ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.12.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - «Ակունք» ազգագրական երգի - պարի համույթ

Համույթի 1-ին պարուսույց՝ Ռուդիկ Հարոյան (1979-1984):Լինելով Հայրիկ Մուրադյանի երգերի երկրպագու` Ռուդիկ Հարոյանը 1978-ին անդամագրվում է նրա դստեր` ճանաչված լեզվագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, նրբաճաշակ երաժիշտ Մարո Մուրադյանի դեռևս անանուն (հետագայում` «Ակունք») տոհմիկ երգի սիրողական խմբին: Առաջին բանը, որ զարմացնում է նրան, «Հով, հով, հովն ընկավ» պարերգի կատարման ճիգն էր: Գիտեին, որ պարերգ է, բայց ոչ մեկը հստակ չգիտեր պարի քայլերը: Ցանկությունը մեծ էր գեղջկական պարերին տիրապետելու, բայց
հրավիրված մասնագետները չէին գոհացրել:
Հարոյանը, ողջ էությամբ նվիրվելով խմբին, գիտակցում է նաև ավանդական պարի անհրաժեշտությունը, իր առջեւ նպատակ դնում ազատ ժամերին ուսումնասիրել եւ գյուղական միջավայրում գործնականում տիրապետել ավանդական պարի հիմունքներին ու ոգուն: «Հանդուգն որոշում էր դա, բայց, փառք Աստծո, համառ պրպտումներս, հափշտակությունս եւ անզուսպ սերս պարի հանդեպ անպտուղ չմնացին, - ասում է Հարոյանը: - Ավանդական պարը կրողներից սովորած բանահավաքչական նյութերիս կարողացա շունչ տալ, եւ «Ակունքը», ի թիվս ազգագրական երգերի, կատարեց նաև մեր նախնյաց մաքրամաքուր, ավանդական պարերն ու պարերգերը»: Իսկ նա դարձավ խմբի առաջին պարուսույցը:
Ժողովուրդն անասելի ոգևորվեց, գնահատեց ու սիրեց «Ակունքը»` նրա մեջ տեսնելով հայրենի երգերն ու պարերը վերադարձնողին: 1981-ին արդեն ՀՀ Ռադիոհեռուստապետկոմի նախագահ, հայրենանվեր մտավորական, ազգային գործիչ Ստեփան Պողոսյանի ջանքերով «Ակունքը» դարձավ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգագրական երգի-պարի խումբը, ինչը հուժկու թափ հաղորդեց տոհմիկ երգերի ու պարերի հանրայնացմանը: Ավելինՙ հայոց վաղեմի մշակույթն այդ տարիներին «Ակունքի» արտերկրյա բեղուն հյուրախաղերով սփռվեց աշխարհով մեկ (ԱՄՆ, ԳՖՀ, Ռուսաստան, Էստոնիա, Ղազախստան, Ուզբեկստան), օրինակ ծառայեց սփյուռքին: Բազմաթիվ համերգներ հանրապետության շրջաններում, հանրային հեռուստատեսությամբ, եւ ամենուր, հայ երգի կողքին, Հարոյանի բեմ հանած ազգագրական պարերը փայլեցին իրենց գունագեղությամբ, ոճական ինքնատիպությամբ, ավանդականի բնականությամբ: Տոհմիկ պարարվեստի նվիրյալը համոզված է, որ մեր ազգային պարի շատ նմուշներ համաշխարհային ֆոլկլորի գլուխգործոցներ են: Նրա համոզմամբ մեր նախնյաց ավանդական երգերն ու պարերը, ծիսական արարողություններն այն թանկագին մասունքներն են, որոնց հաղորդակցվելով ճանաչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկանում հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը: «Պարը, պարերգը մարմնի, հոգու թարգմանն են, աղոթարանը», - ասում է Ռուդիկ Հարոյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets