ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.11.2013

ՇԱՊՈՒՀԸ ԱՐՇԱԿԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՊԱՐՍԿԱՍՏԱՆ*

Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը մեծ ընծաներով, հրովարտակներով պատգամավորներ է ուղարկում Արշակ թագավորի մոտ, սիրով ու աղաչանքով խնդրում նրան գալ Պարսկաստան, որպեսզի խաղաղության ու բարեկամության դաշինք կնքեն։
Արշակ թագավորը թեպետ հաշտության կողմնակից չէր և կամենում էր շարունակել պատերազմը, բայց տեսնելով, որ ամբողջ զորքը, իշխաններն ու նախարարները հոգնել են կռիվներից և այլևս չեն կամենում պատերազմել, ստիպված ընդունում է Շապուհի դեսպաններին և ինքն էլ իր կողմից Շապուհին ընծաներ ու հրովարտակներ ուղարկում։
Շապուհը դարձյալ պատգամավորներ է ուղարկում Արշակի մոտ, խնդրում նրան գալ Պարսկաստան՝ հետևյալ խոսքերով.
— Եթե դու ընդունում ես իմ առաջարկած հաշտության պայմանը և քեզ ինձ հետ հաշտ ես համարում, ապա եկ, հանդիպենք, տեսակցենք միմյանց և այնուհետև հայր ու որդու նման լինենք իրար նկատմամբ։ Իսկ եթե չես կամենում ինձ տեսնել, նշանակում է դարձյալ պատերազմ ես ուզում բորբոքել երկուսիս միջև։
Երբ Արշակին հայտնում են Շապուհի այս պատգամը, Արշակն ապահով լինելու համար Շապուհից խնդրում է ուխտի հավատարմության երդում ուղարկել։ Շապուհ թագավորը հոժարում է, երդման համար աղ է բերել տալիս, աղի վրա երդվում, աղը կնքում վարազագիր մատանիով1, ուղարկում Արշակ թագավորին և պատվիրում, որ եթե այդ երդումից հետո էլ Արշակը չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։ 
Հայոց աշխարհի մեծամեծներն ու իշխանները և առհասարակ բոլոր մարդիկ, երբ իմանում են այդ, ստիպում են Արշակ թագավորին, շտապեցնում, որ նա գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին։
Արշակ թագավորը ստիպված իր հետ է վերցնում իր դայակ Վասակ սպարապետին և ճանապարհ ընկնում, գնում Պարսկաստան, Շապուհ թագավորի մոտ։ Նրանք գալիս, ներկայանում են Շապուհ թագավորին:
Շապուհը խիստ նախատում է Արշակին իբրև ծառայի, իսկ Արշակը իրեն հանցավոր ու մահապարտ է համարում Շապուհի առաջ։
Շապուհը Արշակին ու Վասակին հանձնում է իր ազնվական թիկնապահ գնդին, որ նրանց պահեն ազատ, բայց հսկողության տակ։
-----------------------------
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.Blognews.am կայում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets