ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.12.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Իսրայել Օրի

Իսրայել Օրին (1659-1711) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ:
Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքը:
Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688-95թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 


Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:
Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ:
Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:
Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը: 1704թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets