ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.12.2013

ՏՐԴԱՏԻ ԵՎ ԳԵԴՌԵՀՈՆԻ ԿՌԻՎԸ**

Տրդատը և Գրիգոր Լուսավորիչը ճանապարհվում են Հռոմ՝ Կոստանդիանոս թագավորի հետ տեսակցելու։ Նրանք գալիս, հասնում են Ապահունիքի Մանազկերտ գյուղաքաղաքը։ Այդ ժամանակ Կովկասի հյուսիսական ցեղերը, իրենց Գեդռեհոն թագավորի գլխավորությամբ, հարձակվում են վրաց իշխանի տերության վրա, գերի վերցնում քառասունութ հազար մարդ, իսկ վրաց իշխանին քշում, հալածում իր երկրից, բերում հասցնում մինչև Հայոց աշխարհի Կարին քաղաքը։ 
Վրաց իշխանը պատգամավոր է ուղարկում Տրդատ թագավորի մոտ և օգնություն խնդրում։ Տրդատը, Ապահունիքի իշխանի գլխավորությամբ, երեսուն հազարանոց զորք է ուղարկում վրաց իշխանին օգնության։ Հայոց զորքը գալիս է, վրաց իշխանի երկիրն ազատում թշնամուց, վրաց գնդերի մի մասը հետ խլում, գերի բռնում հյուսիսական ցեղերի երեք իշխանների, Վրաստանում Աղձնիքի Դռով իշխանի հրամանատարությամբ պահակազոր թողնում, ապա վերադառնում Տրդատ թագավորի մոտ։ 
Տրդատն ու Գրիգորը գնում են Հռոմ, վերադարձին գալիս են Պալունյաց գավառի Կուառս գյուղը և, քանի որ շատ էին հոգնած, վճռում են մեկ օր մնալ այդտեղ, հանգստանալ։ 
Այդ ժամանակ հյուսիսականների Գեդռեհոն թագավորը վաթսուն հազար դահեկանով1 կաշառում է Վրաց աշխարհի պահակազորի զորավար Աղձնյաց Դռով իշխանին, որն առնում է իր զորքն ու հեռանում Աղձնիք։ Հյուսիսականների թագավորը մեծ զորքով գալիս է և Կուառսում գիշերով գաղտագողի պաշարում Տրդատին։ Տրդատի մոտ այդ ժամանակ մնացել էր միայն երեսուն հազար զորք, մնացածը գնացել, բանակ էր դրել Մուշ ավանում։ Տրդատն ու Գրիգորը Սյունյաց և Անգեղ տան իշխանների հետ կանգնած, իրենց գիշերային աղոթքն էին անում, երբ հանկարծ ամպի որոտի նման ահեղ դղրդյուն է լսվում, հյուսիսականների հետևազորը գյուղի մի կողմն էր բռնել, հեծելազորը՝ մյուս կողմը և միաձայն հնչեցնում էին ռազմի փողերը, որոնց ձայնը միահյուսվելով ձիերի վրնջյունին, գիշերվա մեջ թնդացնում էին շրջապատը։ 
Հայոց իշխանները տեսնելով, որ իրենք շրջապատման մեջ են գտնվում, արագ պատրաստվում են լուսնի լույսի տակ կռվի ելնել թշնամու դեմ։ Տրդատը կտրուկ առարկում է իշխաններին, ասելով. 
— Գիշեր է, և մենք չգիտենք թշնամու քանակը. եթե կամենում եք իմաստությամբ գործել, ապա վերցրեք վեց հազար զինվոր և այգեստանների միջով գաղտնի բարձրացեք Արձան բլրի գագաթը և մինչև լույս այնտեղ թաքնվեք։ Չորս հազար զինվոր Հաշտենից կողմը, չորս հազար էլ թշնամիների միջով այգեստաններով անցկացրեք վերին բարձունքը և թող այնտեղից ուշադիր հետևեն մեզ։ Բայց այնպես արեք, որ չիմանան ձեր անցումը, այլապես կամ նենգությամբ կփախչեն, կամ էլ կընկնենք շրջապատման մեջ և կվնասվենք։ 
Ապա Տրդատը զորքը իր ասած ձևով բաժանելով՝ ուղարկում է տարբեր ուղղություններով, իսկ ինքը մտնում է Գրիգորի մոտ և շարունակում աղոթքը։ 
Կեսգիշերին սյունեցի զինվորներից մեկը հյուսիսականներից մի պատանի է գերի բռնում և բերում թագավորի մոտ։ Պատանին Տրդատին հայտնում է, որ այս արշավանքի պատճառը հայ իշխաններն են եղել, որ հարձակվողը հյուսիսականների թագավոր Գեդռեհոնն է, նա եկել է 58 հազար զորքով Տրդատին գերի բռնելու նպատակով։ 
Տրդատն այս իմանալով, զորքերին հրամայում է պատրաստվել կենաց և մահու պատերազմի։ 
Առավոտյան Տրդատի ձեռքի տակ եղած զորքը պարսպելով իրենց թագավորին, պաշտպանելով, շարժվում է առաջ, որպեսզի Տրդատը կարողանա Արձան բլուրը բարձրանալ։ Սակայն հյուսիսականների թագավորը հրամայում է իր զորքին Տրդատի առաջն առնել, վեց հազար լավ սպառազինված զինվորներ արգելում են Տրդատին Արձան լեռը բարձրանալ։ Կռիվը տևում է բազում ժամեր, և Տրդատը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել թշնամու պատնեշը։ 
Այնժամ Գրիգորը արտասվախառն աչքերով դիմում է սուրբ Կարապետին և ասում. 
— Ո՛վ Հովհաննես Մկրտիչ Կարապետ, չե՞ս տեսնում՝ ինչ են անում, քո զորությամբ օգնության հասիր այս նշանավոր ազգին։ 
Տրդատը միանգամից ուժ է ստնում, քաջարի ձայնով սուրը Կարապետին օգնության կանչելով՝ կտրում է թշնամու առաջապահ զորքի պատնեշը, առաջ անցնում և բարձրանում բլուրը։ Բլրի գագաթին գիշերը բարձրացած և թաքնված հայոց զորքը ոտի է ելնում, թշնամու զորքին մեջ առնում, կոտորելով փախցնում, լցնում բլրի հարավակողմի անտառը։ 
Հյուսիսականները թակարդ ընկածների նման խճողվում են անտառում, իսկ Տրդատի զորքը վրա հասնելով, անխնա կոտորում է բոլորին։ 
Եվ այդ վայրը այնուհետև այդ դեպքի առթիվ կոչվում է Թակարդ։ 
Հյուսիսականների մնացած զորքերը, օգտվելով առիթից, հարձակվում են գյուղի վրա, բայց այնտեղ ամրացած և թաքնված չորս հազար հայ զինվորները ոտի են ելնում, հարձակվում թշնամու վրա, քշում գյուղի ներքևը, որտեղ նրանցից շատերի երիվարների գլուխները դիպչելով ժայռերին, ջարդվում են, ոմանք էլ ժայռերից ցած են գլորվում և մեռնում։ Մնացածներին հայ զինվորները այգիների մեջ են քշում, կոտորում, և քչերին է միայն հաջողվում ազատվել։ 
Տրդատը վերադառնում է կոտորածից, բարձրանում Արձան բլրի գլուխը և ռազմի փողեր հնչեցնելով, զորահավաք ազդարարում։ Հայոց բոլոր զորքերն աստիճանաբար գալիս, հավաքվում են այնտեղ։ Երբ բոլորը հավաքվում են, Գրիգորին իջեցնում են անտառ և երեք հազար զինվոր նրան պահապան կարգում։ 
Իսկ հյուսիսականների թագավորը իր մնացած զորքը առնում, իջնում է Հաշտենից տափարակ տեղը և թուղթ է ուղարկում Տրդատին, առաջարկելով. 
«Վաղը եկ, իրար հետ կռվենք, և թող այս օրը հավիտենական օր լինի մեր միջև։ Կամ իմ գերված իշխաններն ինձ կվերադարձնես և ինձ կվճարես տասնհինգ տարվա հարկը, կամ էլ, եթե կմերժես, կքանդեմ քո երկիրը սրով և գերեվարությամբ, որպեսզի քո զորքերի առաջ քո խոզության պատկերը ճանաչես։ Ըստ այդմ քո պատասխանն ուղարկիր»։ 
Տրդատը հյուսիսականների թագավորի թղթին չի պատասխանում, դրա փոխարեն վերցնում է երեսուն հազար զինվոր, գնում, իջնում է Հաշտենից գավառի Մուշեղամարգ կոչված տեղը, թշնամու զորքի դիմաց։ Այստեղ Տրդատը ճակատ է կազմում, կենտրոնում կանգնեցնում է Բագրատանյաց իշխանին իր զորքով, աջ թևի զորքը տալիս է Սյունյաց իշխանին, ձախ թևի զորքը՝ Անգեղտան իշխանին, իսկ գահերեց իշխանին իր զորքով իրեն թիկունք է կանգնեցնում։ 
Երբ երկու կողմի ճակատներն էլ կազմված էին և կանգնել էին իրար դիմաց, հյուսիսականների Գեդռեհոն թագավորը ձայն է տալիս Տրդատին. 
— Հայոց արքա՛, առաջ անցիր։ 
Տրդատն անցնում է առաջ, ելնում Գեդռեհոնի դեմը, և սկսվում է մենամարտը։ Երկուսն էլ սկսում են իրար անխնա հարվածներ հասցնել և միաժամանակ պաշտպանվել հարվածներից։ Նրանք հեռվից նմանվում էին զույգ քարհատների կամ բուրդ ձաղկողների, որոնցից մեկը մուրճը կամ ձաղկոցը բարձրացնում էր, մյուսը՝ իջեցնում։ Եվ այդպես, երկար ժամանակ փոխադարձաբար միմյանց են հարվածում, և ոչ մեկը մյուսին չի կարողանում հաղթել։ Թեպետ Գեդռեհոնը ավելի զորավոր էր ու տեսքով ահավոր, քան Տրդատը, բայց նրա ուժն աստիճանաբար սկսում է պակասել և զգում է, որ կարող է Տրդատից վնասվել։ Ուստի նա արագ հանում է օղապարանր և հեռվից նետելով՝ Տրդատի աջ ուսը թևատակից առնում է օղակի մեջ, պարանը ձգում ու ձիու գլուխը շուռ տալով, քաշում։ Տրդատը տեսնելով, որ չի կարողանում աջ ձեռը շարժել, արագ մտրակում է ձին և տասը քայլ հազիվ էր Գեդռեհոնը անցել, Տրդատը հասնում է նրան, աջ ձեռով սուրը բարձրացնելով, գոռում. 
— Կատաղի շո՛ւն, կապեցիր քո ջղերից։ 
Եվ Տրդատը սուրը իջեցնելով՝ Գեդռեհոնի ձախ թիկունքից մինչև գոտկատեղը կիսում է, հետն էլ կտրելով ձիու ողն ու գլուխը, և գցում գետին։ 
Անգեղտան իշխանն այս տեսնելով, ձախ թևի զորքն առաջ է տանում և Սյունյաց իշխանին ձայն տալիս. 
— Սյունյաց իշխան, այծերիդ գունդը շրջապատիր, որովհետև հոների քոշն2 արդեն ընկել է։ 
Սյունյաց իշխանը շրջապատում է հյուսիսականների զորքը, կոտորում, թշնամու զորապետին աջ կողմը քշում և ասում. 
— Աստղահաչ3, առաջ անցիր, մենամարտենք։ 
Հյուսիսականների զորապետը արագ առաջ է գալիս և սրով խփում, կտրում է Սյունյաց իշխանի երիվարի գլուխը։ Սյունյաց իշխանը վտանգից խուսափելու համար սրով խփում, կտրում է թշնամի զորապետի ձիու ոտը։ Երկուսն էլ ձիերից վայր են ընկնում, և իրար հասնելով սկսում են կռվել։ Այդ միջոցին Սյունյաց իշխանի ծառաներից մեկը մի զինվորի ձիուց վայր է գցում, ձին խլում, մոտեցնում իշխանին, ասում. 
— Հեծիր, տեր։ 
Սյունյաց իշխանն իրեն արագ գցում է ձիու վրա, դառնում, կտրում է թշնամի զորապետի գլուխը և գցում իր մախաղը։ 
Անգեղտան իշխանը տեսնելով, որ թշնամու զորքը փախուստի է դիմում, մտնում է կռվի մեջ և Տրդատի հետ մինչև արևամուտը կոտորում դիմադրողներին, մնացածներին քշում, անցկացնում Հաշտենիցի գետի մյուս ափը։ 
Թշնամու զորքը գիշերը բանակում է գետի մյուս ափին, իսկ հայոց զորքը՝ այս ափին։ 
Լուսաբացին հյուսիսականները հավաքելով իրենց մնացորդ զորքը, հարձակվում են հայոց զորքի վրա և սկսում կոտորել։ Նրանք շրջապատում են Ծոփաց իշխանի գունդը և այն աստիճան նեղում, որ Ծոփաց իշխանը աղաղակելով, կանչում է. 
— Ո՞ւր ես, Սյունյաց իշխան, ինձ օգնության հասիր։ 
Սյունյաց իշխանը արագ գալիս է օգնության, ցրում թշնամիներին, իշխանին շրջապատումից ազատում, բայց քանի որ նա ծանր վիրավորված էր, շուտով մեռնում է։ 
Այդ ժամանակ թշնամու զորապետը դառնում, հարձակվում է Տրդատ թագավորի վրա։
Տրդատը խիստ զայրանալով՝ սրով հարձակվում է Գեդռեհոնի զորավարի վրա, խփում, կիսում, բաժանում է երկու մասի, ապա ընկնելով նրա զորքի հետևից, հալածելով փախցնում է մինչև Հարքի կողմերը։ Այստեղ էլ Հարքի իշխանն է հարձակվում հյուսիսականների վրա, վեց տեղով ճակատամարտ տալիս, կոտորում 8056 զինվոր, մնացածները փախչում են Վրաստան, դարձյալ կոտորվում, և միայն վեց հազար զինվոր է ազատվում, հասնում իրենց երկիրը։ 
Իսկ Տրդատը և հայոց մյուս բոլոր իշխանները իրենց զորքերով վերադառնում, հավաքվում են Գրիգորի մոտ, բազում այծեր ու գառներ մատաղ անում, աղքատներին ողորմություն բաժանում։ Ապա Տրդատը հրամայում է բռնել դավաճան Աղձնյաց իշխանին և նրա ոտներն ու ձեռները ծայրաքաղ անել՝ կտրել։ Գրիգորը խնդրում է Տրդատին՝ նման դաժան ձևով չպատժել նրան։ Տրդատը հարգում է Գրիգորի միջամտությունը և հրամայում է Աղձնյաց իշխանին Հայոց աշխարհից վտարել։
-----------------------------
** Շարադրված է ըստ Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության»։
1 Դահեկանը հնում դրամաչափ էր, մեկ դահեկանը կշռում էր մոտավորապես 4,5 գրամ ոսկի կամ արծաթ։
2 Քոշը արու այծն է, որ առաջնորդում է այծերի հոտը։ Այստեղ երգիծանքով հյուսիսականների կամ հոների զորքը այծերի հետ է համեմատվում, իսկ նրանց թագավորը՝ հոտը առաջնորդող արու այծի։ 
3 Այսինքն՝ շուն, նկատի ունի շան երկինք նայելն ու ոռնալը։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets