ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.11.2013

ՀՈՒՅՆԵՐԻ ԿՌԻՎԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԵՎ ՏԻՐԱՆԻ ԱԶԱՏՈՒՄԸ*


Այնուհետև հավաքվում են Հայոց աշխարհի մեծամեծ նախարարներն ու իշխանները, ժողովրդի բոլոր ներկայացուցիչները և ասում. 
— Այս ի՞նչ է մեր արածը, նստել սուգ ենք անում, իսկ թշնամին կօգտվի այս հանգամանքից և նորից կարշավի մեր երկիրը։ Եկեք մենք մեզ մխիթարենք, գոտեպնդվենք, մեզ ու մեր երկրին տեր կանգնենք և մեր բնիկ տիրոջ վրեժը լուծենք։ 
Այդպես, երկրի բոլոր նշանավոր մարդիկ համախմբվում են, միաբանվում, իրար թիկունք կանգնում։ 
Հայոց ավագանին մեծամեծ նախարարներից կազմված պատվիրակություն է ուղարկում հունաց թագավորի մոտ, օգնություն խնդրում՝ վրեժ լուծելու պարսիկներից։ Պատվիրակությունը գլխավորում էին Սյունյաց Անդոկ նահապետը և Արշարունյաց նահապետ Արշավիր Կամսարականը։ Նրանք մեծամեծ նվերներով գնում հասնում են Հունաց աշխարհը, մտնում կայսերական պալատը, թագավորին ներկայացնում ամբողջ ժողովրդի կամքն արտահայտող հրովարտակը։ Կայսրը ուշադիր լսելով պատվիրակությանը, խորամուխ է լինում գործի բոլոր մանրամասների մեջ և խոստանում ամեն ինչով օգնել ու զորավիգ կանգնել Հայոց աշխարհին։ 
Մինչ հայոց պատվիրակությունը գտնվում էր Հունաց աշխարհում, պարսից Ներսեհ թագավորը մեծ բանակ է կազմում, արշավում Հայաստան, հրի ու սրի մատնելու երկիրը և ամբողջ Հայոց աշխարհը իր բոլոր սահմաններով կցելու իր երկրին։ Նա իր հսկա բանակը վերցրած, բազմաթիվ փղերով, մեծ քարավանով, տունուտեղով` կանանցով, տիկնանց տիկինով, մեծաքանակ մթերքներով գալիս մտնում է Հայաստան և ամբողջ երկիրը բռնում։ Հայոց նախարարներն ու իրենց զորքերը թշնամուց սարսափահար, իրենց ընտանիքներն առած փախչում են Հունաց կողմերը, կայսերական բազմագունդ նախարարների բանակին գուժում իրենց երկրին հասած այդ ահավոր աղետը։ 
Հունաց թագավորը, երբ լսում է այս բոլորը, ինքն էլ զորք է հավաքում և շարժվում, գալիս Հայոց աշխարհը՝ պարսից թագավորի դեմ։
Նա բանակը թողնում է Սատաղ1 քաղաքի մոտակայքում, իր հետ է վերցնում հայոց պատվիրակության ղեկավարներին՝ Անդոկին և Արշավիրին, ծպտվում շինականի կերպարանքով և իբրև կաղամբավաճառ մտնում պարսից բանակը։ Պարսից բանակն այդ ժամանակ գտնվում էր Բասեն գավաոի Ոսխա կոչված գյուղում։ Նրանք ծպտված մտնում են պարսից բանակը, ամեն ինչ դիտում, զննում, իմանում զորքերի քանակն ու դասավորությունը և վերադառնում իրենց ճամբարը։ Գալիս պատրաստվում են, կազմակերպվում և հանկարծակի հւսրձակվում պարսից բանակի վրա, որն անհոգ ու խաղաղ հանգստանում էր իր ճամբարում։ Հունական զորքը պարսից ամբողջ զորքին սրի է քաշում, ոչ մեկին կենդանի բաց չի թողնում։ Ավարի ու կողոպուտի են ենթարկում ամբողջ ճամբարը, բռնում են թագավորի կանանց ու տիկնանց տիկնոջը՝ իրենց գանձերով, ամբողջ ունեցվածքով, կայքով ու կարողությամբ, գերի վերցնում։ Միայն թագավորին է հաջողվում մի սուրհանդակի հետ փախչել, մահից ազատվել և մի կերպ իր աշխարհն ընկնել։ 
Հաղթանակից հետո հունաց կայսրը շքեղ ու արքայական պերճությամբ զուգված, մտնում է պարսից ճամբարը, հրամայում՝ պարսից թագավորի բոլոր չափահաս ժառանգներին կոտորել, մնացածներին կանանց հետ գերի տանել Հունաց աշխարհը։ Նա Հայոց աշխարհի վրա վերակացու է կարգում Անդոկին և Արշավիրին, նրանց մեծամեծ պարգևներով մեծարում, նրանց հանձնում երկիրն ու բոլոր իշխաններին, իսկ ինքը վերադառնում Հունաստան։ 
Իսկ պարսից թագավորը, երբ հասնում է իր երկիրը, իսկույն խորհրդի է հրավիրում իր իշխանության տակ մնացած մեծամեծներին, հրամայում վերստին քննել և պարզել, թե` ինչի՞ց սկիզբ առավ այդ ահավոր պատերազմը։ Քննում են, պարզում և թագավորին հայտնում, որ ամեն ինչ ծագել է մի չնչին բանից, մի վատթար չարախոսությունից, և մոլի Շապուհ Վարազը երկու երկրների միջև խռովություն է հարուցել ընդամենը մի ձիու պատճառով։ 
Թագավորը հրամայում է Շապուհ Վարազին զրկել իր բոլոր պատիվներից ու արտոնություններից, պատվական պատմուճանը վրայից հանել, ենթարկել սոսկալի չարչարանքների։ Ապա, ըստ պարսկական սովորության, թագավորը նրան մորթազերծ է անել տալիս, մորթին խոտով լցնում և կանգնեցնում քաղաքի հրապարակում, իբրև նախատինքի նշան։ 
Պարսից թագավորը զղջում է եղածի համար, պատվավոր իշխաններ է ուղարկում հունաց կայսեր մոտ հաշտության բանակցություններ վարելու և գերիներին հետ վերադարձնելու համար։ Նա աղաչում և խնդրում է կայսրին, որ գոնե իր կանանց գերությունից արձակի և այդ խայտառակությունն ու նախատինքը իրենից վերացնի։ 
Հունաց Վաղես կայսրը պարսից թագավորին պատասխանում է հետևյալ հրովարտակով. 
«Նախ դու հետ դարձրու Հայոց աշխարհից տարած գերիներին՝ Տիրան թագավորով և քո տարած բոլոր ավարով հանդերձ։ Երբ դու այդ կկատարես, ապա ես էլ հետ կդարձնեմ այն ամենը, ինչ տարել եմ։ Ուրեմն, առաջ դու հայերից առած ավարը վերադարձրու, հետո ես քեզանից տարածը կվերադարձնեմ»։ 
Պարսից թագավորը երբ այս հրովարտակը կարդում է, անմիջապես հրամայում է Տիրանին բանտից ու կապանքներից ազատել։ Թագավորը Տիրանին բերում է իր մոտ, քաղցրությամբ ու մեղմությամբ հետը զրուցում, խոստանում նրան նորից թագավոր կարգել և պատվով իր աշխարհը վերադարձնել։ Տիրանը թագավորին պատասխանում է. 
— Անօգուտ ու անիմաստ է, անգամ՝ անկարելի ինձ նման կույր մարդուն նորից թագավոր դարձնել։ Իմ փոխարեն թագավորեցրու որդուս՝ Արշակին։ 
Պարսից թագավորը կատարում է Տիրանի կամքը, Հայոց աշխարհին թագավոր է կարգում Արշակին, թագավորի կնոջն ու մյուս բոլոր գերիներին իրենց գանձերով ու ունեցվածքով հանդերձ ազատ է արձակում և Տիրանին մեծ պատվով ու ընծաներով ուղարկում Հայոց աշխարհը։ 
Այդ ժամանակ պարսից թագավորի մոտ էին գտնվում հունաց թագավորի պատվիրակները։ 
Երբ պարսից թագավորը հայերին ազատում և ուղարկում է Հայաստան, նա արձակում է նաև հունաց կայսրի պատվիրակներին և ուղարկում իրենց թագավորի մոտ, որպեսզի նրան պատմեն, թե ինչպես ինքը մեկ առ մեկ և ճշտությամբ կատարել է նրա պահանջը։ Պատվիրակները գալիս են Հունաստան, իրենց կայսրին պատմում պարսից թագավորի արարքը։ Կայսրը պարսից թագավորի վարմունքից գոհացած՝ ինքն էլ ազատ է արձակում նրա կանանց ու մնացած գերիներին և մեծ պատվով, կարգ ու սարքով նրանց վերադարձնում Պարսից աշխարհ, իրենց թագավորին։
--------------------------------
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»:
1 Քաղաք Փոքր Հայքում, Բայբերդից (այժմ՝ Բայբուրդ) ոչ հեռու։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets