ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.12.2013

ԱՆԴՈԿ ԵՎ ԲԱԲԻԿ*


Սյունյաց Անդոկ նահապետը հայ ուրիշ նախարարների հետ միասին հաճախ էր լինում պարսից Շապուհ թագավորի արքունիքում։ Անդոկը հայ իշխանների մեջ ամենաճոխն ու փառավորն էր։ 
Շապուհ թագավորը իր հզոր աշխարհակալական իշխանությամբ հղփացած, կամենում է քննել և պարզել, թե որ ազգն ու իշխանական տոհմը ունի արքայական բարձի ու պատվի իրավունք։ 
Այդ առթիվ նա մի օր իր պալատում ճոխ խնջույք է կազմակերպում, հրավիրում է պարսից հնամենի տոհմերի նախարարներին, այդ թվում նաև արքունի դռանը եղած հայ իշխաններին։ Շապուհը պարսից բոլոր մեծամեծներին, ըստ նրանց իշխանական գահի և աստիճանի, պատվում է գավաթով և ուռենու ճյուղով։ Իսկ մոգպետաց մոգպետին1 արժանին հատուցելով, նստեցնում է արքայական սեղանի ամենապատվավոր տեղում։ Շապուհը խորհրդակցելով պարսից մեծամեծների հետ, դիմում է հայ նախարարներին հետևյալ խոսքերով. 
— Պարսից և պարթև բնիկ պահլավիկների, ինչպես նաև մյուս ազնվականների աստիճանը ես լավ գիտեմ։ Բայց ահա հայոց ազնվական տոհմերի և նրանց նախապատվության աստիճանի մասին մենք ոչինչ չկարողացանք իմանալ՝ ոչ մեր նախնի թագավորներից, ոչ էլ հին մատենագիրներից։ Արդ, հայ նախարարներիդ համար երկու ելք կա. կամ հնագույն գրավոր վկայությամբ պիտի կարողանաք ապացուցել և հաստատել յուրաքանչյուր տան աստիճանն ու պատիվը և դարձյալ արժանանաք մեր շքեղաշուք մեծարանքին, կամ էլ, եթե չեք կարողանա արյաց այս խորհրդի առջև այդ ապացուցել, ապա ձեր նախանիստ բարձն ու պատիվը, տունը, հողը, ջուրը և ձեր բոլոր ունեցվածքը արյաց ազնվականներին կնվիրեմ և ձեզ շնորհազուրկ անելով, ազատ կարձակեմ։ 
Հայոց իշխանները հենց նույն ժամին միմյանց հետ խորհուրդ են անում և բերում, Շապուհ թագավորի առաջն են դնում Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»։ Թագավորը հրամայում է այն թարգմանել պարսկերեն։ Երբ Շապուհն իմանում է, որ այդ պատմությունը սկիզբ է առնում իր նախնի Արտաշիր Սասանյանից, շատ է ուրախանում, փառաբանում գիրքը և խանդաղատանքով վերցնում, դնում աչքերին։
Շապուհ թագավորն այդ գրքում գտնելով հայոց տասնյոթ իշխանական տների բարձերի ու աստիճանների ցուցակը, հրամայում է ըստ այնմ բաշխել հայոց նախարարների տեղերը արքունական սեղանի շուրջը։
Սյունյաց տեր Անդոկին բաժին է ընկնում տասնչորսերորդ բարձը։ Անդոկը այդ ցածր աստիճանից խիստ վիրավորված, ձեռ չի տալիս կերակուրներին և սեղանից ոչինչ չի ճաշակում։ Թագավորն զգում է նրա վիրավորանքը, բայց զանց է առնում և ուշադրաթյուն չի դարձնում։ 
Այդ ժամանակ լուր է հասնում, թե խազարների2 բազմամբոխ հրոսակները դուրս են եկել Ճորա դռնից3 և ներխուժել Հայոց աշխարհ։ Շապուհը մեծաքանակ ու բազմազգ զորք է հավաքում և ելնում խազարների դեմ կռվելու։ 
Շապուհից վիրավորված Անդոկը այդ կռվին չի մասնակցում և դավաճանաբար մի կողմ է քաշվում։ Օգտվելով Շապուհի բացակայությունից, նա առնում է իր հազար յոթ հարյուր ժիր ու ընտիր հեծյալներից բաղկացած գունդը, գնում, հասնում է Տիզբոն։ Անդոկն իր զորքը թաքցնում է քաղաքից դուրս և մի փոքրիկ ջոկատով մտնում քաղաք և անմեղ ձևանալով, հարցնում. 
— Որտե՞ղ է Շապուհ թագավորը, ես Շապուհի մոտ եմ եկել։ 
Քաղաքացիք նրան ընդունում են մեծ պատվով ու հարգանքով։ 
Առավոտյան, երբ քաղաքի դռները բացվում են, զորքը ներս է գալիս և սկսում է կողոպտել բոլոր մեծամեծների, ինչպես նաև թագավորական տները, հափշտակում անթիվ ոսկի և արծաթ, գոհարեղեն ու թանկարժեք քարեր, առհասարակ ամեն ինչ, որ կարելի էր տանել։ Անդոկն այդ վիթխարի հարստությունները հափշտակելով, բերում է Սյունիք, թաքցնում Բաղաբերդ ամրոցում։ Ապա հրամայում է իր ենթակա բոլոր գավառներում այրել անասունների համար պահեստված դարմանի պաշարները, իսկ ինչ որ մարդկային ուտելիք է, հավաքել և ամբարել Բաղաբերդում։ Նա Վաղաբերդում հավաքել և կուտակել է տալիս բոլոր զենքերը, զրահները, ձիասարքերը։ Այնուհետև հրամայում է Սյունիքի բոլոր բնակիչներին՝ այրել իրենց տներն ու ամբարները և երկրից հեռանալ։ Բոլոր եկեղեցիներից հավաքում են թանկագին անոթներն ու ունեցվածքը, սրբերի մասունքները, բերում Շաղատի եկեղեցին, ութ օր անընդմեջ եկեղեցական պաշտոն կատարում, որից հետո Շաղատի եկեղեցին ծածկում են հողով, դարձնում մեծ հողաբլուր, իսկ երկրի բնակիչներն էլ ցրվում, գնում են Սյունիքի սահմաններից հեռու։ 
Սյունիքն ամայանում է, դատարկվում և ոչ ոք չէր հանդգնում անգամ այդ աշխարհի անունը տալ։ 
Պարսից Շապուհ թագավորը վերադառնում է պատերազմից, իմանում Անդոկի պատճառած աղետները և ցասումով լցված, հրամայում է իր բոլոր զորքերին՝ գնալ Սյունիք, գերել ու բերել բոլոր մարդկանց ու անասուններին։ 
Պարսից զորքերը գալիս են Սյունիք, բացի ամայությունից ու դատարկությունից ոչինչ չեն գտնում։ Նրանք գալիս հասնում են Շաղատի եկեղեցաբլուրը, բարձրանում բլրի գագաթը։ Եվ այդ պահին ահեղ երկրաշարժ է լինում, սարսափած պարսից զորքերը իրենց զորավար Աթաշխոդայի հետ այդտեղից արագ թողնում են հեռանում։ Նրանք գալիս, պաշարում են Բաղաբերդը և սկսում բերդի դեմ կռվել։ Պաշարվածները բերդի զառիվայրից մեծ-մեծ վեմեր են ցած գլորում և շատերին կոտորում: Պարսիկները երկրորդ և երրորդ անգամ են անցնում կատաղի հարձակման, սակայն, բացի մեծամեծ կորուստներից, ոչինչ չեն կարողանում անել։ Պարսից թագավորը զայրացած՝ հրամայում է առավել սաստկացնել հարձակումը, բայց բոլոր մեծամեծները ընկնում են թագավորի ոտքերը, աղաչում դադարեցնել կռիվը և բավարարվել սոսկ ամրոցի շրջակայքը ավերելով։ 
Անդոկը հարմար ժամանակ է գտնում, թողնում է բերդը և մեծ հարստություն հետը վերցնելով, գաղտնի հեռանում է Հռոմեյացոց աշխարհը։ Այնտեղ նա պատվի և ընդունելության է արժանանում, բնակվում և այնտեղ էլ մահանում է։
Շապուհը մոխրով լիքը մի պդնձե սանդ է դնում իր պալատի դռանը, որպեսզի ով որ գա պալատ սանդը ծեծի ու ասի, 
— Սյունյաց տերությունը, նրա կյանքն ու խորհուրդը այս մոխրի նման ցած թափվի։ 
Անդոկի որդի Բաբիկը, սակայն, օտարության մեջ երկար չի դիմանում, ինչպես հարազատ ծնողի՝ կարոտում է իր հայրենիքն ու իր բնիկ աշխարհը։ Եվ որպեսզի ձեռք բերի իր հայրենական տերությունը, նա անցնում է Պարսից աշխարհ, ծառայության մտնում Շապուհ թագավորի արքունիքում։ Նա բազում սխրանքներ է կատարում պարսից ոլիմպիական խաղերում, և ոչ ոք չի ճանաչում, թե ո՞վ է նա կամ որտեղացի։ 
Այդ ժամանակ հոների առաջնորդ Հոնագուրը ավարի է ենթարկում Պարսից աշխարհը, ապա դեսպան է հղում Շապուհ թագավորի մոտ և ասում. 
— Ինչո՞ւ ենք այսքան զուր արյուն թափում, բազում զորքեր կոտորում, եկ, մենամարտենք՝ դու և ես։ Շապուհին հայտնում են Բաբիկի մասին և ասում, որ միայն նա իր քաջությամբ ու հզորությամբ կարող է արժանի ախոյան դառնալ Հոնագուր հսկային։ 
Արքայից արքա Շապուհը իր մոտ է կանչում Բաբիկին, նրան հանձնում վարազագիր մատանիով կնքված արքայական որոշումը և ասում. 
— Եթե դու իմ մեծ վրեժը լուծես, ապա ես քեզ մեծագույն պարգևների կարժանացնեմ։ Բաբիկը խոստանում է կատարել արքայի կամքը, ապա ձեռները բարձրացնելով, կանչում. 
— Սյունյաց եկեղեցիներ, ինձ օգնության հասեք։ 
Բաբիկը վերցնում է իր զենքերը, արքայական շքեղ զրահով զրահավորվում, վարդակերտ սաղավարտով զարդարում իր գեղեցիկ գլուխը, սուսերը կապում մեջքին, ոսկեկապ վահանը գցում ձախ ուսին, աջ ձեռքին բռնում սրածայր նիզակը, հեծնում սևաթույր ու արագավազ նժույգը և մենամարտի ելնում իր ահեղ ախոյանի դեմ։ 
Հոնագուրը վիթխարահասակ հսկա էր՝ պինդ զրահավորված, հսկայական գլխին կրում էր բևեռապինդ սաղավարտ, երեք թիզ լայնություն ունեցող ճակատը պատել էր պղնձե հաստ թիթեղներով, ձեռին բռնել էր մայրի փայտից շինված ահռելի նիզակը, կողքից կախել մեծ ու բոցափայլ սուսերը։ Նրա սոսկ արտաքինը դիտողին ահ ու սարսափ էր ազդում։ 
Բաբիկը տեսնելով վիթխարահասակ հսկային, ասպանդակում է իր սևաթույր նժույգը և խոյանում ախոյանի վրա։ Հոնագուրն էլ իր հերթին է հարձակվում Բաբիկի վրա, և սկսվում է մի ահռելի մենամարտ։ Նրանց նիզակների շառաչյունից դղրդում էր ամբողջ շրջապատը։ Առավոտից մինչև երեկոյան ժամը ինը նրանք մաքառում են իրար դեմ։ Հոնագուրը հոգնում է, հարվածների ուժը թուլանում, որից օգտվում է Բաբիկը և քաշելով սուսերը՝ ուժեղ հարվածով գլխատում իր արյունռուշտ ախոյանին։ 
Հաղթական մենամարտից հետո պարսից Շապուհ արքան մեծ ցնծությամբ ընդունում է Բաբիկին և առաջարկում իր խոստումները կատարել։ Բաբիկը խոսք է խնդրում թագավորից և ասում. 
— Արքա՛, հրամայիր մեջտեղից վերացնել Սյունյաց տերության անարգանքի սանդը, որ դրված է քո պալատի առաջ։ 
Թագավորը այս խոսքերից մնում է խիստ զարմացած, բայց հրամայում է սանդը պալատի առջևից վերցնել։ Ապա Բաբիկը պարսից թագավորին խնդրում է իրեն վերադարձնել իր բնիկ ու հարազատ աշխարհը՝ Սյունիքը։ 
Շապուհ թագավորը մեծ սիրով Բաբիկին է շնորհում իր հայրենի աշխարհը և մեծամեծ պատիվներով նրան առաքում է Սյունիք։ Նա միաժամանակ Բաբիկին է շնորհում Բագրատունի և Մամիկոնյան նախարարական տներին հավասար իշխանական պատիվ և իրավունք։ 
Բաբիկը Սյունիք վերադառնալիս, երբ անցնում է Երասխ գետը, շինում է մի գյուղ, անունը դնում Ակորզ, այսինքն՝ հայրենիքից առաջին կորզվածը։ 
Բաբիկը գալիս, հաստատվում է Սյունիքում։ Իր իշխանության առաջին տարում նա հաճախ էր դուրս գալիս որսի, շրջում ու դիտում էր իր անմարդաբնակ աշխարհը։ Մի անգամ դարձյալ որսի է ելնում, գալիս հասնում է Շաղատ, բարձրանում բլուրը, տեսնում մի փախչող եղջերու։ Բաբիկն ընկնում է եղջերուի հետևից, հետապնդում։ 
Եղջերուն փախչում, բարձրանում է եկեղեցու բլուրը և անհայտանում։ Բլրի վրա Բաբիկի ձիու ոտները խրվում են հողի մեջ։ Ձիուց իջնում է և հազիվ մի կերպ կարողանում է ձիու ոտները հողից հանել։ Բաբիկի հետ եղած մարդկանց ահ ու սարսափ է պատում։ Նրանք սկսում են հողը փորել և բացում են մի հոյաշեն եկեղեցի՝ աստվածային գանձերով և անուշ բույրերով լցված։ Այնուհետև ամեն տարի այդ օրը Սյունիքում նշվում է իբրև նշանավոր տոն՝ ի հիշատակ եկեղեցու բացման։
--------------------------------
* «Պարսից պատերազմ» վեպն ավարտվում է 5-րդ դարի սկզբների պատմական իրադարձություններին վերաբերող վիպական դրվագներով։ Սակայն այդ վեպը ժողովրդի հիշողության մեջ երկար պահպանվել է և ենթարկվել հետագա դարերի պատմական ազդեցությանը։ 5-րդ դարից հետո եկող հայ պատմիչների երկերում (Սեբեոս — 7-րդ դար, Հովհան Մամիկոնյան — 8-րդ դար, Մովսես Կաղանկատվացի — 11-րդ դար, Ստ. Օրբելյան — 13-րդ դ.) պահպանվել են «Պարսից պատերազմ» վեպի առանձին դրվագներ, իբրև հին ավանդական զրույցներ, անշուշտ, կերպարանափոխված և հետագա դարերի պատմության ազդեցությանը ենթարկված։ Հին վեպի այդ առանձին դրվագները պահպանվել են Հայաստանի այն գավառներում, որոնց դրանք վերաբերել են. Սյունյաց Անդոկ և Բաբիկ իշխանների մասին զրույցներն, օրինակ, պահպանվել են Սյունիքում, Մուշեղ Մամիկոնյանի մասին զրույցները՝ Տարոնում և Սասունում։
Այս շարքում, ահա, դրվում են «Պարսից պատերազմ» վիպաշարին վերաբերող այն զրույցները, որոնք կամ իսպառ բացակայում են վեպն ավանդած 5-րդ դարի պատմիչների (Ագաթանգեղոս, Փ. Բուզանդ, Մ. Խորենացի) երկերում, կամ էլ իրենցից ներկայացնում են «Պարսից պատերազմ» վեպի առանձին միջադեպերի նոր տարբերակներ։
* Շարադրված է ըստ Մ. Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» և Ստ. Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսականի» երկերի։
1 Մոգպետը պարսից քուրմն է, մոգպետան մոգպետը՝ քրմապետը, զրադաշտական կամ մազդեզական կրոնի գլխավոր արարողապետը։
2 Խազարներ կամ խազիրները թուրքական լեզվաընտանիքին պատկանող վաչկատուն, անասնապահ ժողովուրդ էին, որ բնակվել էին Հյուսիսային Դաղստանի և ստորին Վոլգայի միջև։
3 Ճորադուռ կամ Ճորապահակ համապատասխանում է այժմյան Դերբենդ քաղաքին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets