ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.11.2013

ԳՆԵԼԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՂԲԸ

Մոտենում էին հայոց նոր տարվա՝ Նավասարդի, օրերը և այդ առթիվ Արշակը դուրս է գալիս արքայական որսի և զվարճությունների։ Նա գնում է Մասիսի թիկունքում գտնվող իր սիրած Կոգովիտ գավառը և մեծաթիվ կենդանիներ որսում։ Երբ որսից հետո հավաքվում են արքայական խնջույքի, Արշակը գինի խմելով պարծենում է, թե իրենից առաջ ոչ մի թագավոր մի ժամում այդքան մեծաքանակ որսի կենդանիներ չի կոտորել։ Տիրիթն ու Վարդանը դարձյալ նորոգում են իրենց նենգությունը և թագավորին ասում, թե այս օրերին Գնելը Աղիովտի լեռներում ավելի շատ երեներ է սպանել։ 
Արշակն այս առթիվ դարձյալ ոխով է լցվում Գնելի դեմ և անմիջապես կարգադրում Վարդանին՝ գնալ, Գնելին հրավիրել իր արքունական բանակատեղը՝ նավասարդյան որսին ու զվարճություններին մասնակցելու պատրվակով և սպանել։ 
Վարդանը գալիս է, Առավյուտք կոչված գյուղում գտնում պատանի Գնելին։ Նա անկեղծ երդումներով ու խորամանկ վարպետությամբ համոզում է Գնելին՝ իր կնոջ և տնական մարդկանց հետ գալ արքունի բանակատեղին, հավատացնելով, որ թագավորը նրանց մեծարանքի և զվարճությունների համար է հրավիրում։ 
— Թագավորը չուզեց, — ասում է Վարդանը, — Նավասարդի տոներն առանց քեզ անցկացնել։ Նա այժմ շատ բարեհաճ է տրամադրված քո նկատմամբ, որովհետև համոզվեց, որ քո մեջ ոչ մի չարություն չկա, և չարախոսները զուր էին փորձում իրեն հակառակն համոզել։ Նա այժմ զղջում է, որ քեզ ատել է և կամենում է իր սիրուն քեզ արժանացնել։ 
Գնելը համոզվում է և իր իշխանական ամբողջ կազմով Վարդանի հետ ընկնում ճանապարհ։ Ողջ գիշեր նրանք աճապարելով գնում են, որպեսզի լուսադեմին հասնեն արքունի բանակը, քանի որ հաջորդ օրը կիրակի էր և արքունի բանակի մերձակայքում գտնվող Բագավանում մեծ հանդիսավորությամբ նշվելու էր Հովհաննես Մկրտչի հիշատակի օրը։ Այդ տոնին Բագավանում էին հավաքվել տարբեր գավառներից եկած աշխարհիկ մարդկանց մեծ բազմություն և շատ եպիսկոպոսներ։ Ներսես կաթողիկոսն այնտեղ էր ուղարկել իր աթոոակից և տեղապահ Խադին, որպեսզի ամեն ինչ տեղում կարգավորի։ Իսկ ինքը մնացել էր արքունի բանակում, որպեսզի իր ներկայությամբ այդ գիշեր մեծ պաշտամունք ու հաղորդություն կատարվի։ 
Լուսաբացին Գնելի խումբը հասնում է արքունի բանակը։ Թագավորին անմիջապես հադորդում են Գնելի ժամանման լուրը։ Արշակը հրամայում է Գնելին բանակից դուրս տանել և սպանել։ Եվ երբ Գնելը ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում արքունի հրապարակին, արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ, զինված՝ սրերով, նիզակներով, սվիններով ու սակրերով, ինչպես նաև զինված հետևակ զորք։ 
Նրանք հասնում, բռնում են պատանի Գնելին, ձիուց վայր գցում, ձեռքերը հետևը կապելով՝ տանում գլխատման վայրը։ 
Գնելի կինը՝ Փաոանձեմը, որ գտնվում էր ամուսնու հետ և գալիս էր փափուկ օթոցներով հարդարված պատգարակով, երբ տեսնում է ամուսնուն բռնեցին, իսկույն վայր է ցատկում պատգարակից, վազում եկեղեցի, ուր Ներսեսը բանակի մարդկանց ներկայությամբ առավոտյան ադոթք էր կատարում։ 
Կինը հևիհև իրեն գցում է եկեդեցի և դիմելով Ներսեսին ճչում. 
— Շտապիր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց որևէ հանցանքի սպանում են։ 
Ներսեսն անմիջապես ընդհատում է արարողությունը և եկեղեցուց դուրս գալով, վազում դեպի թագավորի առանձնասենյակը։ Հասնելով թագավորի դռանը, առանց նախազգուշացնելու նա իրեն գցում է թագավորի սենյակը։ Արշակն անմիջապես կռահելով Ներսեսի անակնկալ գալու պատճաոը, քնած է ձևանում, սամույրե գլխարկը գլխին է քաշում, դեմքը ծածկում և սկսում խռմփացնել։ Ներսեսը մոտենում, բռնում է թագավորի ուսը, ցնցում և ասում. 
— Հիշիր, թագավոր, մեր տիրոջը, որ մեր սիրո պատճառով իջավ երկնային բարձրությունից, մեզ՝ անարժաններիս, եղբայր դարձավ, որ մենք միմյանց խնայենք, միմյանց սիրենք, չհամարձակվենք իրար վնասել։ Եթե դու քո եղբորը, ծառայակցին, ընկերակցին ու հարազատին չխնայես, մեր տերն էլ քեզ չի խնայի։ 
Լսիր աստծո խոսքը, ինքդ քեզ խնայիր, քո հարազատ եղբոր արյունը մի թափիր, արդար մարդուն անմեղ տեղը անխնա մի սպանիր։ 
Արշակք արքայական գահույքում կողքի ընկած, մուշտակով փաթաթվել էր, դեմքը ծածկել, քար կտրած՝ ոչ լսում էր կաթողիկոսին, ոչ էլ պատասխանում։ Այդ պահին ներս է գալիս թագավորի Երազմակ դահճապետը և զեկուցում թագավորին. 
— Արքունի բոլոր հրամանները կատարեցի. Գնելին տարա որսատեղի պատի տակը, սպանեցի և նույն տեղում էլ թողեցի։ 
Ներսեսը ցնցվում է այս լուրից և զայրացած սկսում անեծքների տարափ տեղալ թագավորի գլխին։ 
— Ինչպես քարբ օձն է1 խցում իր ականջները՝ ճարտար կախարդի ձայնը չլսելու համար, այնպես էլ դու, թագավոր, ականջներդ փակեցիր, որպեսզի չլսես աստվածային խրատը և գազանի նման մարդ հոշոտես։ 
Դու, Արշակ, որովհետև Կայենի2 գործը կատարեցիր, Կայենի անեծքին գաս. ողջ-ողջ թագավորությունիցդ զրկվես, քո Տիրան հորից ավելի չարչարանքներ կրես և մեծ նեղության մեջ դառն մահվամբ կյանքդ վերջացնես։ 
Ներսեսը անիծում է, բարկացած դուրս գալիս թագավորի մոտից և այլևս արքունի բանակ չի վերադառնում։ 
Գնելին տարել գլխատել էին արքունի որսատեղի պատի մոտ գտնվող Լսին բլրի վրա, որն ընկած էր աղբյուրների մոտ սարքված արքունի բազմոցների դիմաց։ 
Արշակը հրամայում է իր բանակատեղում գտնվող բոլոր մարդկանց՝ մեծին և փոքրին, գնալ Գնելի սպանված տեղը և սգալ ու կոծել Արշակունի մեծ սեպուհ3 Գնելի մահը։ Բայց ոչ ոք չի համարձակվում գնալ։ Թագավորն ինքն է անձամբ ելնում գնում այնտեղ, նստում լացող ու ողբացող կանանց կողքին, ողբում ու սգում իր եղբորորդուն, որին ինքն էր սպանել։ 
Արշակը ինքը լալիս էր և հրամայում ողբասաց կանանց՝ լաց ու կոծը սաստկացնել։ Լացող կանանց մեջ էր Գնելի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, մազերն արձակած, կուրծքը բաց կոծում էր սպանված ամուսնուն, բարձր ճչում, աղիողորմ ողբով բոլորին լացացնում։ Արշակը նայում էր Փառանձեմի չքնաղ գեղեցկությանը, պատառոտված զգեստների արանքից ցոլացող մարմնին և մտքում տենչում նրան։ 
Իսկ Տիրիթը, որ Փառանձեմի սիրուց նախանձելով Գնելին, նենգորեն սպանել էր տվել նրան, լաց ու կոծի թունդ պահին, կրքերը չզսպելով, մարդ է ուղարկում Փառանձեմի մոտ, ասել տալիս. 
— Քեզ շատ մի տանջիր ու չարչարիր, ես Գնելից ավելի լավ տղամարդ եմ. ես քեզ սիրում եմ, դրա համար էլ նրան սպանել տվեցի, որ քեզ հետ ամուսնանամ։ 
Երբ Փառանձեմին հայտնում են Տիրիթի այս պատգամը, լաց ու կոծի թունդ պահին նա ձայնը բարձրացնում է, բողոքելով ճչում. 
— Լսեցեք, մարդիկ, բոլորդ լսեցեք, իմ ամուսնու մահը իմ պատճառով է եղել, մեկը ինձ վրա աչք է դրել և իմ պատճառով սպանել տվել ամուսնուս։ 
Այս իրողությունը հայտնելով ի լուր ամենքին, Փառանձեմն ինքը դառնում է ողբամայր, բոլոր ձայնարկուները4 միանում են նրան, հենց տեղնուտեղը սկսում են երգ կապել Տիրիթի սիրահարության, Փառանձեմի վրա աչք դնելու, մատնության, Գնելի մահվան համար հնարներ որոնելու և նենգությամբ սպանել տալու մասին։ Բոլոր ողբասացները այս բաները սկսում են երգով պատմել ու աղիողորմ ձայնով երգել։ Այդ ձևով տարածվում և բոլորին պարզ է դառնում Գնելի սպանության նպատակն ու հանգամանքները։ 
Արշակն այս ամենը լսելով և իրազեկ ղառնալով սպանության նպատակին, ապշում, զարմանում, զղջում է իր արարմունքը, ափսոսանքով ձեռներն իրար խփում, ինքն իրեն ասում. 
— Ուրեմն, Տիրիթն անարժան սիրով սիրահարված լինելով Գնելի կնոջը, այս չարիքը հնարեց, դարձավ անմեղ մահվան պատճառ, մեզ էլ զուր տեղը արդար արյունի մեջ շաղախեց և ժառանգել տվեց անանցանելի չարիք ու անեծք։ 
Թագավորը, սակայն, առժամանակ եղած իրողությունն ու սեփական մտորումները իր մեջ է պահում, ոչ ոքի չի հայտնում, լռում է և սպասում։ 
Արշակը Գնելի դիակը նախարարների հետ տանում, իջեցնում է Աղիովտի դաշտը և թաղում արքունական Զարիշատ քաղաքում։ 
Գնելի սպանությունից բավական ժամանակ անց Տիրիթը պատգամավոր է ուղարկում Արշակի մոտ հետևյալ խնդրանքով. «Բարեհաճիր, արքա, և հրաման տուր Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ ինձ ամուսնանալ»։ 
Արշակն այս լսելով, ասում է. 
— Այժմ հաստատ համոզվեցի, որ իսկապես Գնելի մահը իր կնոջ պատճառով է եղել։ Արշակը կտրուկ մերժում է Տիրիթի պահանջը և մտադրվում Տիրիթին սպանել Գնելի մահվան համար։ 
Տիրիթն իմանում է թագավորի մտադրությունը և գիշերով ահաբեկված փախչում։ Երբ Արշակին հայտնում են Տիրիթի փախուստը, նա անմիջապես հրամայում է ազատների բանակին՝ Տիրիթին հետապնդել և որտեղ որ բռնեն, այնտեղ էլ սպանեն։ 
Ազատները Տիրիթին հետապնդելով՝ հասնում են մինչև Բասենի անտառները, անտառում բռնում են նրան և տեղնուտեղը սպանում։ 
Տիրիթին սպանելուց հետո Արշակն ամուսնանում է Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ։ 
---------------------------
1 Թունավոր խոշոր օձ՝ ասպիդ, որ ապրում է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։
2 Կայենը, ըստ աստվածաշնչյան առասպելի, առաջին մարդու՝ Ադամի որդին էր, առաջին երկրագործը, որը նախանձելով իր անասնապահ եղբորը՝ Աբելին, սպանում է նրան և թաղում։ Այդ արարքի համար Կայենն արժանանում է աստվածային պատուհասի, գլխին եղջյուրներ են բուսնում, մնում է անմահ, հետագայում թյուրիմացարար սպանվում է իր ազգակցի՝ Ղամեքի կողմից։
3 Ազնվական ծագում ունեցող անձ, նախարարական տոհմից սերված իշխան։
4 Ողբամայր, մայր ողբոց կամ եղերամայր, նաև ձայնարկուներ կամ ձայնարկու կանայք, հնում մեռել ի վրա սուգ կատարելու համար հրավիրում էին հատուկ լալկան կանանց, որոնցից մեկը դառնում էր ողբի մայր, այսինքն՝ գլխավոր ողբասացը, երգով մեռելի գովքն էր անում, իսկ մյուսները, որ կոչվում էին ձայնարկուներ, ձայնակցում էին ողբամորը, կրկնելով նրա երգած ողբերգը։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets