ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.12.2013

ՇԱՊՈՒՀ ԵՎ ՓԱՌԱՆՁԵՄ**

Արշակին բանտարկելուց և Վասակին սպանելուց հետո պարսից Շապուհ թագավորը հինգ հարյուր բյուր զորքով իր Զիկ և Կարեն զորավարներին ուղարկում է Հայոց աշխարհի վրա, որ գան կործանեն ու քարուքանդ անեն։ Երբ Հայոց աշխարհի տիկինը՝ Արշակ թագավորի կին Փառանձեմը, տեսնում է, որ պարսից թագավորի զորքերը լցվում են Հայաստան, իր հետ վերցնում է ազատներից բաղկացած տասնմեկ հազար լավ սպառազինված, քաջ ու ընտիր պատերազմող մարտիկներ և պարսից զորքերից խույս տալով, գնում ամրանում է Արշարունյաց գավառում գտնվող Արտագերս ամրոցում։ 
Պարսից բոլոր զորքերն այդ իմանալով, գալիս, շրջապատում են բերդը, պաշարում, բանակ զարկում, նստում բերդը շրջապատող ձորերի շուրջը։ Իսկ բերդում պաշարվածները հույսը դնում են տեղի ամրության և. բերդի անառիկության վրա։ 
Պարսիկները տասներեք ամիս պաշարում են բերդը, բայց տեղի ամրության պատճառով չեն կարողանում գրավել։ Այդ ընթացքում նրանք գնում, ավերում, քարուքանդ են անում շրջակա գավառներն ու երկրները, ավարի ենթարկում, բազմաթիվ մարդիկ ու անասուններ գերում, բերում իրենց բանակը, այլ տեղերից պարեն ու կենսամթերք են բերում, ուտում և բերդը պաշարման մեջ պահում։ 
Արշակ թագավորի որդի Պապը այդ ժամանակ պատանդ էր հունաց թագավորի մոտ։ 
Հայոց ազատների տոհմերից բաղկացած ամբողջ բանակը, որի զորագլուխն էր Վասակ սպարապետի որդի Մուշեղը, գնացել էր Հունաց աշխարհը՝ իրենց Պապ արքայորդու մոտ և բանակցություններ էր վարում հունաց թագավորի հետ, համոզում նրան, որ իրենց թիկունք և զորավիգ լինի պարսից Շապուհ թագավորին դիմադրելու համար։ Մուշեղը պարբերաբար սուրհանդակներ էր ուղարկում Հայոց աշխարհի տիկնոջ՝ Փառանձեմի մոտ, որ տոկա, համբերի, բերդը պաշտպանի, մինչև իր օգնության  հասնելը։ Պապն էլ իր հերթին, գրեթե յուրաքանչյուր շաբաթ պատվիրակներ էր ուղարկում Արտագերս, որոնք գալիս, գաղտնի մուտքով մի կերպ մտնում էին ամրոց, Փառանձեմին սիրտ էին տալիս, հուսադրում, ասում. «Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է, կայսերական գունդ է բերում քեզ օգնության»։ Այդպես, տասներեք ամիս շարունակ նրանք գալիս, քաջալերում էին Փառանձեմ տիկնոջը, թե՝ «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերիր, քեզ օգնության կհասնենք»։ 
Պաշարման տասնչորսերորդ ամսից հետո բերդում ապաստանածների մեջ ժանտախտ է ընկնում։ Մի անգամ Փառանձեմ տիկինը իր սեղանատանը նստած սեղանակիցների հետ ուտում, խմում, ուրախանում էր, երբ հանկարծ մի ժամում միանգամից հարյուր մարդ մեռան, մյուս սեղանատանը՝ երկու հարյուր մարդ։ Պատահում էր, որ ճաշի ժամանակ, բոլորը սեղանի շուրջը բազմած ճաշում էին, հանկարծ հինգ հարյուր մարդ էր մահանում։ Այդ մահաբեր հիվանդությունը սկսվելուց հետո, մեկ ամիս չանցած, պաշարվածներից մոտ տասնմեկ հազար տղամարդ և վեց հազար կին է կոտորվում։ Բերդում եղածներից կենդանի են մնում միայն Փառանձեմ տիկինը՝ իր երկու նաժիշտներով։ 
Եվ մի օր, երբ Փառանձեմը իր նաժիշտների հետ տխուր ու հուսահատ նստած էր իր առանձնասենյակում, բերդի գաղտնի մուտքով ամրոց է մտնում պալատական ներքինի Հայր մարդպետը1 և սկսում նախատել Փաոանձեմ տիկնոջը՝ իբրև մի փողոցային կնոջ։ Նա լուտանքի ու նախատինքի հեղեղ է թափում Արշակունյաց տոհմի վրա, նրանց համարում տմարդի, չարագործ, Հայոց աշխարհի կործանման պատճաո և վերջում ավելացնում, թե՝ 
— Տեղն է, ինչ որ ձեզ պատահեց, դուք արժանի եք դրան, դեռ սրանից էլ վատթարն է ձեզ պատահելու։ 
Ասում է, անպատվում և. գաղտնի մուտքից դուրս գալով՝ փախչում։ 
Փառանձեմ տիկինը այս ամենից հուսաբեկված, ճարահատյալ բերդի դարպասները բացում է պարսից զորքի աոջև։ Պարսիկները մտնում են բերդ, բռնում Փառանձեմ տիկնոջը, բերդից իջեցնում ցած։ Ապա բերդ են բարձրանում պարսից զորավարները, ավարի ենթարկում ամրոցում պահվող հայոց թագավորների գանձերը, բոլորը ցած իջեցնում։ Ինը օր, ինը գիշեր շարունակ պարսից զորքերը բերդից իջեցնում են այնտեղ ամբարված հայոց արքունական ունեցվածքը և Հայոց աշխարհի տիկնոջ հետ գերի տանում։ 
Այնուհետև պարսից զորքերը մտնում են Հայոց աշխարհի գրեթե բոլոր նշանավոր քաղաքները՝ Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհավան, Զարիշատ, Վան, Նախճավան, բոլորը քանդում, ավերում, բնակիչների մեծ մասին՝ հայերին ու հրեաներին, տեղահան անում, գերի տանում։ Պարսից զորավարները Հայոց աշխարհի մնացած բնակչությանը հպատակեցնելու համար վերակացուներ են թողնում, վերցնում են Փառանձեմ տիկնոջը իր մեծաքանակ գանձերով, քաղաքներից տեղահանված հարյուր հազարավոր հայ ու հրեա գերիներով, տանում Պարսից աշխարհը։ 
Երբ Փառանձեմ տիկնոջը, Հայոց աշխարհի բոլոր գերիներին ու գանձերը բերում, հանում են Շապուհ թագավորի առաջ, Շապուհը մեծ գոհունակությամբ շնորհակալություն է հայտնում իր Զիկ և Կարեն զորավարներին, ապա չարախնդությամբ վճռում է ստորացնել, նսեմացնել և մեծ վիրավորանք հասցնել Արշակունյաց ամբողջ տոհմին, Հայոց աշխարհին ու թագավորությանը։ Նա հրամայում է կանչել իր բոլոր զորքերին, մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր հպատակ բոլոր մարդկանց։ Նա այս բազմության մեջ է բերել տալիս, կանգնեցնում Հայոց աշխարհի Փառանձեմ տիկնոջը։ Ապա հրամայում է հրապարակում մի սարք պատրաստել, որի վրա պառկեցնում են Փառանձեմ տիկնոջը, ամբողջ բազմության առաջ խայտառակում նրան, սպանում։ Իսկ գերիներին տանում, մի մասին բնակեցնում են Ասորեստանում, մյուս մասին՝ Խուժաստան երկրում2։ 
----------------------------------- 
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։ 
* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»։ 
1 Մարդպետ՝ Արշակունիների ժամանակ արքունի պալատի ներքինապետ, կանանց վերահսկիչ։ «Հայր» հատուկ անուն չէ, այլ ներքինապետի հարգալից կոչումը։ 
2 Նաև Խուժիստան կամ Խուզիստան, գավառ Իրանում, գտնվում է Պարսից ծոցի հյուսիս-արևմուտքում, այժմյան Իրաքի սահմանի մերձակայքում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets