ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.12.2013

ՄԻՀՐԱՆ, ՄՈՒՇԵՂ ԵՎ ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Հունաց աշխարհում Փոկասը սպանում է Մորիկ կայսրին և ինքն է նրա գահին նստում։ 
Պարսից Խոսրով թագավորն այդ իմանալով, մեծ զորք է հավաքում և գնում Մորիկի վրեժը լուծելու։ Երբ Խոսրովը Հունաց աշխարհ գնալիս, գալիս անցնում է Կարին քաղաքի մոտով, մարդ է ուղարկում Տարոնի և Սասունի մարզպան Մուշեղի մոտ և ասում. 
— Ե՛ կ ինձ հետ հունաց թագավորի դուռը, եթե չգաս, իմացիր, երբ վերադառնամ՝ երկիրդ քարուքանդ կանեմ և քեզ, քո ընտանիքի հետ շղթայակապ իմ արքունիքի դուռը կտանեմ։ 
Մուշեղը չի պատասխանում Խոսրովի առաջարկին, փոխարենը սկսում է իր երկիրն ամրացնել։ 
Խոսրովը գնում է Հունաց աշխարհ, բազում գերիներ ու գանձեր ավար առնում, վերադարձին, երբ գալիս հասնում է Կարին քաղաքը, իր քրոջ որդի Միհրանին 30 հազար զորքով ուղարկում է Տարոն, հրամայում՝ Մուշեղին բռնել, տանել Բալխ, իսկ Տարոնի պաշտամունքի տեղերն ավերել, կրոնավորներին էլ կոտորել։
Միհրանը գալիս հասնում է Հաշտյանք գավառը, տեղացիներից մեկին վերցնում է իրեն առաջնորդ, գալիս մինչև Արձան բլուրը։ Տեղի վանքի վանականների մեծ մասը փախչում, ապաստանում է Ողական ամուր ամրոցում, իսկ յոթ խոտաճարակ ճգնավորներ գիշերը մնում են վանքում և սկսում աղոթել աստծուն՝ երկիրն ու ժողովուրդը անհավատ թշնամիներից փրկելու հույսով։ 
Այդ ժամանակ պարսից զորքը լցվում է վանքը, տեսնում արտասվալից աչքերով աղոթող կրոնավորներին, բոլորին սրի քաշում։ 
Մուշեղը հետախույզներ է ուղարկում զննելու պարսիկների զորքերի տեղն ու քանակը։ Նրանք գալիս, տեսնում են կոտորված ճգնավորներին և անմիջապես գնում, տեղեկացնում են Մուշեղին։ Մուշեղն այդ լուրից սաստիկ ցնցվում է և երեք օր լուռ ու անխոս նստում։ 
Մուշեղի զորքը մխիթարության թուղթ է հղում իր զորավարին, գրելով. 
— Ո՜վ երանելի հույսի ճշմարիտ շառավիղ, երջանիկ սպարապետ, նրանց համար մի տրտմիր, նրանք իրենց աղոթքով ամուր աշտարակ են կանգնեցրել մեզ համար։ Այժմ արի դու սթափվիր և մեզ ուղարկիր մեզ վրա եկած Միհրանի դեմ կռվի։ 
Մուշեղը զորքի պատգամը լսելուց հետո, քնից արթնացածի նման իսկույն սթափվում է իր մտքերից և իր մոտ կանչում Վահան Մամիկոնյանին, որին ինքը իշխան էր կարգել Տարոնի վրա։ 
— Որդյակ Վահան, — ասում է նրան Մուշեղը, — դու գիտես իմ կյանքի պատմությունը, դու գիտես, որ հարյուր քսան տարի ես պատերազմ եմ մղել և քրտինքի տեղակ՝ նետի սլաքով իմ ճակատի արյունն եմ սրբել։ Ես անձամբ ութսուներեք ճակատամարտ եմ կազմակերպել ու վարել, բայց այժմ արդեն ծեր եմ ու դողդոջուն։ Իմ օգնականն այժմ աստված է և դու, էլ ուրիշ ոչ ոք։ Իմ քսանամյա որդին, դու գիտես, մեռավ, և այժմ ես ոչ ոք չունեմ։ 
Արդ, լսիր, որդյակ, և լավ հիշիր, եթե մեռնես քո եկեղեցու համար, ապա դու մարտիրոս1 ես, իսկ եթե քո ազգի ու աշխարհի համար ես իջնում մարտի, դա քաջության անուն է և մեծ հերոսություն։ 
Քանի որ ես ուրիշ ժառանգ չունեմ, ուստի երկիրս քեզ եմ հանձնում և քո զավակին։ Գնա՛, կռվիր քո թշնամու դեմ, իմաստությամբ որսա Միհրանին, թող սուրբ Կարապետը քեզ օգնական և պարիսպ լինի։ 
Մուշեղի զորքը մխիթարության թուղթ է հղում իր զորավարին, գրելով. 
— Ո՜վ երանելի հույսի ճշմարիտ շառավիղ, երջանիկ սպարապետ, նրանց համար մի տրտմիր, նրանք իրենց աղոթքով ամուր աշտարակ են կանգնեցրել մեզ համար։ Այժմ արի դու սթափվիր և մեզ ուղարկիր մեզ վրա եկած Միհրանի դեմ կռվի։ 
Մուշեղը զորքի պատգամը լսելուց հետո, քնից արթնացածի նման իսկույն սթափվում է իր մտքերից և իր մոտ կանչում Վահան Մամիկոնյանին, որին ինքը իշխան էր կարգել Տարոնի վրա։ 
— Որդյակ Վահան, — ասում է նրան Մուշեղը, — դու գիտես իմ կյանքի պատմությունը, դու գիտես, որ հարյուր քսան տարի ես պատերազմ եմ մղել և քրտինքի տեղակ՝ նետի սլաքով իմ ճակատի արյունն եմ սրբել։ Ես անձամբ ութսուներեք ճակատամարտ եմ կազմակերպել ու վարել, բայց այժմ արդեն ծեր եմ ու դողդոջուն։ Իմ օգնականն այժմ աստված է և դու, էլ ուրիշ ոչ ոք։ Իմ քսանամյա որդին, դու գիտես, մեռավ, և այժմ ես ոչ ոք չունեմ։ 
Արդ, լսիր, որդյակ, և լավ հիշիր, եթե մեռնես քո եկեղեցու համար, ապա դու մարտիրոս2 ես, իսկ եթե քո ազգի ու աշխարհի համար ես իջնում մարտի, դա քաջության անուն է և մեծ հերոսություն։ 
Քանի որ ես ուրիշ ժառանգ չունեմ, ուստի երկիրս քեզ եմ հանձնում և քո զավակին։ Գնա՛, կռվիր քո թշնամու դեմ, իմաստությամբ որսա Միհրանին, թող սուրբ Կարապետը քեզ օգնական և պարիսպ լինի։ 
Վահանը խոնարհությամբ ընդունում է Մուշեղի առաջարկը, պատգամավորություն է կազմում և ուղարկում Միհրանի մոտ, առաջարկում հաշտվել և թողնել, երկրից գնալ։ 
Միհրանը մերժում է Վահանի առաջարկը, ասելով. 
— Ես այս երկրից չեմ գնա, մինչև Մուշեղ իշխանին չբռնեմ և չտանեմ պարսից թագավորի մոտ։ 
Վահանը պատասխան է ուղարկում Միհրանին. 
— Եթե այս երկիրը իշխանությամբ հանդերձ ինձ տաս, ապա Մուշեղ իշխանին կբռնեմ և քո ձեռը կհանձնեմ։ Ես կամենում եմ Մուշեղի դեմ ապստամբել և քեզ մոտ գալ, ընդմիշտ ազատվել նրա երկյուղից։ 
Միհրանը համաձայնում է Վահանի առաջարկած պայմանին։ Վահանը իջնում է Մուշ ավանը, իսկ Մուշեղը մնամ է ամուր Ողականում։ 
Միհրանի զորքերը կրոնավորներին կոտորելուց հետո անցնում գնում են, Աստեղոն ամրոցը պաշարում, երկու օր մնում են այնտեղ, բայց չեն կարողանում ամրոցը գրավել։ Ապա վերադառնում են Միհրանի մոտ և նրան նկարագրում անառիկ ամրոցի ձևն ու ամրությունները։ 
Երբ Վահանը գալիս է Միհրանի մոտ իր խոստումը կատարելու, Միհրանը նրանից պահանջում է Աստեղոն ամրոցը։ Վահանն ասում է. 
— Այդպես չէ, տեր, ինձ տուր չորս հազար զինվոր, որ գնանք, հարձակվենք ամուր բերդերի վրա։ Դրանց մեջ են պահված Մուշեղի գանձերը, իսկ պաշտպանները բոլորը Մուշեղի մտերիմներն են։ Եթե ես մենակ գնամ, ապա ինձ ապստամբ կարծելով, կբռնանան վրաս և գանձերը իմ ձեռը չեն տա։ Նախ գնանք Օձ քաղաքը3 գրավենք, ապա մյուս բերդերը։ 
Միհրանը համաձայնում է, Վահանին է տալիս չորս հազար ընտիր սպառազեն հեծյալ։ Վահանը պարսից զորքի գլուխն անցած, գնում հասնում է Օձ քաղաքի դռների մոտ։ Նա նախապես քաղաքում իր զինվորների միջոցով մահվան դարան էր պատրաստել։ Հաջորդ օրն առավոտյան Վահանը համոզում է քաղաքի պահապաններին, որ պարսից զորքը ներս թողնեն։ Եվ քանի որ քաղաքի մուտքը նեղ էր, պարսպից զինվորները մեկ–մեկ էին մտնում քաղաք։ Հենց որ զինվորներից մեկը մտնում էր քաղաքի դռնից ներս, Վահանի մարդիկ անմիջապես տուն էին տանում, կողոպտում, գլուխը կտրում և գցում քաղաքի պարսպից դուրս՝ մի չերևացող տեղ։ 
Վահանը չորս հազար զինվորներից հիսունին թողել էր քաղաքի մոտ գտնվող Խարձս գյուղում և պատվիրել, որ եթե ինքը նրանց մոտ մարդ ուղարկի, ապա թող գնան Միհրանից օժանդակ զորք բերելու։ 
Վահանն այդպես էլ անում է. երեք հազար ինը հարյուր հիսուն պարսից զինվոր գաղտնի սպանելուց հետո մարդ է ուղարկում Խարձս` գյուղ Միհրանից օժանդակ զորք ուզելու։ Զինվորները գնում են Միհրանի մոտ և երկու հազար ընտիր զինվոր բերում Վահանի մոտ։ 
Մինչ այդ Վահանը քաղաքացիներին պատվիրում է. 
— Հագեք սպանված պարսից զինվորների զգեստները, հեծեք նրանց ձիերը և դուրս եկեք, շրջապատեք քաղաքը։ Հենց որ պարսից օժանդակ զորքը հեռվից երևա, միահամուռ հարձակվեք քաղաքի վրա, լցվեք ներս, հաղթության փողեր հնչեցրեք և քաղաքի դուռը բաց թողեք, որպեսզի եկող պարսից զորքը կարծի, թե քաղաքը գրավված է։ 
Այդպես էլ անում են։ Երբ պարսից զինվորների զգեստներով ծպտված քաղաքացիները գրոհելով մտնում են քաղաք, օգնության եկող պարսից զորքը ցնծում է ուրախությունից և նրանց հետևից սկսում քաղաք մտնել։ Վահանն ընդառաջ է գալիս պարսից զորքին, ավետում քաղաքի գրավումը և նրանցից քսան զինվոր ուղարկում Միհրանի մոտ, նրան ևս ավետելու իրենց հաղթանակը։ Վահանը հետ է դառնում և հետևում քաղաք մտնող պարսից զորքին։ Երբ պարսից զորքից շատերն էին արդեն քաղաք մտել և մյուսներն էլ դեռ շարունակում էին ներս մտնել, հանկարծ զորքի մեջ կասկած է ընկնում, զինվորներն ուզում են հետ դառնալ, բայց նրանց հետևից գնացող Վահանը չի թողնում։ Մի կողմից Վահանը, մյուս կողմից քաղաքացիները պարսիկ զինվորների մի մասին քշում, լցնում են ճահճուտները և քառասուն զինվորի ճահճախեղդ անում։ Մնացածներին էլ արգելում են քաղաքում, կոտորում, գլուխները հանում, շարում պարիսպների վրա։ Երբ հաշվում են սպանված պարսիկներին, տեսնում են, որ վեց հազարից միայն հինգն են պակաս։ 
Վահանը հրամայում է բոլոր սպանվածների քթերը կտրել և լցնել իր մախաղը։ Ապա վերցնում է յոթ հարյուր զինվոր, գնում Մուշ։ Երեք հարյուր զինվորի թողնում է Մեղտի ավանի անցքում, երկու հարյուր աշտենավոր զինվորների՝ Սասուն տանող ծմակում, իսկ ինքը երկու հարյուր զինվորներով գնում է Մուշ՝ Միհրանի մոտ։ Գնում, մտնում է Միհրանի սենյակը, ասում. 
— Ես քո զորքերից փախել, եկել եմ քեզ մոտ, քո զինվորները ոչ թողեցին ինձ քաղաք մտնել, ոչ էլ ավարից մեզ բաժին տվեցին, իմ զորքն էլ արգելեցին քաղաքում, ես էլ այսպես փախստական դարձած՝ եկել եմ քեզ մոտ։ 
Միհրանը մտածում է նրանց վրա ուղարկել հազար զինվոր, սակայն Վահանը ավելացնում է. 
— Նրանք ապստամբել են քո դեմ և քաղաքը կողոպտելով ու ավարի ենթարկելով, կամենում են իրենց կողոպուտով Հունաց կողմն անցնել։ 
Միհրանը սոսկալի զայրանում է և նրանց դեմ է ուղարկում երկու հազար զինվոր։ Վահանը Միհրանի հանձնարարությամբ զորքի հետ է գնում։ Նա պարսից զորամասին խորհուրդ է տալիս գիշերով Մեղտյա գետը չանցնել, այլ մնալ, այս ափին գիշերել և առավոտյան նոր գետը անցնել ու գնալ։ 
— Գուցե հանկարծակի թշնամի հարձակվի ձեզ վրա, դուք էլ տեղանքին ծանոթ չեք, որ կարողանաք պատսպարվել։ Ձեզանից հազար զինվոր թող ծմակը գնա, հազարն էլ մնա, դաշտում գիշերի։ 
Վահանը զորքը բաժանում է երկու մասի, հետները տեղացի ուղեկիցներ դնում, ուղարկում։ Ապա ծմակը գնացող պարսից զինվորների հետևից ուղարկում է 100 հայ զինվոր։ Ինքը մնացած հազար զինվորի հետ գիշերում է դաշտում՝ Մեղտյա գետի այս ափին։ 
Երբ պարսից զինվորները քնում են, Վահանը հրամայում է սպասավորներին՝ ձիերը զինվորներից հեռացնել, տանել արոտ տեղերը արածելու։ Ինքը իմաց է տալիս նախապես մոտակայքում դարանակալած իր զինվորներին, որոնք շրջապատում են պարսից քնած զորամասին, աջից ու ձախից մարտի փողեր հնչեցնում և սկսում պարսից զինվորներին կոտորել։ Հայ զինվորները բոլորին գլխատում են և գլուխները գետը նետում։ 
Ապա Վահանը հրամայում է ձիերը ծմակը տանել, իսկ ինքը իր զինվորների հետ գալիս է դեպի ծմակը։ Պարսից զինվորները դեռ տեղ չէին հասել, որովհետև Վահանն այդպես էր կարգադրել նրանց՝ հայ ուղեկիցներին, որ ձգձգեն նրանց գալուստը, մինչև ինքը տեղ հասնի։ Վահանը սպասում է նրանց։ Պարսիկները գալիս են, կամրջով անցնում, իջնում գետի մյուս ափը և իրենց ապահով զգալով, իջնում ձիերից։ 
Վահանը զինվորներով փակում է կամուրջը, ապա դարանակալած զինվորները չորս կողմից սկսում են սոսկալի աղաղակ բարձրացնել, հարձակվել պարսից զորամասի վրա և անխնա կոտորել։ Բայց մի պարսիկ զինվոր, որ ընկել էր դիակների տակ ու կենդանի մնացել, հեծնում է ձին ու փախչում դեպի Մուշ։ Վահանի զինվորներից անմիջապես նկատում են նրան և ընկնում հետևից։ Հետապնդելով՝ անցնում են գետի մյուս ափը, վրա հասնում, բռնում են և գլուխը ջախջախում։ 
Զինվորներից մեկը գետափից մի բուռ ավազ է վերցնում, տալիս մյուսին, որը ջախջախել էր պարսիկի գլուխը և ասում. 
— Պարսից խորտկարար, առ աղս4։ 
Եվ այդ օրից սկսած՝ այդ տեղավայրը կոչվում է Առաղս, որտեղ հետագայում Վահան Մամիկոնյանը շինում է համանուն ավանը։ 
Իսկ Վահանը պարսից մնացած զինվորներին քշում, լցնում է ճահիճը, խեղղում։ Ապա կտրել է տալիս բոլոր սպանված պարսիկների քթերը, պահում, գլուխները նետում ճահիճների մեջ կամ թողնում դաշտում, վերցնում սպանվածների երկու հազար ձիերը, տանում Ուղնուտ բերդը։ 
Հաջորդ օրն առավոտյան Վահանը գալիս է Մուշ։ 
Նա հրամայում է իր ծառաներին ճաշ պատրաստել և Միհրանին հրավիրել ճաշի։ 
Երբ Միհրանը իր իշխանների հետ գալիս է Վահանի մոտ ճաշի, Վահանը քաշվում է սենյակը, հիվանդ ձևանում և դռնապանին կարգագրում, բացի Միհրանից, մյուսներին ներս չթողնել։ 
Դռնապանը միայն Միհրանին է ներս թողնում, մնացած իշխաններին ասում. 
— Հայոց մարզպանը հիվանդ է, չկարողացավ ճաշի գալ, և ես չեմ կարող ձեզ ներս թողնել։ 
Իշխանները հավաքվում են սեղանատան ղահլիճում և տրվում գինեխումի։ 
Իսկ Վահանը Միհրանին ներս հրավիրելով, ծառաներից մեկին կարգագրում է բերել այն մախաղը, որ լցված էր պարսից զինվորների քթերով։ Նա բացում է մախաղը և ցույց տալիս Միհրանին։ Միհրանը զարհուրած հարցնում է. 
— Այդ ի՞նչ է, պատմի՛ր, տեսնեմ։ 
Եվ Վահանը ոչինչ չթաքցնելով, մեկառմեկ ճշտությամբ պատմում է այն ամենը ինչ կատարել էր։ 
Միհրանը կատաղած խլում է ծառայի ձեռքին եղած նիզակը և կամենում է Վահանին խփել։ Վահանը անմիջապես հանում է առջևից կախած սուրը, Միհրանի քիթը կտրում, դնում առաջն ու ասում. 
— Դո՞ւ ես նախատել աստծուն, դո՞ւ ես իմ կրոնավորներին, որոնք աշխարհի սյուներն են, մորթել տվել։ 
Ապա պատռում է Միհրանի փորը, ծառային լյարդը հանել տալիս, դնում բերանը և դանակը թողնում փորի մեջ ցցված ու ասում. 
— Այժմ տուր Ապահունիքում գտնվող պարսիկների նշանաբանն ու պատվերը, և ես քեզ կենդանի կթողնեմ։ 
Միհրանը բազում երդումներով հայտնում է իր գաղտնի նշանաբանն ու պատվերը, որ միայն ինքն ու Ապահունիքի պարսից զորավարը գիտեին։ 
Վահանն ամեն ինչ ստույգ իմանալուց հետո, կտրում է Միհրանի գլուխը, ապա ծառաներին պատվիրում՝ հանել վրայից արյունոտ շորերը, թաքցնել, հատակի արյունը մաքրել։ Ապա Միհրանի մարմինը դնել է տալիս մահճում, վերմակով ծածկում, իբրև թե քնած է։ Ինքը ելնում, կանչել է տալիս Միհրանի դպրին5 իր սենյակը և Ապահունիքում գտնվող պարսից Վաշիր զորավարի անունով նամակ է գրել տալիս։ Նամակը սկսվում էր ողջույնով և գաղտնի նշանաբանով, որին հաջորդում էր հետևյալը. 
«Երկու օրից հետո հազար զինվորով բարճրացիր Կոթ ձորի վրայի բլուրը, որպեսզի գամ, քեզ հանդիպեմ»։ 
Դպիրը գրում է նամակը, Միհրանի մատանիով կնքում։ Վահանը կանչում է հիսուն հավատարիմ ծառա, նամակը տալիս նրանց, պատվիրում՝ տանել, հանձնել Վաշիր զորավարին, որն ընդամենը հազար զինվոր ուներ։ Ծառաները նամակն առնում, տանում են։ 
Վահանը կանչում է Միհրանի նվիրակին6 և ասում. 
— Գնա՛, այսինչ անունով իշխանին կանչիր, գա։ Նվիրակը գնում, կանչում է։ Երբ իշխանը գալիս անցնում է խավար փողոցով,Վահանի վեց զինվոր մթության մեջ նրան գաղտնի հետևում են։ Հենց որ նա կամենում է սենյակ մտնել, նրանք շտապ վրա են հասնում, կոկորդից բռնում, որ չգոռա, իսկ մեկը դանակն իսկույն խրում է սրտի մեջ, սպանում, դիակը վերցնում գցում են մի ուրիշ սենյակ։ Վահանը նույն կերպ իշխաններին մեկառմեկ կանչում է իր մոտ իբր թե խորհրդակցության և բոլորին մեկ-մեկ սպանել է տալիս։ Այդ երեկո նա այդ ձևով սպանել է տալիս պարսից ութսունվեց իշխանի։ 
Այնուհետև Վահանը ելնում, գնում է այն ճաշասրահները, ուր հավաքված էին պարսից զինվորները։ Նա այդտեդ գտնվող օտար կամ սեփական գավառներից եկած մարդկանց դուրս է հանում և սկսում զինվորներին պարսավել. 
— Մի՞թե ձեզ վայել էր գողանալ մարզպանի մարգարտյա պսակը։ Այժմ հրամայված է ձեզ բոլորիդ մերկացնել, որպեսզի տեսնենք ում մոտ է պսակը թաքցրած։ 
Բոլորի զգեստները հանել է տալիս, մերկացնում, հետո դռները փակում նրանց վրա։ Նույն կերպ էլ վարվում է մյուս ճաշասրահում գտնվող զինվորների հետ, որոնց ընդհանուր թիվը հասնում էր 1903-ի։ Սրահների դռները փակելուց հետո բերել է տալիս Միհրանի գլուխը, սրահների երդիքներից կախում, ցույց տալիս զինվորներին և ասում. 
— Այս այն գլուխն է, որ մտածում էր սուրբ Կարապետի վանքը հիմնիվեր կործանել և կրոնավորներին հրով այրել։ 
Ապա Վահանը հրամայում է այրել երկու ճաշասրահները և ասում. 
— Դուք ինձ վնաս եք անել տալիս, որ այս սրահները այրել եք տալիս։ Բայց եթե աստված և սուրբ Կարապետը կամենան, այս փայտերը, որոնք ափսոսում եմ, ձեր և ձեր թագավորի գլխին կհանեմ։ Որովհետև ես աշխատել եմ և շինել, իսկ դուք մերկ եք ու մրսած, ուստի իմ մեղքերի թողության և իմ հիշատակի համար այսօր դուք տաքացեք և մի ամաչեք։ Եվ թող այս տներն էլ ձեզ գերեզման լինեն, որ եղան ձեր պարսից թագավորի պատճառով։ 
Մինչ պարսից զինվորները ճարպի բոցերի մեջ վառվում էին, Վահանը հավաքում է նրանց թալանած գանձերն ու ավարը, տանում Ողական՝ Մուշեղի մոտ։ Մուշեղն այդ գանձերն ու թալանած ունեցվածքը նորից վերադարձնում է Օձ քաղաքը։ 
Վահանը վերցնում է երեք հազար զինվոր, գնում Վաշիրին ընդառաջ։ Գնում հասնում է Կոթ ձորի եզրին գտնվող լեռան մոտ, զորքը լեռան երեք կողմը դարան մտցնում, իսկ պարսից դպիրին ու նվիրակին, որոնք անտեղյակ էին մնացել Վահանի արարքներին, ուղարկում է Վաշիրի հետևից, որն այդ ժամանակ իջել էր Նիա լճի ափը։ Վաշիրը վերցնում է իր հազար հարյուր զինվորները, գալիս լեռը։ Երբ մոտենում է լեռանը, Վաշիրը հիսուն զինվոր թողնում է փոքր-ինչ հեռու, այլ թշնամիներից ապահով լինելու նպատակով, ինքը գալիս մտնում է Վահանի վրանը, կարծելով, թե Միհրանն այնտեղ է։ Երբ Վահանը նրան տեսնում է, ասում է. 
— Վաշի՛ր, ի՞նչ ես մտադիր անել, ուզում եք պարսից հավատի՞ն դարձնել Հայոց երկիրը։ 
Եվ սկսում է Վաշիրին ծեծել ու խոշտանգել, ստիպել, որ հայտնի զորքին կանչելու նշանաբանը։ Վաշիրը հարվածներին չդիմանալով, հայտնում է զորապետներին և իշխաններին շտապ կանչելու նշանաբանը։ 
Վահանը պարսից դպիրին նամակ է գրել տալիս և կաշառելով նրան, ասում. 
— Այնպես գրիր, որ վաղը գան, քանի որ հույները կարող է հարձակկեն մեզ վրա։ 
Վաշիրի մատանիով նամակը կնքում է և ուղարկում այն զորքերին, որոնք հեռու էին գտնվում։ Իսկ մոտիկ գտնվող զորքի զորապետներին ու իշխաններին մեկ-մեկ Վահանը հրավիրում է իր խորանը և գլուխները կտրում։ Պարսից իշխաններից մեկը այդ տեսնելով, փախչում է իր բանակը։ Վահանը տեսնելով, որ գործը բացահայտվում է, լուր է ուղարկում բլրի շուրջը դարանակալած իր զորքին՝ հարձակվելու պարսից զորքի վրա։ Դարանակալած զորամասը հետևից գրոհում է պարսիկների վրա, փախցնում Կոթ ձորի կողմը գտնվող բերդը։ Բերդում գտնվողները սկսում են մեծ վեմեր ու քարեր գլորել պարսիկների վրա, շատերին ջարդել։ Պարսիկներին հետապնդող հայ զինվորներն էլ մյուս կողմից են սկսում կոտորել։ Կոտորածից դեպի Ապահունիք է փախչում պարսից մի հարյուրակ, որի վրա հարձակվում է մյուս կողմում դարանակալած Վահանի զորամասը և բոլորին գերի բռնում։ 
Իսկ հաջորդ օրն առավոտյան Վաշիրի հեռվում գտնվող զորքը, անտեղյակ այդ ամենին, գալիս է դեպի լեռը։ Վահանը դուրս է գալիս զորքին ընդառաջ և ասում. 
— Բոլորդ իջեք, թողեք ձիերն արածեն մինչև երեկո, երեկոյան կիջնենք, կհարձակվենք հույների վրա։ 
Այդպես էլ անում են։ Վահանի դարանակալած զորամասերը գալիս են պարսիկների վրա, ձիերը կտրում են զորքից, փախցնում, Արածանի գետն անցկացնում, քշում, հանում Քարքե լեռը7։ Պարսից զորքը տեսնելով այս, միաբերան աղաղակում է. 
— Վա՛յ մեզ, կորանք։ 
Եվ այդ օրվանից լեռան անունը մնամ է Կորյա։ 
Վահանը ապահովության պատրվակով վերցնում է պարսից զորքին, տանում, իջեցնում ձորը։ Այդ ժամանակ նրա դարանակալած զինվորները աջից ու ձախից հարձակվում են զորքի վրա, շրջափակում և սկսում անխնա կոտորել։ Վահանը հրամայում է պարսից զորքից քառասուն հոգու կենդանի թողնել, որպեսզի դառնան պարսից թագավորին լրատարներ։ 
Վահանը նրանց է հանձնում Միհրանի գլուխը, պատվիրում՝ տանել իրենց թագավորին և ասել. 
— Այս մարզպանը, երբ եկավ մեր երկիրը, մեր և ձեր զորքերը հակառակվեցին իրար և գունդ8 ուզեցին խաղալ, բայց գնդակ չկարողացան գտնել։ Եվ քանի որ հույները ձեր թշնամիներն էին, չհամարձակվեցինք գնալ, նրանցից խնդրել, իսկ ձեր զորքերին էլ գնդակ չկար, ուստի կտրեցինք այս գլուխը և գունդ խաղացինք։ Հիմա, լսեք, եթե Շահաստանից եկել եք Բուստր քաղաքը, որ գտնվում է տափարակ ու տաշտաձև տեղում, համոզված ենք և գիտենք, որ գունդ պիտի խաղաք։ Առեք ձեր քրոջ որդու գլուխը, և թող ձեզ համար գնդակ լինի սերնդից սերունդ։ 
Երբ պարսից քառասուն զինվորները Միհրանի գլուխը տանում են տալիս իրենց Խոսրով թագավորին, թագավորը խիստ վիրավորվում է ու ամաչում այդ արարքի համար։ Բայց հաջորդ տարին դարձյալ խրոխտանալով, նոր զորք է ուղարկում Հայոց աշխարհ։ 
Այդ նույն տարին ուժեղ երկրաշարժ է լինում և Իննակնյան տեղում գտնվող սուրը Կարապետի վանքը փուլ է գալիս։ Տարոնի իշխան Մուշեղը բազում գանձերով վերաշինել է տալիս ս. Կարապետի վանքը և ինքն էլ նույն տարին վախճանվում։ Նրան թաղում են ս. Կարապետ վանքի արևելյան ճակատի մոտ։ 
Մուշեղի մահից հետո Մամիկոնյանների տան իշխան է կարգվում Վահանը, որը գալիս է ս. Կարապետի վանքը և նորակառույց վանքում ցնծության մեծ տոն կատարում։


------------------------------ 

1 - 2 Քրիստոնեական հավատի համար մարտնչող, տանջվող և զոհվող։ 

3 Օձ քաղաքը գտնվում էր Տարոնում, Տարոնի դաշտի հարավ–արևելյան կողմը, Մեղրագետի ակունքի մոտ։ 

--------------------------- 

4 Հեգնանքի խոսք, որով հայ զինվորը պարսից սպանված զինվորին մատաղ է համարում, իսկ իր սպանող ընկերոջը՝ պարսից մատաղի խոհարար, որին ավազն իբրև աղ է առաջարկում, քանզի մատաղն առանց աղի ընդունելի չէ։ 

------------------------------- 

5 Դպիր – այստեղ` գրագիր, քարտուղար, իսկ քրիստոնեական եկեղեցում` ընթերցող, երգիչ: 

6 Այստեղ` զինվորական սպասավոր, սպասյակ, հրամանակատար, զորավարի սպասավոր զինվոր: 


------------------------------------ 

7 Գտնվում է Մշո դաշտի վերին գլուխը, որի վրա էր կառուցված Մշո սուրբ Կարապետի հռչակավոր վանքը։ 
------------------------------

8 Գունդ կամ հոլ խաղալը հինավուրց խաղ էր, մականախաղ, խիստ սիրված ու տարածված Մերձավոր Արևելքում, այո թվում նաև Հին Հայաստանում։ Գունդը կամ հոլը կլորավուն քար էր, ոսկոր կամ փայտ, որը խաղում էին բաց դաշտում մականներով, 10 12 խաղացողներով, մոտավորապես նույնը, ինչ այժմյան խոտի հոկեյը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets