ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.10.2013

ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «Պատերազմն ինձ վերջնականապես կինո բերեց»


Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Արման Մանարյանի կուրսն ավարտելուց հետո երազում էի թատրոն գնալ: Աշխատանքի անցա Երևանի փորձարարական թատրոնում: Միաժամանակ աշխատում էի «Հայֆիլմում»`որպես ռեժիսորի օգնական: Սկսվեց 88-ի շարժումը: Արցախում իրավիճակն արդեն լարված էր, բայց դեռ չէր վերածվել պատերազմի: Այդ ժամանակ էր, որ Արման Մանարյանի հետ մեկնեցինք Արցախ` նկարահանելու «Պայթյուն» ֆիլմը: Այնտեղ էլ, ինչպես ասում են, աչքերս բացվեցին ու վարակն ընկավ մեջս: Պատերազմն ինձ վերջնականապես կինո բերեց:
Ես մասնագիտությամբ օպերատոր չէի և տեսախցիկի հետ վարվելու տարրական կանոններն ինձ սովորեցրեց օպերատոր Շավարշ Վարդանյանը, մեր լեգենդար Շավոն, որ ինքնաթիռի ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվեց ու մինչ օրս կաղում է: Շուշիում նկարած նրա ամբողջ տեսանյութն այդ ժամանակ այրվեց, ու դա Շավոյի ողբերգությունն էր:
Ես պատասխանատվության խորը զգացումով սկսեցի իմ աշխատանքը, որովհետև աչքիս առաջ անկրկնելի հերոսական պատմություններ էին: Այսօր այդ պատմությունները, որոնք կարելի է համարել «Խրամատային գեղարվեստ», նաև թղթին եմ հանձնում: Այո, դա արվեստ է, որը ծնվում է կատարսիսի ժամանակ: Հիշում եմ, ինչպես էին Արցախում փամփուշտներով քարերի վրա քանդակներ անում: Քառյակներ, մտքեր էին հայտնվում ծխախոտի տուփերի վրա: Ես այս պատերազմում հանդիպել եմ տաղանդավոր մարդկանց` բանաստեղծ Աղվան Մինասյանին, քանդակագործ Արթուր Ղարիբյանին, մեր հանճարեղ կոմպոզիտոր Օլեգին` արցախցի: Բոլորն էլ զոհվեցին:
Պատերազմը հարցեր լուծելու ամենաանգրագետ եղանակն է, բայց քանի որ ունենք հարևաններ, որոնք հարյուրավոր տարիներ մեզ դիտում են որպես կերակուր, ստիպված ենք պաշտպանվել: Արցախյան պատերազմն ուղղեց ցեղասպանությունից կոտրված մեր ողնաշարը, դա նաև ոգու ապստամբություն էր: Հարյուր տարին շատ չէ ժողովրդի ցավն ու հիշողությունը ջնջելու, թշնամու արածը մոռանալու համար, թշնամի, որը նորից գլուխ է բարձրացրել:
1990 թվականից պարբերաբար մեկնել եմ Արցախ, նկարահանումներ կատարել: Եղել եմ կռվի բոլոր ճակատներում: Բացառություն է կազմում միայն Շահումյանը, որտեղ բախտ չվիճակվեց լինել: Մի անգամ ինքնաթիռով արդեն պետք է թռչեի, բայց ստացվեց այնպես, որ տեղս զիջեցի ՄԱԿ-ի հանձնախմբի մի հայ ներկայացուցչի: Մտածեցի, որ այդ պահին նրա ներկայությունն ավելի կարևոր է Շահումյանում, և չեմ զղջում դրա համար: Մասնակցել եմ մարտական մի քանի գործողությունների, վիրավորվել եմ Ֆիզուլիի շրջանի Սեյիդախմեդլի գյուղում: 1993 թվականի մայիսի 18-ին դաշնակցական ջոկատի հետ մտա Լաչին: Այնքան երջանիկ էի, որ դրա հաջորդ օրն իսկ կարող էի հանգիստ մեռնել: Աչքիս առաջ ալաշկերտցի պապս էր, որն ինձ ասում էր. «Լաʹո, դու կտեսնիս Էրգիր»: Հետագայում, երբ գնացի Ալաշկերտ, չհուզվեցի, լաց չեղա, հողը գրպանս չլցրեցի, չնայած զգացի` ինչ ծանր բան է հայրենիք կորցնելը: Պատճառն այն էր, որ Լաչինում ինձ բավարարված էի զգացել, հաղթանակած ու բարդույթներից ազատագրված…
- Հայ մարդն այսօր ունի՞ այդ զգացումը, հաղթանակը որքանո՞վ սրբագրեց մեր բարդույթները, զոհի հոգեբանությունը:
- Ցավոտ հարցեր եք տալիս: Տասը տարի առաջ ես ավարտեցի Շուշիի ազատագրմանը նվիրված իմ ֆիլմը: Շատ երջանիկ կլինեի, եթե այդ ժամանակ ներկայացնեի նաև Լաչինի ազատագրմանը նվիրված ֆիլմը, որովհետև այդ երկու իրադարձությունները հաջորդում էին միմյանց ընդամենը ութ օրվա տարբերությամբ: Բայց տասը տարի հետո միայն հաջողվեց շարունակել աշխատանքը, Տիգրան Մանասյանի շնորհիվ, տաղանդավոր մի հայ երիտասարդի, որը 27 տարեկանում դասավանդում է Մոսկվայի պետական համալսարանում: Լաչինի ազատագրմանը նվիրված «Միացում» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013-ի մարտի 23-ին: Այն բազմիցս ցուցադրվել է արտերկրում, Երևանում` ընդամենը մեկ անգամ: Սա էլ գուցե Ձեր հարցի պատասխանն է: Բայց ես անուղղելի լավատես եմ և հավատում եմ, որ ունենք լավ երիտասարդներ, որոնց այս ֆիլմերն ասելիք ունեն, այլապես կդադարեցնեի այս աշխատանքն ու ուրիշ գործով կզբաղվեի:

- Ձեր հայտնի «Խոնարհ հերոսներ» ծրագրի շրջանակներում ուղիղ 30 ֆիլմ եք ստեղծել: Ինչպե՞ս ծնվեց ֆիլմաշարի գաղափարը, և ո՞րն էր առաջին ֆիլմը:
- 1998 թվականից ցեցն ընկել էր մեջս: Մտածում էի` պահարանում հավաքած հսկայական նյութը պիտի ծառայի իր նպատակին, այլապես ամեն ինչ կկորչի: Ծրագիրն իրականացնելու համար համախոհներ էի փնտրում: Բազմաթիվ «ինտելեկտուալ» մերժումներից հետո ծրագիրը ներկայացրեցի այն ժամանակ ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանին…
Եվ սկսեցինք «Խոնարհ հերոսներ» շարքը: Նշեմ, որ որպես վերնագիր ընտրել եմ Ավետիս Ահարոնյանի հոդվածի բնաբանը: Առաջին ֆիլմը նվիրված էր իմ ընկերոջն ու համակուրսեցուն` Մովսես Գորգիսյանին: Հանդիպեցի Խորեն Աբրահամյանին, զրուցեցինք, ասացի, որ Մովսեսի մասին ֆիլմ եմ ուզում նկարել` կարճ, փաստագրական: «Ուզում եմ, որ Դուք կարդաք».- ասացի: «Միայն ես եմ կարդալու»,- եղավ Խորեն Բաբկենիչի պատասխանը: Քսան օր հետո եկավ ձայնագրության, մեկ դուբլով կարդաց ամբողջը: Եվ այսպես «Մովսես Գորգիսյան»-ով սկսվեց «Խոնարհ հերոսներ» շարքը:
2000-2004 թվականների ընթացքում այս ֆիլմաշարի շրջանակներում 14 աշխատանք եմ ներկայացրել: Մի շարք խոչընդոտների ու դժվարությունների պատճառով դադարեցրի աշխատանքը և վերսկսեցի միայն 2006-ին, բայց արդեն որպես ազատ ստեղծագործող: Ինչպես նշեցիք, մինչ օրս 30 ֆիլմ է ստեղծվել: Դրանց ցուցադրման արտոնությունն այսօր պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Միակ հեռուստաընկերությունն է, որտեղ չեն ասում. «Ապեʹր, փող տուր, որ ֆիլմերդ ցույց տանք»: «Խոնարհ հերոսներ» շարքի իմ վերջին ֆիլմը նվիրված էր Սմբատ Թադևոսյանին` հորեղբորս որդուն, որը զոհվեց Լաչինում:
- Հետաքրքիր էր Ձեր «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի գաղափարը, որում հերոսներն իրենք իրենց են մարմնավորում: Ինչպիսի՞ն է ֆիլմի նախապատմությունը:
- Զանգելանի գործողությանը մասնակցում էի Սիսիանի և Կապանի ջոկատների տղաների հետ և առանձնահատուկ վերաբերմունք ունեի Սիսիանի գումարտակի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ: Իզուր չէ, որ նրան «Երկաթ» մականունն են տվել, բացառիկ քաջ ու ազնիվ մի անձնավորություն, որ անմռունչ տարավ երիտասարդ ու տաղանդավոր եղբոր կորստի վիշտը: Երբ «Խոնարհ հերոսներ» շարքն արդեն ընթացքի մեջ էր, Աշոտին ասացի, որ արդեն Աղվանինª իր եղբորը, անդրադառնալու ժամանակն է: Որոշվեց, որ այդ ֆիլմը պետք է լինի խաղարկային: Մեկ տարի անց ծնվեց սցենարը: Այդ ընթացքում ուսումնասիրեցի Աղվան Մինասյանի ստեղծագործությունները, անտիպ բանաստեղծությունները, որոնք հիշեցնում են Դուրյանի աշխարհը, նույն խորությունն ու հարստությունը: Աղվան Մինասյան` բացառիկ տաղանդավոր մի մարդ, որի կյանքի թելն ընդհատվեց ընդամենը 22 տարեկանում:
Այս ֆիլմն ինձ համար չափազանց կարևոր էր, այն նկարելիս, ինչպես ասում են, գնացի այն աշխարհ ու հետ եկա: Սցենարը ներկայացրի «Հայֆիլմ» կինոստուդիա` սպասելով հերթական «ինտելեկտուալ» մերժմանը, բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց, սցենարը հավանության արժանացավ: «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը նկարահանվեց պետպատվերի շրջանակում և դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված վերջին աշխատանքը: Պրեմիերան տեղի ունեցավ 2006-ին:
- Ձեր «Տղեʹրք, մենք եկանք» ֆիլմը նվիրված է ազատամարտիկ, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանին, որը սպանվեց ամիսներ առաջ:
- Այդ դեպքն ինձ խոցեց չափազանց խորը, քանի որ Հրաչի հետ պատերազմի դաշտում լինելու առիթ եմ ունեցել: Նա հայ մարդու իրական տեսակն էր: Այս կյանքում ես շատ բան չեմ հասկանում, ինչպես չեմ հասկանում, որ Հրաչի նման մարդն էլ կարող էր թշնամիներ ունենալ: Ինչի՞ մասին էր այս ֆիլմը. մտահոգությունների, որոնք տանջում էին նաև Հրաչ Մուրադյանին, ի վերջո, որտե՞ղ սխալվեցինք…
- Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:
- Կարծում եմ, որ ունեմ: Երբ խեղդվող երեխային գետից հանում ես, նրան դեռ պետք է գրկես, տաք հագուստ հագցնես, խնամես: Մենք հաղթեցինք պատերազմում, բայց հաղթանակն ավարտին չհասցրինք, չփայփայեցինք այն, մի տեսակ պասիվացանք: Գուցե չունեինք նաև պետություն կառուցելու հմտությունը: Անվերահսկելի վիճակ ստեղծվեց, որտեղ տականքը միշտ էլ գլուխ է բարձրացնում: Բայց չեմ կարծում, որ իրավիճակն անդառնալի է, ես հավատում եմ մեր ազգի բացառիկ ներուժին:
- Վերադառնալով Ձեր ֆիլմերին, ո՞րը կլինի հաջորդը:
- Եկող տարի նշելու ենք հրադադարի 20-րդ տարին: Իմ հուշերում մի քանի դրվագներ կան, որոնց ուզում եմ անդրադառնալ: Նախ` խոսքը մի ընտանիքի մասին է, ավելի ճիշտ` կնոջ, որը պատերազմում կորցրեց նախ ամուսնուն, որը հետախուզության պետ էր, հետո` 17 և 12 տարեկան որդիներին: Նրա երրորդ երեխան հոգեկան խանգարում ստացավ, որովհետև 12 տարեկան եղբայրը սեփական ձեռքերի մեջ էր մահացել: Սա զոհաբերության ընդամենը մեկ օրինակ է: Իսկ նման օրինակները բազմաթիվ են, և դրանց մասին շատերը գրեթե ոչինչ չգիտեն: Մեկ ընտանիքի օրինակով` խաղարկային ֆիլմի միջոցով կցանկանայի բացահայտել այն գինը, որ վճարել ենք մեր հաղթանակի ու մոտ 20 տարի պահպանվող խաղաղության դիմաց:
Այս պահին պատերազմից մի քանի դրվագ հիշեցի: Ստեփանակերտի ռմբապաստարանում էինք: Շուշիից ու Կրկժանից ադրբեջանցիներն անընդհատ կրակում էին: Երկու կամավորներ դուրս եկան ապաստարանից ու գնացին ջրի: Մի երեխա այդ ընթացքում անընդհատ լաց էր լինում ու ջուր ուզում: Այնքան լաց եղավ, որ երեխային կրծքով կերակրող մի կին առաջարկեց նրան էլ կերակրել, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնի: Բայց երեխան հրաժարվեց: Ես մոտեցա, փորձեցի կատակներով հանգստացնել: Այդ ընթացքում տղաները վերադարձան: Մոմի աղոտ լույսի տակ հանկարծ նկատեցի, որ նրանցից մեկի ոտքը վիրավոր է: Տեսա նաև, որ նրա ձեռքի դույլի ջուրն արյունոտ է, բայց լռեցի ու ոչինչ չասացի: Ջուրը խմեցին ու սարսափելի ոչինչ տեղի չունեցավ, բայց եթե արյան մասին իմանային ու չխմեին, ստիպված ինչ-որ մեկն էլի պիտի ջրի գնար: Բայց մեկ դույլ ջուրը մարդկային կյանք արժեր: Պատերազմում մարդկային զգայարանները բոլորովին այլ կերպ են գործում, վտանգի անընդհատ ներկայությունը ստիպում է գործել ծայրահեղ զգոնությամբ, դա բոլորովին այլ հոգեվիճակ է:
Մի դեպք էլ հիշեցի. 2000 թվականին Սիսիանում էի: Նկատեցի, որ մի տղա դեպի ինձ է վազում ու բղավում` Սամվեʹլ հոպար, Սամվեʹլ հոպար: Նայում եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե որտեղ ենք հանդիպել: Երբ մոտեցավ, տեսա նրա երկու փշրված ատամներն ու…
Երբ «Գրադը» հարվածում էր, բոլորը ականջները փակում և ուժեղ ձգվում էին, իսկ երեխաներն այնպես էին սեղմում ատամները, որ դրանք փշրվում էին: Տղան Արցախից էր, ռմբապաստարանում նրան թուղթ էի տվել, որ նկարեր, ինձ տեսել ու ճանաչել էր:
Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets