ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.11.2013

ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ ԵՎ ՎԱՉԵ*

Տրդատ Մեծից հետո թագավոր է դառնում նրա որդին՝ Խոսրովը, որը չնայած իր հոր և մոր հաղթանդամության, փոքր էր մարմնով և կարճահասակ, որի պատճառով էլ ստացավ Կոտակ (=կարճահասակ) մականունը։ 
Խոսրովի ժամանակ հայոց կաթողիկոս Վրթանեսի որդի Գրիգորիս եպիսկոպոսը նշանակվում է Վրաց և Աղվանից կողմերի կաթողիկոս։ Նա իր եկեղեցաշեն գործունեությունն ու քրիստոնեության քարոզը հասցնում է մինչև Մասքութների1 աշխարհը, մինչև մասքութների Արշակունի Սանեսան անունով թագավորի ճամբարը։ Գրիգորիսը գնում ներկայանում է թագավորին, իբրև հայոց Արշակունի թագավորների տոհմակցի և սկսում նրան քարոզել քրիստոնեական ուսմունքը։ Սկզբում թագավորն ու զորավարներն ընդունում են այդ ուսմունքը, սակայն երբ խորամուխ են լինում նրա սկզբունքների ու պահանջների մեջ, մանավանդ, երբ իմանում են, որ այդ կրոնին ատելի են ավարառությունը, հափշտակությունը, 
ագահությունը, սպանությունը, այլոց զրկելը, այլոց ունեցվածքին աչք դնելը, զայրանում են և ասում. 
— Եթե մենք չհափշտակենք, չթալանենք, եթե ուրիշների ունեցվածքը չխլենք, ապա ինչո՞վ պետք է ապրենք և ինչո՞վ պահենք մեր այս բազմաթիվ զորքը։ 
Գրիգորիսը որքան էլ բարի խոսքերով ու պերճախոսությամբ փորձում է նրանց սիրտը շահել, համոզել, սակայն ամեն ինչ անցնում է ապարդյուն։ 
— Սա եկել է մեզ քաջությունից զրկելու, մեր ապրուստի աղբյուրը կտրելու, — ասում են նրանք, — եթե մենք սրան լսենք, ընդունենք քրիստոնեական հավատը, ապա ինչո՞վ պիտի ապրենք, մանավանդ, եթե մեր բնիկ սովորությամբ ձի չհեծնենք և չասպատակենք։ Ո՜չ, սրա խոսքերը իրենը չեն, սրան Հայոց թագավորն է հատուկ նպատակով մեզ մոտ ուղարկել, որ այդ կրոնով խափանի մեր արշավանքներն ու ավարառությունն իր աշխարհից։ Եկեք սրան մեջտեղից վերացնենք, արշավենք Հայաստան, ավարով մեր աշխարհը լցնենք։ 
Սանեսան թագավորը, որ սկզբից համամիտ էր Գրիգորիսին, բայց լսելով իր զորապետների և զինվորների այս խոսքերը, միտքը փոխում է, հրամայում է Գրիգորիսին սպանել։ Զինվորները բռնում են մի կատաղի ձի, Գրիգորիսին կապում են նրա պոչից և ձին բաց թողնում իրենց բանակից դուրս՝ ծովամերձ Վատնյա կոչված ղաշտում։ Գրիգորիսը տանջամահ լինելով՝ մեռնում է, իսկ նրա հետ գնացած մարդիկ վերցնում են նրա ջախջախված դիակը, բերում Աղվանից կողմերի Հաբանդ գավառը, թաղում Ամարաս2 գյուղի այն եկեղեցու մոտ, որ շինել էր Գրիգորիսի պապը՝ Գրիգոր Լուսավորիչը։ 
Այս դեպքից հետո մասքութների թագավոր Սանեսանը խիստ թշնամանում է իր ազգակից հայոց խոսրով թագավորի հետ։ Այդ իմանալով, պարսից Շապուհ թագավորը գաղտնի գրգռում է Սանեսանին և ոտքի հանում Հայոց աշխարհի դեմ։ Սանեսանը Կովկասի բոլոր վաչկատուն և ավարառու ցեղերին իր շուրջն է համախմբում, մեծ զորք գումարում և զինված խառնիճաղանջ բազմության գլուխն անցած, գալիս անցնում է Կուր գետը, սփռվում ու լցվում Հայոց աշխարհը։ Զինված բազմությունն այնքան շատ էր, որ թիվ ու համար չկար։ Իրենք անգամ չէին կարողանում հաշվել իրենց զինվորների քանակը։ Դրա համար էլ, երբ մի նշանավոր տեղ էին հասնում, հատուկ հանդես էին կազմում ըստ գնդերի, դրոշակների և վաշտերի, հրամայում էին, որ ամեն մի զինվոր մի քար վերցնի, բերի մի տեղ լցնի, որպեսզի գոյացած քարակույտով գաղափար կազմվի զորքերի քանակի մասին։ Բացի այդ, նման քարակույտերը նաև ահարկու նշան էին ապագայի համար, իբրև հիշատակ նման ասպատակությունների։ Այդպիսի քարակույտ նշաններ էին թողնում նրանք ճանապարհների խաչմերուկներում, փողոցների վրա։ 
Այդպես նրանք գալիս ծածկում են Հայոց աշխարհը, քանդում, գերում, ավերում, ծավալվում երկրի բոլոր սահմաններում, հասնում մինչև Սատադ, Գանձակ, գալիս կուտակվում են Այրարատյան նահանգում և գոյացնում մի մեծ բանակ։ 
Հայոց Խոսրով թագավորը խույս է տալիս Սանեսանից և Վրթանես կաթողիկոսի հետ գնում ամրանում Կոգովիտ գավառի Դարեոնք3 բերդում, աղաչում և աղոթում աստծոն՝ փրկության հույսով։ 
Այդ ժամանակ Մեծ Հայքի զորավար Վաչե Մամիկոնյանը, որ երկար ժամանակ գտնվում էր Հունաց կողմերում, լսելով մասքութների հարձակման մասին, գալիս հավաքում է նախարարներից քաջերին, կազմում մի մեծազոր գունդ և կռվի ելնում թշնամու առաջապահ զորքերի դեմ։ Մասքութները եկել և բանակ էին դրել Ցլու գլուխ կոչված լեռան վրա։ Լուսաբացին, երբ նրանք զբաղված էին իրենց պաշտամունքային արարողությամբ, Վաչեն հանկարծակի հարձակվում է մասքութների վրա, բոլորին սրի քաշելով կոտորում, իսկ գերի տարած հայերի բազմությունն ազատում, հետ է դարձնում։ Ապա վերցնելով թշնամու ավարը, գնում, իջնում է Արարատյան դաշտ։ Այստեղ, Վաղարշապատ քաղաքում էր գտնվում Սանեսան թագավորը՝ բուն զորքի հետ։ 
Վաչեն ի մի հավաքելով հայոց զորքը, հանկարծակի հարձակվում է քաղաքի վրա։ Թշնամիներն այդ անակնկալ հարձակումից խուճապահար՝ փախուստի են դիմում դեպի Օշականի բերդի կողմը։ Հայոց գնդերը շրջապատելով թշնամուն, թույլ չեն տալիս նրանց ցրվել, որպեսզի ըստ իրենց սովորության նետաձգությամբ չկարողանան նեղել հայ զինվորներին, այլ կորովի հեծյալները նրանց արագ ու ոտնակոխ հետապնդելով, նեղում ու մղում են Օշականի քարքարոտ ա առապարի դժվար անցանելի տեղերը։ Թշնամին ստիպված ճակատամարտ է տալիս։ Ճակատամարտը եղավ ծանր ու ահավոր։ Վաչե զորավարի նիզակակիցներն էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ և Գարեգին Ռշտունիները, Վահան Ամատունին, Վարազ Կամինականը, որոնք իրենց զինվորներով հասնում ու խփում են ալանների, մասքութների, հոների և մյուս ցեղերի զորքերի բազմությանը։ Ամբողջ առապարը լցվում է դիակներով, արյունը հոսում է գետի նման, սպանվածներին թիվ ու հաշիվ չկար։ 
Թշնամու նիզակավորների զորագլուխն էր մի վիթխարի հսկա` լավ սպառազինված, ամբողջ մարմինը ծածկված խիտ թաղիքով, նա արագ ու ճարպկորեն արշավում էր զորքի մեջ՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ։ Հայ քաջերը՝ աչքերը նրա վրա պահած, հարձակվում էին վրան, բայց ամեն անգամ, երբ նիզակներով խփում էին այդ թաղիքակիր հսկային, նա արագ ու ճարպկորեն շրջվում էր, և հարվածներն անցնում էին ապարդյուն։ Այդ ժամանակ քաջ Վահան Ամատունին շրջվելով դեպի Կաթողիկե եկեղեցին, գոչում է. 
— Օգնիր ինձ, աստված, դու որ Դավթի պարսաքարը դիպցրեցիր խրոխտացող Գողիաթի4 ճակատին, իմ նիզակն էլ ուղղիր այս հզորի աչքին։ 
Ասում ու ձիու գավակից նիզակով խփում է ահարկու հսկային, ձիուց տապալում ներքև։ 
Այս դեպքը առիթ է դառնում թշնամիների փախուստին և նպաստում հայոց զորքերի հաղթանակին։ 
Հայոց զորքերը մինչև թշնամու երկրի սահմանները հալածում են ճակատամարտից փրկված թշնամու սակավաթիվ փախստականներին, վերադառնում, կտրում են ճակատամարտում սպանված Սանեսան մեծ թագավորի գլուխը և բերում Խոսրով թագավորին։ Վերջինս ողբում է Սանեսանի կորուստը, ասելով. 
— Իմ եղբայրն էր՝ Արշակունի ցեղից։ 
Խոսրովը կաթողիկոսի հետ գալիս է ճակատամարտի վայրը, որը ծածկված էր անհամար նեխվող դիակներով ու բուրում էր գարշահոտությամբ։ Հրաման է տրվում երկրից աշխարհազոր հավաքել, դիակները թաղել տալ և ծածկել քարակույտերով։ 
Խոսրովն իմանալով Վահան Ամատունու քաջագործությունը, նրան է պարգևում ճակատամարտի տեղը՝ Օշականը։ Վաչե Մամիկոնյանին է պարգևում Ջանջանակի ակունքները, Զրաբաշխիքը, Ցլու գլուխը՝ իր բոլոր գավառներով, այսինքն այն վայրերը, որտեղ Վաչեն կռվել և դուրս է քշել թշնամուն։ Նույնպիսի պարգևներ է տալիս բոլոր այն քաջ մարդկանց, ովքեր իրենց անձն էին դրել Մեծ Հայքի թագավորությունը պաշտպանելու համար։ 
Այնուհետև Հայոց աշխարհր երկար տարիներ ապրում է խաղաղ ու շինարար կյանքով։
------------------------
* Շարադրված է ըստ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։
1 Մասքութներ կամ՝ մասակետնևր, սկյութական ցեղախմբին պատկանող ցեղ, որ բնակվել է Կասպից ծովի արևմտյան ափերին, մինչև Դերբենդ քաղաքը ընկած տարածքում։
2 Գտնվում էր պատմական Արցախ աշխարհում, այժմյան Լեռնային Ղարաբադի Մարտունա շրջանում։ Հռչակված էր իր եպիսկոպոսանիստ վանքով։
3 Կոգովիտը Այրարատյան նահանգի գավառներից էր, համապատասխանում էր հետագայի Հին Բայազետի շրջանին։ Դարեոնք կամ Դարոյնք բերդը գտնվում էր Հին Բայազետի տեղում և Արշակունիների ժամանակ գավառն ու բերդը պատկանում էին արքունիքին։
4 Դավիթն ու Գողիաթը հին հրեական վիպական ավանդության հերոսներ են. Դավիթը իսրայելացի մի պատանի հովիվ էր, որը մենամարտում է իսրայելացիներին թշնամի փղշտացիների առաջնորդ, անխոցելիորեն զրահապատված հսկա Գողիաթի դեմ, պարսատիկով քարը նետում և դիպուկ խփում նրա ճակատին, սպանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets