ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.11.2013

Որքանո՞վ է նպատակահարմար Գյումրիում բացել ռուսական գրականության գրադարան

Հեղինակ` Անի  Մկրտչյան

Նոյեմբերի կեսերին Գյումրիում կբացվի ռուսական գրականության գրադարան` քաղաքապետարանի միջոցներով: Ռուսական դեսպանատունն էլ պարբերաբար թարմացնելու է գրականությունը:
Ինչպես մեզ հետ զրուցում էր նշել Մ. Արմենի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, այն միայն ռուսական գրադարան չէ, անունը պայմանական է, գրականության տուն է, նաեւ Չեխովի անվան գրադարան: Գրականության մոտ 45-50 տոկոսը ռուսալեզու, բայց օտար հեղինակների գրված գրքեր են լինելու:
Նորաստեղծ գրադարանի տարածքի վարձակալության հարցը որոշվել էր ավագանու սեպտեմբերի 23-ի նիստի ընթացքում: Այն գործելու է Շիրակացի 2 հասցեում եւ ընդգրկելու է 79.88 քառ. մետր մակերես: Մեր հարցմանն ի պատասխան Գյումրու քաղաքապետանից տեղեկացրել էին, որ առայժմ պայմանավորվածություն կա տարածքը 3 տարի ժամանակով անվճար հատկացնելու մասին: Իսկ հետագայում, համաձայն կնքված պայմանագրի, կորոշվի վարձավճարի չափը: Տարածքի ընտրությունը քաղաքապետարանը կատարել է այն սկզբունքով, որ Շիրակացի 2 հասցեն հարմար է թե ռուսախոս, թե հայախոս ընթերցողների համար:
Գրադարանի բացման համար քաղաքապետանն հատկացրել է 990 000 դրամ: Այս նույն ընթացքում կամ ավելի ճշգրիտ` 2013 թվականին, համայնքային մյուս 6 գրադարանների շենքային պայմանների բարելավման, գրքային ֆոնդի հարստացման համար Գյումրու քաղաքապետարանը ոչ մի գումար չի հատկացրել: Ի դեպ, Գյումրու համայնքային 6 գրադարանների շենքային պայմաններն էլ անբավարար են, գրքային ֆոնդն համալրվում են տարբեր կազմակերպությունների, անհատների օգնությամբ: Համացանցից օգտվելու հնարավորություն ունեն ոչ բոլոր գրադարանները: Իսկ արդյոք այս պայմաններում գործող համայնքային գրադարաններ ունենալու դեպքում անհրաժե՞շտ է մոտ 1 մլն դրամ ծախսել նոր գրադարան ունենալու համար:
Ալլա Հարությունյան, «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի Շիրակի մարզային համակարգող. «Կարծում եմ` յուրաքանչյուր գրադարանի բացում ինքնին դրական ու շատ կարեւոր երեւույթ է, մանավանդ այս օրերին, երբ խնդիր կա գիրքն ու գրականությունը նորից բարեկամացնելու աճող սերնդի հետ: Ռուսալեզու գրադարանի առկայությունը եւս կարեւոր է մեր քաղաքի համար, սակայն երբ անմխիթար վիճակում են համայնքպատկան գրադարանները, երբ չի պահպանվում գրական ֆոնդը, 990.000 դրամ ուղղել նոր գրադարանի ստեղծմանը, այն էլ ռուսալեզու, ուղղակի չեմ հասկանում: Մյուս կողմից հետաքրքիր է` ի՞նչ սոցիոլոգիական հարցումների արդյունքում է որոշվել բացել նոր գրադարան: Եթե այն Գյումրու ռուսական զորամասի սպաների ու նրանց ընտանիքների համար է, ապա թող հոգային դեսպանատունն ու զորամասը: Եթե այն մեր համաքաղաքացիների համար է` հետաքրքիր է իմանալ` ընթերցողների քանի՞ տոկոսն է ռուսալեզու գրականության պահանջարկ ներկայացրել: Չեմ ուզում հավատալ, որ սա ուղղակիորեն կապ ունի շատ շահարկված Մաքսային միության հետ, սակայն այլ կերպ էլ չի ստացվում մտածել, ու մտահոգված եմ քաղաքի սուղ միջոցների նմանատիպ օգտագործման հարցով»:
Արա Նախշքարյան, բլոգեր. «Ամեն անգամ, երբ բարձրացվում է ազգային արժեքների պահպանման, ամրապնդման, դրանց զարգացման, ճիշտ ու նպատակային օգտագործման հարցը, հայրենի իշխանությունները մի տեսակ կարկամում են, կապկպվում: Կարծես թե իրենց առաջարկում են հայրենի ժողովրդին մշտապես թելադրել մոզամբիկյան մշակույթ ու արվեստ: Ես շատ կզարմանայի, եթե հանկարծ այս քայլը համայնքի ղեկավարների կողմից անտեսվեր. «ախր պապական մշակույթի մասին է խոսքը, ինչպե՞ս կարելի է չսատարել, չաջակցել, չօգնել ու չզարգացնել: Իսկ հայկականը «թող սպասի, դա մերն է, երբ էլ ասես, կկարողանանք օգնել ու զարգացնել»: Այս ու նմանատիպ գաղափարներով զարգացած մեր իշխանական բոլոր շերտերը խոնարհաբար կատարելով իրենցից վեր կանգնածների առաջարկ-պահանջարկը՝ փչացնում են ազգային դաստիարակությունը աճող սերունդի մեջ: Ես երեկ պատահաբար մի քաղաքացու հետ էի խոսում ու հանկարծ նա հիշեց, որ սրանից 40-50 տարի առաջ ինքը օգտվում էր Հովհ. Թումանյանի անվան գրադարանից, եւ նկատեց, որ ինչպես իր ժամանակին էր գրադարանը, այնպես էլ հիմա է նույն վիճակում: Չի փոխվել ոչ մի ներքին ու արտաքին հարդարանք, նույն ճռճռացող գետինն ու գլխին թափվող առաստաղն է: Սրա կողքին ո՞նց կարելի է ռուսական մշակույթը ներկայացնել հանկարծ կիսաքանդ շենքում ու քաղաքի խուլ վայրում: Իսկ մեր աճող սերունդը, որը վաղն իրենց պիտի փոխարինի, կամ լրացնի, ոչինչ, թող այդպես կիսագրագետ կամ անգրագետ մնան, հոգ չէ:
Նույն կերպ վարվեցին տարիներ առաջ եկեղեցու հարեւանությամբ գտնվող գրադարանի հետ: Առաջին հայացքից կարծես թե ազգային դիմագիծ պահպանող եկեղեցին ու եկեղեցականների թեթեւ ձեռքով գրադարանի շենքը վերածվեց առաջնորդանիստ պալատի: Ինչպե՞ս կարելի է… Իսկ գրքերը ոչինչ, թող խունանան ու բորբոսեն, մեկ է, իրենց ոչ ձեռքը վերցնող կա, ոչ էլ ընթերցող:
Ահա այսպես հեգնական մոտեցա այս խնդրին ու աստվածային սիրով դիմում եմ մեր բոլոր առաջնորդներին. Հայի ոգու գաղափարի դաստիարակմամբ զբաղվեք, սիրելի առաջին այրեր:
Կգա ոգու սով, ու արդեն եկել է: Արդեն իսկապես շատ ուշ է փրկվելու համար, բայց ամեն դեպքում կարելի է փորձել: Եկեք միասին կառուցենք մեր ոգու աշխարհն ու բնակվենք այնտեղ խաղաղ ու սիրալիր: Օտարից հոգուտ չկա»:
Արթուր Էդար, դրամատուրգ. «Ժողովրդական ասացվածք կա. «Նախ մորթուս, հետո՝ որդուս»… Կարծում եմ, թե ժողովրդական իմաստությանն հետեւելով՝ «ոչ մեկիս ոտքն էլ քարին չի՛ գա…»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets