ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.11.2013

ՏՐԴԱՏՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՄԵՀՅԱՆՆԵՐԸ*


Գրիգորի առաջարկությամբ թագավորն ու իշխանները խորհուրդ են անում իսպառ վերացնելու հեթանոսությունը, կործանելու հին աստվածների բագիններն ու մեհյանները։ 
Տրդատը հրաման է տալիս այդ գործի իրականացումը հանձնարարել Գրիգորին։ 
Թագավորն ինքն անձամբ ամբողջ զորքով Գրիգորի հետ միասին, Վաղարշապատից շարժվում, գնում է Արտաշատ։ Նրանք նախ Արտաշատի ճանապարհին՝ Երազամույն կոչված տեղում, ուր բարձրանում էր Որմիզդի գրչի Դիվան անունով Տիր աստծո մեհյանը, ավերում և կործանում են։ Տեղի քրմերը իրենց պահապան գնդերով չկարողանալով դիմադրել արքունի զորքին, փախչում լցվում են Արտաշատում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը։ Երբ Տրդատը զորքով մտնում է Արտաշատ և շրջապատում մեհյանը, նրանք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, պարիսպների վրայից հարձակվողների վրա նետերի ու քարերի տարափ են տեղում, որոշ չափով կասեցնում հարձակումը։ Բայց մեհյանը հարձակվողների ճնշման տակ կործանվում է, կրակի մատնվում, ավերվում։ Այնտեղ ամբարված գանձերը բաժանում են աղքատներին, տառապյալներին և չքավորներին։ Այնուհետև Գրիգորը Տրդատի հետ միասին զորքով գնում է Դարանաղյաց գավառը1։ Այստեղ Թորդան գյուղում էր գտնվում սպիտակափառ Բարշամինա աստծո մեհյանը։ Նախ կործանում են մեհյանը, փշրում աստծո արձանը, կուտակված գանձերը, ոսկին ու արծաթը ավարի են մատնում և բաժանում աղքատներին։ Իսկ գյուղը իր բոլոր դաստակերտներով ու կալվածքներով նվիրում են եկեղեցուն, գավառի բնակիչներին քարոզում նոր կրոնի վարդապետությունը։ 
Թագավորն ու Գրիգորը Թորդանից անցնում են Անի ամրոցը, ուր ամփոփված էին հայոց թագավորների գերեզմաններն ու գանձերը։ Այստեղ էր գտնվում նաև աստվածների հայր Արամազդի բագինը։ Նրանք ավերում են այն, տեղում խաչ կանգնեցնում, իսկ ավանն իր ամրություններով հանդերձ նվիրում եկեղեցուն։ 
Այստեղից Տրդատն ու Գրիգորը անցնում են սահմանակից Եկեղյաց գավառը, որտեղ գտնվում էին հայոց թագավորների բուն պաշտամունքի վայրերը։ Դրանցից գլխավորը Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանն էր, որը վահանավոր զինվորներով պահպանում էին քրմերը՝ ընդդեմ արքունի զորքի։ Սակայն նրանց դիմադրությունը շուտով կոտրվում է, տաճարի բարձրաբերձ պարիսպները կործանվում են և հարթեցվում։ Գրիգորը թագավորով հանդերձ և զորքի օժանդակությամբ փշրում են Անահիտ դիցուհու ոսկյա արձանը, քանդում տաճարը, ոսկին ու արծաթր ավարի մատնում։ Ապա այնտեղից Գայլ գետի վրայով անցնում են Թիլ ավանը, ուր գտնվում էր Արամազդի դուստր Նանեի մեհյանը։ Զույգ մեհյանների գանձերը ավարի ենթարկելով, կալվածքներն ամբողջությամբ նվիրում են եկեղեցուն։ 
Այնուհետև Գրիգորն ու Տրդատը զորքով անցնում են Դերջան գավառը, քարոզելու նոր կրոնի սկզբունքներն ու դարձի բերելու տեղի հայ հեթանոս բնակչությանը։ Բագահառիջ գյուղում գտնվող Արամազդի որդի Միհրի մեհյանը հիմքից քանդում են, կուտակված գանձերը ավարի մատնում և աղքատներին բաժանում, իսկ կալվածքները նվիրում եկեղեցուն։ 
Հեթանոսական մեհյանները քանդելուց, դրանց տեղերում խաչեր տնկելուց հետո, թագավորն ու Գրիգորը վերադառնում են Վաղարշապատ։ Տրդատն այստեղ իր կին Աշխեն տիկնոջ և քրոջ՝ Խոսրովիդուխտի համաձայնությամբ հրաման է տալիս իր բոլոր զորքերին, իրենց զորահրամանատարներով միատեղ ժողովի հավաքվել։ Երբ բոլոր զորքերը իրենց իշխանների, զորապետների և բոլոր նշանավոր մարդկանց հետ ներկայանում են թագավորին, վերջինս բոլորի հետ խորհրդակցելով, առաջարկում է Գրիգորին դարձնել հոգևոր հովիվ, այսինքն՝ կրոնական առաջնորդ, որպեսզի ժողովրդին քրիստոնյա դարձնի և մկրտի։ Գրիգորը մերժում է թագավորի առաջարկը, առարկելով թե՝ 
— Չեմ կարող համբերել, դիմանալ անչափ բարձրությանը, քանզի անպատում է քրիստոսատուր փառքի առաջնորդության պատիվը՝ միջնորդ դառնալու աստծո և մարդկանց միջև։ Լավ կանեք, եթե ուրիշ արժանի մարդ գտնեք։ 
Տրդատին ու Գրիգորին տեսիլ է երևում և պարտավորեցնում է Գրիգորին՝ ստանձնելու քահանայապետության պաշտոնը։ Գրիգորը համաձայնում է։ Այնժամ Տրդատը հավաքում է Հայոց աշխարհի 16 գլխավոր նախարարներին ու կուսակալներին և հատուկ հրովարտակով Գրիգորի հետ ուղարկում Կեսարիա քաղաքը, Գրիգորին Հայոց աշխարհի քահանայապետ օծելու համար։ 
Իշխաններն ու կուսակալները կազմ ու պատրաստ, իրենց հետ վերցնում են տարբեր ընծաներ՝ ոսկի ու արծաթ, ձիեր ու ջորիներ, զանազան շքեղ հանդերձներ, Գրիգորին նստեցնում են սպիտակ ջորիներ լծած արքունական ոսկեպատ կառքը, իրենք էլ նստում են կառքեր կամ երիվարներ, յուրաքանչյուրն իր զորագնդով, զինանշաններով Վաղարշապատից մեկնում են Հունաց կողմերը։ Ճանապարհին, տարբեր քաղաքներում ու ավաններում նրանց դիմավորում են մեծ ցնծությամբ ու ուրախությամբ, բազում պատիվների ու հյուրասիրության արժանացնում։ 
Այսպիսի հարգով ու պատվով նրանք հասնում են Կեսարիա, ներկայանում Ղևոնդիոս կաթողիկոսին, հանձնում Տրդատի հրովարտակն ու ընծաները։ Ղևոնդիոսն ու մյուս քահանայապետները մեծ սիրով ու ուրախությամբ են ընդունում հայոց պատվիրակությանը, պատշաճ պատիվների արժանացնում։ Ապա Ղևոնդիոսը եպիսկոպոսական մեծ ժողով է գումարում և Գրիգորին ձեռնադրում են Հայոց աշխարհի քահանայապետ, նրան շնորհելով եպիսկոպոսի աստիճան։ 
Այնուհետև Կեսարիայի կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեծ պատվով, հատուկ նամակով ու ընծաներով հայոց պատվիրակությանը ճանապարհ են դնում դեպի Հայաստան։ Պատվիրակությունը գալիս հասնում է Սեբաստիա քաղաքը, որտեղ Գրիգորը հանդիպում է բազմաթիվ քրիստոնյա կրոնավորների, համոզում է նրանց իր հետ գալ Հայաստան քահանայության կարգի արժանացնելու, քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու համար։ 
Կրոնավորների մեծ խմբեր հավաքելով՝ Գրիգորը հայոց պատվիրակության հետ մեծ շուքով վերադառնում է Հայաստան։ 
Երբ գալիս հասնում են Հայաստանի սահմանները, Գրիգորը իմանում է, որ տակավին կանգուն է մնում Տարոն գավառի Վահեվանյան հռչակավոր ու մեծագանձ մեհյանը՝ լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների կողմից նվիրաբերված հարուստ ու բազմազան ընծաներով։ Վահեվանյան մեհյանը հայոց ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղն էր, ձոնված Վիշապաքաղ Վահագնին, որ գտնվում էր Եփրատ գետի ափին, Քարքե լեռան վրա՝ Տավրոս մեծ լեռան դիմաց։ Վահագնի այս մեհյանը Մեծ Հայքի թագավորների զոհատեղին էր, որը հաճախակի զոհեր մատուցելու պատճառով կոչվում էր Աշտիշատ2։ 
Այստեղ Վահագնի Վահեվանյան մեհյանի կողքին տակավին շեն ու կանգուն էին մնում նաև Անահիտին կամ Ոսկեմայր դիցուհուն ձոնված բագինը, ինչպես նաև Աստղիկ դիցուհու մեհյանը, որ կոչվում էր Սենյակ Վահագնի։ 
Գրիգորն, ահա, գալիս է Աշտիշատ, որպեսզի քանդի ու կործանի այս երեք մեհյանները, որտեղ մարդիկ տակավին հին սովորությամբ շարունակում էին զոհեր մատուցել։ 
Գրիգորը Կեսարիայից իր հետ էր վերցրել նաև Հովհաննես Մկրտչի3 և Աթանագինեսի4 նշխարները։ Երբ պատվիրակությունը գալիս հասնում է Եփրատ գետի ափին, մեհյանների դիմաց և կամենում է վեր բարձրանալ դեպի այն բարձրավանդակը, որի վրա կառուցված էին մեհյանները, սպիտակ ջորիներ լծած կառքը, որի վրա դրված էին սրբերի նշխարները, կանգ է առնում և այլևս չի կարողանում ձորակն անցնել։ 
Այդ պահին Գրիգորին տեսիլ է երևում և նրան ցուցում է տրվում նույն այդ տեղում կառուցել մատուռ և սրբերի ոսկորների նշխարներն այնտեղ թաղել։ 
Գրիգորի կարգադրությամբ զորքն իսկույն գործի է անցնում, արագ կառուցում է մատուռը, գերեզման է փորում և սրբերի ոսկորներն ամփոփում այնտեղ։ 
Գրիգորը զորքին հրաման է տալիս՝ բարձրանալ վերև և մուրճերով կործանել հեթանոս աստվածների մեհյանները։ Սկզբում այդ զորքին չի հաջողվում, բայց Գրիգորի քաջալերանքով ու օգնությամբ հիմնովին ավերում են մեհյանները, քրմերին ու նրանց մոտ ծառայության եղած մարդկանց կոտորում։ 
Գրիգորը հավաքում է տեղի բնակիչներին, քրիստոնեություն քարոզում, ապա մեհյանների տեղում եկեղեցու հիմքեր գցում և պաշտամունքի սեղան և մկրտության ավազան կառուցում։ Եվ քանի որ ինքը օծված եպիսկոպոս էր, այստեղ Տարոնում էլ նա հիմք է դնում եկեղեցիների շինարարությանը։ Գրիգորը Տարոնում մնում է քսան օր և տեղացի բնակիչներից մոտ 190 հազ. մարդու մկրտում, դարձնում է քրիստոնյա։ Այնուհետև այս նույն օրինակով նա Տարոնի տարբեր վայրերում եկեղեցիներ է կառուցում և քահանաներ կարգում։ 
Տրդատը, երբ լսում է Գրիգորի գալուստը, վերցնում է տիկնոջը՝ Աշխենին, և քրոջը՝ Խոսրովիդուխտին, և մեծ զորքով Վաղարշապատից ելնում, գալիս է Գրիգորին դիմավորելու։ Նա գալիս հասնում է Բագավան գյուղաքաղաքը և այստեղ նստում, սպասում Գրիգորին։ Գրիգորն այդ ընթացքում տարբեր գավառներում, շեներում ու ավաններում եկեղեցիներ է կառուցում, մկրտություն կատարում, քահանաներ կարգում։ Ապա գալիս է հասնում Բագավան։ Թագավորը ամբողջ զորքով դուրս է գալիս նրան ընդառաջ և Եփրատ գետի ափին դիմավորում նրան։ 
Տրդատին են հանձնում Ղևոնդիոս կաթողիկոսի օրհնության նամակը, որն ընդունվում է մեծ ցնծությամբ ու ուրախությամբ։ Գրիգորն այնուհետև կարգադրում է արքայական բանակին պասով ու աղոթքով անցկացնել, իսկ ինքը Բագավանում և կից գավառներում շարունակում է նոր կրոնի քարոզը, եկեղեցիների կառուցումը, քահանաների կարգումը։ 
Երբ պասի ու աղոթքի ժամկետը լրանում է, Գրիգորը վերցնում է ամբողջ զորքը, թագավորին, թագուհուն, Խոսրովիդուխտին, բոլոր մեծամեծներին ու իշխաններին, վաղ առավոտյան իջնում Եփրատի ափը և բոլորին մկրտում։ 
Այնուհետև նա յոթ օր շարունակում է այդ արարողությունը և մկրտում շուրջ չորս միլիոն մարդ՝ կին, տղամարդ ու մանուկ։ 
Քրիստոնեության ուսմունքի նահատակների՝ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի հիշատակը հավերժացնելու նպատակով, Գրիգորը կարգադրում է Բագավանում պաշտվող Ամանոր և Վանատուր հեթանոս աստվածների տոնը՝ Նավասարդի օրը, վերածել այդ քրիստոնեական սրբերի տոնի։ 
Նա Տրդատին խնդրում է երկրի տարբեր տեղերից աշակերտներ հավաքել, տալ ուսման, գիտություն և քրիստոնեական վարդապետությունը ուսուցանելու համար։ 
Տրդատ թագավորը Հայոց երկրի տարբեր կողմերից հավաքում ու բերել է տալիս ուշիմ, ուսման համար պատրաստ մանուկների բազմաթիվ խմբեր և նրանց վրա կարգում հմուտ ուսուցիչներ։ Նա հատկապես հավաքել է տալիս քրմերի կամ նրանց ցեղին պատկանող մանուկներին, ապրուստի թոշակ նշանակում, խմբերի բաժանում, մի մասին տալիս են հունական, մյուս մասին՝ ասորական կրթության։ Նրանց մեծ մասը հետագայում դառնում են եկեղեցական նշանավոր գործիչներ։ 
Այդպես, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծ թագավորի ջանքերով Հայոց աշխարհում տարածվում են քրիստոնեությունն ու օտար լեզուներով դպրությունն ու լուսավորությունը։
------------------------------
* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։
1 Գտնվում է Բարձր Հայքում, Եփրատ գետի հովտում՝ Երզնկայից հարավ-արևմուտք։
2 Յաշտ նշանակում էր զոհ, մատաղ, շատ՝ տեղ, վայր. հետևաբար յաշտիշատ կամ աշտիշատ նշանակում էր զոհավայր, զոհերի տեղ, զոհատեղի։
3 Հովհաննես Մկրտիչը, ըստ քրիստոնեական ավանդության, Քրիստոսին Հորդանան գետում մկրտողն էր, որից էլ մակդիրը՝ Մկրտիչ։ Նա հայոց մեջ կոչվում է նաև Կարապետ, այսինքն՝ առաջինը, առաջնեկը, իբրև առաջինը Քրիստոսին մկրտող։ Այնտեղ, ուր Գրիգոր Լուսավորիչը թաղում է Հովհաննես Մկրտչի նշխարները, հետագայում կառուցվում է Մշո սուրբ Կարապետի հռչակավոր վանքը, որը Էջմիածնից հետո հայոց ամենանշանավոր սրբավայրն ու ուխտատեղին էր։ Վահագնի հին հեթանոսական պաշտամունքը, սրբավայրի տեղի նույնության պատճառով միաձուլվում է ս. Կարապետի պաշտամունքին, որին ժողովուրդը կոչում էր Մշո սուլթան, այսինքն՝ Մշո թագավոր, տեր։
4 Աթանագինեսը եղել է Սեբաստիայի եպիսկոպոս և քրիստոնեության մոլի քարոզիչ, նահատակվել է, որի պատճառով էլ քրիստոնեական եկեղեցու կողմից սրբացել։


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets