ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.12.2013

ՎԱԽՏԱՆԳ ԵՎ ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Պարսից Խոսրով թագավորը երկրորդ անգամ է արշավում Հունաց աշխարհ։ Երբ նա արշավանքի է դուրս գալիս, հիշում է իր քրոջ որդի Միհրանի մահը և Տարոնի վրա է ուղարկում Միհրանի հորեղբայր Վախտանգին՝ երեսուն հազար ընտիր հեծյալներով։ Վախտանգը գալիս է Տարոն, տեսնում մի ընդարձակ ու վայելուչ տեղ, շատ է հավանում և այնտեղ կառուցում քաղաք, տնկում այգի ու պարտեզներ։ Ապա բարձրանում է Տորոս լեռան գլուխը և այնտեղ ամրոց կառուցում, իր անառիկ տեղի պատճառով անվանում Գահար, որտեղից շատ վայրի գազաններ գահավեժ էին լինում։ 
Վախտանգը Պարսկաստանից բերում է իր կնոջը՝ Պորպեսին, և նրա անունով Պորպ կոչում իր նորակառույց քաղաքը։ Այնուհետև Գոռոզ լեռան վրա նա ավան է շինել տալիս և կոչում իր որդու անունով՝ Գրգռոս։ 
Վախտանգը մարդ է ուղարկում Վահանի մոտ և ասում. 
— Քաջ և հզոր բազկի տեր Վահան հսկային՝ աստվածների օգնությամբ ողջույն։ 
Թեպետ շատ տխրեցինք իմ եղբորորդու մահվան պատճառով, բայց հիացանք քո խելքով ու իմաստությամբ։ Այժմ եկել եմ սիրո ու հաշտության նպատակով, ուստի եկ ինձ մոտ և երդվիր, որ այսուհետև չարիք չես գործի և կապրես խաղաղությամբ։ 
Իսկ Վահանը նրան պատասխանում է. 
— Աղբ ճաշակող խոճկորների ցեղից սերված, վատահոգի և թուլամարմին Վախտանգին ողջո՛ւյն: Թեպետ Միհրանի մահվան համար ուրախացա, բայց քո անմտության համար լաց եղա, որովհետև Միհրանի մահը լսելով և իմ զորությունը իմանալով, ինչպե՞ս ես քեզ թույլ տվել գալ ինձ վրա։ Թե սիրո և հաշտության համար ես ինձ մոտ եկել, կնոջդ ինչո՞ւ ես հետդ բերել, գուցե ուզում ես մեր ցեղից զավա՞կ ունենալ։ Կամ եթե դու սիրո և բարեկամության նպատակով ես եկել, ինչո՞ւ իմ հողում քո սեփական քաղաքն ու բերդը շինել տվեցիր։ Շատ լավ գիտեմ, որ դու սուտ ես ասում, շան նման կծկվելով, կյանքդ մահվան վտանգի ես ենթարկում։ Ե՛կ, երկրիցս դուրս արի և խաղաղությամբ գնա, թե չէ՝ էն մահը կբերեմ քո գլխին, որ ամբողջ երկիրը տեսնի։ 
Վախտանգը զայրացած, վեց հազարանոց զորք է ուղարկում Մուշ՝ Վահանի վրա։ 
Վահանին հայտնում են այդ մասին. 
— Իմացիր, պարսից Ռահան զորավարը վեց հազար զորքով քեզ վրա է գալիս։ 
Վահանը գիշերով վերցնում է իր զորքը, գնում Ծծմահոտ կոչված աղբյուրի մոտ, ուր իջեանել էր պարսից զորքը։ Նա սրերով անսպասելի հարձակվում է քնած զինվորների վրա։ 
Այդ ժամանակ Վահանի որդի Սմբատը չի թողնում, որ պարսիկները հեծնեն իրենց երիվարները։ Նա չորս հազար ձի կտրում, առանձնացնում է զորքից, քշում, անցկացնում Արածանի գետը, տանում Հաշտենից գավառի կողմերը և երկու հարյուր ձի, իբրև առաջին հաղթության նշան և ավարաբաժին, ուղարկում է սուրբ Կարապետի վանքին։ 
Իսկ Վահանը սրերով պարսիկներին քշում, դեմ է անում ճահիճներին, շատերին կոտորում, իսկ երկու հարյուր հոգու էլ լցնում ճահիճները, խեղդում։ 
Վահանի տրամադրության տակ կար ընդհանուր առմամբ 28 հազարանոց զորք, որից տասը հազարը որդու՝ Սմբատի ձեռին էր, չորս հազարը՝ Արջուց իշխանի, երկու հազար երկու հարյուրը՝ Պալունյաց իշխանի, վեց հարյուրը՝ Հաշտենից իշխանի, հինգ հազարը՝ Ողնուտի իշխանի, իսկ վեց հազարը՝ անմիջապես Վահանի ձեռին։ Վահանը զորքն այդ կերպ բաժանելով, թողել էր տարբեր տեղերում, իրենց պարտականությունները կատարելու։ 
Այդ կռվում մեծ կոտորած է կատարում Հաշտենից իշխանը իր փոքրաթիվ զորքով։ Նա շտապով կտրում է Ռահանի զորքի գլուխը, մնացած զորքը փախուստի մատնում, զորագլուխն առնում է շրջափակման մեջ և սկսում սաստիկ նեղել։ Պարսիկները աղաչելով փրկություն են խնդրում և առաջարկում՝ փրկագին վճարել։ Վահանն ասում է. 
— Տվեք մեզ Ռահանի գլուխը, մենք ձեզ ազատ կարձակենք։ 
Պարսիկները մոլորված այս առաջարկությունից, ելք չեն կարողանում գտնել։ Ապա բռնում են Ռահանի որդի Վահին և հանձնում Վահանին։ Այդ ժամանակ առաջ է գալիս Հաշտենից իշխանն ու ասում. 
— Կամ մեզ տվեք Ռահանի գլուխը, կամ երեսուն հազար դահեկան փրկագին։ 
Պարսիկներն հոժարում են, վճարում են երեսուն հազար դահեկան և ազատ թողնում, հեռանում։ Վահանը տեսնելով նրանց ազատ ու անվտանգ երթը, զղջում է իր արածը, հարձակվում է պարսիկների վրա և սկսում անխնա կոտորել։ 
Պարսից զինվորները մեծ աղաղակ են բարձրացնում, ասում. 
— Առ ի՞նչ (ինչի՞ համար) նորից կռվի մտաք, ով ավելախոսներ։ Այդ օրից այդ տեղը կոչվում է մի նոր անունով՝ Առինչ։ 
Վահանի զորքը պարսից զինվորներին ցրում է դաշտով մեկ, սաստիկ կոտորում։ Նրանցից ազատվում է միայն հինգ հարյուր ձիավոր, որոնք փախչում, գնում են Վախտանգի մոտ և ամեն ինչ պատմում։ 
Վախտանգը խիստ կատաղում է, իր զայրույթը թափում փրկված զինվորների գլխին և հրամայում հինգ հարյուրին էլ գլխատել։ 
Այնուհետև Վախտանգը ցասմամբ լցված, հրաման է տալիս իր Ասուր զորավարին՝ ութ հազար զորքով գնալ Վահանի վրա։ Ասուրը վերցնում է զորքը, գալիս, Մեղրագետի ափին բանակ զարկում, մարդ ուղարկում Վահանի մոտ, ասում. 
— Ա՛յ չարամիտ Գայլ Վահան, լավ գիտես, որ պիտի ծառայես ու ենթարկվես արյաց արքային, ինչո՞ւ ես զուր տեղը այդպես անամոթ ձևով ըմբոստանում։ Արի մեզ մոտ, դարձիր հարկատու, թե չէ՝ շան նման կսատկես։ 
Վահանն այդ լսելով, վերցնում է վեց հազարանոց զորք և իր որդի Սմբատի հետ ելնում պատերազմի։ 
Երբ գալիս հասնում է Ասուրի զորքի դեմ, կանգնում, Ասուրն սկսում է զայրացնել Վահանին, նրան անընդմեջ Գայլ կոչելով։ Վահանն ասում է. 
— Դա իսկապես իմ անունն է՝ գամ, կոտորեմ, գնամ և նորից գամ։ 
Վահանի որդի Սմբատը աչքը պահում է Ասուրի վրա, կռվելով մոտենում նրան։ Ասուրը տեսնելով պատանի Սմբատին, արհամարհում է նրան, իբրև, ջահելի, ասում. 
— Քարապաշտ հարյորդի, հեռու կաց, որ կարողանամ դուրս գալ իսկական կռվող տղամարդկանց դեմ։ 
Սմբատն ասում է. 
— Սատանայի որդի, իսկապես որ քո անունն Ասուր է, որովհետև քո սուրը բանի աետք չէ, երբ կտրիճների դեմ կռվես, կզգաս քո պարտությունը։ 
Եվ Սմբատը միանգամից սուրը բարձրացնելով, խփում, կտրում է Ասուրի ձիու գլուխը և Ասուրին գետին տապալում։ Ապա հարձակվում է Ասուրի վրա, գլուխը կտրում, գլուխն առնում ձեռին, վերև բարձրացնում, ասում. 
— Փառք քեզ, սուրբ Կարապետ, որ հաղթեցիր հակառակորդիս։ 
Մինչ Սմբատը Ասուրով էր զբաղված, պարսից ինը զինվորներ շրջապատում են Վահանին ու սկսում անխնա հարվածել։ Վահանի ուժը պակասում է, որովհետև ութսուն տարեկան էր, և հուսահատված ձայն է տալիս. 
— Ո՞ւր ես, Սմբատ որդյակ, օգնության հասիր։ 
Սմբատը քաջաբար հարձակվում է հոր շրջապատողների վրա, գոչելով. 
— Օգնի՛ր մեզ, սո՛ւրբ Կարապետ։ 
Սմբատը սրով խփում է Ասուրի որդու գլխին, գլուխը թիկունքի հետ կտրում, գցում գետին, իսկ հորը մյուս շրջապատողներին՝ քաջ արծվի նման հալածում, փախցնում։ Վահանը ոգևորվում է, առաջ անցնում և մինչև արևամուտ պարսիկներին ջարդում ու հալածում։ Պարսից ութ հազարանոց զորքից միայն երեք հազարն է փրկվում, փախչում, գնում Վախտանգի մոտ։ 
Վախտանգը սուս է մնում և մի տարի այլևս չի անհանգստացնում Վահանին։ 
Այդ ընթացքում մեռնում է ծերացած քաջ Վահանը, նրան մեծ փառքով ու հանդեսով տանում, թաղում են սուրբ Կարապետի վանքի դռանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets