ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.11.2013

ՇԱՊՈՒՀԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Առաջին պարտությունից հետո Շապուհը փախչում է Պարսկաստան, հավաքում իր զորքերի անթիվ ու անհամար բազմությունը, ինչպես ավազը՝ ծովափին, հավաքում է անթիվ ու անհամար փղեր և զորքը բաժանում երեք մասի։ Երկու զորաբանակների հրամանատարներ է նշանակում Անդիկանին և Հազարավուխտին, իսկ մյուս զորաբանակի գլուխն անցնում է Շապուհն ինքը և հրամայում՝ երեք տարբեր տեղերից մտնել և ասպատակել Հայոց աշխարհը։ 
Շապուհի այս արշավանքի նախապատրաստման մասին ևս նախօրոք իմանում է Արշակ թագավորը։ Նա Վասակ սպարապետի միջոցով երկրից անթիվ ու անհաշիվ զորք է հավաքում և շտապում կանխել Շապուհի մուտքը Հայոց աշխարհ։ Սակայն ինչքան էլ շտապում են, չեն հասցնում կանխել հարձակումը, և պարսից զորքերը երեք տարբեր ուղղություններով մտնում են Հայաստան։ 
Արշակ թագավորը ես իր զորքերը բաժանում է երեք զորաբանակի, մեկը հանձնում Վասակ զորավարին, մյուսը՝ նրա Բագոս անունով եղբորը, մի չտեսնված քաջ ու անվեհեր մարդու, բայց խելքով փոքր-ինչ պակասամիտ, իսկ մյուս զորաբանակի գլուխն անցնում է Արշակն ինքը և հրամայում առաջ շարժվել, գնալ, դեմառդեմ ճակատել պարսից զորքերին։ 
Վասակ սպարապետը վերցնելով իր զորաբանակը, գալիս և Վանանդ գավառում3 հանդիպում է Հազարավուխտի զորքերին։ Նա հարձակվում է պարսից զորքերի վրա, ցրում, հալածում, հասնում կոտորում է բոլորին։ Հազարավուխտի զորքից ոչ մեկը կենդանի չի պրծնում, Վասակը մինչև վերջին մարդը սպանում է, վերցնում է մեծ ռազմավար և փղերի վիթխարի բազմություն։ 
Նույն ամսի, նույն շաբաթվա նույն օրը Բագոսը իր զորքերի գլուխն անցած գալիս, Բզնունյաց ծովափին հանդիպում է պարսից զորավար Անդիկանի զորաբանակին, որ եկել խռնվել ու ճամբար էր դրել Առեստի արքայական ձկնորսարանում։ Երբ պարսից զորքերն իմանում են հայոց զորքերի մոտենալու մասին, պատրաստվում են ճակատամարտի։ Բագոսն իր զորաբանակով գալիս և անմիջապես հարձակվում է պարսից զորքի վրա, բոլորին կոտորում, այդ թվում նաև նրանց զորավար Անդիկանին։ Բագոսի դեմ է ելնում փղերի գունդը։ Փղերից մեկը շքեղ զարդարված էր և կրում էր արքունական նշաններ։ Բագոսը կարծելով, թե այդ փղի վրա է նստած պարսից թագավորը, արագ ձիուց իջնում է, սուրը քաշում, մտնում փղի տակ, սուրը փղի փորը խրում։ Բագոսը չի հասցնում փղի տակից դուրս գալ, փիղն ընկնում է իր վրա, ճզմվում, մեռնում է։ 
Նույն ամսի, նույն շաբաթվա նույն օրը Արշակ թագավորը գալիս, Բասեն գավառի Ոսխա կոչված տեղում հանդիպում է պարսից Շապուհ թագավորի զորքին։ 
Արշակը գիշերով հարձակվում է Շապուհի բանակի վրա, բոլորին կոտորում, միայն Շապուհին է հաջողվում մազապուրծ եղած՝ ձիով փախչել, իրեն գցել Պարսից աշխարհը, ազատվել։ 
Հայոց երեք զորաբանակների հաղթության ավետաբերները գալիս, մի տեղում հանդիպում են միմյանց, շնորհավորում իրենց տարած հաղթանակը, որի ժամանակ զոհվել էր միայն Բագոսը։ Հայոց զորքերը միանում են իրար, արշավում Պարսից աշխարհը, հասնում մինչև Խարտիզանի կողմերը, ավերում, ասպատակում երկիրը, մեծ քանակությամբ գանձեր, զենքեր, զարդեր ավարի ենթարկում, լիանում են ու հարստանում։
----------------------------------
3 Գավառ Այրարատյան նահանգում, համապատասխանում է այժմյան Կարսի և Սարիղամիշի շրջաններին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets