ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.12.2013

ԳԱՆՁԱԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ձիրավի հաղթական ճակատամարտից փոքր-ինչ անց աղվանների Ուռնայր թագավորը գաղտնի սուրհանդակ է ուղարկում Մուշեղի մոտ և հայտնում հետևյալը. 
«Նախ՝ շատ շնորհակալ եմ քեզանից, որ աստված ինձ քո ձեռը հանձնեց, բայց դու ինձ խնայեցիր, չսպանեցիր։ Քանի կենդանի եմ, այդ քո լավությունը երբեք չեմ մոռանա։ Բայց ես ուզում եմ քեզ հայտնել հետևյալը, պարսից Շապուհ թագավորը մեծ զորք է հավաքել և պատրաստվում է անսպասելի հարձակում գործել քեզ վրա։ Իմացիր այդ և քո բանը տես»։
Մուշեղն անմիջապես այս լուրը հայտնում է Պապ թագավորին։ Պապը շտապ կարգով պատրաստվում է պատերազմի։ Նախ՝ հունաց ստրատելատի միջոցով հունաց զորքերը, որոնք կենտրոնացված էին Ատրպատականի Գանձակ քաղաքի շրջակայքում, շարժում, բերում է դեպի Հայաստանի սահմանները։ Նույն տեղում է բերում կենտրոնացնում Մուշեղ զորավարը նաև հայոց բոլոր զորքերը, թվով իննսուն հազար մարդ, բոլորն էլ լավ զինված, ընտիր նիզակավորներ, չհաշված նրանց հետ եկող ասպարակիրներին։ Բոլոր զորքերն ու զորավարները կենտրոնանում են Պարսկաստանին սահմանակից Ատրպատականի մերձակայքում։ Երկրում մնում են միայն Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը, որը հրամայում է ժողովրդին՝ երկրով մեկ աղոթել պատերազմի ելած զորքերի համար, հանուն նրանց հաղթանակի։ 
Իսկ պարսից Շապուհ թագավորը, անտեղյակ այս ամենին, իր ամբողջ զորքով գալիս, հասնում է պատերազմի վայրը և մնում զարմացած, հունաց և հայոց զորքերը կազմ ու պատրաստ կռվի են սպասում։ Երկու կողմերն էլ առանց հապաղելու ճակատ են կազմում և անմիջապես անցնում կռվի։ 
Հակառակորդ ճակատներն իրար են խառնվում։ Հայոց նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվում են պարսիկների վրա և հենց Շապուհի դիմաց՝ ձիերի վրայից նիզակներով հարվածում են իրենց ախոյաններին, քաջաբար գետին տապալում։ Հենց որ պարսիկներից մեկը հայ զինվորների հարվածից գետին էր տապալվում, հայոց ամբողջ զորքը ոգևորված աղաղակում էր. 
— Ա՛ռ, քաջ Արշակ։ 
Եվ ինչքան պարսիկներից մարդ էր գլխատվում, սպանվում, հայոց զորքը միահամուո ու միաբերան բացականչում էր. 
— Մատաղ եղիր մեր Արշակ թագավորին։ 
Եվ այդպես շարունակ, ամբողջ ճակատամարտի ընթացքում, յուրաքանչյուր գետին տապալված կամ մորթված, գլխատված պարսից հակառակորդի հայ զինվորները նվիրում էին իրենց նախկին թագավոր Արշակին։ 
Իսկ հայոց հարձակվող նիզակակիր գնդերի թիկունքը պահում էին հունաց լեգեոնների1 բազմությունն ու հայ ասպարակիրները, որոնք վահաններով ամուր պատսպարված, կանգնած էին բերդի նման։ Հենց որ պարսից զինվորները փոքր-ինչ վանում էին հունաց կամ հայոց նիզակավորներին, սրանք արագ հետ էին նահանջում, իսկ թիկունքում կանգնած ասպարակիրներն ու վահանավորները բաց էին անում իրենց վահանները, նահանջողներին ներս ընդունում, փակում, պատսպարում։ Մի փոքր հանգստանալուց ու շունչ քաշելուց հետո նիզակավորները նորից դուրս էին գալիս, ինչպես ամուր բերդից, հարձակվում պարսիկների վրա, անթիվ ու անհաշիվ մարդիկ էին իրենց ոտների տակ գլորում, սպանում կամ գլխատում և կրկնում նույն քաջալերիչ խոսքերը իրենց Արշակ թագավորի հասցեին։ 
Այդ օրը հայոց գնդերն ու նրանց Մուշեղ զորավարը, հունաց զորքերն ու նրանց Տերենտ ստրատելատը փառավոր հաղթանակ են տանում։ Պարսից Շապուհ թագավորի բազմությունը գլխովին ջախջախվում է, իսկ Շապուհն ինքը սակավաթիվ մարդկանցով փախչում է պատերազմի դաշտից։ 
Մուշեղ սպարապետն ու Տերենտ ստրատելատը Դղակ մարդպետին երեսուն հազար զորքով սահմանապահ են թողնում Գանձակում, իսկ իրենք հաղթական մեծ շուքով ու ավարով վերադառնում են իրենց Պապ թագավորի մոտ։ 
Երբ Շապուհ թագավորը հասնում է իր երկիրը, յուրայիններին զարմանքով ու հիացմունքով պատմում է հայոց կռվող գնդերի քաջության մասին։ 
— Զարմացել եմ ես իմ տեսածի վրա, — ասում է նա, — շատ եմ զարմացել։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել և տարի չի եղել, որ առանց կռվի անցկացրած լինեմ, բայց այսպիսի թեժ ու եռանդուն, ջերմ ու նվիրված կռիվ ես առաջին անգամ տեսա։ 
Երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, կարծես մի բարձր լեռ կամ հաստ ու հզոր, անսասան աշտարակ էր մեզ վրա գալիս։ Իսկ երբ մենք էինք նրանց փոքր-ինչ վանում, ապա նրանք արագ պատսպարվում էին հոռոմների2 լեգեոնների մեջ, որոնք իրենց կից առ կից վահանները բաց անելով, նրանց ներս էին առնում, ինչպես պարսպապատ ամրոցի մեջ։ Այնտեղ փոքր-ինչ շունչ առնելով, նրանք նորից դուրս էին գալիս ու կռվում այնպիսի կատաղությամբ, որ արյաց զորքերին գլխովին ոչնչացրին։ 
Մեկ ուրիշ բանի վրա էլ եմ մնացել զարմացած, դա հայոց զորքի միասիրտ համերաշխությունն է, հավատարմությունն ու տիրասիրությունը իր թագավորի նկատմամբ։ 
Արդեն քանի տարի է, ինչ նրանց տերը՝ Արշակ թագավորը, չկա, նրանց համար կորած է, բայց հայ զինվորները կռվելիս նրանով էին քաջալերվում։ Երբ նրանք իրենց ախոյաններին ձիերից ցած էին գլորում, բոլորը միաբերան բացականչում էին՝ «Արշակ, առ», իսկ եթե սպանում էին՝ նրան էին նվիրում, կարծես թե թագավորն իրենց մեջ լիներ, իրենց գլխին կանգնած, իրենց մեջ կռվելիս։ 
Իսկ Մուշեղի մոլեգնած գնդից, «թվում էր, բոց ու կրակ է թափվում, դրոշակներն այնպես էին փողփողում արագ սուրացող գնդի գլխավերևում, կարծես հրդեհի բոց էր անցնում եղեգների միջով։ 
Շատ, շատ եմ զարմացել հայոց զորքի իրենց կորած թագավորի նկատմամբ ունեցած ջերմ ու նվիրական սիրուց, իրենց բնիկ տիրոջ հանդեպ ունեցած այղ չտեսնված տիրասիրությունից։
-----------------------------------
1 Լեգեոնը հին հռոմեական զորքի միավոր էր, տարբեր ժամանակներում՝ բաղկացած 3600-ից մինչև 6000-ի հասնող կռվող զինվորներից։ Նրանց մեծ մասը լավ սպառազինված ծանրազեն մարտիկներ էին, փոքր մասն էր միայն թեթև զինված։
2 Հոռոմներ - բյուզանդացի հույներին տրվող ժողովրդական անվանումներից մեկը, որ ծագում է Հռոմ, հռոմեացի բառերից, իբրև հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի հպատակներ կամ պարզապես բյուզանդացի հույներ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets