ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.12.2013

ՄՈՒՇԵՂ ԵՎ ՇԱՊՈՒՀ

Մեծ Հայքի սպարապետ Վասակի որդի Մուշեղը կազմում է քառասուն հազարանոց զորք՝ բաղկացած ընտիր և հավատարիմ ազնվականներից, նվիրված մարդկանցից, բոլորին ապահովում ձիերով, զենքով, պարենով և իր հետ վերցնելով գնում նստում է Ատրպատականի սահմանամերձ գոտում, թշնամու ներխուժումից պահպանելու Հայոց աշխարհը։ 
Նույն ժամանակ պարսից Շապուհ թագավորը իր զորքով և ամենայն պատրաստությամբ գալիս է Ատրպատական։ Մուշեղ սպարապետը իր քառասուն հազար զորքով մտնում է Ատրպատական, հարձակվում Շապուհի բանակի վրա, բոլորին կոտորում։ Շապուհ թագավորը մի ձիով հազիվ կարողանում է փախչել, ազատվել։ 
Մուշեղը գերի է վերցնում պարսից ավագներից շատերին, ինչպես նաև Շապուհի տիկնանց տիկնոջը՝ բոլոր մնացած կանանց հետ միասին, որոնք գտնվում էին մաշկավարզանում՝ արքայական կանանց վրանում։ Մուշեղը հրամայում է ձերբակալված պարսից ավագներից վեց հարյուր հոգու մորթազերծ անել, մորթիները տիկ հանել, մեջը խոտ լցնել և ուղարկել հայոց Պապ թագավորին։ Իսկ Շապուհի գերված կանանց Մուշեղը չի թույլ տալիս որևէ անարգանք հասցնել։ Ընդհակառակը, նա հրամայում է բոլոր կանանց համար առանձին ժանվար-պատգարակներ պատրաստել, նրանց հարգանքով ու պատվով մեջը նստեցնել և ազատ արձակելով, ուղարկել Շապուհ թագավորին։ Եվ որպեսզի կանանց ոչ ոք չկարողանա անարգել, նա գերված պարսիկներից մարդիկ է առանձնացնում, կանանց հետ դնում իբրև ուղեկիցներ, որպեսզի բոլորը ողջ ու անարատ գնան հասնեն իրենց տիրոջը։ 
Երբ կանայք ողջ ու առողջ, անարատ վերադառնում են, Շապուհը մնում է ապշած ու զարմացած Մուշեղի քաջության, բարության, մեծահոգության ու ազնվության վրա։ Մուշեղն այդ ժամանակ մի սպիտակ նժույգ ուներ, որ իր գեղեցկությամբ շարժում էր անգամ պարսիկների հիացմունքը։ Շապուհ թագավորը իր կանանց նկատմամբ Մուշեղի մեծահոգի վարմունքից հիացած, Մուշեղի պատկերը՝ սպիտակ ձիու վրա նստած, քանդակում է իր գինու գավաթի վրա։ Ամեն անգամ խնջույքների ժամանակ այդ գավաթը լցնում էր գինով, դնում իր առաջ և իր զորքին կամ հյուրերին հյուրասիրելիս՝ բարձրացնում էր գավաթը և ամեն բարձրացնելիս ասում. 
— Ճերմակաձին թող գինի խմի։ 
Իսկ Մուշեղը Շապուհի զորքը ջարդելուց հետո նրա բանակատեղից մեծ քանակությամբ գանձեր ու ունեցվածք է ավարի ենթարկում, բաժանում իր զորքին, լիացնում բոլորին, ապա այդ ավարից մեծ բաժին է հանում Պապ թագավորին, նրա մոտ մնացած զորքին, ինչպես նաև հունաց զորավարներին ու զորքերին։ 
Բայց երբ Մուշեղը իր զորքով վերադառնում է Հայոց աշխարհ, նրա զինվորներից ու զորապետներից ոմանք Պապ թագավորի առաջ ամբաստանում են Մուշեղ սպարապետին թշնամի Շապուհ թագավորի կանանց ազատ արձակելու համար։ Պապը փոքր-ինչ սառում է Մուշեղից, կասկածում նրա հավատարմության վրա։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets