ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.11.2013

ԱՐՇԱԿ, ԳՆԵԼ ԵՎ ՏԻՐԻԹ

Ներսեսի անմարդաբնակ կղզի աքսորված ժամանակ նրա հետ Հունաստան գնացած նախարարների մի մասը պատանդ էր մնացել Վաղես կայսրի մոտ։ Նրանց մեջ էին նաև Արշակի եղբորորդիներ Գնելն ու Տիրիթը։ 
Ներսեսին աքսորելու պատճառով հայոց և հունաց միջև եղած բարեկամական հարաբերությունները չխաթարելու և Արշակի սիրտը շահելու համար, Վաղեսը Ներսեսի փոխարեն պատանդից ազատում և մեծ նվերներով, թանկարժեք քարերով Հայաստան է ուղարկում Արշակի եղբորորդիներ Գնելին ու Տիրիթին։ 
Նրանք հունաց պատվիրակի հետ գալիս են Հայաստան և Արշակին հանձնում Վաղեսի հրովարտակը, թանկարժեք քարերն ու գանձերը։ Արշակն իմանալով կատարվածը, սաստիկ զայրանում է, անպատվում հունաց պատվիրակին. 
— Այդ ձեր բերած քարերը թող թափվեն ձեր կայսեր ու ձեր գլխին։ Մեր երկրում քարեր շատ կան, դրանք լիուլի բավարար են այս քարերը տվողի և բերողի ատամները փշրելու համար։ 
Արշակն անմիջապես հրամայում է Վասակ զորավարին զորք հավաքել, գնդեր կազմել և գնալ, զարկել, ավարի ենթարկել Գամիրքի կողմերը, որ պատկանում էր հունաց կայսրին։ Վասակ սպարապետը իսկույն կատարում է թագավորի հրամանը։ Նա հավաքում է շուրջ երկու հարյուր վաթսուն հազար զինվորից բաղկացած մի բանակ, գնում ջարդում, ավարի է ենթարկում Գամիրքի կողմերը, հասնում միճչև Անկյուրիս քաղաքը։ Վեց տարի շարունակ Վասակն ասպատակում է Հունաց աշխարհի սահմաններում գտնվոդ երկրները, թալանում, կոտորում, ավարի ենթարկում տեսակ–տեսակ հարստություն և ունեցվածք, բերում, լցնում Հայոց աշխարհը, լիացնում բոլորին։ 
Գնելը գնում է Արագած լեռան ստորոտում գտնվող Կվաշ ավանը իր կուրացած պապի՝ Տիրանի մոտ, որ դեռ կենդանի էր։ Տիրանը Գնելին նվիրում է իր ամբողջ ունեցվածքը, գյուղերը, դաստակերտները, կալվածքները և հրամայում է Գնելին հենց նույն Կվաշ ավանում էլ բնակվել։ 
Սյունյաց Անդոկ նախարարն ուներ մի գեղեցիկ աղջիկ՝ Փառանձեմ անունով։ Նա իր գեղեցկությամբ ու պարկեշտությամբ հռչակված էր ամբողջ երկրում։ Պատանի Գնելն ամուսնանում է այդ գեղեցիկ աղջկա` Փառանձեմի հետ, և մեծ ու թագավորավայել հարսանիք անում։ Նա իր պապից ստացած ժառանգությունից առատորեն պարգևներ է տալիս բոլոր նախարարներին, նրանց զավակներին, որոնք շատ են սիրում և գնահատում Գնելին։ Նախարարներն անգամ իրենց զավակներին հանձնում էին Գնելին՝ զինավարժություն ուսուցանելու նրանց։ 
Գնելի մյուս հորեղբորորդին՝ Տիրիթը, տեսնելով Փառանձեմի չքնաղ գեղեցկությունը, սիրահարվում է իր հարսին։ Նա նախանձում է Գնելին ոչ միայն գեղեցիկ Փառանձեմի համար, այլև իրենց պապից ստացված ժառանգության։ Եվ նա սկսում է հնար փնտրել՝ Գնելին մեջտեղից վերացնելու, նրա կնոջն ու պապենական ժառանգությունը հափշտակելու։ Նա վճռում է թագավորին գրգռել Գնելի դեմ և նրա միջոցով Գնելին մեջտեղից վերացնել։ 
Տիրիթը գալիս է Արշակի մոտ և. ասում. 
«Արքայիդ հայտնի չէ՞, արդյոք, որ Գնելը միտք է դրել քեզ սպանել և քո փոխարեն թագավորել։ Բոլոր նախարարները, մեծամեծները, ազատները1 սիրում են Գնելին, մեր ամբողջ երկրի նախարարները գերադասում են նրա իշխանությունը իրենց վրա, քան քոնը։ Եթե ապացույցներ ես ուզում, թագավո՜ր, ահա քեզ ապացույցներ. Գնելը եկավ, բնակվեց Այրարատում, ձեր թագավորական կալվածքում, և բոլոր նախարարները սրտանց նրան են հարում։ Հունաց կայսրերն այդ դավը նյութելով, նրան հյուպատոսի կոչում տվեցին և շատ մեծ գանձ, որով նա նախարարներին իր կողմը գրավեց։ Արդ, արքա, իմացիր և տես, թե ինչ պիտի անես, ինչպես պիտի կարողանաս քեզ փրկել»։ 
Դավին մասնակից էր նաև Մամիկոնյան տոհմի Վարդան նահապետը, որը թագավորի արևով երդվելով, հավատացնում է Արշակին Տիրիթի խոսքերի ճշմարտությունը։ 
Արշակը հավատալով նրանց խոսքերին, Վարդանին ուղարկում է Գնելի մոտ հետևյալ պատգամով. 
«Ինչո՞ւ բնակվեցիր Այրարատում և հայրենի կարգը խանգարեցիր2։ Արդ, դու պետք է ընտրես երկուսից մեկը, կամ մեռնել, կամ Այրարատից հեռանալ և քեզանից հեռացնել նախարարների զավակներին»։ 
Գնելը անմիջապես կատարում է թագավորի պատգամը, թողնում է Այրարատը և գնում, բնակվում է Աղիովիտ և Առբերան գավառներում3։ 
Այդ առթիվ Տիրանը սաստիկ զայրանում է որդու՝ Արշակի դեմ, և նրան խիստ հանդիմանում։ Արշակի գաղտնի հրամանով՝ սենեկապետները խեդդամահ են անում Տիրանին և թաղում Կվաշ ավանում, չարժանացնելով անգամ Անիի արքայական գերեզմանոցում թաղվելու։
------------------------------
1 Ազատ՝ սոցիալական տերմին է, հին հայերենում նշանակում էր ազնվական։
2 Արշակունիների արքայական տան սովորության համաձայն, Այրարատում պետք է բնակվեր միայն թագավորը և նրա մի որդին, որին պահում էին իբրև թագավորին հաջորդ, թագաժառանգ։ Իսկ Արշակունյաց տան մտա ներկայացուցիչները պետք է բնակվեին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերան գավառներում՝ արքունական եկամուտներով և ուտեստով։ Գնելը փաստորեն խախտել էր այս սովորույթը։
3 Գտնվում էին Վանա լճի հյուսիսային կողմում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets