ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.11.2013

ՄԵՀՐՈՒԺԱՆ, ՇԱՊՈՒՀ ԵՎ ԱՐՇԱԿ

Արշակ թագավորի դեմ ապստամբած և Պարսկաստանում ապաստանած Մեհրուժան Արծրունին ներկայանում է Շապուհ թագավորին, երդումով ուխտ դնում, որ հավիտյան հպատակ ու հավատարիմ կմնա Շապուհ թագավորին։ Իր հավատարմությունն ապացուցելու համար Մեհրուժանը հրաժարվում է քրիստոնեությունից, ընդունում պարսիկների զրադաշտական կրոնը1, երկրպագում ու պաշտում արեգակին ու կրակին, ինչպես պարսիկները։ Նա խոստանում է Շապուհին, որ եթե նա կարողանա հաղթել Արշակ թագավորին, նվաճել Հայոց աշխարհը, ապա ինքը կվերադառնա իր հայրենիքը, իր սեփական տունը, իր տանը ատրուշան կշինի և կդարձնի կրակապաշտության տուն։ 
Շապուհը վստահում է Մեհրուժանի ուխտին ու երդումին, նրան կնության է տալիս իր Որմիզդուխտ քրոջը, նրան հրովարտակներով մեծ արտոնություններ է շնորհում, բազմաթիվ գյուղեր, դաստակերտներ ու կալվածքներ նվիրում Պարսկաստանում։ Շապուհը Մեհրուժանին է խոստանում տալ նաև հայոց թագավորությունը, եթե միայն նա կարողանա հնազանդեցնել նախարարներին և Հայոց աշխարհում տարածել մազդեզական կրոնը։ 
Մեհրուժանը վստահեցնում է Շապուհին, որ ինքը նրա բոլոր հույսերը կարդարացնի գործով։ 
Մեհրուժանը Պարսկաստանում մեծ զորք է հավաքում, ինքը անցնում պարսից զորաբանակի գլուխը, հանկարծակի հարձակում գործում Հայոց աշխարհի վրա, մտնում իր սեփական հայրենիքը, ոտնակոխ անում այն, անխնա հրի ու սրի մատնում այն ամենը, ինչ պատահում է։ Նա արագությամբ գրավում է Հայաստանի վերին գավառները, տղամարդկանց փղերի ոտնատակ տալիս, կանանց սայլերի ցցերի վրա բարձրացնելով՝ սպանում, նախարարների կանանց բռնում, բանտարկում է բերդերում, հուսալով ամուսիններին հավատափոխել։ Եպիսկոպոսներին ու քահանաներին բռնում, կապում, ուղարկում է Պարսկաստան, ինչ գիրք որ գտնում է հունարեն լեզվով, այրում է և հրամայում հունարեն գրագիտություն չսովորել, այլ միայն պարսկերեն2, որպեսզի խափանի քրիստոնեությունը և տարածի պարսից կրոնը։ 
Հայոց Արշակ թագավորն այդ ժամանակ գտնվում էր Հայաստանի ստորին գավառներում՝ Անգեղ տանը3, և զբաղված էր արքայական զորքերին ուտեստ հայթայթելով։ 
Վասակ սպարապետը աճապարում է զորք հավաքել, նա հավաքում, կազմակերպում, կարգի է բերում շուրջ տասը հազար քաջ ու ընտիր հեծյալներից բաղկացած հեծելազոր, անցնում է զորքի գլուխը և փութով արշավում պարսից զորքի վրա։ Երբ պարսից թագավորի զինվորներն իմանում են, որ իրենց վրա է գալիս Վասակ սպարապետը, կողոպտում են իրենց ձեռքի տակ եղած գավառների մնացած բնակչությանը, մեծ մասին գերի վերցնում և իրենց հետ առնելով, շտապ փախչում են իրենց երկիրը։ Վասակ Մամիկոնյանը հետապնդում է պարսից զորքին և Ատրպատականի սահմանն անցնելիս՝ հասնում նրանց։ Պարսից զորքերը հայ գերիներին թողնում են և Մեհրուժանի հետ փախչում, ազատվում։ Վասակը անչափ ու անհամար գերիների բազմություն է ազատում պարսիկներից և խաղաղությամբ վերադառնում Արշակ թագավորի մոտ։ 
Բայց Մեհրուժանը դրանով չի բավարարվում։ Նա պարսից Շապուհ թագավորին գրգռում ու լարում է Արշակ թագավորի դեմ, հրահրում նոր պատերազմի։ Շապուհը անսալով Մեհրուժանի չարամիտ խորհուրդներին, զորք է հավաքում, միաժամանակ լրտեսներ ուղարկում Հայոց աշխարհ՝ հետևելու Արշակ թագավորի գործողություններին։ 
Մինչ Արշակ թագավորր իր զորքով գտնվում էր Ատրպատականի սահմանի մոտ, այդ կողմերից սպասելով պարսիկների հարձակմանը, պարսից զորքերը Մեհրուժանի առաջնորդությամբ և Շապուհի գլխավորությամբ շուռ են գալիս և բոլորովին հակառակ կողմից մտնում Հայոց աշխարհ։ Նրանք անցնում են Աղձնիքով, Մեծ Ծոփքով, Անգեղ տանով, Անձիտ գավառով, Մզուրով, Դարանաղիով, Եկեղյաց գավառով։ Պարսից Շապուհ թագավորն անթիվ ու անհամար զորքով մտնում է այս գավառները, հեղեղի նման տարածվում։ Պարսից զորքերը կրակի ու ավերի են ենթարկում երկիրը, անթիվ, անհամար մարդկանց սրի քաշում, կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա հանում, մի մասին էլ գցում են կամերի տակ, կալսելով սպանում, տղամարդկանց բազմություններ գցում են փղերի տակ, ոտնատակ անում, մեծ քանակությամբ անչափահաս երեխաների գերի տանում։ 
Նրանք ավերում են շատ ամրոցներ, քանդում շատ անառիկ բերդեր, գրավում են Աղձնիքում գտնվող Տիգրանակերտ քաղաքը, բնակչության մեծ մասին կոտորում, քառասուն հազար ընտանիք գերի տանում։ Գալիս պաշարում են Անգեղ ամուր բերդը, ուր կային հայոց Արշակունի շատ թագավորների գերեզմաններ և վաղուց ի վեր պահված շատ գանձեր։ Սակայն բերդի անառիկության պատճառով պարսիկները չեն կարողանում այն գրավել, թողնում հեռանում են։ Այդպիսի շատ բերդեր պարսիկների համար մնում են անառիկ։ Նրանք Մեհրուժանի չար խորհրդով գալիս են Դարանաղիի Անի ամրոցը, ուր թաղված էին հայոց քաջ Արշակունի թագավորները և պահվում էին արքունի գանձերը։ Պարսիկները մեծ դժվարությամբ պարիսպներով բարձրանում են բերդը, կործանում պարիսպները, դուրս են բերում անթիվ ու անհամար գանձեր։ Նրանք բացում են թագավորների գերեզմանները, հանում ոսկորները և գերի տանում։ Չեն կարողանում բանալ միայն Սանատրուկ թագավորի շիրիմը, իր հսկայակառույց, մեծ քարերից պինդ ու ճարտար շինված լինելու պատճառով։ 
Պարսից զորքերը Դարանաղիից շարժվում են դեպի Բասենի կողմերը, նպատակ ունենալով թիկունքից հարձակվել թագավորի զորքերի վրա։ 
Այդ ժամանակ գուժկան է գալիս հայոց Արշակ թագավորի մոտ, հայտնում, թե. 
— Դու այդտեղ Ատրպատականում նստած, թշնամուն սպասում ես դիմացից, իսկ թշնամիները անցել են քո թիկունքը, ավերում ու կոտորում են երկիրը և հիմա գալիս են քեզ վրա։ 
Արշակ թագավորն ու Վասակ սպարապետը լսելով այս անակնկալ գույժը, շտապ զորահանդես են անում։ Վասակ զորավարի ձեռքի տակ այդ ժամանակ կազմ ու պատրաստ կային վաթսուն հազար զինվորներ, բոլորն էլ ընտիր պատերազմողներ, միաբան, միասիրտ, հոժարակամ բոլորն էլ պատրաստ պատերազմի, հանուն իրենց կանանց ու երեխաների, հանուն իրենց հայրենիքի, իրենց հավատի ու եկեղեցու, հանուն իրենց բնիկ տերերի՝ Արշակունիների։ Նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհելու նրանց բոլորի համար, որովհետև թշնամին անգամ իրենց թագավորների ոսկորներն էր հանել և բազում ժողովուրդ տեղահան արած, գերության էր տանում։ 
Վասակ զորավարն իր վաթսուն հազար քաջերի գլուխն անցած առաջ է շարժվում, Ատրպատականի մի ամուր բերդում թողնելով Արշակ թագավորին իր սպասավորներով։ Վասակն իր զորքով գալիս հասնում է Հայաստանի միջնաշխարհը՝ Այրարատյան գավառը, ուր պարսից զորքը, ինչպես ծովի ավազ կուտակվել ու բանակ էր դրել։ 
Պարզելով թշնամու զորքերի դասավորությունը, Վասակը գիշերով անսպասելի գրոհում է պարսից բանակի վրա, բոլոր զորքերին սրի քաշում, և պարսից թագավորը հազիվ ճողոպրելով, մի ձիով փախչում, ազատվում է։ Ուրիշ փախչողներ էլ են լինում, որոնց հետապնդում են հայ զինվորները, կոտորում։ Դավաճան Մեհրուժանին ևս հաջողվում է փախչել ու ազատվել։ 
Հայոց զորքը պարսիկներից հետ է խլում նրանց հափշտակած թալանն ու ավարը, հայոց գերիների բազմությունը և հայ թագավորների ոսկորները, որոնք պարսիկները գերի էին տանում իրենց երկիրը, հավատալով, որ հայոց թագավորների ոսկորներն իրենց երկիրը տանելով, նրանց փառքը, բախտն ու քաջությունն էլ կանցնի իրենց, կտեղափոխվի իրենց աշխարհը։ 
Քանի որ հայոց թագավորների ոսկորները պարսիկները խառնել էին իրար և անհնար էր քրիստոնյա թագավորների նշխարները ջոկել հեթանոս թագավորների ոսկորներից, ուստի արժանի չեն համարում դրանք թաղել Վաղարշապատ քաղաքի սրբերի հանգստարանում, այլ տանում թաղում են Արագած լեռան ստորոտում գտնվող Աղձք կոչված ամուր գյուղում4, տեղի նեղ ու դժվարամուտ ժայռերի խորշերից մեկում։ 
Վասակն այնուհետև սկսում է հոգ տանել գերիներին իրենց տեղերը դարձնելու, ավերած երկիրը բարեկարգելու ու նորոգելու, առհասարակ, Հայոց աշխարհում խաղաղություն հաստատելու վրա։ Ապա Արշակ թագավորի հետ միասին ամրացնում են երկրի սահմանները և զգուշորեն ու ուշադիր հետևւմ դրանց պահպանմանը։
--------------------------------
1 Մազդեզական կամ զրադաշտական կրոնը հին պարսիկների կրոնն էր, որի հիմքն էր կազմում բնության երևույթների՝ արեգակի, կրակի, լույսի, ջրի պաշտամունքը։ Մազդեզական անունն առաջացել է նրանց գերագույն աստծո՝ Ահուրամազդայի անունից, իսկ զրադաշտությունը՝ այդ կրոնի հիմունքներն ու կանոնները մշակոզ Զրադաշտ մոգի անունից։
2 Այդ ժամանակ հայերը դեռևս սեփական գիր ու գրականություն չունեին, դպրոցներում ուսուցանվող լեզուները հունարենն ու ասորերենն էին, եկեղեցում ժամասացությունն ու կարգը կատարվում էր հունարեն կամ ասորերեն, իսկ պաշտոնական գրագրությունը՝ հունարեն և պարսկերեն։
3 Գավառ Չորրորդ Հայքում, տարածվում էր Մեծ Ծոփքից արևելք, Զիբենե գետի վրա ընկած լեռնային շրջանում։
4 Համապատասխանում է այժմյան ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Հախս գյուղին, որի մերձակայքում է գտնվում Արշականի թագավորների այդ դամբարանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets