ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.11.2013

ԱՐՇԱԿ, ՎԱՍԱԿ ԵՎ ՇԱՊՈՒՀ

Պարսից Շապուհ թագավորը, երկյուղելով հայոց և հունաց թագավորների միաբանությունից, ամեն կերպ ջանում էր հայոց Արշակ թագավորին իր կողմը գրավել։ Նա Արշակին հրավիրում է Պարսկաստան, փառքով ու պատվով մեծարում, նվիրում մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։ Նա Արշակին փայփայում է եղբոր և որդու նման, նրան նվիրում անգամ Ատրպատականի այն մեծ կալվածքը, որ, սովորաբար տրվում էր պարսից թագավորության երկրորդ անձին։
Խնջույքի և ուրախության ժամանակ պարսից Շապուհ թագավորն ու հայոց Արշակը բազմում էին միևնույն թախտի վրա դրված գահերին, հագնում համագույն և միատեսակ զգեստ, կրում միանման թագեր և երկու հարազատ եղբոր նման իրարից անբաժան էին։
Օրերից մի օր հայոց Արշակ թագավորը դուրս է գալիս պարսից թագավորի ախոռները դիտելու։ Նա մտնում է ախոռներից մեկը, որի ներսում նստած էր թագավորի ախոռապետը։ Ախոռապետը հայոց թագավորին լվի տեղ անգամ չի դնում, ոչ ոտի է ելնում նրան դիմավորելու, ոչ էլ արժանացնում որևէ հարգանքի։ Ընդհակաոակը, տեսնելով հայոց թագավորին, նա ծաղրելով՝ պարսկերեն դիմում է նրան.
— Հայոց այծերի թագավոր, եկ, այս խոտի խրձի վրա նստիր։
Վասակ զորավարը, որն ուղեկցում էր իր թագավորին, սաստիկ զայրանում է, քաշում, մերկացնում է իր գոտուց կախած սուրը և տեղնուտեղը հենց ախոռի մեջ գլխատում պարսից թագավորի ախոոապետին։
Երբ պարսից թագավորին հայտնում են այս լուրը, Շապուհը զարմացած և հիացած է մնում Վասակի խիզախությունից։ Նա Վասակին կանչում է իր մոտ, դրվատում, խրախուսում նրա քաջությունն ու տիրասիրությունը և մեծ պարգևների ու պատիվների արժանացնում նրան։
Այդ խաղաղ ու սիրալիր օրերին պարսից թագավորի մտքում դարձյալ երկյուղ է ծագում Արշակի հավատարմության նկատմամբ, ուստի նա պահանջում է Արշակ թագավորից իրենց միաբանության ուխտին հավատարիմ մնալու երդում տալ։
— Համաձայնիր, — ասում է Շապուհն Արշակին, — և քո հավատով երդվիր, որ ինձ չես խաբի, չես դավաճանի։
Շապուհն Արշակին այնքան է նեղում, որ Արշակն ստիպված համաձայնում է երդվել։
Կանչում են Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին, քահանայապետ Մարիի գլխավորությամբ, բերել են տալիս ավետարանը, և Շապուհ թագավորը Արշակին երդվեցնել է տալիս սուրբ ավետարանի վրա, որ նա Շապուհին չի խաբի, չի դավաճանի, հաստատ կմնա իր ուխտին և իրենց դաշինքը չի խախտի։
Այդ երդման արարողության մեջ միջնորդի դեր էր կատարում Մամիկոնյան Վարդան նահապետը, որին Շապուհը սիրում էր ու պատիվներ տալիս։ Վասակը նախանձելով եղբորը՝ վճռում է խախտել Շապուհի և Արշակի միջև եղած դաշինքը։
Այս երդումից հետո մի գիշեր Վասակը հրահրում է Արշակին Շապուհի դեմ և գիշերով երկուսն էլ Պարսկաստանից փախչում, գալիս են Հայաստան։
Այս փախուստից Շապուհը խիստ վրդովվում է, իր մոտ է կանչում Մարի քահանային և զայրույթով հանդիմանում.
— Եթե դուք երդումը անկեղծ տված լինեիք, Արշակը չէր համարձակվի երդման դեմ գնալ կամ երդմնազանց լինել։ Ես համոզված եմ, որ դուք կախարդությամբ ինձ խաբեցիք, դուք սիրեցիք նրան, որովհետև նա ձեր կրոնին է պատկանում, դուք նրա հետ նենգությամբ խորհուրդ արիք և ինձանից հեռացրիք։ Եվ առհասարակ բոլորդ կամենում եք, որ Արշակունիները լինեն ձեր տերերը, և այդ նպատակն եք դուք միշտ հետապնդում։
Հենց տեղն ու տեղը Շապուհը երդվում է արեգակով, ջրով ու կրակով, որ ոչ մի քրիստոնյա կենդանի չի թողնի։ Եվ նա հրամայում է Մարի քահանային և Արշակին երդվեցնող մնացած յոթանասուն քահանաներին տանել և մորթոտել։ Իսկ այն ավետարանը, որի վրա երդվել էր Արշակ թագավորը, Շապուհը հրամայում է կապել երկաթե լարերով, իր մատանիով կնքում և հատուկ հսկողության տակ պահել է տալիս արքունի գանձարանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets