ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.12.2013

ՄՈՒՇԵՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ*

Հայոց նախարարները տեսնելով, որ Վարազդատ թագավորը դյուրահավատ մանուկ է, չարը բարուց զատել չգիտե, սկսում են այնուհետև թագավորին խաղացնել իրենց ուզածի պես, անել են տալիս այն, ինչ իրենք են կամենում։ 
Բատ Սահառունին, որ Վարազդատ թագավորի դայակն էր ու ուսուցիչը, մտադրվում է Մուշեղից հափշտակել սպարապետության պաշտոնը։ Նա թագավորի մոտ սկսում է բամբասել ու չարախոսել Մուշեղին և Մամիկոնյանների ամբողջ տոհմին։ 
— Հնուց ի վեր, — ասում է նա Վարազդատին, — Մամիկոնյաններն են կորստի մատնել Արշակունիներին. նրանք ի բնե ձեր հակառակորդներն են եղել, կերել են ամբողջ Հայոց աշխարհը և Արշակունի թագավորների կործանման պատճառը դարձել։ Նրանցից ամենաչարը ու նենգը Մուշեղն է, որը միշտ սիրել ու պատվել է ձեր թշնամիներին, իսկ մեզ ու ձեր սիրելիների հետ վարվել նենգորեն, երկդիմությամբ ու չարամտությամբ։ Դա այն Մուշեղը չէ՞, որ Պապի թագավորության ժամանակ պարսիկների դեմ պատերազմելիս մի քանի անգամ հնարավորություն ունեցավ Շապուհ թագավորին սպանել, բայց դիտավորյալ ազատ արձակեց։ Դա այն Մուշեղը չէ, որ Շապուհի կանանց ձեռք գցելուց հետո նրանց մեծ խնամքով ու հոգատարությամբ հետ վերադարձրեց։ Դա այն Մուշեղը չէ՞, որ աղվանից Ուռնայր թագավորին ձեռք գցեց, բայց սպանել չկամեցավ, այլ ազատ արձակեց։ Դա այն Մուշեղը չէ՞, որի հրամանով ու խորհրդով հունաց զորավարները սպանեցին Պապ թագավորին, հենց ինքը Մուշեղն էր, որ հունաց թագավորին գրգռեց ու թշնամացրեց Պապ թագավորի դեմ, մինչև, որ սպանել տվեց։ Հիմա էլ նույն այդ Մուշեղը Հայոց աշխարհը լցրել է բերդերով, մտադիր է դրանք դարձնել զորանիստներ, հունաց զորքին այնտեղ բնակեցնելու համար։ Եվ դրանից հետո կամ հունաց թագավորը քեզանից կխլի հայոց թագավորությունը, կամ հենց Մուշեղը քեզ կսպանի և ինքը կթագավորի։ Այնպես որ, արքա, մտածիր անելիքդ, քանի դեռ ուշ չէ, Մուշեղին մեջտեղից վերացրու։ 
Բատ Սահառունին և նրա համախոհները նման խոսքերով հաճախ էին Վարազդատ թագավորին գաղտնի գրգռում Մուշեղի դեմ, մինչև որ թագավորին համոզում են սպանել տալ հայոց մեծ զորավար սպարապետին։ 
Բայց Մուշեղին բռնելն ու սպանելը հեշտ գործ չէր. դրա համար էլ նրանք երկար խորհուրդ են անում, թե ինչ ձևով կարողանան իրագործել իրենց դավադրությունը։ Նրանք Մուշեղից շատ էին վախենում. 
— Եթե գլխի ընկնի, — ասում էին, — մեծ պատերազմ կհարուցի, և ոչ ոք չի կարողանա նրա քաջությանը դեմ կանգնել, պետք է մի խորամանկ հնար մտածել։ 
Մի օր հայոց Վարազդատ թագավորը հրամայում է մեծ ու ճոխ ընթրիք սարքել և ընթրիքին հրավիրել բոլոր ավագ պատվավոր մարդկանց, մեծամեծներին և Մուշեղ սպարապետին։ Թագավորը նախապես շատ հզոր ու հաղթանդամ մարդիկ է հավաքում, հրահանգավորում, նախապատրաստում՝ Մուշեղի վրա հանկարծակի հարձակվելու և ձերբակալելու համար։ 
Հրավիրվածները գալիս, թագավորի սեղանատանը ընթրիքի են բազմում։ Վարազդատը հյուրերին շատ է ուրախացնում, մեծ քանակությամբ գինի է խմել տալիս և գուսանների երգ ու նվագով զվարճացնում։ Նա նախապես պայմանավորվել էր իր մարդկանց հետ, որ գինեխումի թունդ պահին, «երբ կտեսնեք, որ Մուշեղ սպարապետը լավ հարբել է և խելքը կորցրել, դուք այդ ժամանակ նրան կշրջապատեք»։ 
Ընթրիքի ժամանակ բոլոր հյուրերը լավ խմում են, գինովանում, իսկ Վարազդատը զգուշանում էր գինի խմելուց։ Երբ Վարազդատը նկատում է, որ բոլորն էլ արդեն լավ հարբել են, գլուխները կորցրել, տեղից վեր է կենում դուրս գալու համար։ Սեղան բազմած բոլոր ավագները ոտի են կանգնում՝ թագավորին պատիվ տալու նպատակով։ Եվ հանկարծ այդ պահին, տասներկու ուժեղ տղամարդ, ում որ թագավորը նախօրոք ցուցում էր տվել, հետևի կողմից բռնում են Մուշեղին, վեց մարդ մի ձեռից է բռնում, վեց մարդ՝ մյուս ձեռից։ Մուշեղը հարցական նայում է ոտի ելած թագավորին, թե այս ի՞նչ է նշանակում։ Թագավորը պատասխանում է. 
— Գնա Պապ թագավորի մոտ, հարցրու և կիմանաս, թե ինչ պատճառով է։ 
Այս ասելով թագավորն ուղղվում է դեպի դուռը և դուրս գալիս։ Մուշեղը դառնությամբ թագավորի հետևից է նետում հետևյալ խոսքերը. 
— Իմ այնքան ծառայությունների, այնքան արյուն ու քրտինք թափելու, քրտինքս նետի սլաքներով սրբելու վարձատրությունն այս էր։ Երանի թե այս մահը ինձ հասներ ձիու վրա, պատերազմի դաշտում կռվելիս... 
Այսքանն է միայն Մուշեղը հասցնում ասել, որովհետև նույն պահին թագավորի դայակ Բատ Սահառունին հանում է կողքից կախած դաշույնը և խրում Մուշեղ զորավարի շնչափողը և անմիջապես գլուխը կտրում։ 
Մուշեղի մարմինը վերցնում, տանում են իր հայրենի տունը՝ Ողական ամրոցը։ 
Երբ Մուշեղ սպարապետի մարմինը բերում են իր տունը, տանեցիները չեն հավատում, թե նա մեռել է, թեպետ տեսնում էին գլուխը կտրված, մարմնից անջատված։ 
— Նա անթիվ անգամ կռիվների մեջ էր մտել, բայց ոչ մի վերք չէր ստացել, ոչ մի նետ նրան չէր դիպել, ուրիշ ոչ մի զենքով նա չէր խոցվել, հիմա ի՞նչ զենք կարող էր նրա վրա բանել և ինչ ձեռք կարող էր նրան սպանել։ 
Հարազատներից շատերը հավատացած էին, թե նա կկենդանանա։ Ուստի Մուշեղի գլուխը կարում են նրա մարմնին, մարմինը հանում, դնում են բերդի աշտարակի տանիքը, ասելով. 
— Որովհետև Մուշեղը քաջ մարդ էր, առլեզները1 կիջնեն և նրան կկենդանացնեն։ Պահապան են դնում հսկելու և սպասում նրա հարությանը։ Սակայն մարմինը սկսում է քայքայվել, 
նեխել։ Ստիպված Մուշեղի մարմինն իջեցնում են աշտարակից, լաց ու կոծ անում և թաղում ըստ իշխանական կարգի։
-------------------------
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։
1 Առլեզներ, արալեզներ կամ հարալեզներ, հայոց հին հավատալիքներով՝ կռվում ընկած հերոսներին վերակենդանացնող շնակերպ ոգիներ, որոնք երկնքից իջնում են գետին, լիզում զոհված հերոսների վերքերը և վերակենդանացնում։ Նույն հավատալիքը տես նաև «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.Blognews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets