատի կոդմից իր թագավորության դեմ չարիք է նյութվում։ Արթուն ժամանակ կասկածները կրծում են նրա սիրտը, քնում էր խիստ անհանգիստ, իսկ քնած ժամանակ էլ սարսափելի երազներ էր տեսնում։ Եվ նա վճռում է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու սպառնացող վտանգը։ 
Նա պատգամավորներ է ուղարկում Պարսից թագավորի մոտ մեծամեծ նվերներով, փորձում համոզել նրան՝ Արտաշեսին իր ձեռքը հանձնելու։ 
«Իմ արյունակից, իմ հարազատ, — գրում էր նա պարսից թագավորին, — ինչո՞ւ ես այդ մարացի Արտաշեսին պահում, ինձ և իմ թագավորության հակառակորդ սնուցում, ինչո՞ւ ես ականջ դնում այդ ավազակ Սմբատի խոսքերին, որ իբր թե Արտաշեսը Սանատրուկի որդին է։ Նա ջանում է հովիվների և նախրորդների որդուն Արշակունի դարձնել, տարաձայնելով, թե իբր նա քո արյունակիցն ու հարազատն է։ Նա Սանատրուկի որդին չէ. Սմբատը խաբվելով՝ մի մարացի տղա է գտել և զուր տեղը աղմուկ բարձրացրել»։ 
Նույն կերպ Երվանդը բազմիցս Սմբատի մոտ էր պատգամավորներ ուղարկում, ասելով, թե «Ինչո՞ւ ես զուր տեղը այդքան նեղություններ կրում, խաբվելով ստնտուից՝ այդ մարի տղային ինձ հակառակորդ սնուցանում»։ 
Եվ ամեն անգամ Երվանդը երկուսից էլ տհաճ պատասխաններ է ստանում։ 
Տեսնելով, որ ուրիշ ելք չկա, Երվանդը մարդիկ է ուղարկում Բայբերդ, կոտորել տալիս ամրոցի պահապան քաջերին, գերում Սմբատի դստրերին, տանում փակում է Անի ամրոցում։
-----------------------------
1 Բագրատունի իշխանական տոհմի ավագ ներկայացուցիչները Արշակունի արքայական տոհմի ծիսական թագադիրներն էին, այսինքն՝ թագավորներին պաշտոնապես թագադրողները, առանց նրանց թագադրության, թագավորողը ապօրինի էր համարվում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets