ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.11.2013

ԱՐՇԱԿԻ ՄՂԱԾ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՇԱՊՈՒՀԻ ԴԵՄ

Արշակի գաղտնի փախուստից հետո պարսից թագավորը ութ տարի լուռ է մնում։ Որովհետև Շապուհը հունաց թագավորների դեմ ծանր ու երկարատև պատերազմների մեջ էր, ուստի նա ոչ միայն հայոց Արշակ թագավորի նկատմամբ առայժմ թշնամություն չէր ցույց տալիս, այլ, ընդհակառակը, շարունակ պատվիրակներ էր ուղարկում Արշակի մոտ, խնդրում, աղաչում, որ իրար դաշնակից լինեն, սիրով ու խաղաղությամբ հաշտ ապրեն։ Սակայն հայոց Արշակ թագավորը ամենևին չի ուզում նրան լսել, ոչ էլ նրա մոտ գնալ, ոչ պատվիրակներ ու պարգևներ ուղարկել, նրա անունն իսկ լսել չէր կամենում։ 
Հույն-պարսկական կռիվներն ի վերջո ավարտվում են պարսիկների հաղթանակով, և հունաց թագավորը նեղն ընկնելով, խաղաղության դաշնագիր է կնքում Շապուհի հետ և նամակով դիմում նրան այսպես. 
«Քեզ եմ տալիս Արուաստանում գտնվող Մծբինը և Ասորոց Միջագետքը. Հայաստանի ներքին նահանգներից էլ ձեռ եմ քաշում, եթե կարող ես հայերին հաղթիր և նվաճիր քո իշխանության տակ, ես նրանց օգնություն չեմ ցույց տա»։ 
Հույն թագավորներին հաղթելուց և նրանց հետ խաղաղություն հաստատելուց հետո պարսից Շապուհ թագավորը կարգի է բերում իր զորքերը, նախապատրաստվում և պատերազմի է ելնում հայոց Արշակ թագավորի վրա։ 
Հայոց թագավորի սահմանապահները, որոնք նստում էին Ատրպատականի Գանձակում1, վաղօրոք Արշակ թագավորին տեղեկացնում են Շապուհի հարձակման նախապատրաստության մասին։ 
Արշակն այդ իմանալով, իսկույն հրաման է տալիս Վասակ սպարապետին՝ իր բոլոր զորքերը կազմակերպել և Շապուհի դեմ ելնել Հայաստանի սահմաններից դուրս։ Վասակն արագությամբ ի մի է հավաքում հայոց զորքերը, զորահանդես կատարում։ Նրա հրամանատարության տակ են հավաքվում շուրջ 60 բյուր2 հեծյալ, բոլորն էլ լավ զինված, քաջասիրտ, միաբան ու նվիրված նիզակավորներ։ Վասակը նրանց գլուխն անցած, առաջ է շարժվում, և Շապուհը իր զորքով դեռ Ատրպատականի սահմանը չհասած, պարսից հողում ընդհարվում է Շապուհի զորքի հետ։ Վասակն իր անվեհեր մարտիկներով իսպառ կոտորում է պարսից զորքերին, բոլորին բնաջնջում։ Կոտորածից ազատվում է միայն Շապուհ թագավորը, որը մեկ ձիով փախչում, գնում է իր երկիրը։ Հայոց զորքը մտնում է Պարսկաստան, գերում, կոտորում, այրում, ավարի ենթարկում Պարսից աշխարհը և հաղթանակով վերադառնում։
----------------------------------
1 Գտնվում էր հին Ատրպատականում, Թավրիզից հարավ, այժմյան Թախտի Սուլեյման բնակավայրի տեղում։ Արշակունիների ժամանակ Հայաստանի արևելյան սահմանը Կասպից ծովի արևմտյան ափերից իջնելով, հասնում էր մինչև այդտեղ։
2 Վեց հարյուր հազար։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets