ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.11.2013

ՏՐԴԱՏ ԵՎ ԳՐԻԳՈՐ*

Պարթև Անակի որդիներից մեկը, որին Հունաց կողմերն էին փախցրել տարել, մեծանում և ուսում է ստանում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Այստեղ նա հետևում է նոր կրոնի՝ քրիստոնեության ուսմունքին, հմտանում և ընտելանում Աստվածաշնչին, դառնում քրիստոնյա և մկրտվում Գրիգոր անունով։ Գրիգորն իր դայակներից տեղեկանում է իր հոր արարքներին, մասնավորապես Խոսրովի սպանությանը և իմանալով, որ Տրդատը Խոսրովի որդին է և ապրում է Հռոմում, գնում, գտնում է Տրղատին և կամավոր ծառայության մտնում նրա մոտ։ Նա Տրդատից թաքցնում է իր ով լինելը, հնազանդությամբ սպասարկում է նրան, որպեսզի դրանով քավի իր հոր գործած հանցանքը։ 
Այդ ժամանակ Հռոմում Դիոկղետիանոս կայսրը հալածում էր քրիստոնյաներին։ Եվ երբ Տրդատը զգում է, որ Գրիգորը հետևում է քրիստոնեական ուսմունքին, սկսում է նրան նեղել, պատուհասել, զանազան տանջանքներ պատճառել, որպեսզի նա թողնի քրիստոնեությունը և հետևի հեթանոս աստվածների պաշտամունքին։ 
Երբ Տրդատը հռոմեական զորքով վերադառնում է Հայաստան, նրա հետ Հայաստան է գալիս նաև Գրիգորը։ Իր թագավորության առաջին տարում Տրդատը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր մատուցում։ Զոհաբերությունից հետո արքայական շքախումբը իջնում, տեղավորվում է Գայլ գետի ափին պատրաստված արքայական վրանում, ուր թագավորին ընթրիք են մատուցում։ 
Երբ Տրդատը գինովանում է, հրաման է տալիս Գրիգորին, որպեսզի նա պսակներ ու ծառերի թավ ճյուղեր տանի և նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին։ Գրիգորը կտրուկ մերժում է արքայի հրամանը։ Այնժամ Տրդատը դիմում է Գրիգորին. 
— Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար, մեզ հետ համակերպվեցիր։ Արդ, ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն աստծոն, որին ես չեմ պաշտում։ 
Տրդատի հրամանով Գրիգորին այդ օրն առնում են հսկողության տակ, իսկ հաջորդ օրն առավոտյան կանչել է տալիս Գրիգորին իր մոտ և ասում. 
— Այսքան տարի ես քեզ ճանաչում եմ՝ դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ. ես գոհ էի քեզանից ու մտադիր էի քեզ պահել։ Այժմ ինչո՞ւ իմ կամքը չես կատարում։ 
— Աստված հրամայել է, որ ծառաները հնազանդ լինեն մարմնավոր տերերին, իսկ աստծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ, — պատասխանում է Գրիգորը։ 
— Գիտցիր, — ասում է Տրդատը, — որ դու կորցրեցիր այն վաստակը, որ ձեռք էիր բերել ինձ մոտ և որին ես եմ վկա եղել։ Արդ, այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազմաթիվ նեղություններ եմ տալու քեզ, պատվի փոխարեն՝ անարգանք, պաշտոնի փոխարեն՝ բանտ ու կապանք և մահ կտամ, եթե հանձն չառնես աստվածներին պաշտամունք մատուցել։ Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կեցուցիչը, որին բոլոր թագավորներն են պաշտում, և հատկապես Հունաց թագավորը։ Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը՝ մեծ, արի Արամազդի։ 
Գրիգորը ճարտարախոսությամբ դարձյալ մերժում է արքայի պահանջը։ Տրդատը նորից է փորձում հորդորել Գրիգորին՝ հետ կանգնելու իր նոր դավանանքից, սակայն ապարդյուն։ Այնժամ Տրդատը հրամայում է Գրիգորի ձեռները հետևից կապել, բերանին բերանակապ դնել, մեջքին մի մեծ կտոր աղաքար դնել, կրծքին գելարան1կապել և գելարանի կապերից պարաններ գցելով՝ գլխիվայր կախել ապարանքի բարձր տանիքից։ Այդպես յոթ օր Գրիգորը մնում է գլխիվայր կախված։ Յոթ օրից հետո թագավորը հրաման է տալիս արձակել կապանքները և Գրիգորին բերել իր մոտ։ Գրիգորը արքայի առաջ դարձյալ մնում է անհողդողդ իր հավատի մեջ։ Տրդատը քանիցս մեկը մյուսից ծանր մարմնական պատիժների ու չարչարանքների է ենթարկում Գրիգորին, բայց նա միշտ մնում է տոկուն։ 
Երբ բոլոր տանջանքներն ու պատիժներն ապարդյուն են անցնում, հայոց նախարարներից մեկը՝ Տաճատը, մոտենում է Տրդատին և հայտնում. 
— Դա որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը՝ Խոսրովին, և խավար բերեց Հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը։ Արդ, դա արժանի չէ ապրելու, քանի որ վրիժապարտի որդի է։ 
Տրդատը երբ իմանում է, որ Գրիգորը պարթև Անակի որդին է, անմիջապես հրամայում է կապել ոտքերը, ձեռներն ու պարանոցը և տանել Արտաշատ քաղաքի բերդի դղյակը, իջեցնել ստորգետնյա բանտը՝ Խոր Վիրապը, որպեսզի այդ խորությունից չկարողանա դուրս գալ և այնտեղ էլ մահանա։ 
Այդտեղից Տրդատը շարժվում, գնում է Այրարատ գավառի իր ձմեռանոցը՝ Վաղարշապատ։ 
Գրիգորը Խոր Վիրապում մնում է տասներեք տարի։ Այդ տարիների ընթացքում մի այրի կին, որ բնակվում էր բանտի բերդում, երազում հրաման է ստանում՝ օրական մի նկանակ2 հաց տանել և գցել Խոր Վիրապ։ Գրիգորն այս այրի կնոջ նետած հացով խոր Վիրապում ապրում է ամբողջ տասներեք տարի։ Խոր վիրապում, ուր իջեցնում էին բովանդակ Հայաստանի չարագործ մահապարտներին մեռնելու համար, ոչ մի մարդ կենդանի չէր մնում։ Բոլորը մեռնում էին անտանելի տեղի, թանձր տիղմի, հեղձուցիչ օդի և օձերի ու կարիճների առատության պատճառով։ 
Իսկ այդ ժամանակամիջոցում քաջ Տրդատը ավերում ու քանդում էր պարսից տերությունն ու Ասորեստանը, մեծ վնասներ հասցնում պարսից թագավորությանը։ Նրա քաջություններն այնպիսի համբավ էին ձեռք բերել, որ անգամ դարձել էին ժողովրդական առակավոր խոսքի առարկա. «Ինչպես սեգ Տրդատը, որն իր հզորությամբ ավերեց գետերի թմբերը և իր իսկ զորությամբ ցամաքեցրեց ծովերի հորձանքը»3։ Նա իրոք սեգ էր իր հաղթանդամ արտաքինով, զորեղ կազմվածքով, վիթխարի ուժով, քաջ էր ու կատաղի պատերազմող։
---------------------------
* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։
1 Պատժի գործիք, որի միջոցով պոկում, ոլորելով սեղմում, ճնշում էին պատժվողին։
2 Հացի կլորավուն տեսակ, բոքոն, բլիթ։
3 Ներքևում դրվում է հին հայերեն բնագիրը.
«Իբրև զսէգն Տրդատ, որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, և ցամաքեցոյց իսկ ի սիգալն իւրում զտրձանս ծովուց»։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets