ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.11.2013

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՇԱԿԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ*

Երեսունչորս տարի Հայոց աշխարհը պատերազմ է մղում պարսից թագավորի դեմ, որից հետո երկու կողմերն էլ՝ հայերն ու պարսիկները, հոգնում են, ձանձրանում տևական կռիվներից, բարոյալքվում։ 
Հայ նախարարները դժգոհում են իրենց թագավորից և սկսում են լքել նրան, փախչել երկրից կամ առանձնանալ։ Այս բարոյալքումն առաջին հերթին սկսվում է ավագներից ու մեծամեծ իշխաններից։ Նախ Արշակ թագավորից ապստամբում ու առանձնանում է Աղձնիքի բդեշխն իր ողջ նախարարական տոհմով ու զորքով, բուն Հայաստանից պարսպով անջատում իր երկիրը և գնում ապավինում պարսից Շապուհ թագավորին։ Աղձնիքի օրինակին են հետևում Գուգարքի բդեշխը, Ձորա, Կողբ, Գարդմանաձոր գավառների իշխանները, որոնք ապստամբվելով Արշակից, ղարձյալ գնում ապավինում են պարսից թագավորին։ Արշակի դեմ են ապստամբում Արցախի, Տմորիքի, Կորդիքի ամուր աշխարհները, իսկ Կորդիքի իշխանը գնում ապավինում է պարսից թագավորին։ 
Հայոց թագավորի դեմ են ապստամբում նաև Ատրպատականի հայոց թագավորական տան սեփական իշխանությունը և Հայաստանի մաս կազմող Կասպից աշխարհը։ Իսկ Անձիտի և Մեծ Ծոփքի իշխանները, որոնց աշխարհները գտնվում էին արևմուտքում, ապստամբելով Արշակից, գնում ապավինում են հունաց թագավորին։ 
Միջնաշխարհում գտնվող նախարարներն էլ չէին կամենում հնազանդվել իրենց թագավորին, շարունակ երկընտրանքի մեջ էին և նրանից ղժգոհ։ 
Այսպես սկսվում է հայոց թագավորության քայքայումն ու թուլացումը։ 
Հայոց աշխարհի մնացած մեծամեծները, նախարարները, երկրի կուսակալները, գավառատերերը, գործակալներն ու գյուղապետները բոլորը հավաքվում, գալիս են Ներսես Մեծ կաթողիկոսի մոտ բողոքի և ասում. 
— Տեր, դու ինքդ գիտես, որ արդեն երեսուն տարի է, ինչ մենք պատերազմից հանգիստ չենք ունեցել, շարունակ մեր երեսի քրտինքը սրբել ենք սրերով, նիզակների տեգերով, նետասլաքներով։ Մենք այլևս չենք կարող դիմանալ, այլևս չենք կարող պատերազմի դուրս գալ։ Ավելի լավ է մենք ևս հպատակվենք պարսից թագավորին, ինչպես արեցին մեր ընկերները։ Եթե Արշակ թագավորը կամենում է Շապուհի հետ կռվել, թող Վասակի և իր աներոջ՝ Անդոկի հետ միասին ելնի պատերազմի, Հայոց աշխարհից այլևս ոչ ոք նրան չի գնա օգնության։ Եթե Արշակն ուզում է, թող կռվի, եթե չի ուզում, թող չկռվի, իր կամքն է, մենք նրան լքել ենք արդեն։ 
Ներսեսը լսելով նրանց բողոքը, իր պաշտոնին վայել սառնասրտությամբ համոզում էր, խորհուրդ տալիս։ 
— Լավ մտածեք, հիշեցեք տիրոջ պատվիրանը միաբանության մասին, հիշեցեք, որ ծառաները պետք է հնազանդ լինեն իրենց տերերին։ Դուք միթե մոռանում եք, որ բոլորդ այսօր ձեր գոյությամբ պարտական եք Արշակունյաց տոհմին, որ ձեզանից շատերը այսօրվա դիրքը, ունեցվածքը, պաշտոնները ստացել են Արշակ թագավորից։ Մոռացե՞լ եք, որ եթե այսօր ձեզանից ոմանք գավառների տերեր են, աշխարհների կառավարիչներ ու մեծամեծներ, խոշոր ավանների, գյուղերի, դաստակերտների, գանձերի ու կալվածքների տեր են դարձել, ապա միմիայն շնորհիվ Արշակունիների և Արշակ թագավորի։ 
Իհարկե, Արշակունյաց պիղծ տոհմը հանցանքներ ունի գործած աստծո առաջ, բայց մի՞թե դա ձեզ հիմք է տալիս լքել ձեր սեփական արքայատոհմը, որը ձեզ աղբից է վերև բարձրացրել, ապրեցրել, մեկիդ գործի դրել, մյուսիդ պատիվ տվել, երրորդիդ իշխանություն, չորրորդիդ գործակալություն։ 
Արշակ թագավորն ինքն էլ մեղքեր է գործել, — շարունակում է Ներսեսը, — անօրինություններ կատարել, բայց աստված իր մեծ մարդասիրությամբ խնայեց նրան, նրա հետ միասին նաև ձեզ։ Իսկ դուք այժմ եկել կանգնել եք, ուզում եք լքել ձեր սեփական թագավորին, ձեր հովանավորին, ձեր բնիկ տիրոջը և կամենում եք գնալ օտար թագավորի ենթարկվել, հեթանոսների ծառայության տակ ընկնել, օտար տերերի լծին հնազանդվել։ Արշակը որքան էլ չար լինի՝ աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի՝ ձեր թագավորն է։ 
Դուք ինքներդ եք միշտ ինձ ասել ու քիչ առաջ էլ ասացիք, որ այսքան տարի կռվել եք ձեր անձանց ու հոգիների համար, ձեր աշխարհի համար, ձեր կանանց ու երեխաների համար, ձեր եկեղեցիների, ձեր հավատի ուխտի համար, և ձեր տեր աստվածը ձեզ միշտ հաղթություն է շնորհել իր անվան համար։ 
Հիմա դուք ձեր Քրիստոսի փոխարեն ուզում եք ծառայել անօրենների անաստված մոգական կրոնին և նրա սպասավորներին։ Դրանով դուք ձեզ հավերժ կմատնեք օտարների ստրկատիրական ծառայության և այնուհետև որքան էլ բողոքեք աստծուն, նա ձեզ այլևս չի լսի, որովհետև դուք ինքներդ եք մտնում օտար ու խստասիրտ տերերի, անգետ ու անգութ հեթանոսների ծառայության տակ։ Եվ դուք շատ ու շատ չարիքների կհանդիպեք, որոնցից երբեք չեք կարողանա ազատվել։ 
Ներսեսի այս խոսքերի վրա հավաքվածները սկսում են դժգոհության ձայներ բարձրացնել և բողոքով աղաղակել. 
— Մենք քո այդ խորհուրդներն ու խոսքերը չենք կամենում ընդունել։ Վեր կացեք գնանք մեր տները։ Եվ նրանք դժգոհ ու զայրացած ցրվում, քաշվում գնում են իրենց տները։
------------------------------------ 
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets