ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.12.2013

Երբ Վահեն զոհվեց Ղարաբաղում, մայրն այլեւս չկարողացավ դասարան մտնել

Մենք չենք ասում` նրանք մեռան, ասում ենք` նրանք ընկան: Ամեն ինչ մնում է հիշողության մեջ, ամեն մի մանրուք: Գերեզմանաքարերի մոտ կանգնած են տղերքը` անխոս: Լռությունն իր մեջ է հավաքել ամեն ինչ:
Գերեզմանաքարերի մոտ լուռ կանգնած են տղերքը: Մենք պարտավոր ենք, պարտավոր ենք նրանց` հայրենիքի համար իրենց կյանքը նվիրած այս տղերքին, լսել լռության մեջ: Իրենց լռության մեջ: Եվ երբեք, երբեք չպետք է օգտվել նրանց լռությունից:
Վահեն ծնվել է Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում: Բժշկական ինստիտուտի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան գոյամարտը:
Զինվորագրվեց ու մեկնեց ռազմադաշտ: Զինվոր էր ու բժիշկ: Մասնակցել է բազմաթիվ մարտերի: Շահումյանի անկումից հետո նա միացավ անտառներում իրենց կռիվը շարունակող պարտիզաններին:


1993թ.-ի հունիսի 13-ին Մատաղիս գյուղի մոտակայքում հետախուզական հանձնարարությունը կատարելուց հետո Վահեն, որ ուղեկցում էր ջոկատներից մեկը, զոհվեց:
Վահեի մայրը` Սվետլանա Մանուկյանը, վշտից կուչ եկած, 21 տարեկան որդուն հողին հանձնելիս, կամացուկ մրմնջալով ասել է. «Ժողովուրդ, չասեք` անտեր մնա Ղարաբաղը»:
«Վահեն կռիվ գնալուց եկավ համբուրեց ինձ, ասաց, թե` կռիվ եմ գնում, եթե հանկարծ մի բան լինի, մեր բակում ինձ կթաղես: Հետո էլ, թե` եթե հանկարծ մի բան լինի, քեզ օյին-զոյին չանես ուրիշների նման` ճվաս, մազերդ քանդես, քեզ չէժանացնես: Ես շատ զուսպ ընդունեցի Վահեի մահվան լուրը: Միակ բանը, որ արեցի, մազերս շատ երկար էին, կտրեցի, դրեցի ոտքերի տակ: Ես ոտքս դուրս չեմ դրել տանից 1991-2001 թթ.-ին, մինչեւ իմ թոռան` Վահեի ծնվելը: Գլխաշորս էլ սեւ էր, բայց երբ թոռս ծնվեց, ծաղկավոր հագա»,- պատմում է Արցախում զոհված Վահե Բաղդասարյանի մայրը` Սվետլանա Մանուկյանը:
Նա 32 տարի աշխատել է Կաքավաձորի դպրոցում, Վահեի զոհվելուց հետո տիկին Սվետլանան այլեւս դասարան չմտավ, չէր կարողանում:
«Վահեից հետո էլ չաշխատեցի, լեզու եւ գրականություն էի դասավանդում, 15 տարի ուսմասվար էի աշխատում, տնօրեն եմ աշխատել: Երբ Վահեն էդպես եղավ, ես երկուշաբթի գնացել էի դասի, առանց իմանալու: Հաջորդ օրը գիշերը Վահեին բերեցին: Ես էլ դպրոց էլ չգնացի, որովհետեւ անկախ իմ ընտանեկան, անձնական վիճակից` երբ մտել եմ դասարան, ամենը թողել եմ դրսում, բայց Վահեի կորուստն այնքան մեծ էր ու ծանր, որ ես չէի կարող էդպիսի տրամադրությամբ մտնել դասարան, բոլորը եկան` գյուղական խորհրդի նախագահը, ուսուցիչները, տնօրենը, ասացի` ես չեմ կարող մտնել դասարան, իմ ընկճված տրամադրությամբ ուրիշի երեխաների վրա ազդեմ, դա ես ինձ չեմ կարող թույլ տալ: Երեխաները սովոր են ինձ տեսնել ժպտերես, ուրախ, հիմա սեւ շորերով չեմ կարող»,- ասում է Վահեի մայրը:
Նա ժամերով պատմում է, հիշում մանրամասներ, համեմատում երկու որդիների բնավորությունները: Հայկը` ավագ որդին, կնոջ եւ երկու որդիների հետ ապրում է մոր հետ` Կաքավաձորում: Վահեն Հայկից 3 տարի փոքր էր, նրանք առանձին-առանձին են գնացել Ղարաբաղ: Վահեն 16 տարեկանում ընդունվել էր բժշկական համալսարան, ամենափոքրն էր իրենց խմբում:
«Վահեն շատ ուրիշ ձեւի էր, Հայկից տարբերվում էր հանգիստ բնավորությամբ, եթե Հայկը ամեն ինչում կտրուկ է, կասի` ինչ որ պետք է, Վահեն եթե որոշեց, ձայն չէր հանի, լուռ համառությամբ իր գործը կաներ: Երկուսն էլ Թալինում մաթեմատիկայի թեքումով էին սովորում, բայց Վահեն Հայկի նման չէր կարող, մինչեւ ֆիզիկայի կամ մաթեմատիկայի մի խնդիր կլուծեր, Հայկը 50 հատ էր լուծում: Հայկը բացարձակ ֆիզիկա, մաթեմատիկա գիտեր, էդ ռոբոտների բաժինը որ պոլիտեխնիկում առաջին տարին բացեցին, ինքն էլ մի քիչ ռոմանտիկ բնավորություն ուներ, ասաց` չէ, ես ռոբոտների բաժին կընդունվեմ, ես էլ ասացի` ինչ ուզում է, թող անի, որ հետո ինձ չմեղադրի, չնայած ինքը միշտ բժշկական էր ուզում: Հինգերով ընդունվեց, հետո երբ գնաց Ղարաբաղ, բաժինը փոխեց հեռակա, ինքը ավարտեց, բայց Վահեն երկու քննություն չէր տվել: Շահենը (խոսքը Շահեն Մեղրյանի մասին է – հեղ.) ասում էր, որ եթե մի ծրագիր էին մշակում, եթե 6 հոգի մի բան էին ասում, Վահեն մի բան ասեր, ինքը Վահեի ասածը կաներ: Վահեն կարողանում էր մարդկանց կյանքի պատասխանատվությունը վերցնել իր վրա, բայց Հայկը ավելի խելացի էր, ավելի լավ էր հասկանում, բայց էդ պատասխանատվությունը չի կարող վերցնել, Հայկը չի կարող մտածել, որ մեկն իր պատճառով կտուժի: Հայկը չկոտրվող բնավորություն ունի, հիմա եթե մի բան լինի, ուզում է` Սերժը լինի, ուզում է` ով լինի, եթե իրեն դուր չգա, կասի` դու էս բանը սխալ ես անում, բայց Վահեն էդպես չէր, կմանեւրեր, բայց չէր հակաճառի, իր ուզածը կաներ»:
1994 թ.-ի մայիսի 6-ին ԼՂՀ գերագույն խորհրդի որոշմամբ Վահե Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով:
Հայկը չի սիրում խոսել պատերազմի տարիների մասին, նրան դժվար է ներքաշել զրույցի մեջ, դժվար է հարցեր տալ եղբոր մասին: Մայրն ասում է. «Շատ կապված էին, ոնց որ երկու աղունիկ լինեին»:
«Գյուղացիք, երբ Վահեին բերել էին, ասում էին` անտեր մնա Ղարաբաղը, ես նեղացա, տասը անգամ ասացի` էդպիսի բան չասեք, չասեք, երբ գալիս էին մխիթարելու, ես նեղանում էի, երբ Ղարաբաղին բան են ասում, չեմ կարող, որ ասում են` իզուր գնացին, իզուր կռվեցին, չեմ կարող տանել, երբ էդպիսի բան են ասում»,- ասում է Վահեի մայրը՝ Սվետլանա Մանուկյանը:

Սաշա (Ալեքսանդր), Վահե, Արայիկ, Վազգեն (անհայտ կորած)

Վահե, Կամո

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets