ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.12.2013

ՎԱՐԱԶԴԱՏ ԵՎ ՄԱՆՎԵԼ

Մուշեղի սպանությունից հետո Վարազդատը Հայոց աշխարհի սպարապետությունը հանձնում է իր դայակ Բատ Սահառունուն՝ Մուշեղի քսու բանսարկուին և սպանողին, իսկ Մամիկոնյան տոհմի տանուտեր ու նահապետ է նշանակում Վաչե Մամիկոնյանին։ 
Այդ ժամանակ Հայաստան են վերադառնում Պարսից աշխարհ գերի տարված Մամիկոնյան տոհմից երկու եդբայր, մեկի անունը՝ Մանվել, մյուսինը՝ Կոմս։ Նրանք Շապուհի կողմից Պարսկաստան գերի տարված այն զինվորների մեջ էին, որոնց Շապուհը տարել էր քուշանների դեմ մղվող պատերազմին մասնակցելու։ 
Երբ պարսից զորքերը քուշաններից չարաչար պարտվում են և գլխովին կոտորվում, Մանվել և Կոմս եդբայրները այդ կռվում մեծ քաջագործություններ կատարելով, իրենց կյանքը փրկում են, ազատվում։ Պարսից զորքերից միայն այս երկու եդբայրներն են կենդանի մնում և ողջ ու առողջ Քուշանաց աշխարհից հետիոտն գալիս հասնում են պարսից աշխարհ, ներկայանում Շապուհ թագավորին։ Բայց որովհետև պարսից թագավորը իր պարտության և զորքի գլխովին բնաջնջման պատճառով շատ տխուր էր և անտրամադիր, երբ տեսնում է, որ զորքերից միայն այս երկուսն են ողջ ու առողջ մնացել և վերադարձել, սաստիկ բարկանում է նրանց վրա, անարգում և իր երկրի սահմաններից դուրս քշում։ 
Մանվելն ու Կոմսը երեսները դարձնում են դեպի իրենց աշխարհը և ոտով ընկնում ճանապարհ։ Գալիս են, գալիս, շատ են գալիս, թե քիչ՝ Մանվելը հոգնում է, չի կարողանում քայլել ոտների ցավի պատճառով։ 
Երկու եղբայրն էլ շատ հաղթանդամ էին, իսկական հսկաներ։ Կոմսը, տեսնելով, որ Մանվելը չի կարողանում քայլել, շալակում է այղ վիթխարի մարդուն և օրական տասը փարսախ1 տարածություն կտրելով, բերում հասցնում է Հայոց աշխարհ։ 
Երբ Մանվելն ու Կոմսը գալիս հասնում են իրենց հայրենի Տարոն աշխարհը, Վաչե Մամիկոնյանը, որ Վարազդատի կողմից նշանակվել էր Մամիկոնյան տոհմ նահապետ, իրենց իշխանական տան նահապետության և տանուտիրության պատիվը հանձնում է Մանվելին, որովհետև նա էր իրենց տոհմի մեջ ավագագույնը։ Մանվելը դառնում է Մամիկոնյանների տոհմի նահապետ տանուտերը, իսկ Վաչեն՝ նրա երկրորդը։ 
Իր տոհմի առաջնության պատվին արժանանալուց հետո Մանվելը, առանց Վարազդատ թագավորի հրամանի, հետ է խլում հայոց սպարապետության իրավունքը, որ սկզբից ի վեր տրված էր Մամիկոնյան տոհմին, և Վարազդատ թագավորին ուղարկում հետևյալ պատգամը. 
«Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ` Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար. Մուշեղի հայր Վասակը կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Եվ դուք, փոխանակ մեր ծառայությունների համար մեզ վարձատրելու, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք մեզ, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։ 
Իմ քաջ եղբայր Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու երկրից վռնդեց, որին թշնամիներն անգամ չկարողացան սպանել, դու նենգությամբ բռնեցիր և սեղանին ընթրիքի նստած տեղում՝ խեղդեցիր։ 
Բայց, ըստ երևույթին, դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի, որովհետև Արշակունիների իսկական վաստակավորներին չճանաչեցիր։ 
Իմացիր նաև, որ մենք ոչ թե ձեր ծառաներն ենք, այլ ընկերները, անգամ ձեզանից էլ բարձր ենք, որովհետև մեր նախնիները Ճենաց աշխարհի թագավորներ են եղել։ Առաջին Արշակունի թագավորները լավ գիտեին, թե ովքեր ենք մենք և որտեղացի, բայց որովհետև դու իսկական Արշակունի չես, ուստի այդ էլ չգիտես։ Թող ու հեռացիր այս աշխարհից, որպեսզի իմ ձեռքով չմեռնես»։ 
Վարազդատը ի պատասխան Մանվելի պատգամին, հայտնում է նրան հետևյալը. 
«Ես իսկական Արշակունի եմ և իմ նախնի Արշակունիների թագն եմ դրել իմ գլխին և տիրել նրանց աշխարհին, ես իմ հորեղբոր՝ Պապի, վրեժը լուծեցի քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Իսկ դու այս աշխարհից չես, ինչպես ինքդ ես խոստովանում, և քո նախնիները Ճենաց աշխարհից մեզ մոտ են եկել իբրև պանդուխտներ։ Ուրեմն, մի մեռիր քո եղբոր նման, ես պատժելու փոխարեն քեզ ազատ եմ արձակում, ել և գնա քո Ճենաց աշխարհը, ապրիր քո երկրում և այնտեղ թագավորիր։ Եթե չկամենաս գնալ, ապա կմեռնես իմ ձեռքով այնպես, ինչպես Մուշեղը մեռավ»։ 
Մանվելն ու Վարազդատը մի քանի անգամ պատգամավորներ են ուղարկում միմյանց, ավելի խիստ ու վիրավորական խոսքեր են իրար հղում, ի վերջո իրար դեմ պատերազմելու տեղ ու ժամանակ են նշանակում։ 
Վարազդատ թագավորն ու Մանվել սպարապետը վերցնում են իրենց լավ սպաոազինված զորքերը, գալիս են Կարինի դաշտր, ուր և տեղի է ունենում ճակատամարտը։ 
Վարազդատն ու Մանվելը, նիզակները ձեռներին, ձիերի վրա նստած՝ դուրս են գալիս իրար դեմ մենամարտի։ 
Վարազդատը, երբ նայում է Մանվելի հսկա հասակին, պինդ ու շքեղ կազմվածքին, ոտից գլուխ անխոցելի զրահավորմանը, ուժեղ զրահապատված երիվարին, նրան թվում է, թե իր դիմաց մի բարձր ու անմատույց լեռ է կանգնած։ Հաղթահարելով իր այդ ամեհի տպավորությունը, մահը աչքն առած նա հարվածում է Մանվելին, որովհետև փրկության այլ ելք չկար։ Կարծելով, թե Մանվելն իր զրահի տակ անխոցելի է, Վարազդատն ամբողջ թափով նիզակը խփում է Մանվել զորավարի բերանին։ Մանվելը բռնում է Վարազդատի նիզակը, արագ իրեն քաշում, նիզակի տեգը անցնում է Մանվելի թշի միջով, ջարդում ատամներից մի քանիսը, բայց Մանվելին հաջողվում է նիզակը խլել թագավորի ձեռից։ Մարտի այս անսպասելի ելքից շփոթված, Վարազդատը շրջում է ձիու գլուխը, դիմում փախուստի։ Մանվելը ընկնում է Վարազդատի հետևից, հասնում, նիզակի տեգից բոնած, կոթով սկսում է ծեծել Վարազդատ թագավորի գլուխը և այդպես քշում, հալածում նրան մոտ չորս ասպարեզ2։ Այդ ժամանակ վրա են հասնում Մանվել զորավարի զավակներ Հմայակն ու Արտաշեսը և նիզակները ձեռներին պահած, ուզում են խփել, սպանել Վարազդատին։ Բայց Մանվելը որդիների հետևից աղաղակում ու կանչում է. 
— Էհե՜յ, տիրասպան մի լինեք, չսպանեք ձեր թագավորին։ 
Զավակները լսում են իրենց հորը, իսկույն թողնում հեռանում են թագավորից։ 
Այդ օրը արքայական զորքը պարտվում է Մանվելի գնդից։ Ճակատամարտի դաշտում ընկնում են շատ զինվորներ ու նախարարներ, ընկած մնում են բազմաթիվ ծանր վիրավորներ, շատերն էլ հալածվելով դիմում են փախուստի։ Մանվելի գունդն ընկնում է փախչող արքայական զորքի մնացորդների հետևից։ Այդ ժամանակ դաշտում ընկած դիակների և ծանր խոցված վիրավորների միջով անցնում էր Մամիկոնյան տոհմից Համազասպյան անունով սեպուհը3, իր ասպարակիր զինվորների հետ։ Վիրավորների մեջ էր նաև արքայական զորքերում կռվող Ռշտունյաց գավառի տեր Գարեգինը՝ Համազասպյանի քրոջ ամուսինը, որի կնոջը՝ Համազասպուհուն, պարսիկները կենդանի կախել էին Վանի բերդի աշտարակից։ Գարեգինը ոչ խոցված էր, ոչ էլ վնասված, պարզապես ձիուց վայր էր ընկել և ոտքը ցավեցրել։ Նա տեսնելով իր կողքից անցնող աներորդուն, ձայն է տալիս. 
— Տեր Համազասպյան, ինձ էլ օգնիր, հրաման տուր ձի բերել ինձ, որ հեծնեմ։ 
— Ո՞վ ես դու, — հարցնում է Համազասպյանը։ 
— Ես Գարեգին Ռշտունին եմ, ձեր փեսան։ 
Համազասպյանը հրամայում է իր հետ եկող վահանավորներին. 
— Իջեք, վահաններդ վրան դրեք, պահպանեք, մինչև ձի ուղարկեմ։ 
Համազասպյանը գնում է, իսկ վահանավորները իջնում են ձիերից, վահանները դնում Գարեգինի վրա, պահապան կանգնում։ Այդ պահին նրանց է մոտենում Մանվելի զորքի ասպարակիրների հրամանատար Դանուն։ Տեսնելով պահակ կանգնած վահանավորներին, հարցնում է. 
— Ո՞վ է դա, և ինչո՞ւ եք դուք իջել, կանգնել այստեղ։ 
— Սա Գարեգինն է՝ Ռշտունյաց տերը, — պատասխանում են զինվորները, — մեզ Համազասպյանը հրամայեց իջնել, պահպանել նրան։ 
Դանուն սաստիկ բարկանում է, զայրացած ասում. 
— Համազասպյանը գուցե ուզում է դրան դարձյալ իր փեսան դարձնել և իր Համազասպուհի քրոջը դրան կնության տալ. դրա համար սրան խնայեց և հրամայեց պահպանել։ 
Դանուն իսկույն ձիուց վայր է ցատկում, քաշում թուրը, կատաղած հարձակվում Գարեգինի վրա, կտոր-կտոր անում, ցրում մի կողմ։ 
Մանվելի զորքն աստիճանաբար վերադառնում է հետապնդումից, իր հետ բերում ձերբակալված շատ նախարարների, նրանց թվում էին նաև Մուշեղին չարամտորեն սպանող Բատ Սահառունին՝ իր որդու հետ, և բոլոր նրանք, ովքեր նպաստել էին այդ սպանությանը։ 
Մանվել սպարապետը հրամայում է՝ նախ Բատ Սահառունու աչքի առաջ մորթել նրա որդուն, ապա գլխատել է տալիս Բատին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին Մուշեղի սպանությանը։ Իսկ Վարազդատ թագավորին հալածելով, քշում են Հայոց աշխարհի սահմաններից դուրս։ Նա գնում է Հունաց աշխարհ, ուր և մնում է ու մահանում։ 
Մանվել սպարապետը նվաճում է Հայոց աշխարհը, իր շուրջն է հավաքում երկրի բոլոր մեծամեծներին ու նախարարներին, կանգնում նրանց գլուխը, դառնում առաջնորդ, թագավորի փոխարեն իր ձեռն է առնում Հայոց աշխարհի իշխանությունը և երկիրը պահում շեն ու լի։ Նա իր խնամքի տակ է վերցնում Պապ թագավորի կնոջը՝ Զարմանդուխտ տիկնոջն ու նրա զույգ մանկահասակ զավակներին՝ Արշակին ու Վաղարշակին։ Պատանի արքայազների դայակն ու սնուցողը ինքն է դառնում, իսկ Զարմանդուխտ տիկնոջը պահում է մեծ պատիվներով ու հոգատարությամբ իբրև թագուհու։
---------------------------------- 
* «Մանվել» գլուխն ամբողջապես շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։ 
1 Փարսախը երկարության չափ է, մեկ փարսախը հավասար է 5250 մետրի։ 
2 Ասպարեզը երկարության չափ էր Հին Հայաստանում։ Մեկ ասպարեզը սովորաբար հավասար էր 230,1 մետրի։ Կային նաև այլ չափի ասպարեզներ։ Բառը ծագում է պարսկերենից և նշանակում է ձիարշավ, ձիընթացարան, այսինքն՝այն հրապարակը, որտեղ ձի են քշում։ Հետագայում բառը օգտագործվել է նաև երկարության չափի իմաստով։ 
3 Նախարարական տոհմից սերված իշխան, ընդհանրապես ազնվական ծագում ունեցող անձ։ 

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.Blognews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets