ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.11.2013

ԽՈՍՐՈՎ ԵՎ ԴԱՏԱԲԵ*

Մինչ Խոսրովը զբաղված էր խաղաղ շինարար աշխատանքով, հանկարծ Հեր և Զարավանդ գավառներից լուր է հասնում, թե պարսից զորքերը պատերազմի են գալիս Հայոց աշխարհի վրա։ 
Խոսրովը հրաման է տալիս Բզնունյաց Դատաբե նահապետին՝ երկրից անչափ ու անհամար զորք հավաքել և Մատենիկ գնդի1 հետ միասին դուրս գալ թշնամու դեմ, թույլ չտալ նրան մտնել երկրի սահմաններից ներս։ 
Դատաբեն մեծ զորք է հավաքում և գնում պարսից զորքին ընդառաջ։ Հասնելով պարսից զորքին, Դատաբեն միաբանվում է թշնամու զորահրամանատարների հետ և ծրագրում հայոց թագավորին՝ իր տիրոջը, մատնել թշնամու ձեռքը։ 
Նա պարսիկներին հորդորում է ծուղակ սարքել իր զորքի դեմ։ Հանկարծ անսպասելիորեն սրի է մատնվում և կոտորվում հայոց զորքից շուրջ քառասուն հազար զինվոր, իսկ մնացածները դիմում են փախուստի։ Դատաբեն վերցնում է պարսկական զորքը և հարձակման պատրաստվում հայոց թագավորի վրա։ Սակայն հայ փախստական զինվորներն ավելի շուտ են հասնում հայոց թագավորի բանակը և գուժում Դատաբեի դավաճանության լուրը։ 
Խոսրով թագավորը լուրն իմանալով՝ Վրթանես կաթողիկոսի հետ ընկնում է գետին, ծնկի գալիս, ջերմ արտասուքներով աստծոց օգնություն աղերսում։ Ապա Խոսրովը փութով իր մոտ է հավաքում հայոց զորքերին, շուրջ 30 հազար զինվոր, Վաչե զորավարի գլխավորությամբ և իր ավագ նախարարների հետ միասին դուրս են գալիս պարսիկների դեմ։ 
Հայոց և պարսից զորքերն իրար են հանդիպում Առեստ ավանի մոտ գտնվող փոքր գետակի վրա կառուցված արքունի ձկնորսարանում։ Պարսից զորքերին թիվ ու համար չկար, ինչպես երկնքի աստղերին ու ծովի ավազին, եկել էին անթիվ փղերով ու անհաշիվ զորքով։ 
Հայոց զորքերը, արյունն աչքերն առած, հույսը դրած իրենց աստծո ու արդար գործի վրա, անասելի ոգևորությամբ հարվածում են պարսից բանակին։ Նրանք ջարդում, կոտորում, ոչնչացնում են գրեթե բոլորին, գերում մարտական փղերի երամակները, խլում թշնամու ամբողջ զենքն ու զինամթերքը։ Վաչե Մամիկոնյանն ու քաջ Վահան Ամատունին բռնում, ձերբակալում են դավաճան Դատաբեին, բերում կանգնեցնում Խոսրով թագավորի առջև։ Խոսրովը հրամայում է քարկոծել դավաճանին, անգամ մարտական զենքի ազնիվ ու հատու հարվածի չարժանացնելով նրան, մի մարդու, որ դավել էր իր սեփական աշխարհին, իր թագավորին, իր հայրենի գնդին ու զորքերին։ 
Դատաբեին քարկոծելով սպանելուց հետո Վաչե Մամիկոնյանը նստում է նավակ և նավարկում Բզնունյաց ծովի Աղթամար կղզին, ուր գտնվում էր Ռշտունյաց իշխանի ամրոցը։ Այնտեղ էին բնակվում դավաճան Դատաբեի կինն ու զավակները, նրա ամբողջ տոհմը։ Վաչե սպարապետը մտնելով Աղթամար, սրի է քաշում Դատաբեի տոհմը, չթողնելով ոչ էգ, ոչ արու։ Նա ոչնչացնում է Ռշտունյաց նախարարական ողջ տոհմը, իսկ նրա տունն ու ունեցվածքը դարձնում արքունի սեփականություն։ 
Դրանից հետո Խոսրովը, զգուշանալով նախարարների դավաճանությունից, նախարարական բոլոր զորքերը միացնում է արքունի զորքերին, նրանց ընդհանուր հրամանատարությունը կենտրոնացնում ու հանձնում իրեն մշտապես հավատարիմ Մեծ Հայքի բուն սպարապետ Վաչե Մամիկոնյանի և քաջ Վահան Ամատունու ձեռքը։ Այս զույգ զորավարները հայոց զորքով երկար ժամանակ հաղթականորեն դիմակայում են պարսիկների պարբերաբար կրկնվող հարձակումներին։ Եվ Հայոց աշխարհը երկար տարիներ ապրում է շեն ու խաղաղ կյանքով։
------------------------------
* Շարադրված է ըստ Բուզանդի «Հայոց պատմության»։
1 Ընտիր զինվորներից կազմված գունդ, որ կոչվում էր նաև անմահական գունդ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets