ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.11.2013

ԱՐՇԱԿ ԵՎ ՇԱՊՈՒՀ

Երբ Արշակն իր երդումն անարգում է և գաղտնի փախչում Պարսկաստանից, Շապուհը չի թշնամանում Արշակի դեմ, որովհետև ինքը պատերազմի մեջ էր հույների հետ և չէր ուզում իրեն չորս կողմից թշնամիներով շրջապատել։ Բայց հույն-պարսկական պատերազմը շատ է երկարում, և Արշակը համոզվում է, որ այդ կռվող կողմերից մեկը մի օր իրեն օգնության կկանչի։ Արշակն, իհարկե, ներքուստ հակված էր դեպի հույները և սպասում էր նրանց դիմումին։ Բայց հույները բանի տեղ չեն դնում Արշակին և ոչ էլ նրան օգնության որևէ ակնարկ անում։ Այդ բանը ներքուստ վշտացնում և վիրավորում է Արշակի ինքնասիրությունը։ Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը դեսպաններ է առաքում Արշակի մոտ, հիշեցնում իրենց ուխտն ու երդումը, ասում. 
— Բարեհաճիր, եղբայր, այս պատերազմում ինձ օգնել, քո զորքով եկ ինձ օգնության։ Եթե դու մեր կողմը լինես, համոզված եմ, հաղթությունը մերը կլինի։ 
Արշակը ինքնագոհ ուրախությամբ ընդունում է Շապուհի առաջարկը և խոստանում շուտափույթ օգնության հասնել։ Նա հրամայում է Վասակ սպարապետին զորք գումարել և պատրաստվել կռվի։ Վասակն իսկույն անցնում է թագավորի հրամանի կատարմանը։ Նա շուտով հավաքում է չորս հարյուր հազար զինվորներից բաղկացած լավ սպառազինված զորք, կազմված քաջ ու ընտիր ռազմիկներից՝ զինված նիզակներով, սրերով, աղեղներով, սակրերով, վաղրերով, դիպուկ նետաձիգներից, որոնք բնավ չէին վրիպում իրենց նշանակետից, բոլորն էլ թշնամաց երես չդարձնող քաջասիրտ կռվողներ։ Իսկ հեծելազորը զրահավորված էր պահպանակներով ու սաղավարտներով, կրում էր իրենց բոլոր դրոշներն ու զինանշանները և ռազմի բազմաձայն փողեր։ 
Արշակ թագավորը բազմաթիվ նախարարների և զորքի հետ իջնում է Աղձնիք1, Աղձնիքի միջով անցնում, ներխուժում Արուաստանի աշխարհը2 և բանակ զարկում Մծբին քաղաքի դիմաց, ուր պետք է տեղի ունենար ճակատամարտը։ 
Երբ հայոց զորքը գալիս հասնում է ճակատամարտի վայրը, հունաց զորքերն արդեն այնտեղ էին խմբվել ու բանակել, իսկ պարսից զորքը տակավին տեղ չէր հասել։ Հունաց զորքը այնքան բազմաթիվ էր, որ եկել կիտվել էր այնտեղ, ինչպես ավազը ծովափին և սպասում էր պարսիկներին։ Պարսից զորքն ուշանում էր, իսկ հայ զինվորներն սկսում էին պարապությունից նեղվել։ Նրանք այլևս չեն համբերում և կամենում են ժամ առաջ հարձակվել հունաց զորքի վրա։ Հայոց զորագնդերից յուրաքանչյուրը ինքնակամ ու համարձակ ռազմի ցույցեր էր անում, իսկ Վասակ զորավարը դարձել էր զորքից ավելի անհամբեր, անհամբերությունից կտրում էր սանձերը, չէր կամենում սպասել պարսից զորքերի ժամանմանը։ 
Հայոց ամբողջ զորքը գալիս կանգնում է Արշակ թագավորի առաջ և խնդրում, որ չսպասեն Շապուհ թագավորին, այլ թույլ տա՝ հենց հիմա հարձակվել հույների վրա, քանի որ իրենք մաշվում են օտար աշխարհում պարապ նստելուց և ժամանակ վատնելուց։ 
Արշակը, անսալով զորքի թախանձանքին, հրաման է տալիս ճակատամարտը սկսել։ Մեծ Հայքի զորավար Վասակ սպարապետն անմիջապես անցնում է մարտի պատրաստության, դասավորում զորքն ըստ գնդերի ու զորատեսակների և սահմանված ժամին հարձակվում հունաց բանակի վրա։ Հայոց զորքը հակառակորդի մինչև վերջին զինվորը կոտորում ու սրի է անցկացնում, և հունական զորքից այնքան ավար ու գանձեր առնում, որ լիուլի բավարարում է բոլոր զինվորներին։ 
Հույներին ջախջախելուց հետո Արշակ թագավորն իր զորքով մնում է տեղում, սպասելով պարսից թագավորին։ Վերջապես գալիս է Շապուհ թագավորը անթիվ ու անհամար զորքով։ Գալիս, տեսնում է հայ քաջերի գործած աներևակայելի սխրանքը և մնում զարմանքից հիացած։ Նա մեծ պատիվներ է տալիս հայոց Արշակ թագավորին, բոլոր մեծամեծներին և Վասակ սպարապետին։ Այնուհետև Շապուհը դիմում է պարսից զորքին. 
— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արժանի պարգևներ կամ ինչպիսի փոխհատուցում կարող ենք մենք տալ հայոց Արշակ թագավորին այսպիսի մեծագործություն կատարելու համար, այսպիսի քաջություն ցույց տալու համար, այսպիսի հզոր թշնամու ջախջախելու համար, այսպիսի անակնկալ ճակատամարտ մղելու համար, այսպիսի ճակատամարտում հաղթելու համար, մեզ համար այսպիսի անուն վաստակելու համար։ 
Համոզված եմ, որ եթե միայն մենք լինեինք արյաց զորքով հույների դեմ կռվողները, հազիվ թե կարողանայինք այսպիսի հաջողության հասնել։ Մենք մեր հույսը դրել էինք հայոց և պարսից միացյալ ուժերի վրա։ Իսկ հայոց թագավորն, ահավասիկ, միայն իր զորքով մեր փոխարեն կռվի դուրս եկավ և այնպիսի քաջության գործեց, որ ուրիշ մեկը անկարող էր։ Արդ, ի՞նչ բարիքներով կարող ենք նրա այս մեծագործությանը հատուցել։ 
Պարսից նախարարները պատասխան են տալիս Շապուհին, ասում. 
— Ինչ որ կամենաս, թագավոր, ինչով որ կամենաս՝ կարող ես նրան գոհացում տալ։ Ոսկիդ ու արծաթդ՝ շատ, կերպասներդ ու մարգարիտներդ՝ շատ, տուր, ինչ որ սրտիցդ անցնում է։ 
Շապուհը պատասխանում է, իր իշխաններին. 
— Արդ, ինչ որ դուք ասում եք, սեր չէ. եկեք, անխզելի սեր հաստատենք հայոց Արշակ թագավորի հետ, այնպիսի սեր, որ նա մինչև վերջ անբաժան մնա մեզանից։ — Ես, — ասում է, նա, — հայոց Արշակ թագավորին կնության կտամ իմ դստերը և այնպիսի մեծ կալվածք կտամ նրան, որ Հայաստանից մինչև մեզ մոտ հասնելը՝ նա իջևանի իր կալվածքում։ Իսկ Վասակ սպարապետին, մյուս մեծամեծներին ու զորապետներին կտանք ոսկի, արծաթ, կերպաս և մարգարիտ։ 
Բոլոր մեծամեծներն ու խորհրդակիցները հավանություն են տալիս իրենց թագավորի այս ցանկությանն ու առաջարկին։ 
Պարսից Շապուհ թագավորն սկսում է ստիպել ու թախանձել հայոց Արշակ թագավորին, իր հետ գնալ Պարսկաստան՝ Տիզբոն, որպեսզի նրան այնտեղ մեծ շուքով ու փառքով իրեն փեսայացնի։ Սակայն թե Արշակ թագավորը և թե հայոց զորքը ձանձրալի են համարում այդքան երկար ճանապարհ գնալը, մանավանդ, որ ամեն մեկը, հայ մարդու բնական սովորությամբ, կարոտել էր իր տունուտեղին։ 
Արշակի հետ հայոց զորքի մեջ էր գտնվում նաև Սյունյաց գավառի Անդոկ նահապետը՝ Փառանձեմի հայրը։ 
Երբ Անդոկն իմանում է, որ պարսից թագավորն ուզում է իր աղջկան կնության տալ Արշակ թագավորին, շատ է վախենում և ընկնում մտատանջության մեջ։ Նա գիտեր, որ եթե Արշակը կին առնի պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը՝ Փառանձեմը, կանարգվի։ Եվ Անդոկը վճռում է ամեն կերպ խափանել հայոց և պարսից թագավորների միջև եղած սերն ու միաբանությունը։ Ամենից առաջ Անդոկը կաշառում է Վասակ զորավարին։ Նա Վասակին շատ ոսկի է տալիս, ապա կաշառում է նաև հայոց մյուս բոլոր մեծամեծներին։ Բոլորն էլ, ոսկու փայլից շլացած, համաձայնում են ամեն կերպ խզել տալ երկու թագավորների միջև եղած սերը։ Այնուհետև Անդոկը իր դավին մասնակից է դարձնում պարսից թագավորի մերձավոր ավագներից մեկին։ Անդոկը նրան անչափ ու անհամար ոսկի է տալիս, խնդրում, որ նա որևէ միջոցով տարաձայնություն հարուցի Արշակի և Շապուհի միջև։ Անդոկը պայմանավորվում է պարսիկ այդ ավագ մեծամեծի հետ, որպեսզի նա գուշակի կերպարանքով ներկայանա Արշակ թագավորին և ասի. «Գլխիդ ճարը տե՛ս, պարսից թագավորը քեզ նախանձում է քո տարած հաղթանակի համար և միտք ունի քեզ բռնել ու սպանել»։ «Երբ դու այդ կասես, — խրատ է տալիս նրան Անդոկը, — ապա Արշակ թագավորին կառաջարկես, որ մեզ՝ բոլոր ավագներիս, թող խորհրդի կանչի։ Մենք կգանք և քո ասածները կհաստատենք»։ 
Պարսից թագավորի խորհրդակիցը գալիս է Արշակ թագավորի մոտ և անում այն ամենը, ինչ պատվիրել էր նրան Անդոկը։ Նա ասում է Արշակին. 
— Արշակ թագավոր, գլխիդ ճարը տես, պարսից Շապուհ թագավորը մտադրվել է քեզ բռնել ու սպանել։ 
Արշակն այս անակնկալ հայտնությունից մնում է ապշած։ 
— Իմ արած այդքան մեծ ծառայության հատուցումը միթե այս էր լինելու,— տարակուսած ու զարմացած հարցնում է նա։ 
Արշակն իր մոտ շտապ խորհրդի է կանչում իր բոլոր մեծամեծներին, խորհրդականներին, Վասակ սպարապետին, իր աներոջը՝ Անդոկին, բանակում եղած բոլոր նախարարներին և նրանց հայտնում այն ամենը, ինչ լսել էր Շապուհի պարսիկ խորհրդականից։ Հրավիրվածները բոլորը միաբերան հաստատում են այդ և ասում. 
— Մենք այդ բանը վաղուց էինք լսել, սակայն քեզ չէինք համարձակվում ասել։ Ինչ որ ասացիր՝ հաստատ բան է։ Հիմա, թագավոր, տես, մտածիր և գործիր այնպես, որ կարողանաս քեզ փրկել, և մեզ։ 
Արշակը համոզվելով Շապուհի դավադրության իսկությանը, մեծաքանակ ոսկի ու արծաթ է պարգևում պարսից խորհրդականին այդ կարծեցյալ դավադրությունը բացելու համար, ապա հրամայում է զորքին՝ կազմակերպվել, պատրաստվել։ 
Եվ մի գիշեր, երբ բոլորը խաղաղ քնած էին, հայոց բանակում ինչքան որ մարդ կար, Արշակի հրամանով ոտքի են ելնում, բանակատեղում իրենց վրանները, խորանները3, իրերն ու ունեցվածքը, ամեն ինչ թողնում նույնությամբ իրենց տեղերում, հեծնում ձիերը և պարսիկներից գաղտնի սուսուփուս հեռանում։ 
Առավոտյան, երբ, ըստ սովորության, գալիս է պարսից թագավորին բարի լույս մաղթելու ժամը, բոլոր մեծամեծներն ու իշխանները գնում են Շապուհին բարի լույս մաղթելու։ Մաղթանքին չեն ներկայանում հայոց թագավորն ու մեծամեծները: Երբ նրանք շատ են ուշանում, Շապուհը հրամայում է իր մարդկանց, որ գնան տեսնեն, թե ինչ է պատահել հայոց թագավորին, որ այդքան ուշացավ։ Գնում տեսնում են, որ հայոց բանակատեղում ամեն ինչ կանգուն՝ վրանները, խորանները, բազմոցները, հովանոցները, անկողինները, կահկարասին, անգամ ավար վերցրած գանձերը իրենց տեղերում, են, բայց մեջը դատարկ, ոչ ոք չկա։ 
Շապուհի մարդիկ գալիս են և իրենց տեսածը պատմում են թագավորին։ Շապուհը, երբ այդ ամենը լսում է, խելոք մարդ է լինում, իսկույն եղելությունը հասկանում է. 
— Հայոց թագավորի այս փախուստն, — ասում է նա, — իմ մարդկանցից է եղել, մեր արքունի դռան մարդիկ են եղել Արշակին վախեցնողներն ու փախցնողները։ 
Ապա Շապուհը իր ավագ մեծամեծներից շատերին ձիերով պատվիրակ է ուղարկում Արշակի հետևից, սիրո և միաբանության անկեղծ երդում տալիս, խնդրում, որպեսզի հետ դառնա, միասին քննեն ու պարզեն չարախոսությունները և պատժեն նենգ ու տիրադավ բանսարկուներին։ 
Բայց հայոց թագավորը լսել չի ուզում պարսից թագավորի պատգամը և այլևս չի վերադառնում Պարսից աշխարհ։ Այդ օրից սկսած թշնամությունը խորանում է Հայաստանի ու Պարսկաստանի միջև, բազում ընդհարումներ, կռիվներ, ճակատամարտեր են լինում և ծագում է մի մեծ պատերազմ հայոց Արշակ թագավորի և պարսից Շապուհ թագավորի միջև, որը տևում է ավելի քան երեսուն տարի։
-------------------------------
1 Հայկական հնագույն աշխարհներից մեկը, գտնվում էր Մեծ Հայքի հարավ-արևմուտքում, Միջագետքից դեպի հյուսիս արևմուտք և մտնում էր Մեծ Հայքի կազմի մեջ:
2 Գտնվում էր հյուսիսային Միջագետքում, Աղձնիքից հարավ:
3 Խորանը նույնպես վրան էր, բայց մեծ, ընդարձակ, ներսից զարդարված, ներսում բոլոր հարմարություններն ունեցող շքեղ օթևան, հատկացվում էր թագավորներին ու մեծամեծներին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets