ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.12.2013

ՇԱՊՈՒՀԸ ԱՐՇԱԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՎ ՈՒ ՋՐՈՎ*

Շապուհն իր մոտ է կանչում հմայող կախարդներին, աստղագետներին ու աստղագուշակներին և նրանցից Արշակի մասին խորհուրդ հարցնում։
— Ես շատ անգամ կամեցա սիրել հայոց Արշակ թագավորին, — ասում է Շապուհը, — բայց նա ինձ միշտ անարգեց։ Բյուր անգամ կամեցա նրան բարիքներ գործել, ինչպես հայրը սեփական որդուն, իսկ նա իմ բարիքների դիմաց ինձ միայն չարիքով հատուցեց։ Ես նրա հետ խաղաղության դաշինք կնքեցի, որի համար նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր սրբության՝ ավետարանի վրա, բայց նա դրժեց այդ երդումը։
Ես կանչեցի Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին, որոնք երդվեցրել էին Արշակին ավետարանի վրա, նախատեցի նրանց, կարծելով, թե նրանք նենգորեն կեղծ երդում են կատարել տվել Արշակին։ Նրանց գլխավորը՝ Մարի քահանան ինձ ասաց, որ «Մենք նրան արդարությամբ երդվեցրինք, իսկ եթե նա իր երդումը դրժեց, ապա նույն ավետարանը մի օր նրան ձեզ մոտ կբերի»։
Ես նրան չհավատացի և բոլոր յոթանասուն քահանաներին էլ մորթել տվեցի, իսկ նրանց հավատակիցներին սրի քաշեցի։ Այն ավետարանը, որի վրա երդվեց Արշակ թագավորը, շղթաներով կապեցի, և այժմ պահվում է իմ գանձարանում։
Հիմա հավատացի Մարի քահանայապետի խոսքերին, թե այդ ավետարանը Արշակին մի օր ինձ մոտ կբերի։
Հայոց Արշակ թագավորը, որ երեսուն տարի անընդմեջ արյաց հետ պատերազմ մղեց, և մենք նրան չկարողացանք հաղթել, այժմ ինքն է իր ոտով մեզ մոտ եկել։
— Հիմա դուք ինձ խորհուրդ տվեք, — շարունակում է Շապուհը, — եթե ստույգ իմանամ և համոզվեմ, որ Արշակն այսուհետև հնազանդության անկեղծ ուխտով հաստատ կմնա իմ պայմանին, ապա մեծարանքներով, պապվով ու հարգանքով նրան կրկին խաղաղությամբ կուղարկեմ իր աշխարհը։
Գուշակողները Շապուհին ասում են.
— Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք։
Հաջորդ օրը բոլոր հմայողներն ու գուշակողները հավաքվում, գալիս են Շապուհի մոտ, հարցնում.
— Հիմա որ Արշակ թագավորը քեզ մոտ է եկել, ինչպե՞ս է իրեն պահում, ինչպես է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում։
Շապուհն ասում է.
— Նա իրեն համարում է իմ ծառաներից մեկը, ուզում է անգամ իմ ոտքի հողը դառնալ։
— Այժմ լսիր մեզ և արա այն, ինչ ասում ենք, — խորհուրդ են տալիս գուշակողները. — Արշակին այստեղ պահիր, մարդիկ ուղարկիր Հայոց աշխարհ, այնտեղից բերել տուր երկու բեռ հող և մի աման ջուր։ Ապա հրաման կտաս, որ քո սենյակի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը, վրան ցանեն հայոց ջուրը. ինքդ կբռնես Արշակ թագավորի ձեըը, նախ կտանես սենյակի այն մասը, որտեղ բնական հատակն է և այնտեղ նրան հարցուփորձ կանես։ Հետո նրա ձեռը բռնած կտանես հայկական հող ու ջուը շաղ տված տեղը և կլսես՝ ինչ որ կասի, այն ժամանակ կիմանաս, եթե նրան ազատ արձակելու լինես Հայաստան, քեզ հետ կապած ուխտն ու ղաշինքը հավատարմությամբ կպահի, թե ոչ։ Իմացիր, եթե Արշակը հայկական հողի ու ջրի վրա քեզ հետ խիստ լեզվով խոսի, ապա համոզված եղիր, ոը Հայաստան հասնելուն պես՝ հենց նույն օըը, նույն լեզուն կբանեցնի, նույն պատերազմը կնորոգի քո դեմ, նույն կռիվները, նույն թշնամությունը կշարունակի։
Պարսից թագավորը լսելով հմայողնեըի և գուշակների այս խորհուրդը, ուղտերով մարդիկ է ուղարկում Հայոց աշխարհ՝ հող ու ջուր բերելու։ Մի քանի օր անց նրանք Հայաստանից երկու բեռ հող ու ջուր են բերում։ Շապուհը հրամայում է իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը, վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել իր բնական հողե հատակով։ Ապա Արշակ թագավորին կանչել է տալիս իր մոտ, մնացած պալատականներին հեռացնում սենյակից, բռնում է Արշակի ձեռը, ճեմում ընդարձակ սենյակում և հետը բարեկամաբար զրուցում։ Երբ ճեմում են պարսկական հողի վրա, Շապուհը դիմում է Արշակին հետևյալ հարցով.
— Արշակ թագավոր հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի դարձաը, չէ որ ես քեզ որդու պես էի սիրում, կամեցա նույնիսկ աղջիկս քեզ կնության տալ, քեզ իմ զավակը դարձնել։ Իսկ դու իմ արած լավության փոխարեն ավելի դեմս խստացար, ինքնահաճ ձևով, հակառակ իմ կամքի՝ ինձ թշնամի դարձար, և ահա ամբրղջ երեսուն տարի իմ դեմ պատերազմ մղեցիր։
Արշակը համեստորեն պատասխանում է.
— Մեղանչել եմ և հանցավոր եմ քո առաջ. ես եկա, քո թշնամիներին հաղթեցի, բոլորին կոտորեցի, հույս ունեի քեզանից մեծ պարգևներ ստանալ, բայց իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և ստիպեցին փախչել։ Եվ իմ երդումը, որով քեզ երդվեցի, ինձ քո առաջը բերեց։ Ես ահա եկել եմ քո առաջ, քո ծառան եմ, քո ձեռքում, ինչպես ուզում ես՝ վարվիր ինձ հետ. եթե կամենում ես՝ սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, հանցավոր եմ քո դեմ, մահապարտ եմ։
Շապուհն այնուհետև Արշակի ձեռը բռնած, միամիտ ձևանալով, ճեմելով բերում է նրան, կանգնեցնում հայկական հող ու ջուը լցրած հատակի վրա։ Երբ Արշակը ոտը դնում է հայկական հողի վրա, լրիվ կերպարանափոխվում է, ըմբոստանում, հպարտ կեցվածք ընդունում և խրոխտ հանդիմանությամբ դիմում Շապուհին.
— Հեռու ինձանից, չարագործ ծառա, որ այսօր քո տերերի վրա տեր ես դարձել, հափշտակել քո տերերի գահը։ Ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը։ Դուք՝ ծառաներդ, մեր Արշակունիների՝ ձեր նախկին տերերի, բարձն եք հափշտակել. ես այդ թույլ չեմ տա, մենք պետք է մեր տեղը գրավենք2։
Շապուհը, Արշակի ձեռը բռնած, դարձյալ տանում է պարսկական հողի վրա։ Ոտը դնելով պարսկական հողին, Արշակն սկսում է զղջալ իր ասածների համար, խոնարհվում Շապուհի առաջ, ոտքերն ընկնում, ներողություն խնդրում։
Իսկ Շապուհը նրան նորից տանում է հայկական հողի վրա, ուր Արշակը սկսում է նախկինից ավելի խիստ ու դաժան խոսքեր ուղղել պարսից թագավորին։ Շապուհը նորից է Արշակին բերում պարսից հողի վրա, որտեղ դարձյալ Արշակն սկսում է զղջալ ու ապաշխարել։
Այսպես՝ Շապուհը ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, բազմիցս փորձում է Արշակ թագավորին, և ամեն անգամ հայկական հող ու ջրի վրա Արշակը արքայական հպարտությամբ ու խիստ խոսքերով դատապարտում էր պարսից թագավորին, իսկ պարսից հողի վրա զղջում իր արարքներն ու խոնարհվում նրան։
Երեկոյան պարսից թագավորը սովորություն էր դարձրել Արշակ թագավորին միշտ ընթրիքի հրավիրել իր մոտ։
Նա Արշակին իր կողքն էր նստեցնում, միևնույն թախտի վրա, բազմեցնում միևնույն գահին։
Իսկ այդ օրը Շապուհ թագավորը հրամայում է ամենաբարձր տեղում իր բազմոցը դնել, որից հետո հերթականությամբ շարել մնացած թագավորների բազմոցները, իսկ հայոց թագավորի բազմոցը դնել բոլորից վերջը, ներքևում և տակը հայկական հող ու ջուր շաղ տալ։
Երբ բոլորը հրավիրվում են ընթրիքի, և յուրաքանչյուրը բազմում է իր բազմոցին ըստ իր աստիճանի, բերում են Արշակ թագավորին և բազմեցնում ամենավերջում՝ իրեն հատկացված տեղում, ուր հայկական հող ու ջուր էր շաղ տրված։ Արշակը մի պահ ուռած–փքված նստում է, բայց հետո ընդոստ ոտքի է ելնում և խրոխտ դիմում Շապուհ թագավորին.
— Ի՛մն է այդ տեղը, որտեղ բազմել ես դու, վեր կաց անմիջապես այդտեղից, որ ես այդտեղ բազմեմ, դա մեր տոհմի տեղն է եղել։ Իսկ եթե իմ երկիրը հասնեմ, ապա քեզանից խստությամբ վրեժ կլուծեմ։
Պարսից Շապուհ թագավորն անմիջապես հրաման է տալիս շղթաներ բերել, գցել Արշակի վիզը, ոտներին ու ձեռներին կապանք դնել և տանել, բանտարկել հեռավոր Անհուշ բերդում, մինչև իր մահը։
--------------------------------
1 Հնում թագավորների և իշխանների կնիքը հաճախ իրենց մատանիների վրա ամրացված թանկագին քարերն էին, որոնց վրա փորագրված էր լինում կամ իրենց անունը, կամ իրենց տոհմի խորհրդանշանը։ Վարազը պարսիկների, այդ թվում նաև պարթև Արշակունիների պաշտած կենդանին էր, և նրա պատկերը սուրբ ու խորհրդանշական էր համարվում։ Վարազագիր մատանին՝ մատանու քարի վրա փորագրված վարազի պատկերն էր, որ ծառայում էր իբրև կնիք, և նրա դրոշմը նվիրական ու անխախտ էր համարվում ինչպես պարսից Սասանյան թագավորների, այնպես էլ Արշակունիների համար։
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։
2 Արշակի խոսքն այստեղ վերաբերում է պարսից Սասանյան տոհմի կողմից պարթև Արշակունիներին տապալելու և նրանց փոխարեն թագավորելու պատմական իրողությանը։ Արտավանը Պարսկաստանի Արշակունի արքայատոհմի վերջին թագավորն էր, որ իշխել է 216 – 226 թթ.։ Նրան սպանում է պարսիկ իշխաններից մեկը՝ Արտաշիր Սասանյանը, դառնում թագավոր և հիմք դնում Սասանյան արքայատոհմի տիրապետությանը։ Շապուհ թագավորը Սասանյան տոհմի ժառանգորդներից էր, իսկ Արշակը՝ պարթև Արշակունիների մեկ ճյուղը կազմող հայոց Արշակունի արքայատոհմի ժառանգներից։ Հայոց Արշակունիները, ինչպես տեսել ենք նախորղ գլուխներում, իրենց ազգակից պարթև Արշակունիներին գահընկեց անելու համար միշտ ոխ ու վրեժխնդրություն էին տածում Սասանյանների նկատմամբ։ Արշակի այն արտահայտությունը, թե «Դուք ծառաներդ, մեր Արշակունիների՝ ձեր տերերի, բարձն (գահ) եք հափշտակել» ակնարկում է այն իրողությունը, որ Արտաշիր Սասանյանը պարթև Արշակունիներին հպատակ, նրանց ծառայության մեջ գտնվող իշխան է եղել։ Իսկ հայ Արշակունիները, այդ թվում նաև Արշակը, իրենց համարում էին Արշակունիների մեջ ավագագույնը, սերված պարթև Արշակ մեծի սերունղներից և իրենց իրավունք էին վերապահում խոսելու Սասանյանների կողմից հափշտակված Արշակունիների գահի մասին, իբրև տոհմային սեփականության։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets