ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.12.2013

ՍՄԲԱՏ ԵՎ ՎԱԽՏԱՆԳ

Վահանի մահից հետո Վախտանգը քսան հազարանոց զորք է հավաքում, ուղարկում Սմբատի վրա, առաջարկելով թե. 
— Կամ եկ, պատերազմենք, կամ էլ հնազանդվիր և հարկ վճարիր։ 
Սմբատը հավաքում է ինն հազարանոց զորք, գնում է Անտաք, Վախտանգի դեմ պատերազմի։ Նա հինգ հազար զինվոր թողնում է Մահու ագարակ կոչված բլրի մոտ, մնացած զորքով գնում Վախտանգի զորքի դեմ։ Վախտանգը կարծելով, թե Սմբատի զորքը միայն նրա հետ եղածն է, ինն հազար զինվոր է նրա դեմ հանում, որոնք գալիս, գիշերով շրջապատում են Սմբատին։ Վերջինս կամենում է գիշերով ելնել, հարձակվել շրջապատողների վրա, բայց իր հետ եղած քահանաները խորհուրդ չեն տալիս։ Իսկ Սմբատն ասում է. 
— Վստահ եմ աստծո վրա, որովհետև մաքուր հոգով ու միամտությամբ ծառայել եմ սուրբ Կարապետի և նա կօգնի մեզ և իր ձեռից բաց չի թողնի։ 
Եվ կեսգիշերին Սմբատը ելնում, ոտի է հանում զորքին, զինվորները վառած ջահերը ձեռներին բռնած, հարձակվում են պարսիկների վրա։ Այդ պահին հանկարծ մի հերարձակ մարդ է երևում, որի մազերից լույս էր փայլատակում։ Քաջ Սմբատը տեսնելով նրան, գոչում է զորքին. 
— Քաջալերվեք, զավակներս, չվախենաք, սուրբ Կարապետը մեզ թիկունքից օգնության է հասել և մեզ հետ միացած՝ ինքն էլ է կռվում։ 
Պարսիկները մթության մեջ շփոթվելով, սկսում են իրար կոտորել։ Մյուս կողմից էլ Սմբատի զորքն է սկսում նրանց ջարդել։ Այնքան են կոտորում, որ արյան հեղեղ է ելնում, դիակները քշում, տանում։ Այդ պատճառով էլ այդ տեղավայրը այդ օրից կոչվում է Թիլ1։ 
Պարսիկներին կոտորելուց հետո Սմբատը երկու հարյուր զինվորի կենդանի է թողնում, որ գնան, պատմեն իր հաղթանակի և հատկապես սուրբ Կարապետի մասին, որ գիշերով երևացել էր և օգնել հայերին իրենց հաղթական կռվում։ Ապա պարսիկներից խլված ձիերն ուղարկում է Մուշ, իր որդու՝ Վահան Կամսարականի մոտ, որպեսզի շտապ քաղաքի հետևակը դարձնի հեծելազոր։ 
Վահան Կամսարականը կատարում է իր հոր կամքը, կազմում է երկու հազար հինգ հարյուր հեծյալից բաղկացած հեծելազոր և ուղարկում Սմբատին։ Վերջինս ութ օր պատրաստում է իր զորքը և սպասում թշնամու նոր հարձակման։ 
Ութ օր անց Վախտանգը մեծ զորքով գալիս է Մշո դաշտ, Սմբատի ղեմ պատերազմելու։ 
Սմբատը երկու հազար հեծյալ գիշերով գաղտնի տանում, անց է կացնում պարսիկների թիկունքը և այնտեղ բլրի հետևում, թաքցնում։ Իսկ ինքը վերցնում է ութ հազարանոց զորք, ճակատ կազմում և առավոտ վաղ արագ հարձակվում պարսիկների վրա, որպեսզի նրանց թույլ չտա նկատելու իրենց թիկունքում դարանակալած հայոց հեծելազորին։ 
Երբ ճակատամարտն սկսվում է, Սմբատն ուժեղ ճնշմամբ պարսիկներին ստիպում է նահանջել դեպի բլուրը։ Գրավելով բլուրը, Սմբատը բարձրանում է բլրի գագաթն ու ձայն տալիս. 
— Ո՞ւր եք, քաջեր, առաջ անցեք։ 
Բլրի հակառակ կողմում թաքնված հայոց հեծելազորը թիկունքից հարձակվում է պարսիկների վրա։ Առջևից Սմբատն իր զորքով, հետևից հեծելազորը՝ շրջապատման մեջ են առնում պարսից զորքին, և սկսվում է օրհասական ճակատամարտ։ Հայերն ու պարսիկները խառնվում են իրար, միայն փողերի ձայնից և դրոշակներով են հազիվ միմյանց ճանաչում։ 
Կռվի թեժ պահին իրար դեմ են դուրս գալիս Վախտանգն ու Սմբատը։ Սմբատը սպառնալից ձայնով դիմում է նրան. 
— Կաց, հարճորդի՛, թեպետ բազում մարդկանց ես դու ջնջել, բայց այսօր դու չես պրծնի իմ քաջ տղամարդկանց ձեռից, մեր սրերը քեզ գազանների նման պատառ-պատառ կանեն։ 
Սմբատն առաջ է անցնում, թրով խփում, կտրում է Վախտանգի ազդրի սռնապանը, ծանր խոցում և կամենում ձիուց գետին տապալել նրան։ Իսկ Վախտանգը նիզակով հարվածում է Սմբատի կրծքին, սակայն չի կարողանում ծակել զրահը։ Նիզակը մնում է Սմբատի զրահի մեջ ցցված։ Սմբատը ձայնը բարձրացնում է ու գոչում. 
— Սո՛ւրբ Կարապետ, ինձ թիկունքից հասիր, մենք այսօր քեզ համար ենք կռվում ու մեռնում։ Ապա նիզակով հարվածում է Վախտանգի թիկունքին, ծակում զրահը, թափանցում սրտի մեջ և սիրտը նիզակի տեգի հետ դուրս քաշում։ Սմբատը քաշում է թուրը և իսկույն կտրում Վախտանգի գլուխը, գցում գետին։ Բայց չի կարողանում Վախտանգի գլուխը վերցնել, որովհետև պարսիկներն անմիջապես հափշտակում են իրենց զորավարի գլուխն ու փախչում։ 
Սմբատը, երբ տեսնում է, որ Վախտանգի գլուխը նրա ծառաներից մեկը ձեռին փախչում է, ձիով ընկնում է հետևից, հասնում և մուրճով ուժեղ հարվածում գլխին։ Մուրճը ծռում է սաղավարտը, մտնում գլխի ջարդված ոսկորների մեջ։ Սմբատը հազիվ է կարողանում մուրճը ծռված սաղավարտի միջից հանել։ Պարսիկն այդ պահին Վախտանգի գլուխը ձեռից գցում է ցած ու մեռնում։ Նույն պահին մեկ ուրիշ պարսիկ հափշտակում է Վախտանգի գլուխն ու դարձյալ փախչում։ Սմբատն ընկնում է նրա հետևից ու կանչում. 
— Մի անմտացեք, որովհետև սա արդեն մեոած է, եթե սրտացավ ծառաներ եք և գլուխն եք առած փախչում, ապա իմացեք, որ ձեզ էլ նրա օրը պիտի գցել։ 
Ծառան հետ է դառնում, Վախտանգի գլուխը շպրտում Սմբատի կրծքին, ասում. 
— Տա՛ր, խորովիր և կե՛ր, վա՛յ ձեզ, որ վաղը ուրիշի չեք սպանի։ 
Իսկ Սմբատը վերցնելով Վախտանգի գլուխը, հետապնդում է պարսիկ ծառային ու ասում. 
— Ա՛յ տիրատյաց պարսիկ, ինչո՞ւ քո գլուխը չտվեցիր քո տիրոջ փոխարեն։ Եվ որովհետև այդպես տիրատյաց ես, ես հիմա քո գլուխը քեզանից կհեռացնեմ։ 
Սմբատը սրով խփում, կտրում է պարսիկի գլուխը, գցում գետին և մեծ հաղթությամբ վերադառնում բլուրը։ 
Իսկ Սմբատի զորքը պարսիկներին օղակի մեջ էր առել և անխնա կոտորում էր։ Ոչ մեկին ազատ չեն արձակում, բացի պարսիկ չորս հարյուր ուղտապաններից, որոնք ուղտերի մոտ էին կացել։ Սմբատը հրամայում է նրանցից ոչ մեկին չվնասել, միայն ուղտերը վերցնել։ Ուղտապաններից առնում են 1044 ուղտ և ութ հազար ձի ու ջորի։ 
Կռիվն ավարտելուց հետո Սմբատը հրամայում է՝ սպանված պարսից զինվորներին լցնել բլրի մոտ եղած հեղեղատը։ Այդ օրից բլուրն սկսվում է կոչվել Մահու բլուր։ 
Սմբատը առնում է զորքը և գիշերով գնում Վախտանգի շինած Պորպ քաղաքի վրա։ Զորքը մտնում է քաղաք և որ տանը պարսից լեզվով խոսող են գտնում, բոլորին սպանում, քթերը կտրում, թելի վրա շարում, բերում են Սմբատին։ Հաշվում, տեսնում են, որ սպանվել, է քսանչորս հազար պարսիկ կին, տղամարդ, երեխա։ 
Իսկ Վախտանգի կնոջն ու որդուն գերի են վերցնում, տանում, պահում Այծից բերդում։
------------------------------- 
1 Թիլ կամ թլեր՝ կախարդության, հմայության, սնոտի պաշտամունքի նշան։ Այս դեպքում օգտագործվում է այն իմաստով, որ հայերի հաղթանակը տվյալ տեղում ձեռք է բերվել սուրբ Կարապետի զորությամբ, նրա երևալով և օգնությամբ։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets