ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.12.2013

ՍՄԲԱՏ ԵՎ ՍՈՒՐԵՆ

Ապա Սմբատը մարդ է ուղարկում պարսից Խոսրով թագավորի մոտ և պահանջում հետևյալը. 
— Կամ ինձ հինգ տարվա հարկ տուր՝ փոխարեն նրա, որ քո զորքերը կերան իմ երկրի խոտն ու հացը, վառեցին իմ փայտը, խմեցին իմ ջուրը, այն սեղանատան սրահների համար, որոնք այրեց իմ հայր Վահանը քո զինվորների պատճառով, վաթսուն հազար դահեկան այն սապոնի գնի համար, որով քո զինվորների գարշահոտ ու արյունաթաթախ հագուստները լվացինք ու հագանք։ Իսկ եթե չտաս, ապա հարյուր մարդով կգամ քո վրա, բոլոր պարսիկներին կգերեմ, կբերեմ, կլցնեմ Տարոն, վզներին շան կապ կդնեմ, կուղղեմ քո վրա, որ փոխանակ մեզ, ձեզ վրա հաչեն։ 
Ինչ որ ասացի՝ շո՛ւտ ուղարկիր, թե չէ՝ գլխիդ ինչ ասես կբերեմ։ 
Խոսրովը Սմբատին չի պատասխանում, բայց Վախտանգի եղբայր Սուրենը վերցնում է հարյուր հազար դահեկան, հետն էլ ինը հազար մարդ, գալիս է Տարոն՝ իր եղբոր կնոջն ու որդուն գնելու։ 
Սմբատը դիմավորում է Սուրենին, սիրով ընդունում նրան և բերում Մուշ։ Տասը օր մնալուց հետո Սուրենը հարցնում է, թե ուր է իր եղբորորդին։ Ցույց են տալիս Այծից բերդը ու ասում. 
— Այնտեղ է։ 
Սուրենը հարցնում է. 
— Այնտեղ նա այծարա՞ծ է, թե դիվարած։ 
Սմբատը ծիծաղում է սրամտության վրա և հրամայում՝ Սուրենի մոտ բերել նրա եղբոր կնոջն ու որդուն։ 
Երբ նրանց բերում են, Սուրենը դիմում է Սմբատին. 
— Հայոց աշխարհի հզոր իշխա՛ն, տո՛ւր այս կնոջն ու երեխային պարսից արքային նվեր։ Սմբատը պատասխանում է. 
— Պարսից արքային, առանց գնի, սատկած շուն չեմ տա, որ նա տանի ճաշ շինի, ուտի, ուր մնաց, որ սրանց տամ։ Բայց եթե դու սրանց գնել ես ուզում, քեզ կտամ, եթե ոչ, ապա երեքդ էլ գնացեք Արծրունիք, այծ արածեցրեք։ 
Բայց որովհետև Սուրենը իմաստուն մարդ էր, չի առարկում, ասում է. 
— Ո՜վ բարեպաշտ իշխան, եթե անգամ քո դռանը շուն արածեցնեինք, դարձյալ մեզ համար պարծանք էր, որ քո դռանն ենք կացել, էլ ուր մնաց, թե այծ արածեցնեինք։ 
Բայց եթե համաձայն եք, վերցրեք մեզանից հարյուր հազար դահեկան, երկու հազար ուղտ, հինգ հազար պարսկական ձի և մեզ տվեք այս կնոջն ու երեխային։ 
Սմբատն ասում է. 
— Այս ամենը, ինչ որ այստեղ ես բերել, իմն են. ես քո գլուխը կկտրեմ և քո ունեցվածքը կվերցնեմ։ Բայց եթե դրանք քեզ պետք են, դու դարձիր քրիստոնյա և ինձ էլ պարսիկների մոտ տար, քո ունեցվածքն էլ քեզ լինի։ Իսկ եթե հոժար չես, ապա ուրիշ հնար մտածիր։ 
Սուրենը բերում է հարյուր հազար դահեկանը, ուղտերը, ձիերը տալիս Սմբատին։ Սմբատն ասում է. 
— Տվածիդ համաձայն եմ, բայց իմացիր՝ պարսից զինվորները հարյուր ութսուն հազար դահեկանի փայտ են տարել Քարքե լեռան անտառից, նրանց ձիերը չորս հազար դահեկանի խոտ են կերել դաշտից, քսան հազար դահեկանի եղնիկ ու նապաստակ են որսացել իմ երկրից, հացի ու ջրի գինն էլ ձեզ եմ բաշխում։ Բայց երկու տարի Խառանի, Ասորիքի և Մուրհայի գինի են խմել, դրա վարձը թող տան. վեց գավառի հարկը, որ առել են, քաղաքների մուտքի վարձը, որ կերել են՝ չորս հազար դահեկան է անում, այդ թող տան։ Դու էլ դարձիր քրիստոնյա, ինձ պարսիկների մոտ տար, և թող քո հարազատներն էլ քեզ լինեն։ 
Սուրենը տրտմում է և ոչինչ չի կարողանում ասել, Սմբատն ասում է. 
— Մի՛ տխրիր, ամեն ինչ քո ուզածով կանեմ։ Բայց արի, քո զորքով գնանք իմ վանքը ուխտի։ 
Վերցնում են զորքը, Սուրենի եդբոր կնոջն ու որդուն, գնում, անցնում Արածանի գետը։ Սմբատը իր որդի Վահանին թողնում է գետի մյուս ափը, պատվիրում, ո՛վ որ գետն անցնի՝ սպանի։ Ինքը չորս հազարանոց զորքը թողնում է Մեղտիում, պարսից զորքը թողնում դաշտի Արտից գյուղում, իր հետ վերցնում չորս հարյուր հայ և չորս հարյուր պարսիկ զինվոր և Սուրենի հետ գնում վանքը։ Բայց որովհետև վանք տանող ճանապարհը խիստ նեղ էր և ձիերով անհնար էր անցնել, իջնում են ձիերից, ձիերը թողնում են ներքևում, ոտքով բարձրանում վանքը։ Երբ մոտենում են վանքի բակին, վանականներն ընդառաջ են գալիս և Սուրենի պատճառով արգելում նրանց վանք մտնել։ 
Սմբատը զայրացած ասում է. 
— Որովհետև դուք՝ պարսիկներդ, այնպիսի պիղծ էակներ եք, որ անտառներին անգամ արժանի չեք, ուր մնաց թե ապրելու։ 
Պալունյաց Վարազ իշխանը, որ վանականների հետ էր եկել, սրով հարձակվում է Սուրենի վրա և գլուխը կտրում։ Մնացած երկու պարսիկ իշխաններին կախում են ծառից, խեղդում։ Իսկ Պալունյաց իշխանի զորքը, որ նախապես դարան էր մտել շրջակայքում, դուրս է գալիս թաքստոցից, պարսիկների ավելի քան երկու հազար ձիերը կտրում զորքից, քշում, տանում մոտակա ձորը։ Պարսից զինվորները ոտքով ընկնում են ձիագողերի հետևից, Գողոց ադբյուրի մոտ հասնում նրանց և պարսաքարերով ու նետերով հինգ հարյուր քսան հոգու խփում, սպանում։ Ապա իջնում են ձորը, ձիերը հանում, բերում, խառնում մնացած ձիերին, թվով դառնում մոտ երեք հազար ձի։ 
Պարսից զինվորներից շատերը հետապնդելով մնացած ձիագողերին ձորով բարձրանում են անտառը և այնտեղ հարձակվում նրանց վրա, սկսում անխնա կոտորել։ Ձիագողերի ավագը, որի անունը Սերիմ էր, հետ է դառնում, հանում է սուրը և սկսում պարսիկների դեմ մեն մենակ քաջաբար կռվել, մինչև ընկերները հետ են դառնում և հասնում օգնության։ Սակայն մինչև ընկերների գալը, պարսիկները նետահարում են նրան, նետը դիպչում է սրտին և սպանում։ Սերիմին ընկերները թաղում են նույն ձորում, և ձորն ու անտառը նրա անունով կոչվում է Սերիմաձոր։ Ձիագողերը բոլորը հետ են դառնում և սկսում քարերով ու նետերով հարձակվել պարսիկների վրա, շատերին սպանում են, մնացածներն էլ փախչում, գալիս, ապաստանում են մի քարայրում և սկսում ճաշել։ 
Այդ ժամանակ հարյուր հիսուն հայեր Ողական ամրոցից դուրս էին եկել որսի։ Նրանք գալիս հասնում են այն քարայրին, ուր հավաքվել ու ճաշի էին նստել պարսիկ զինվորները։ Նրանք, երբ տեսնում են պարսիկներին անհոգ նստած, հարձակվում են պարսիկների վրա, շրջապատելով՝ ոչ ոքի չեն թողնում ձի հեծնել, բոլորին սպանում են։ Այն տեղը, ուր ժողովվել, ճաշի էին նստել ու կոտորվել էին պարսիկները, սկսում է կոչվել Ժողով։ 
Այս իրադարձությունների ընթացքում Սմբատն ու Վարազ Պալունի իշխանը թաքնվում են ս. Կարապետի վանքի մոտակա ձորում և մարդ են ուղարկում Մեղտի, զորքին շտապեցնում՝ հարձակման անցնել։ Սմբատի զորքից հարյուր զինվոր անջատվում են, գալիս են պարսից զորքին գրգռելու կռվի։ Նրանք գրոհում են պարսիկների վրա, ապա մեկ-մեկ նահանջելով, գալիս են Սմբատի մոտ և Սմբատի հետ բարձրանում բլուրը։ Պարսիկները հետապնդելով նրանց, գալիս, շրջապատում են բլուրը, աստիճանաբար բազմանում և սկսում նեղել Սմբատին և Վարազ Պալունուն։ Սմբատն ու Վարազը ծնկի են գալիս, ձեռները վերև բարձրացնում և սուրբ Կարապետից օգնություն հայցում. 
— Հիշի՛ր մեզ և մեր երախտիքը, սո՛ւրբ Կարապետ, դու, որ մեզ հեռվում օգնեցիր, այժմ քեզ մոտ ենք1, մոտիկից էլ մեզ օգնիր և մեզ թիկունքից օգնության հասիր։ 
Սմբատն ու Վարազը բլրի վրա եղած զինվորներին բաժանում են երկու թևի, աջ թևի գլուխն է անցնում Սմբատը, ձախինը՝ Վարազը, և սկսում են կյանքի ու մահի կռիվ մղել հարձակվող պարսից զորքի ղեմ։ Իրենք ու իրենց ձիերը թաթախվում են արյան մեջ։ Սմբատի սուրը արյունից պատյանում մածուցվում է, կպչում, և որքան փորձում է պատյանից հանել, չի դուրս գալիս։ Շատ զոռելուց՝ թրի դաստակը ձեռքի մեջ կոտրվում է, և չի հասցնում սուրը փոխել։ Պարսիկները այդ որ տեսնում են, ոգևորվում են, իրար ձայնում. 
— Շտապեցե՛ք, քաջի սուրը կպել է պատյանին, կոթը կոտրվել, չի ղուրս գալիս, վրա՛ տվեք։ 
Նրանք արագ շրջապատում են Սմբատին և սկսում զենքերով անխնա հարվածել գլխին, հարվածներից այնպիսի ճարճատյուն էր լսվում, ինչպես չոր փայտը ճեղքելիս։ 
Իսկ Սմբատը բարձր ձայնով ասում է նրանց. 
— Վա՜յ ձեր քաջությանն ու արիությանը, որ չեք կարողանում մի գլուխ էլ կտրել։ 
Ապա ձայնն ավելի բարձրացնելով, կանչում է. 
— Ո՞ւր ես, հզոր ու քաջաբազուկ Պալունյաց իշխան, իմ ծեր օրերի նեցուկ, իբրև քաջ արծիվ առաջ անցիր, անգղներ ու բվեճներ են ինձ վրա տվել։ 
Վարազ Պալունին զորքի ձախ թևը թողնում է իր Վահան որդուն, ինքը արծվի նման կռնչալով, ահ ու սարսափ տարածելով, հարձակվում է Սմբատին շրջապատողների վրա, հետևից նիզակով հարվածում Սմբատի վրա խոյացած պարսիկի թիկունքին, ձիուց վերև բարձրացնում նրան և այլևս չի կարողանում նիզակը նրա մարմնից հանել։ Պարսիկն ընկնում է, մեռնում, իսկ Վարազ Պալունին ծաղրանքով ասում. 
— Գնա, չափիր նիզակը, թե քանի կանգուն է երկարությունը, եթե մեկն ասի, թե երեք կանգուն է, չհավատաս։ 
Վարազը Սմբատին շրջապատումից դուրս է բերում։ Սմբատը կռվից դուրս գալով, հրամայում է մի պարսիկ բռնել բերել։ Պարսիկին բերում են, Սմբատը մորթել է տալիս նրան, տաք արյունը լցնում չորացած արյունից պատյանում լռված սրի վրա, թուլացնում, սուրը հանում։ Բայց որովհետև սրի դաստակը կոտրված էր, նա փոխում է սուրն ու արյունոտ երիվարը, նոր ձի հեծնում և մտնում կռվի մեջ։ 
Սմբատի հինգ հարյուրանոց զորամասը շրջապատում են վեց հազար պարսիկներ։ Սմբատը տեսնում է, որ Վարազ Պալունու ձին հոգնել է և կանգնել։ Նա խփում է մի պարսիկի, ձիուց գցում, ձին մոտեցնում Վարազին, ասում. 
— Հեծիր, Պալունյաց իշխան։ 
Վարազը հեծնում է նժույգը, ընկնում պարսիկների մեջ և սկսում մի ահեղ կոտորած։ Եվ ամեն անգամ, երբ Սմբատի և Վարազի ձիերն հոգնում էին, նրանք արագ փոխում էին ձիերը իրենց սպանած հակառակորդների երիվարների հետ, և որքան բազմանում էր պարսից զորքը, նրանք իրենց նոր փոխած ձիերի պատճառով մնում էին անխոնջ ու անպարտելի։ 
Շատ թշնամիներ են կոտորում Սմբատն ու Վարազը, ընկածների ղիակներին չափ ու համար չկար։ 
Բայց Սմբատի զորքի մեջ սկսում է երկյուղ ընկնել թվով բազմապատիկ թշնամու պատճառով։ Այդ պահին կռվի վայրին են մոտենում Հաշտենից Սմբատ իշխանը և Սմբատ Մամիկոնյանի որդի Վահան Կամսարականը՝ վեց հազար զորքով։ Երբ Վարազ Պալունին տեսնում է Սմբատի որդուն, ձայն է տալիս, ասում. 
— Քաջ որդի Վահա՛ն, ո՞ւր էիր, որ այսքան ուշ ես գալիս օգնության։ 
Իսկ Վահան Կամսարականը, կասկածելով, որ հորը փորձանք է պատահել, լալով ձայն է տալիս. 
— Կա՞ իմ տառապյալ ու ծերունի հայրը, թե՞ արդեն տիրոջ մոտ է փոխվել առհավետ։ Սմբատը լսելով որդու ձայնը, կշտամբանքով ասում է. 
— Սուրբ Կարապետը իմ թիկունքում կանգնած էր, ուրեմն ես պարսիկների՞ց պիտի մեռնեի։ Վահան Կամսարականը աստծուն փառք տալով, հարձակվում է պարսիկների վրա, նրանց զորախումբը ճեղքում, կիսում երկու մասի, զորքը իր հետևից տանում, բաժանում երկու թևի, մեկն ինքն է գլխավորում, մյուսը՝ Հաշտենից իշխանը։ Ապա կոտորում են պարսից զորագլուխը և աջ ու ձախ շրջվելով, պարսից զորքին առնում են օղակի մեջ և մինչև արևամուտը՝ անխնա կոտորում։ Պարսից զորքից երեք հարյուր զինվորի է հաջողվում միայն ձիերը թողած՝ փախչել։ Նրանք գնում, թաքնվում են մի ձորում և սաստիկ հոգնածությունից քնում մինչև հաջորդ կեսօրը։ Կեսօրին հայոց զինվորները գալիս, նրանց քնած են գտնում։ Բերում, ջուր են ցանում նրանց վրա, արթնացնում, տանում Մեղտի։ Իսկ ձորն այդ օրից, քնած զինվորների պատճառով կոչվում է Թմբաձոր։ 
Պարսիկ զինվորներին տանում են Մեղտի, վերքերը բուժել տալիս, խնամում, ապա նրանց տալիս են գանձ, ձիեր, զենք և խաղաղությամբ ազատ արձակում Պարսից աշխարհ։ 
Հաջորդ օրը Սմբատը հրամայում է՝ կռվում սպանված պարսիկների դիակները իրար վրա կիտել։ Դիակներից մի վիթխարի բլուր է գոյանում, որը քաջ Վարազ Պալունու անունով կոչում են Վարազաբլուր։ 
Երբ դիակները սկսում են նեխել և գազաններին բաժին դառնալ, մոտակա գյուղի բնակիչները այդ առթիվ հետևյալ երգն են հյուսում և ասում. 
Գազանները կերան դիակների մարմիններն ու գիրացան. 
Կզաքիսը ուտելուց ուոեց, ինչպես արջ. 
Եվ աղվեսը հպարտ դարձավ, ինչպես առյուծ, 
Գայլը, որովհետև շատակեր էր՝ պայթեց. 
Եվ արջը, որ ուրիշներն ուտեն, իրեն ոչինչ չի մնա՝ 
Սովից մեռավ. 
Անգղները, որովհետև ագահ էին, նստեցին 
Եվ այլևս չկարողացան թռչել. 
Մկները, որովհետև իրենց ծակերը շատ տարան, 
նրանց ոտները մաշվեցին2։
----------------------------------
1 Նկատի ունեն մոտակայքում գտնվող ս. Կարապետի վանքը։
2 Ստորև դրվում է երգի հին հայերեն բնագիրը. 
Կերան գազանք զմարմինս դիակացն և գիրացան.
Կուզ կերեալ ուռեաւ իբրև զարջ,
Եւ աղուէս հպարտ եղև քան զառեւծ.
Գայլ քանզի շատակեր էր՝ պայթեաց.
Եւ արջ, զի զոր ուտէն՝
Չմնայ առ ինքն, ի սովոյ մեռաւ.
Անգեղք, զի ագահ էին, նստան
Եւ այլ ոչ կարացին վերանալ.
Մկունք, զի շատ տանէին ի ծակս իւրեանց՝
Մաշեցան ոտք նոցա։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets