ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.10.2013

ՀԱՅԿ դյուցազն*

Ահեղ և երևելի էին առաջին աստվածները, որոնք ստեղծեցին աշխարհն ու մարդկությունը, միաժամանակ և աշխարհի մեծամեծ բարիքները։ Այդ աստվածներից են սերում հսկաների սերունդը՝ վիթխարի ու հաղթանդամ դյուցազուններ, որոնք ամբարտավանանալով և ըմբոստանալով, վճռում են կառուցել Բաբելոնի հսկա աշտարակը, հասնելու երկինք՝ աստվածներին։ Երբ կառուցում են աշտարակը, աստվածների ցասումից վիթխարի հողմ է բարձրանում, կործանում աշտարակը։ Միաժամանակ աստվածների կամքով, յուրաքանչյուր մարդ և հսկա մյուսներին անհասկանալի մի նոր լեզվով է սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթություն և իրարանցում է ընկնում նրանց մեջ։ 
Այդ հսկաներից մեկն էր նաև Հաբեթոսթյան1 Հայկը՝ մի անվանի և քաջ նախարար, վիթխարի աղեղնավոր և կորովի նետաձիգ։ 
Հայկը վայելչակազմ էր, թիկնեղ, հաստաբազուկ, գանգրահեր, գեղեցիկ վառվռուն աչքերով։ Նա միակը եղավ հսկաների մեջ, որ քաջաբար ըմբոստացավ բոլոր նրանց դեմ, ովքեր ձեռք էին բարձրացնում մյուս հսկաների ու դյուցազունների դեմ և կամենում էին նրանց վրա գերիշխել։ Այդ այն ժամանակ էր, երբ բաբելոնյան խառնաշփոթության հետևանքով մարդկային ցեղը ցրվել ու սփռվել էր ամրողջ երկրով մեկ՝ բազմամբոխ, հզոր ու դաժան հսկաների մեջ, և յուրաքանչյուրը մոլի կատաղությամր սուրը իր ընկերոջ կողն էր խրում իշխելու համար։ Եվ հսկաներից մեկին՝ Տիտանյան Բելին, պատահաբար հաջողվում է բռնանալ մյուսների վրա, ամբողջ երկիրն ու մարդկային ցեղը իրեն ենթարկել և իրեն հռչակել թագավոր և աստված։ 
Հայկը ըմբոստանում է Բելի դեմ, չի հնազանդվում նրան և արհամարհանքով հրաժարվում է նրան աստված կոչել։ Այնժամ Բելը կռվով հարձակվում է Հայկի վրա, բայց արի Հայկը հսկա աղեղով հալածում է նրան։ 
Այդ ընթացքում Բաբելոնում ծնվում են Հայկի որդիներն ու դուստրերը, թոռներն ու ծոռները։ 
Հայկի անդրանիկ որդին էր Արամանյակը կամ Արամենակը, սրա անդրանիկ որդին էր Արամայիսը, սրա անդրանիկը՝ Ամասիան, սրանը՝ Գեղամը, Գեղամի անդրանիկը՝ Հարման, Հարմայինը՝ Արամը, իսկ Արամի անդրանիկ որդին՝ Արա Գեղեցիկը։ 
Հայկը չկամենալով հնազանդվել Բելին, իր ամրողջ գերդաստանով, թվով մոտ երեք հարյուր հոգի, բոլորն էլ զորավոր մարդիկ, իր բոլոր ծառաներով ու աղախիններով և իրեն հարած եկվորներով գաղթում է Բաբելոնից դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը2։ 
Հայկն այստեղ սկզբում բնակվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում, որտեղ ապրում էին իրենից առաջ այդտեղ եկած սակավաթիվ մարդիկ։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այստեղ կալվածքներով բնակատեղի է շինում և ժառանգություն տալիս թոռանը՝ Արամանյակի որդի Կադմոսին։ Իսկ ինքը իր մնացած մարդկանցով ու գերդաստանով շարժվում է դետի հյուսիս-արևմուտք, գալիս հաստատվում է մի բարձրավանդակ դաշտում և այդ լեռնադաշտը կոչում է Հարք3, այսինքն՝ այդտեղ բնակվողները հայրեր են, Թորգոմի տան սերնդից։ Հայկն այստեղ շինում է մի գյուղ և կոչում իր անունով՝ Հայկաշեն։ Դաշտի հարավային կողմում՝ մի երկայնանիստ լեռան մոտ, դարձյալ նախապես բնակվելիս են եղել սակավաթիվ մարդիկ, որոնք հոժարակամ ենթարկվում են դյուցազնին։ 
Իսկ այդ ժամանակ Բաբելոնում թագավորում էր հսկա որսորդ Տիտանյան Բելը, որն իրեն էր հնազանդեցրել ամբողջ երկրում սփռված բոլոր ազգերին և իր կախարդական հնարագիտությամբ և արքայական հրամանով պարտադրել էր բոլոր ազգերին երկրպագելու իր հպարտ ու ամրարտավան պատկերին, իբրև աստծո և զոհ մատուցել։ 
Բոլոր ազգերը անմիջապես կատարում են նրա հրամանները, բացի Հայկ նահապետից, որը ո՛չ նրան է հնազանդվում, ո՛չ իր տանը նրա պատկերը կանգնեցնում և ոչ էլ մեծարում նրան աստվածային շքով։ 
Բելը ոխակալվում է Հայկի դեմ, բայց առժամանակ իր ոխը թաքցնում, նա իր որդիներից մեկին, հավատարիմ մարդկանց ուղեկցությամր, պատգամավոր է ուղարկում հյուսիս՝ Հայկի մոտ, որպեսզի նա հնազանդվի և խաղաղ ապրի։ 
— Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, — ասում է Բելը իր պատգամախոսի բերանով Հայկին, — սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդելով խաղաղ ապրիր իմ երկրում, որտեղ դու կհաճես բնակվել։ 
Հայկը խստությամբ մերժում է Բելի պատգամավորներին, և նրանք ձեռնունայն վերադառնում են Բաբելոն։ 
Զայրացած Տիտանյան Բելը զորք է ժողովում և հետևակ զորքի մեծ բազմության գլուխ անցած, գալիս հասնում է հյուսիս՝ Արարադի երկիրը, այնտեղ, ուր բնակվում էր Հայկի թոռ Կադմոսը։ Վերջինս խուսափելով Բելից, փախչում գալիս է Հարք, նախապես սուրհանդակներ առաքելով Հայկին, հայտնելով հետևյալը. 
— Գիտցի՛ր, ով մեծդ դյուցազուններից, որ Բելը ուղիղ գալիս է քեզ վրա հավերժական քաջերով և երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Եվ ես լսելով, որ նա մոտեցել է իմ տանը, կնոջս ու զավակներիս հետ փախստական ահա տագնապած գալիս եմ քեզ մոտ։ Ուստի շտապ մտածիր անելիքդ։ 
Հայկն իմանալով այդ, վերցնում է Արամանյակին և Կադմոսին իրենց որդիներով, ինչպես նաև իր յոթանասուն դստրերի որդիներին, բոլորն էլ հսկա տղամարդիկ, և դուրս է գալիս Բելի վիթխարի զորքի դեմ։ 
Հայկն իր սակավաթիվ մարդկանցով չի կարողանում Բելի սպառազեն հսկա տղամարդկանց բազմության դեմն առնել։ Բելն անգամ փորձում է Հայկին գերել, բայց Հայկը խույս է տալիս Բելից և նահանջելով հեռանում։ Բելը ամրակուռ զրահով զրահապատված՝ իր զորքով հետապնդում է Հայկին։ Հայկը հետ է դառնում և ասում Բելին. 
— Ինչո՞ւ ես ինձ զուր հետապնդում, վերադարձիր քո տեղը, որպեսզի այսօր չմեռնես իմ ձեռից, քանզի իմ նետը բնավ չի վրիպում։ 
Բելը պատասխան է տալիս և ասում. 
— Որպեսզի չընկնես իմ զինվորների ձեռը և չսպանվես, եկ հանձնվիր, ապրիր իմ տանը խաղաղությամր, դարձիր իմ տան որսկան զինվորների ղեկավարը։ 
Հայկը զայրույթով ասում է. 
— Շո՛ւն ես դու և շան երամակից եք դու և ժողովուրդը քո։ Դրա համար էլ այսօր իսկ քո վրա կթափեմ իմ կապարճի նետերը։ 
Տիտանյան արքան վստահ իր սպառազինության և իր հանդուգն ամբոխի զորության վրա, շարունակում է հետապնդումը։ Բելի զինված ամբոխը զառիվայրից գահավիժող հեդեդի նման շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները։ 
Իսկ ուշիմ ու խոհեմ Հայկը իր սակավաթիվ և քաջ աղեղնավորներով հասնում է մանր ձկներով հարուստ մի մեծ ադի լճի4։ Լճափին նա կանգ է առնում, հավաքում իր զորքը, դիմում նրան հետևյալ խոսքերով. 
— Երբ մենք դուրս գանք Բելի հրոսակների դեմ, ձգտենք հանդիպել Բելին այնտեդ, ուր կանգնած կլինի նա իր քաջերի խուռն բազմության մեջ, կա՛մ պետք է մեռնենք և մեր ամբողջ գերդաստանը ընկնի Բելի ծառայության տակ, կամ մեր մատների կորովը ցուցադրենք, ցրենք Բելի խառնամբոխը և հաղթանակ տանենք։ 
Հայկը իր սակավաթիվ զորքն առաջ է տանում, հասնում բարձր լեռների արանքում գտնվող մի դաշտաձև տեղ և գետի հոսանքի աջ կողմում՝ բարձրավանդակի վրա, ամուր դիրք գրավում։ Այդտեղից պարզ երևում էր Բելի բազմամբոխ հրոսակը, որ սփռված բռնել էր շրջապատի ամրողջ տարածքը, և զինվորները ազատ ու համարձակ սուրում էին աջ ու ձախ։ Իսկ Բելը հանդարտ ու խաղաղ կանգնած էր բազմության մեջ, գետի ձախ ափին գտնվոդ բլրակի վրա իբրև դիտանոցի։ 
Հայկն իսկույն նկատում է այդ սպառազինված ջոկատը, որ բավական երկար տարածությամբ անջատված էր զինված ամբոխից։ Այդ ջոկատի մեջ նա ճանաչում է Բելին, որը գլխին կրում էր երկաթե սաղավարտ՝ նշաններ ունեցող վերջույթներով, թիկունքի և լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքին կապել էր գոտի՝ ձախ կողմից կախված երկսայրի սրով. աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակ, իսկ ձախում՝ վահան և աջ ու ձախ կողմերից շրջապատված էր ընտիր զորականներով։ 
Հայկը տեսնելով կուռ սպառազինված Տիտանյան Բելին և նրան աջ ու ձախ կողմից շրջապատած ընտիր զորականներին, Արամանյակին զույգ եղբայրներով կանգնեցնում է իր աջ կողմը, Կադմոսին զույգ որդիներով՝ իր ձախ կողմը, իբրև կորովի աղեղնավորներ և սրամարտիկներ, իսկ ինքը կանգնում է առջևում, իր զորքի մնացած մարդկանց կանգնեցնում իր հետևում և ամբոդջ զորքը եռանկյունաձև դասավորելով, հանդարտ առաջ է շարժվում։ 
Երբ երկու կողմի հսկաներն իրար ին հասնում, և սկսվում է ահեղ ճակատամարտը, երկրի վրա սոսկալի դղրդյուն է բարձրանում. հսկայազուններն իրենց ահռելի գրոհի թափից միմյանց վրա ահ ու սարսափ են տարածում։ Երկու կողմից բազմաթիվ հաղթանդամ մարդիկ են սրահարվում և գետին տապալվում, և երկու կողմն էլ մնում են անպարտելի։ 
Այս անսպասելի հարձակումից ու ճակատամարտի ելքից սարսափած Տիտանյան արքան, որ բլուրի բարձունքից իջել էր ներքև, հետ քաշվելով սկսում է բարձրանալ բլուրը, մտածելով այնտեղ իր թիկնապահների մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի և կարողանա երկրորդ ճակատամարտը տալ։ 
Ադեդնավոր Հայկը այս տեսնելով, իսկույն կռահում է Բելի մտադրությունը. իրեն առաջ է նետում, մոտենում արքային, մինչև վերջ ձգում է իր լայնալիճ, հզոր մայրափայտյա աղեղը և եռաթև նետն արձակելով՝ ուղիղ հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին։ Նետասլաքը շեշտակի թափով ծակում անցնում է զրահը, Բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ։ Ամբարտավան արքան մսե հսկա արձանի նման տապալվում է գետին և շունչը փչում։ 
Բելի զինված խառնամբոխը, տեսնելով այս անլուր քաջագործությունն ու իրենց արքայի կործանումը, սարսափահար դիմում է փախուստի։ Հայկի զինվորները հետապնդելով նրանցից շատերին՝ խլում են ձիերի, ջորիների և ուղտերի բազմաթիվ երամակներ։ 
Հայկը ճակատամարտի վայրում շինում է մի դաստակերտ5, անունը դնում Հայք՝ ի նշան վարած հաղթական կռվի։ Այդ անունից էլ մինչև այժմ ամբողջ գավառը կոչվում է Հայոց ձոր6։ Այն բլուրը, ուր ընկնում է Բելը իր քաջ մարտիկների հետ, Հայկը կոչում է Գերեզմանք, որը հետագայում հայտնի է 
Գերեզմանակք անունով։ Իսկ Բելի դիակը Հայկը զմռսել է տալիս, տանում է Հարք և թաղում մի բարձրադիր տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Արարադ երկիրը, ուր բնակություն է հաստատում Հայկը, հետագայում նրա անունով կոչվում է Հայք։ 
Հայկը հետագայում հայերի համար դառնում է պաշտելի նախնի, նրա անունով է կոչվել երկնային Օրիոն համաստեղությունը7, ինչպես նաև Կշիռ կենդանակերպ համաստեղությունը, որ կոչվել է Տաև Շամփուրք Հայկին կամ Պատրվակ Հայկին։ Հայկի որդիների և դստրերի անուններով է կոչվել նաև հին հայոց տոմարի ամիսների մի մասը։

-------------------------- 
* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և Սեբեոսի «Պատմություն» գրքերի։ 
Ըստ հին պատմիչների (Խորենացի, Սեբեոս) Հայկը սերում է Նոյի (Քսիսութրիոս) երրորդ որդուց՝ Հապեթոսթեից կամ Հաբեթից։ Այստեղից էլ Հաբեթոսթյան ազգանունը։ 
Արարադի երկիր էր կոչվում Միջագետքից դեպի հյուսիս ընկած երկրամասը, որ ասուրաբաբելական աղբյուրներում կոչվում է նաև Ուրարտու, այսինքն՝ Հայաստանի արևմտահարավային մասը, Վանա լճից դեպի հարավ։ 
3 Հարք (հին հայերենում նշանակում է հայրեր) գտնվում է Վանա լճից հյուսիս-արևմուտք, Մշո դաշտից հյուսիս և կոչվում է նաև Բուլանըխ կամ Բուլանըխի դաշտ։ 
4 Խորենացին նկատի ունի Վանա լիճը, որ հնում կոչվում էր նաև Բզնունյաց ծով։ 
5 Նոր շեն կամ քաղաք՝ իր կալվածքներով։ 
6 Հայոց ձորը գտնվում է Վան քաղաքից հարավ, Խոշաբ գետի ստորին հոսանքի ջրջանում։
7 Օրիոնը հունական առասպելաբանության մեջ ևս որսորդ էր, քաջ աղեղնավոր։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets