ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.12.2013

ԱՐՇԱԿ ԵՎ ԴՐԱՍՏԱՄԱՏ*

Այդ ժամանակներում հայոց Արշակ թագավորը դեռևս կենդանի էր և բանտարկված Պարսկաստանի հեռավոր Անհուշ բերդում։ 
Պարսիկները դադարեցրել էին հայերի դեմ եղած երկարամյա կռիվները, որովհետև քուշանների Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ1 քաղաքում, պատերազմ էր սկսել Արշակունիների թշնամի Սասանյան տոհմի ժառանգ պարսից Շապուհ թագավորի դեմ։ 
Շապուհ թագավորը հավաքում է իր բոլոր զորքերը, այդ թվում նաև Հայոց աշխարհից գերի տարված հեծելազորը և պատերազմի տանում քուշանների դեմ։ Շապուհի հետ քուշանների կռվին մասնակցում էր նաև Արշակ թագավորի հետ Պարսկաստան գերի տարված Արշակ թագավորի ներքինին՝ Անգեղտան իշխան Դրաստամատը։ 
Նա դեռևս Տիրան թագավորի ժամանակներից իշխում էր Անգեղտան վրա, նրան էր ենթակա նաև Ծոփքի Քնաբերդ կոչված բերդը, ուր պահվում էին արքունի գանձերի մի մասը։ Նա մեծ իշխանության տեր էր, սիրված Արշակ թագավորից ու պատիվների արժանացած, և նրա իշխանական դիրքը հայոց մյուս իշխաններից ամենաբարձրն էր։ 
Շապուհի զորքը քուշանների հետ վարած կռիվներում սաստիկ նեղվում է, մեծ ջարդ կրում, մի մասն էլ գերի է ընկնում կամ փախչում։ Այդ ճակատամարտին մասնակցում էր նաև Դրաստամատը։ Նա մեծ քաջագործություններ է կատարում այդ կռվում, քուշաններից շատերին կոտորում, գլուխները կտրում բերում Շապուհի առջև։ Եվ երբ Շապուհը պարտվելով շրջապատվում է քուշաններից, Դրաստամատը անասելի խիզախությամբ մարտնչում է շրջապատողների դեմ և իր մահը աչքն առած, շրջապատումից դուրս է հանում Շապուհին, փրկում նրա կյանքը։ 
Պարսկաստան վերադառնալիս Շապուհը մեծ շնորհակալություն է հայտնում Դրաստամատ ներքինուն նրա ծառայությունների համար, ապա ասում. 
— Դրաստամատ, խնդրիր ինձանից ինչ որ կամենում ես, ես քեզ ոչինչ չեմ մերժի։ 
— Արքա, — ասում է Դրաստամատը, — ես քեզանից ոչինչ չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ հրաման տաս ինձ, գնամ տեսնեմ իմ իսկական տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին։ Ես քեզանից միայն մեկ օրվա տեսակցություն եմ խնդրում և իրավունք, որ թույլ տաս նրան կապանքներից արձակեմ, իմ ձեռով նրա գլուխը լվանամ, օծեմ, ազնիվ զգեստ հագցնեմ, նրա համար սեղան պատրաստեմ, նրա առաջ խորտիկներ դնեմ, գինի մատուցեմ և նվագով նրան ուրախացնեմ։ 
— Դժվար բան խնդրեցիր, — ասում է Շապուհ թագավորը, — որովհետև տարսից թագավորության գոյությունից ի վեր այդ բերդը կոչվել է Անհուշ2 նրա համար, որ ոչ ոք չի համարձակվել թագավորներին հիշեցնել, թե նրանք այնտեղ որևէ մեկին բանտարկել են, կամ էլ չի հիշատակվել որևէ մեկը այն մարդկանցից, որոնց այդ բերդում բանտարկել են. էլ ուր մնաց, որ հիշատակվի իմ հակառակորդը, ինձ հավասար թագավորը, որ իմ հրամանով կապված է այդ բերդում։ Մինչդեռ դու խախտեցիր այդ կարգը և մեզ անհանգստացրիր։ 
Դու, Դրաստամատ, մահդ աչքդ առար և հիշեցրիր Անհուշը՝ անհիշելին, մի բան, որ Արյաց թագավորության մեջ, իր գոյության սկզբից մինչև օրս բնավ չէր պատահել։ Բայց որովհետև մեծ են քո ծառայությունները իմ հանդեպ, թող կատարվի քո ցանկությունը, գնա, ինչ որ խնդրեցիր, տալիս եմ։ Միայն զարմանում եմ, որ դու քո օգուտի համար չես մտածում, փոխանակ ինձանից երկրներ, գավառներ, գանձեր խնդրեիր, քո թագավորին տեսնել ես խնդրում։ Թող դա բացառություն լինի Արյաց թագավորության օրենքի մեջ, գնա, քեզ տվեցի, ինչ որ խնդրեցիր քո ծառայության փոխարեն։ 
Շապուհը Դրաստամատին տալիս է մի հավատարիմ թիկնապահ, արքունական մատանիով կնքված հրովարտակ, որով թույլատրվում էր Դրաստամատին մտնել Անհուշ բերդը, տեսնել իր կապված թագավորին և անել այն, ինչ կամենում է։ 
Դրաստամատը արքունական հրովարտակով ու թիկնապահով գնում է Անհուշ բերդը, հանդիպում իր իսկական տիրոջը՝ Արշակին, արձակել է տալիս երկաթե կապանքները, հանում ոտնակապերն ու ձեռնակապերը, գլուխը լվանում, լողացնում, ապա Արշակին հագցնում է ազնիվ զգեստներ, սեղան սարքում, Արշակին բազմեցնում սեղանի գլխին, նրա առաջ դնում արքայավայել ընթրիք, ընտիր գինի և ինչպես թագավորների կարգն էր, նրան զվարճացնում է և ուրախացնում գուսանների երգ ու նվագով։ 
Ապա ընթրիքից հետո սեղանի վրա աղանդեր ու միրգ են դնում՝ խնձոր, վարունգ, ամիճ, Արշակի առջև դանակ են դնում, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենա։ Իսկ Դրաստամատը իր թագավորի առջև ոտքի կանգնած՝ շարունակ նրան էր ծառայում, ուտելիք, գինի ու միրգ մատուցում, ուրախացնում էր ու մխիթարում։ 
Երբ Արշակը ընթրիքից հագենում է, գինի է խմում, գինին գլուխն է ընկնում, հարբում, հպարտությամբ հիշում է իր նախկին արքայական վիճակը և աղաղակում. 
— Վա՜յ ինձ, Արշակիս, որտեղից ուր ընկա և ինչ օրի հասա։ Դանակը, որ բռնել էր ձեռին և պիտի միրգ կտրեր, ուժգնությամբ խրում է իր սիրտը և տեղնուտեղը իր նստած տեղում մեռնում։ 
Դրաստամատը արագ վրա է ընկնում, դանակը քաշում, հանում թագավորի մարմնից և խրում իր կողը և ինքն էլ նույն ժամին մեռնում իր թագավորի հետ միասին։ 
----------------------------------- 
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։ 
1 Բալխ կամ Բահլ, հնագույն քաղաք հին Բակտրիայում, այժմյան Միջին Ասիայոս Ամու-Դարիա գետի հովտում, հնում եղել է պարսից Կյուրոս թագավորի մայրաքաղաքը, հետագայում վաղ միջնադարում, քուշանների թագավորության մայրաքաղաքը։ Քուշանները իրանական ցեղեր էին, բնակվում էին Միջին Ասիայի հարավում, Հնդկաստանի և Աֆղանստանի հյուսիսում։ 
2 Բերդի անունն այստեղ ենթարկված է ժողովրդական ստուգաբանության, իբր թե այդ անունը նշանակում է անհուշ, այսինքն՝ անհիշելի, անհիշատակելի, անհիշատակ, որ ենթակա չէ հիշվելու կամ հիշատակվելու։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets