ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.12.2013

ՀԱՅ – ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Սպասումը երկար չի տևում։ Պարսից թագավորը իր զորավար Գումանդ Շապուհին քառասունութ հազար զորքով ուղարկում է Հայոց աշխարհ, որպեսզի գա, երկիրն ավերի և լուծի իր կոտորված հեծելազորի վրեժը։ 
Մանվելն այդ իմանալով, հավաքում է քսան հազարանոց զորք, ելնում Գումանդ Շապուհի դեմ։ Նա Ատրպատականի մոտ գլխովին ջարդում է պարսից զորքը, Գումանդ Շապուհին սպանում և մեծ հաղթանակով վերադառնում։ 
Պարսից թագավորն այս անգամ Հայոց աշխարհի վրա ուղարկում է տասնութ բյուր զինվորներից բաղկացած մի հսկա բանակ, իր զորավար Վարազի գլխավորությամբ։ 
Մանվել սպարապետը Վարազի զորքի դեմ է հանում տասը հազարանոց լավ սպառազինված հեծելազոր, քաջաբար կռվում, ջարդում, բնաջինջ է անում պարսից ահռելի բանակը, Վարազին սպանում, մեծ ռազմավարով և հաղթանակով վերադառնում։ 
Այնուհետև պարսից թագավորը Հայոց աշխարհի դեմ է հանում քառասուն բյուր զորք՝ Մռկան զորավարի հրամանատարությամբ։ Պարսից զորքը գալիս, գրավում է Հայոց աշխարհի մի մասը և Արտանդան դաշտում բանակ դնում։ Մանվելը գիշերով հարձակվում է պարսից բանակի վրա, թշնամու ամբողջ զորքը հենց բանակատեղում սրի քաշում, բոլորին կոտորում, սպանում նաև Մռկան զորավարին և ավարի ենթարկում պարսից զորքի ողջ ունեցվածքը։ Այդ հաղթանակից հետո պարսիկները յոթ տարի շարունակ այլևս չհանդգնեցին արշավել Հայոց աշխարհի վրա։ Երկիրը խաղաղվում է, պատերազմների հետևանքով տարբեր տեղեր ցրված փախստականները վերադառնում են, համախմբվում Մանվել սպարապետի շուրջը, և յոթ տարի Հայոց աշխարհն ապրում է խաղաղ ու անհոգ կյանքով։ 
Այդ տարիներին Մանվել զորավարի մոտ են գալիս Սյունյաց նախարարական տոհմից պարսիկների կոտորածներից փախած և ազատված երեք պատանի՝ Բաբիկ, Սամ և Վաղինակ: Մանվել սպարապետը սիրով ընդունում է այդ պատանիներին, հովանավորում, նրանց ուղարկում իրենց երկիրը՝ Սյունիք. Բաբիկին Սյունյաց տեր ու նահապետ է նշանակում, իսկ Սամին ու Վաղինակին էլ կալվածքներ, գյուղեր ու ագարակներ շնորհում։ Բաբիկն այնուհետև դառնում է Մանվել զորավարի նիզակակիցն ու աջակիցը իր ամբողջ կյանքի ընթացքում։ 
Մանվել սպարապետը ուրիշ իշխանական տներում ու գավառներում էլ է նոր նահապետներ ու տանուտերեր նշանակում, խաղաղությամբ կառավարում բոլորին։ 
Ամբողջ Հայոց աշխարհը Մանվելի հովանու տակ ապրում է խաղաղությամբ, ուրախությամբ և լիառատ կյանքով։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets