ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.11.2013

ՏՐԴԱՏԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐ*

Տրդատը հունաց օգնական զորքով գալիս է հասնում Կեսարիա։ Այստեղ հայ նախարարներից շատերը գալիս են ընդառաջ, սիրով ու հավատարմությամբ դիմավորում նրան։ Տրդատը մտնում է Հայաստան, իմանում, որ Օտա Ամատունին սնուցել է իր Խոսրովիդուխտ քրոջը, մեծ հավատարմությամբ պահել ու պահպանել արքունի գանձերն ու ամրոցը։ Տրդատը շնորհակալությամբ պատվում է Օտային, նրան նշանակում Հայաստանի հազարապետ, իսկ իր դայակորդի Արտավազդ Մանդակունուն, որ փրկել էր իրեն և պատճառ դարձել իր հայրենական փառքին տիրանալու, նշանակում է հայոց զորքերի սպարապետ։ Իսկ Արտավազդի քրոջ ամուսնուն՝ Տաճատին է նվիրում Աշոցք գավառը1 իր բոլոր տիրույթներով։ 
Այնուհետև քաջ Տրդատը մեկը մյուսի հետևից սկսում է հաղթական ճակատամարտեր մղել պարսից զորքերի դեմ թե Հայաստանում և թե Պարսկաստանում։ Հայաստանն ու հայ ժողովրդին հպատակեցրած պարսից զորքերից շատերին էլ հալածելով, քշում է երկրի սահմաններից դուրս։ 
Մի անգամ պարսից կորովի զորականները, իմանալով Տրդատի վիթխարի ուժն ու կուռ զրահների ամրությունը, նետերի տարափ են տեղում հսկա Տրդատի վրա, նրա ձիուն շատ տեղերից վիրավորում և սպանում։ Ձին գետին տապալվելով՝ Տրդատին վայր է գցում։ Տրդատը արագությամբ ոտքի է կանգնում, հետիոտն հարձակվում է թշնամիների վրա, շատերին գետին գլորում, մի պարսիկից էլ ձին խլելով, հեծնում և շարունակում է կռիվը։ 
Մի անգամ էլ Պարսկաստանում ճակատամարտ մղելիս, երբ պարսիկները հայոց զորքի դեմ հանում են փղերի հսկա բազմություն, Տրղատը ձիուց վայր է ցատկում, սուրը հանելով՝ հետիոտն հարձակվում է փղերի երամակների վրա, ցրում փղերի բազմությունը և ապահովում հայոց զորքերի հաղթանակը։ 
Այսպիսի բազմաթիվ քաջագործություններով Տրդատը լուծում է իր վրեժը պարսիկներից, նրանց Հայաստանից իսպառ վտարում, նվաճում հայրենի տերությունը, դառնում Մեծ Հայքի թագավոր։
-----------------------
* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ Մեծ Հայքը կամ Մեծ Հայաստանը, ի տարբերություն Փոքր Հայքի, Հայաստանի հիմնական տարածքն էր։ 7-րդ դարում իր մեջ էր ընդգրկում 15 նահանգ, բաղկացած հարյուրավոր գավառներից։
1 Աշոցքը գավառ էր Այրարատ նահանգում, համապատասխանում է այժմյան Հայկ. ՍՍՀ Ղուկասյանի շրջանին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets