ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.11.2013

ՏՐԴԱՏԻ ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄԸ*


Հռիփսիմեի սպանությունից հետո Տրդատը վեց օր սուգ է մտնում, մնում խոր տրտմության մեջ, անհուն կարոտով ու կսկիծով հիշում Հռիփսիմեին։ Յոթերորդ օրը թագավորը վճռում է որսի դուրս գալ և որսի մեջ մոռանալ իր վիշտը։ Նա որոշում է որսի ժամը, հրամայում է զորքին՝ հավաքել բերել որսի զենքերը, տագնապ բարձրացնել, լարել ցանցերն ու թակարդները և որսի դուրս գալ Փառական Շեմակաց դաշտում։
Երբ Տրդատը արքայական կառքը նստած քաղաքից դուրս է գալիս, հանկարծ դիվահարվում է և կառքից վայր տապալվում, սկսում է մոլեգնել ու իր մսերը կրծել։ Նա վարազի կերպարանք է ընդունում, մտնում եղեգնուտը, դառնում խոտաճարակ։ Թեպետ քանիցս կամենում են նրան քաղաք բերել, արգելափակել, սակայն նրա ահռելի ուժի և դիվահարության պատճառով չեն կարողանում։ 
Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները մնում են շվարած ու ահաբեկված այդ ահավոր պատուհասից։ 
Տրդատի քույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, նրան ասում են, որ թագավորի փրկությունը կախված է միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորից։ Անհրաժեշտ է մարդ ուղարկել Արտաշատ, դուրս բերել բանտարկված Գրիգորին, որը և կդարմանի թագավորի ցավը։ 
Երբ Խոսրովիդուխտը իր մտերիմներին պատմում է երազը, սկսում են նրան միայն հեգնել ու ծաղրել, թե ինչպես մարդ կարոդ է տասնհինգ տարի կենդանի մնալ Խոր Վիրապում, երբ առաջին իսկ օրը այնտեղ ընկնողն իսկույն կմեոնի սոսկ օձերի ահռելի տեսքից։ 
Երազը կրկնվում է մի քանի անգամ, այն էլ սպառնալիքով, որ եթե անմիջաաես Գրիգորին չազատեն Խոր Վիրապից, ապա թագավորի տանջանքներն առավել կսաստկանան, կմահանա և նորանոր պատուհասների կենթարկվեն երկիրն ու ժողովուրդը։ 
Խոսրովիդուխտը այս անգամ մեծ երկյուղածությամբ ու զգուշավորությամբ պալատականներին պատմում է իր տեսած երազն ու սպառնալիքները։ 
Արքունիքից շտապ կարգով Արտաշատ են ուղարկում Օտա Ամատունուն։ Երբ Օտան գալիս է Արտաշատ, քաղաքացիք հարցնում են գալու պատճառը։ Իմանալով, որ նա եկել է Խոր Վիրապից բանտարկված Գրիգորին տանելու, շատ են զարմանում և կասկած հայտնում նրա կենդանի մնալու մասին։ 
Հաստ պարաններ են բերում, կապում իրար, կախում Վիրապի մեջ։ Օտան վերևից ձայն է տալիս։ 
— Գրիգո՜ր, ուր որ ես, դուրս ե՛կ, այդպես է հրամայված քո պաշտած աստծո կողմից։ 
Գրիգորն անմիջապես Խոր Վիրապում ոտքի է կանգնում, շարժում պարանը և ամուր բռնում։ Քաշում, հորից հանում են Գրիգորին. նրա ամբողջ մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել։ 
Իսկույն հանդերձներ են բերում, հագցնում և մեծ խնդությամբ Արտաշատից տանում Վաղարշապատ։ 
Խոզի կերպարանք մտած թագավորն անջատվում է վայրի խոզերի երամակներից և քաղաքի մոտ ընդառաջ է գալիս Գրիգորին։ Քաղաքի մոտ Գրիգորին դիմավորելու են գալիս նախարարները։ 
Երբ հեռվից նրանք տեսնում են բազմության հետ իրենց մոտեցող Օտային ու Գրիգորին, գալիս են ընդառաջ, ծունկի գալիս և ասում. 
— Խնդրում ենք քեզանից՝ ներիր մեր հանցանքները, որ մենք գործել ենք քո դեմ։ 
Գրիգորը մոտենում է նրանց, ոտքի կանգնեցնում, ապա հարցնում նահատակված կույսերի տեղը։ Իմանալով, գնում է այնտեղ, հավաքում է բնավ չապականված նրանց մարմիններն ու մարմնի մասերը։ Նախարարները պատանքի համար շատ հանդերձներ են բերում, սակայն Գրիգորը արժանի չի համարում կույսերին այդ արքայական պատանքներում ամփոփել, այլ նրանց յուրաքանչյուրի մարմինը պատում է նրանց իսկ պատառոտված հանդերձներով և բերում, տեղավորում է այն հնձանում, որ կույսերի օթևանն է եղել։ Ինքն էլ մնում է այդ հնձանում և մինչև լույս աղոթում։ 
Հաջորդ օրը վարազակերպ թագավորը, նախարարները, ավագանու մեծամեծները խուռն ամբոխի ուղեկցությամբ գալիս, ծնկի են իջնում Գրիգորի և նահատակների մարմինների առջև և իրենց կատարած հանցանքների համար ներում հայցում։ 
Գրիգորը նրանց սկսում է քարոզել նոր կրոնի սկզբունքները և առաջարկում ճանաչել ու ընդլայնել այդ կրոնը, որպեսզի նրանք ազատվեն իրենց հետ պատահած այդ դժբախտությունից և նորանոր պատուհասներից։ 
Թագավորն ու նախարարները համաձայնում են ընդունել այդ կրոնը, եթե ամեն ինչ կներվի իրենց և պատուհասներն էլ կվերացվեն։ 
Գրիգորը 65 օր շարունակ նորադարձներին մանրամասն քարոզում է նոր վարդապետության հիմունքներն ու պատգամները, 65 օր թագավորն ու նախարարները պաս են պահում, թավալվում նահատակված կույսերի օթևանի առջև՝ մոխիրների մեջ, ապաշխարում, բժշկություն խնդրում։ 
66-րդ օրը Գրիգորը թագավորին, նախարարներին և ամբոխին պատմում է այդ գիշեր իր տեսած հրաշալի տեսիլքը՝ աստվածային պատգամներով, որոնցով պահանջվում էր տեսիլում երևացած ոսկե խարիսխ ունեցող հրեղեն սյան տեղում կառուցել աստծո տաճար, կույսերի զոհված տեղերում՝ վկայարաններ1, որպեսզի տուժածներն ու պատուհաս կրողները բուժվեն և իրենց ընդունած նոր հավատի մեջ ամրապնդվեն։ 
Թագավորն ու նախարարները խնդրում են Գրիգորին՝ հրամայել անել տալ այդ ամենը, ինչպես ինքը կկամենա։ 
Գրիգորն անմիջապես կարգադրում է շինանյութ հայթայթել հիշյալ տաճարն ու վկայարանները արագ կառուցելու համար։ 
Հավաքված մարդկային բազմությունն այդ լսելով՝ արագ գործի է անցնում, յուրաքանչյուրը գնում է շինանյութ պատրաստելու և բերելու։ Հրամայված տեղերում բերում և կուտակում են վեմ, քար, աղյուս, մայրի փայտ։ Գրիգորը նույն տեղերում նախագծում է կառույցների հիմքերն ու հորինվածքը։ Բազմության նվիրված ջանքերով՝ արագորեն կառուցվում են երեք վկայարաններ, մեկը՝ քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, Հռիփսիմեի և երեսներկու ընկերների նահատակված տեղում, մյուսը՝ հարավային կողմում, ուր նահատակվել էր Գայանեն իր երկու ընկերուհիներով, իսկ երրորդը՝ այգիների մեջ՝ հնձանի տեղում, որը նրանց կացարանն է եղել2։ 
Այնուհետև Գրիգորը հրամայում է նահատակվածներից յուրաքանչյուրի համար մայրափայտից արկղի նման պինդ ու երկաթագամ տապաններ շինել։ Արագ պատրաստում են տապանները, բերում հնձանի դուռը։ Գրիգորը միայնակ, յուրաքանչյուր նահատակի տեղավորում է փայտե տապանի մեջ, ամրացնում, կնքում։ 
Իսկ Տրդատը, որ բացի մարդաբար խոսելուց և հասկանալուց, ամբողջապես խոզի կերպարանք ուներ, ձեռների ու ոտքերի թաթերը խոզի էին, մարմինը՝ խոզի թավ մազերով ծածկված, վարազի նման խոշոր ժանիքներով և գլխին քուրձ գցած ման էր գալիս, մոտենում է Գրիգորին, աղաչում, որ գոնե ձեռներն ու ոտները բուժելու հնար գտնի, որպեսզի ինքն էլ կարողանա այդ սուրբ շինվածքների կառույցին իր անձնական մասնակցությունը բերել։ 
Գրիգորը ծնկի է գալիս նահատակների դագաղների մոտ, ձեռները պաղատագին երկինք բարձրացնում, թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում հայցում։ 
Թագավորի ձեռների և ոտների կճղակները թափվում են, բուժվում։ Տրդատը Գրիգորից հարցնում է իր անելիքը։ Գրիգորը նրան է տալիս դագաղների չափը, որպեսզի յուրաքանչյուրի համար վկայարաններում գերեզմաններ փորվեն։ Տրդատը Գրիգորին խնդրում է, որպեսզի այդ գործին մասնակից դարձնի նաև իր կնոջը՝ Աշխեն տիկնոջը, և քրոջը՝ Խոսրովիդուխտին։ Գրիգորը համաձայնում է, Տրդատը կնոջ և քրոջ հետ գնում է նահատակների համար գերեզմաններ փորում, պատրաստում։ Գերեզմանները պատրաստելուց հետո Տրդատը գալիս Գրիգորից յոթնօրյա ճամփորդության թույլտվություն է խնդրում։ 
Թագավորը գնում, բարձրանում է բարձր Մասիսն ի վեր և Մասսի գագաթից կարծր, անտաշ, ծանր ու երկար քարեր պոկում, այնպիսի մեծամեծ քարեր, որ դրանցից մեկն անգամ մարդկանց բազմությունը չէր կարող տեղից շարժել։ Հսկայազոր թագավորը հսկա Հայկի նման այդ վիթխարի ժայռաբեկորներից ութ քար վերցնելով՝ դնում է իր թիկունքին և բերում հասցնում է նորակառույց վկայարանները։ Նա մեն-մենակ չորս քար կանգնեցնում է Հռիփսիմեի վկայարանի սեմին, իբրև հուշարձան կույսի հետ մղած իր անմիտ մարտի։ 
Վկայարանները կառուցելուց, ավարտելուց, հարդարելուց հետո նահատակների դագաղներն ամփոփում են խորանների տակ փորված գերեզմաններում և յուրաքանչյուրի վրա խաչ կանգնեցնում։ 
Ապա թագավորն ամբողջ ժողովրդի հետ գնում է այն վայրը, ուր Գրիգորի տեսիլի մեջ երևացել էր ոսկե խարսխի վրա հրեղեն սյունը։ Այդ վայրը շրջափակում են բարձր պարիսպներով, դռներ դնում, փակում և մեջտեղը խաչ տնկում։ 
Գրիգորն այնուհետև ծնկի է գալիս, աղաչում, աղոթում աստծոն, որ թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում տա։ Թագավորը, որ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մեջ, հանկարծ դողով է բռնվում, վրայի խոզի մորթը, ժանիքներն ու կնճիթակերպ դեմքը վայր են ընկնում, խոզի մազի թավությունից կոշտացած մաշկը թափվում է։ Տրդատը ձեռք է բերում իր մարդկային կերպարանքը՝ փափուկ ու մատղաշ մաշկով և լիովին բուժվում։ Նույն կերպ բուժվում են նաև բոլոր նրանք, ովքեր պատուհասվել էին այս կամ այն հիվանդությամբ։ 
Մեծ ցնծություն և ուրախություն է պատում ամենքին, սկսում են աշակերտներ հավաքել Հայաստանի տարբեր կողմերից՝ նոր կրոնի վարդապետությունն ուսուցանելու։ Արարատյան նահանգի արքայանիստ Վաղարշապատը դառնում է նոր կրոնի ուսուցման կենտրոն։
-----------------------------
* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։
1 Նահատակված վկայի նահատակության տեղում կամ նրա նշխարների վրա կաասցված մատուռ։
2 Այս վկայարանները եղել են այժմյան Էջմիածին քաղաքում գտնվող Հռիփսիմեի, Գայանեի և Շողակաթի վանքերի տեղերում քրիստոնեական նախնական կառույցները։



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets