ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.11.2013

ՏՐԴԱՏ ՄԵԾ*

Տրդատը Հոոմում իր ուսումն ու դաստիարակությունը ստանում է Լիկիանես անունով մի կոմսի մոտ։ Մանկությունից իսկ սիրում էր ձի հեծնել և հետագայում դառնում է կորովի ձիավար։ Նա այստեղ ռազմական արվեստ է սովորում, զենքերի գործածության մեջ դառնում քաջահմուտ։ Տրդատն օժտված էր ֆիզիկական վիթխարի ուժով ու ճարպկությամբ։ Իր այս բարեմասնությունների պատճաոով նա մասնակցում էր կրկեսային մրցումներին և միշտ դուրս էր գալիս հաղթանակով։ 
Մի անգամ մեծ կրկեսում Տրդատի մրցակիցն էր արգիացի Կերասոսը։ Վերջինս մենամարտելով վայրի ցուլի հետ, ճարպկորեն բռնում է ցլի ետևի ոտքը և կճղակը պոկում։ Իսկ Տրդատը մենամարտում է երկու վայրի ցուլերի հետ։ Նրան հաջողվում է մեկ ձեռքով բռնել զույգ ցուլերի եղջյուրներից, մեկի եղջյուրը պոկել, իսկ մյուսի վիզը ոլորելով՝ ջախջախել։ 
Մի անգամ էլ, դարձյալ մեծ կրկեսում, Տրդատը մասնակցում է ձիարշավի մրցումներին։ Մրցման ժամանակ, երբ Տրդատը կամենում է կառքը քշել, հակառակորդի ճարպկությունից՝ կառքից վայր է ընկնում։ Նա իսկույն ձեոքը գցում է կառքից, կանգնեցնում հզոր ձիեր լծած կառքը, արժանանալով հանդիսականների հիացմունքին։ 
Տրդատը նաև քաջ ռազմիկ էր և անվեհեր պատերազմող։ Երբ հռոմեացի զորավար Պրոբոսը կռվում էր գոթերի1 դեմ, պարենի պակասության պատճառով հռոմեական զորքերի մեջ սաստիկ սով է ընկնում։ Սովահար զինվորները կատաղած ելնում են իրենց զորավարի դեմ և սպանում նրան։ Ապա քաղցից հարձակվում են իրենց բոլոր իշխանավորների պալատների վրա։ Տրդատը միայնակ պաշտպան է կանգնում իր հովանավոր Լիկիանեսի ապարանքին և ոչ մի զինվորի թույլ չի տալիս ոտք կոխել այնտեղ։ 
Տրդատը հոոմեական զորքերի կազմում մասնակցում է նաև պարսից Սասանյան Արտաշիրի դեմ մղած կռիվներին։ 
Երբ Եփրատի ափերին պարսիկների դեմ մղած անհավասար կռվում հռոմեացի զորավարները սպանվում են և զորքը խուճապահար փախչում է, Տրդատը ձիու վիրավորված լինելու պատճառով չի կարողանում զորքի հետ հեռանալ։ Նա վերցնում է իր զենքերն ու ձիու սարքը, մտնում Եփրատ գետը և լողալով կտրում անցնում է լայնատարած գետը, հասնում բուն հռոմեական զորքերի մոտ, ուր գտնվում էր Լիկիանեսը։ Նույն օրերին Թրակիայում սպանվում է Նոմերիանոս կայսրը և իշխանությունն անցնում է Դիոկղետիանոսին։
------------------------------- 
* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի և Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։ 
1 Գոթերը գերմանական ցեղախումբ էին, որոնք 2-րդ դարի վերջերից շարժվելով հարավ-արևելք, հաճախակի հարձակումներով մշտական վտանգի տակ էին պահում Հռոմեական կայսրությունը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets