ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.11.2013

ԱՐՇԱԿ ԵՎ ՆԵՐՍԵՍ

Արշակ թագավորը իր մոտ համազգային մեծ ժողով է գումարում, որին մասնակցում են նախարարական տների մեծամեծ նահապետներն ու իշխող տարբեր խավերի ներկայացուցիչները։ Ժողովի նպատակն էր Հայոց աշխարհի համար ընտրել հոգևոր առաջնորդ։ Բոլոր ժողովականները միահամուռ գտնում են, որ հոգևոր առաջնորդ պետք է ընտրել միմիայն Գրիգոր Լուսավորչի տան ներկայացուցիչներից։ 
— Ինչպես Ձեր թագավորությունը նորոգվեց, — ասում են նրանք Արշակին, — այդպես էլ պետք է Գրիգորի սերնդից նորոգել հոգևոր նահապետությունը։ Երբ այդ կաթողիկոսական աթոռը նորոգվի, ապա և պայծառ վարքուբարք կնորոգվի Հայոց աշխարհում։ 
Ժողովը միաձայն նոր կաթողիկոսի համար առաջարկում է Գրիգոր Լուսավորչի թոռան թոռի՝ Ներսեսի թեկնածությունը։ Ներսեսն ինքը մոր կողմից Տիրան թագավորի քրոջ՝ Բամբիշի որդին էր, Արշակի հորաքրոջ զավակը։ 
Ներսեսը աշխարհական էր, ամուսնացած, փոքր հասակից սնվել ու ուսանել էր Գամիրքի Կեսարիա քաղաքում, վստահելի ուսուցիչների ձեռքի տակ։ 
Նա կրթված ու սիրված անձնավորություն էր, զինվորական պաշտոնյա և վարում էր Արշակ թագավորի սենեկապետի պարտականությունը։ 
Ներսեսն ինքը ներկա էր այդ ժողովին և սպասարկում էր Արշակ թագավորին։ Նա հաղթանղամ տղամարդ էր, բարձր ու վայելուչ հասակով, գեղեցիկ ու գրավիչ արտաքինով, պատկառելի ու վարժ զինվորական, բնավորությամբ հեզ, բարեհամբույր, խոնարհ, առաքինի, ընկերասեր ու մարդասեր, քաջ ու եռանղուն։ 
ժողովում՝ նա զինվորական համազգեստ հագած, պատրաստ կանգնած էր Արշակ թագավորին սպասարկելու։ Նրա մեջքին կապված էր ականակուռ մարգարտազարդ գոտի, իսկ գոտուց կախված էր արքայական պողպատյա սուրը՝ ոսկե պատյանով, ուսերին գցած էր վայելուչ զարդերով գեղեցիկ պատմուճան։ 
Մինչ Ներսեսը ժողովում կանգնած սպասարկում էր թագավորին, ժողովը միաձայն աղաղակում է. 
— Ներսեսը թող լինի մեր հովիվը1։ 
Ներսեսն անակնկալի եկած, բողոքում է այդ առաջարկության դեմ, իրեն այդ պաշտոնի համար անարժան համարելով։ Բայց ժողովականները չեն հանդարտվում, թագավորի առաջ շարունակում են աղաղակել. 
— Ուրիշ ոչ ոքի չենք ուզում մեզ հովիվ, այլ միմիայն սրան, ուրիշ ոչ ոք չպետք է նստի այդ աթոռին, այլ միայն ինքը։ 
Ներսեսը առաջ է գալիս և սկսում ինքն իրեն բամբասել, սուտ բաներ ասել, որ ինքը իբր շատ մեղքեր ու թերություններ ունի և անարժան է այդ պաշտոնին։ 
Ժողովի մասնակիցները, թագավորի հետ միասին, ծիծաղում են այղ հորինած ստերի վրա։ Իսկ զինվորները միաբերան աղաղակում են. 
— Թող քո մեղքերը մեզ վրա, մեր գլուխներին թափվեն, քո անօրեն գործերը թող մեր զավակների գլխին թափվեն, միայն թե դու դարձիր մեզ առաջնորղ, շարունակիր ու նորոգիր քո մեծ հոր՝ Գրիգորի գործը։ 
Ներսեսը տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում նրանց համոզել, ստիպված վիրավորում է նրանց. 
— Դուք անօրեն եք ու պիղծ, ես չեմ կարող ձեզ հովիվ լինել և ձեր մեղքերը ինձ վրա վերցնել։ Ես չեմ կարող աչառու լինել, չեմ կարող ձեր գործած չարիքներին դիմանալ։ Դուք այսօր զուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք։ Դուք ինձ կապում եք ձեր գլխին իբրև ծեծող թակ։ Ինձ հանգիստ թողեք, իմ տառապանքներով ու մեղքերով լի կյանքը թողեք առանց հոգսերի անցկացնեմ։ 
Բայց զինվորների բազմությունը չէր հանդարտվում, այլ պահանջելով աղաղակում էր. 
— Հենց դու՝ մեղավորդ, պետք է մեզ հովիվ լինես։ 
Արշակի համբերության բաժակը լցվում է։ Նա չարացած ու զայրացած, ձեռը գցում է Ներսեսի գոտուց կախած սրից, դեպի իրեն քաշում, սուրը գոտիով հանում, շպրտում մի կողմ, ապա հրամայում՝ Ներսեսին իր առաջ կապել, խուզել նրա գանգուր ու վայելուչ մազերը, պատռել, վրայից հանել շքեղ պատմուճանը։ 
Երբ սկսում են խուզել Ներսեսի մազերը, և նա աստիճանաբար կորցնում է իր սքանչելի գեղեցկությունը, շատերը ցավից արտասվում են։ Ապա թագավորը հրամայում է բերել կրոնավորի զգեստներ և հագցնել նրան, կանչում են ծերունի Փավստոս եպիսկոպոսին և նրան ձեռնադրել տալիս սարկավագ2
Այնուհետև Արշակը իր մոտ է հավաքում երկրի մեծամեծ իշխաններին, խորհուրդ անում, որոշում Ներսեսին տանել Կեսարիա, օծել ամենայն Հայոց կաթողիկոս։ 
Հայոց նշանավոր իշխանների ուղեկցությամբ և մեծամեծ նվերներով Արշակը Ներսեսին ուղարկում է Գամիրքի Կեսարիա մայրաքաղաքը՝ կաթողիկոսների կաթողիկոս Եվսեբիոսի մոտ, կաթողիկոս օծելու։ 
Ներսեսին տանում են Կեսարիա, Եվսեբիոսին հանձնում Արշակ թագավորի հրովարտակն ու նվերները։ 
Եվսեբիոսը ամենայն սիրով ու մեծարանքով ընդունում է հայոց հյուրերին, հավաքում եպիսկոպոսների բազմությունը և Ներսեսին ձեռնադրում Մեծ Հայքի եպիսկոպոս։ Երբ եկեղեցում Ներսեսին կաթողիկոս են օծում, մի սպիտակ աղավնի գալիս, նստում է օծման սեղանին, ապա թռչում նստում է Ներսեսի գլխին։ Հավաքված բազմությունը մեծ ցնծությամբ ու երկյուղածությամբ է ընդունում այդ երևույթը, այն համարելով աստվածային սուրբ նախանշան՝ Ներսեսի կաթողիկոս ձեռնադրման արժանավորության։ 
Կեսարիայից Ներսեսին և հայոց իշխաններին մեծ պատվով և շուքով ճանապարհ են դնում Հայաստան։ 
Երբ գալիս հասնում են հայրենիք, Արշակ թագավորը նրանց դիմավորելու է դուրս գալիս Առյուծ լեռան մոտ։ Նրանք մեծ խանդավառությամբ ու ցնծությամբ հանդիպում են միմյանց, ողջունում, օրհնում, ապա բերում Ներսեսին, նստեցնում հայոց հայրապետության աթոռին։ 
Ներսեսը երկրում մեծ բարենորոգումներ է ծավալում։ Նա Տարոնի Աշտիշատում եկեղեցականների և աշխարհականների ժողով է գումարում, ուր իրավական կանոններ է սահմանում երկրի թե աշխարհիկ և թե եկեղեցական գործերը կարգ ու կանոնի ենթարկելու համար։ 
Նա նախարարական տներից վերացնում է երկու շատ կարևոր հեթանոսական սովորություն, առաջինը՝ ամուսնությունը մերձավոր և արյունակից ազգականների միջև, որ կատարվում էր շահադիտական նկատառումներով, և երկրորդը, երբ նշանավոր իշխանների մահվան ժամանակ սպանում և նրա հետ էին թաղում նաև նրա մերձավորներին ու ծառաներին։ 
Ներսեսը Հայոց աշխարհի ամեն մի գավառում աղքատանոցներ է շինել տալիս, ուր պատսպարվում ու սնվում են խեղճերն ու չքավորները։ Բոլոր գյուղերում շինել է տալիս հյուրանոց-իջևանատներ՝ օտարականների համար, սնվելու տեղեր՝ որբերի և ծերերի համար, հեռավոր և անմարդաբնակ տեղերում՝ հիվանդանոց-պատսպարաններ բորոտների, ախտավորների և այլ անբուժելի հիվանդների համար, որոնք մինչ այդ օրենքով հալածվում էին, իբրև պիղծ մարդիկ։ 
Ներսեսը Հայաստանի բոլոր գավառներում հիմնում է դպրոցներ, ուր ուսուցումը կատարվում է հունարեն և ասորերեն լեզուներով։ Շինում և վերանորոգում է ավերված եկեղեցիները, հաստատում վանական միաբանություններ, կարգավորում ու կայունացնում եկեղեցական գործի դրվածքն առհասարակ։ Ինքն իր մարդասիրությամբ, աղքատասիրությամբ, խոնարհությամբ ու ողորմածությամբ ամբողջ Հայոց աշխարհում վայելում էր համաժողովրդական մեծ սեր և հեղինակություն։
----------------------------
1 Հովիվ բառն այստեղ ունի փոխաբերական իմաստ, իբրև հոգևոր հոտի, այսինքն՝ հավատացյալների և հոգևոր պաշտոնյաների առաջնորդ։
2 Ցածր աստիճանի եկեղեցական պաշտոնյա։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets