ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.12.2013

ՏԻԳՐԱՆ, ՎԱՀԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԵՎ ՍՄԲԱՏ

Խոսրով թագավորը դարձյալ քսան հազարանոց զորք է ուղարկում Սմբատ Մամիկոնյանի վրա Տիգրան զորապետի գլխավորությամբ։ Տիգրանը գալիս է Ապահունիք և Սմբատին կանչում իր մոտ։ 
Սմբատը իր որդի Վահանին ուղարկում է Տիգրանի մոտ, որպեսզի իմանա, թե ինչ է ուզում։ Վահանը գալիս է Տիգրանի մոտ, իմանում բանի էությունը, ապա պատասխան է գրում, ուղարկում հորը՝ Սմբատին, և ասում. 
— Սա մեր մասին մերթ բարի է խորհում, մերթ՝ չար։ Բայց նա եկել և մեզանից պահանջում է Մուշեղ իշխանի և քո հոր՝ Վահանի ոսկորներն ու Վախտանգի կնոջն ու նրա որդուն, որն ընկավ Վարազի հետ մղված պատերազմում։ «Եթե չտաք, — ասում է նա, — կգամ, ձեր հավատի պաշտամունքատեղին կքանղեմ ու ավարի կենթարկեմ, եկեղեցիները կրակատուն1 կդարձնեմ և ձեզ էլ պարսից արքունի դուռը քարշ տալով՝ կտանեմ»։ Նա այսպես ասաց և Հաշտենքի կողմից կամենում է քո վրա գալ։ Հիմա ես նրա հետ կգնամ, իսկ դու մեր զորքերը հավաքիր, գնա սուրբ Կարապետի վանք և խնդրիր կրոնավորներին՝ թող մեզ համար աղոթեն։ 
Սմբատը որդու նամակը կարդալուց հետո գալիս է սուրբ Կարապետի վանքը, ընկնում սուրբ սեղանի առաջ և լալահառաչ խնդրում. 
— Արթնացի՛ր, տե՛ր, և արթնացրու քո զորությունը։ Նայի՛ր, տեր, և մի՛ լռիր, մի դադարեցնի քո օգնությունը, որովհետև թշնամին կրկին խրոխտացել է մեզ վրա։ Աղաչում եմ, հիշիր այն ջանքն ու տառապանքը, որ դրեցինք քեզ վրա, հանուն մեր սուրբ ուխտի, որպեսզի քո անունը հավիտյանս փառավորվի։ 
Ապա Սմբատը բերել է տալիս տասներկու թուր, դնում եկեղեցու բեմի առաջ, բեմի վրա պատարագ մատուցել տալիս։ 
Հետո Սմբատը վերցնում է թրերը և ասում. 
— Այո՛, տե՛ր, անզգամ պարսիկներին կոտորելուց հոգնեցինք, ձանձրացանք, հոգնեցին անգամ անօրեն պարսիկներն էլ, որոնք մեր թրերի ժանգը իրենց արյամբ սրբեցին։ 
Այնուհետև Սմբատը ելնում է վանքից, գնում ինը հազար ինը հարյուր քառասուն զինվորից բաղկացած զորք հավաքում, գնում, իջնում Հաշտենք գավառի Գրեհն կոչված գյուղի մոտ։ Իսկ Տիգրանն իր զորքով գնում, իջնում է Հոնընկեց բլրի վրա, զինվորական պատվիրակություն է ուղարկում Սմբատի մոտ, ասում. 
— Արի՛ ինձ մոտ և մի վախենա, ինձանից գանձ ու փառք կստանաս, քո գլխին պսակ կդնեմ, և քեզ կդարձնեմ Հայոց մարզպան, միայն թե Մուշեղի և Վահանի ոսկորներն ինձ տաս։ 
Սմբատը բռնում է Տիգրանի պատվիրակության ղեկավարին, շիկացած երկաթե շամփուրը պսակաձև նրա գլխին է հագցնում և ասում. 
— Կա՜ց, տեսնեմ, թե դու ինձ ի՞նչ նվեր ես բերել, որ ես քո գլխին պսակ դրեցի։ 
Ապա բերել է տալիս պատվիրակության մյուս անդամներին, բոլորի գլուխները կտրում, դիակները շիկացած շամփուրով դաղում, գցում մի կողմ։ Եվ այդ գյուղը այդ ղեպքի առիթով կոչվում է մոգերի գերեզման կամ Մոգտունս։ 
Սմբատը զորքը հանում է Սերեմավայրք կոչված բլրի վրա և Տիգրանի դեմ բանակ դնում։ 
Երբ մութն ընկնում է, Սմբատի որդի Վահան Կամսարականը, որ Տիգրանի բանակում էր գտնվում, մտնում է Տիգրանի որդու վրանը, որդու գլուխը կտրում, կտրում է նաև այնտեղ գտնվող պարսիկ երեք իշխանների գլուխները, գիշերով բերում Սմբատի մոտ։ Ապա Վահանը նորից վերադառնում է պարսից բանակը, գնում, գաղտնի մտնում Տիգրանի վրանը։ Տիգրանը տեսնելով Վահանին՝ մերկացած սուսերը ձեռին, չի հանդգնում ծառաներին ձայն տալ, կարծելով, թե նա եկել է կարասի գողանալու։ Վահանը անմիջապես մի բարձ է վերցնում, գցում Տիգրանի դեմքին, բերանը փակում և հարձակվում վրան։ Այդ պահին Վահանի ծառան ներս է գալիս, սրով կտրում Տիգրանի գլուխը։ Նրանք վերցնում են գլուխը, հավաքում վրանում եղած թանկարժեք քարերը, ընտիր կարասին ու սրերը և գաղտնի գնում Սմբատի բանակը։ 
Հայոց զորքը ցնծում է Վահանի քաջագործությունից և մեծ գոհություն մատուցում աստծուն։ 
Բայց Վահանը դրանով չի գոհանում։ Նա նույն գիշերը երկու հարյուր կաշվե վահան և հարյուր ամեհի ջորի է բերել տալիս, ջորիների երկու կողքերից վահաններ կապում, վահանների վրա երկաթներ կախում, ջորիներին գցում իր զորքի առջև, քշում դեպի Տիգրանի տեղակալ Հոն զորավարի բանակը։ 
Հոնը ուներ ութ հազար զորք և բանակ էր դրել պարսից մյուս զորքերից հեռու, մի ժայռի մերձակայքում, Տորոս լեռան դիմաց։ 
Վահանը յուրաքանչյուր տասը ջորու վրա մի վերակացու էր դրել, որպեսզի ջորիներին քշեն և հսկեն։ Ջորիներին ուղարկում է առաջ, Հոնի բանակի մոտակայքը, իսկ ինքը զորքով հարձակվում է պարսից բանակի վրա։ Վահանը բանակի չորս կողմից ռազմի փողեր է հնչեցնել տալիս և մտնելով բանակի մեջ, սկսում կոտորածը։ Ռազմի փողերի անակնկալ չարագուշակ կանչը, հայ զինվորների ամեհի գոռոցը, անակնկալի եկած պարսից զինվորների սարսափահար աղմուկը, զենքերի շաչյունը մի զարհուրելի ժխոր են բարձրացնում։ Բանակի մոտակայքում գտնվող ջորիների երամակը այդ ահավոր աղմուկից խրտնում է, և ջորիներն սկսում են տարբեր կողմեր փախչել։ Իսկ նրանցից կախված երկաթները այնպիսի մի ահասարսուռ զրնգոց են արձակում, որ պարսից զորքը կարծում է, թե ինքը շրջապատված է նաև մեծաքանակ հեծելազորով։ 
Պարսիկ զինվորներն ահաբեկված վայ են կանչում, մատնվում խուճապի։ Եվ որովհետև խավար գիշեր էր, իրենք էլ տեղանքին անծանոթ, թողնում են ձիերը և փախչում դեպի ժայռաբլուրը և մթության մեջ՝ ահավոր վեմերի բարձունքից գահավիժում են ցած, սպանվում։ 
Երբ փախչող պարսիկների ճիչն ու աղաղակը վերջանում է, նրանց հետապնդող հայոց զորքը հասկանում է արդեն, որ թշնամին գլխովին ոչնչացված է։ Վահանի զորքը վերադառնում է պարսից բանակատեղին, հավաքում այնտեղ եղած կարասին, ունեցվածքը, գանձերը, պարսիկների թողած ձիերը, ուղտերը, ավանակները, թվով շուրջ տասնութ հազար, և դրանք բոլորն ուղարկում Պալունյաց գավառ։ Ավարի ենթարկված անասուններն այնքան շատ էին, որ ծածկում են ամբողջ գավառի մակերեսը։ 
Լույսը բացվում է։ Տիգրանի բանակում գտնվող զորավարները փնտրում են Տիգրանին և որդուն, բայց չեն կարողանում գտնել։ Ապա գտնում են Հոնի բանակից փախած զինվորների հետքը, այդ հետքով գնում են, տեսնում՝ բոլորը ժայռաբլրից գահավիժած, մեռած։ 
Պարսից զորքերը բարկությամբ լցված՝ միաբանվում են, իրենց զորավար նշանակում Միհրխոսրովին, ճակատ կազմում և պատրաստվում են պատերազմի։ 
Սմբատը Վահանին երեք հազար զինվորով կողմնակալ է թողնում, երկու հազար զինվորի դարանակալ թաքցնում է իր երեք կողմերում, իսկ ինքը մնացած զորքով ճակատ է կազմում պարսիկների դեմ։ Ճակատի աջ թևը հանձնում է քաջ ու հզոր Վարազ Պալունուն, ձախ թևը՝ Հաշտենից իշխանին, ինքը մնում կենտրոնում և իրեն թիկնապահ դարձնում Վարազ Պալունու որդի Վահանին։ 
Ճակատամարտը սկսվում է։ Միհրխոսրովն ու Սմբատը իրար դեմ են ելնում և սկսում զենքերով իրար գլխի հարվածել։ Պարսից զինվորները մեղուների նման թափվում են Սմբատի վրա, խիստ նեղում։ Սմբատի ուժն սկսում է պակասել, որովհետև տարիքով ծեր էր արդեն. նա հուսահատված ձայնը բարձրացնում է և որդուն օգնության կանչում. 
— Ո՞ւր ես, Վահան որդյակ, ինձ օգնության հասիր։ 
Վահանը հոր ձայնը լսելով, դիմում է սուրբ Կարապետին. 
— Ահա՛ հասել է ժամը, ո՛վ սուրբ Կարապետ, ո՞ւր են մեր կրոնավորների աղոթքները։ 
Ասում է, մտնում կռվի մեջ, ճեղքում պարսից զորքը, մոտենում հորը, ցրում նրա գլխին հավաքված թշնամու զինվորներին։ Սմբատը ոգևորված որդու քաջությունից, սուրը բարձրացնում է, հարվածում իրեն շրջապատողներին, մի քանիսի գլուխը կտրում, մյուսներին՝ Վահանի հետ միասին հալածում, քշում, հասցնում են դարան մտած զինվորների դիրքերը։ Դարանակալած զորքը միանգամից թաքստոցից բարձրանում է և խոյանում պարսիկների վրա, շուրջկալում նրանց և երեք հազար զինվորի ժայռերից ցած թափում։ Օրը մթնում է, պարսիկները, թվով մոտ ութ հազար զինվոր, ստիպված փախչում են Հաշտենք գավառից։ 
Ճակատամարտի տեղում Սմբատը զորահանդես է կազմակերպում՝ հաշվելու համար կռվում ընկածների թիվը։ Եվ այդ օրից ի վեր այդ վայրը կոչվում է Հանդիսյանս։ 
Հանդեսից հետո Սմբատը հրամայում է հետապնդել փախչող պարսից զորքին։ Հետապնդում են, բայց պարսից զորքը բանակ է դնում և կանգնում։ Սմբատի զորքը ես նրա դիմաց բանակ է դնում և մտադրվում հարձակվել պարսիկների վրա։ Սակայն երեկոյան դեմ Ապահունիքից գալիս է հազար զինվորից բաղկացած մի գունդ, միանում պարսից զորքին։ Սմբատի զորքը, տեսնելով թշնամու զորահամալրումը, Մարտից փող կոչված ստորգետնյա անցքով ցած է իջնում և բանակ դնում Արածանի գետի եզերքին։ Պարսիկները հետամտելով հայոց զորքին, նույն անցքով իջնում են և հայերին սեղմում Արածանու գետեզրին և սկսում սաստիկ նեղել։ Սմբատը դիմում է աստծուն. 
— Տե՛ր իմ, գիտեմ, քո մարդասիրությունը վաղուց ի վեր մեզ հետ է։ Այժմ խնդրում եմ, մեզ նայիր, թե ինչպես է թշնամին մեզ նեղել։ 
Ապա զորքը ոտքի է հանում, և արյունն աչքերն առած, ելնում են պատերազմի։ Դարձյալ կռվի թունդ պահին նրանց է երևում մի ահեղ և լուսաճաճանչ մազերով տղամարդ։ Վահանն իսկույն գլխի է ընկնում, որ դա ս. Կարապետն է, մեծ ոգևորությամբ ու խիզախությամբ հարձակվում է թշնամու վրա, պարսից զորքերից կտրում, անջատում չորս հազար զինվոր, քշում, տանում մինչև Աստեղոնք ամրոցի մոտակայքը և շրջապատած՝ հալածում ընդհուպ եկեղեցու դեմը։ Պարսիկները կամենում են բարձրանալ եկեղեցին, կրոնավորներին կոտորել, բայց չեն կարողանում արանքում գտնվող ձորն անցնել, ուստի մտնում, թաքնվում են եկեղեցու դիմացի անտառում։ 
Վահանը զորքով շտապ հասնում է նրանց հետևից, բոլորին անտառում սրի քաշում։ Այդ վայրը սկսում է կոչվել Մահու առիթ։ 
Թիկունքից Վահանին է հասնում Վարազ իշխանը, որը պարսից մնացած զորքին գետն է թափում, խեղդում, իսկ նրանք, ում հաջողվում է գետն ընկնելուց խուսափել, կանգ են առնում, որովհետև ձիերը առաջ չեն գնում։ Վարազը նրանց ձայն է տալիս, ասում. 
— Ինչո՞ւ եք կանգնել, փախեք, որ կոտորենք։ 
Իսկ նրանք ասում են. 
— Կորանք մենք, մեռանք, վերջացանք։ 
Այդ առթիվ այդ տեղը հետագայում կոչվում է Կուրա: Վարազը շատերին կոտորում է, հազար քառասուն զինվորի է միայն հաջողվում փախչել, գնալ հասնել իրենց Խոսրով թագավորի մոտ։ 
Այդ նույն տարին մեռնում է Սմբատը, որին տանում, թաղում են իր պապերի կողքին, ս. Կարապետի վանքի բակում։
--------------------------- 
1 Կրակատունը զրադաշտական պարսիկների հրո տաճարն էր, ուր ատրուշաններ էին դրված, և միշտ վառվում էր նրանց պաշտելի սրբազան կրակը։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets