ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.01.2014

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ 1926թ. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու

Քաղաքական զարգացումները Թուրքիայում 1923-1926 թթ., Իթթիհադիղեկավարները ընդդիմության ճակատում և Իզմիրի մահափորձը

Օսմանյան կայսրության` Առաջին աշխարհամարտում կրած պարտությունից հետո իթթիհադականները բաժանվել էին մի շարք խմբավորումների: Մի խումբը համագործակցում էր սուլթանական պալատի հետ, Իթթիհադի պարագլուխներից բաղկացած մյուս խումբը փախել էր արտասահման, իսկ երրորդը` կազմել ազգայնական շարժման կորիզը: Վերջին խումբն իր հերթին բաժանվում էր ենթախմբավորումների, որոնցից մեկը լիովին կողմնակից էր ազգային պետության հիմնմանը, իսկ մյուսը ցանկանում էր, որ ազգայնական շարժման հաղթանակից հետո վերականգնվեր նախկին համակարգը[1]: Իթթիհադի վերնախավը նպատակ ուներ պահպանել սահմանադրական միապետությունը, այնինչ Մուստաֆա Քեմալն ու վերջինիս համախոհները հանրապետության կողմնակից էին:
Ազգայնական շարժման հաղթանակից հետո իթթիհադականները մտադիր էին ամեն գնով մնալ քաղաքական թատերաբեմում` անկախ բոլոր պայմաններից ու պետական կարգից: Երիտթուրքերից Քարա Քեմալը դոկտոր Նազըմի, Ռահմի և Ջավիդ բեյերի, Հյուսեին Ջահիդի, Իսմայիլ Ջանփոլադի և մյուսների հրահրմամբ փորձում էր Մուստաֆա Քեմալին ներշնչել այն միտքը, թե նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու կարիք բոլորովին էլ չկա, և որ բոլոր քաղաքական կազմավորումները Թուրքիայում կարող են հիմնվել Իթթիհաթ վե Թերաքքիի վրա[2]: Նույն Քարա Քեմալը[3] 1922 թ. հունվարին գաղտնի աշխատանքներ էր տարել Ստամբուլում` Միություն և առաջադիմություն կուսակցությունը վերականգնելու ուղղությամբ[4]: 1922 թ. նոյեմբերի 29-ին Ստամբուլում կայացել էր նախկին իթթիհադականների գաղտնի հավաքը: Երիտթուրքերի կուսակցությունը վերակենդանացնելու փորձը կանխելու համար Մուստաֆա Քեմալն իր մտերիմ շրջապատից Իհսանին և Անվտանգության դատարանի անդամ Քըլըչ Ալիին ուղարկել էր Ստամբուլ` Քարա Քեմալի հետ բանակցելու: Սակայն իթթիհադականները դրանից հետո էլ չէին դադարեցրել իրենց գաղտնի գործունեությունը[5]:
Իր հերթին Մուստաֆա Քեմալը ձգտում էր իր կողմը գրավել իթթիհադականներին և հատկապես երիտթուրքական կուսակցության շարքային անդամներին[6]:
Աթաթուրքի կենսագիր Ֆալիհ Ռըֆքը Աթայն այդ մասին գրում է. «Մուստաֆա Քեմալը կասկածներ չի ունեցել, որ Միություն և առաջադիմություն կուսակցությունը հայրենասերների կուսակցություն է եղել: Պատասխանատուները կուսակցության ղեկավարներն էին: Վերջիններս էլ մահացել էին օտարության մեջ: Արդյոք մնացածները նախկին իթթիհադական Մուստաֆա Քեմալին ճանաչելո՞ւ էին որպես իրենց ղեկավար: Շարքային կադրերի համար դա խնդիր չէր, սակայն ի՞նչ էին մտածում այդ մասին կենտրոնական կոմիտեի` գրեթե Թալեաթի կշիռն ունեցող այնպիսի ազդեցիկ անդամներ, ինչպիսիք էին դոկտոր Նազըմը և Քարա Քեմալը»[7]:
Նախքան Թուրքիայի Հանրապետության հռչակումը Մուստաֆա Քեմալն արդեն իսկ սկսել էր մի շարք նշանակալի և արմատական բարեփոխումներ կատարել, որոնք վերաբերում էին երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներին: Հարկ է նշել, որ երբ քեմալականներն իշխանության եկան, Թուրքիան մի հետամնաց երկիր էր, որը փաստորեն գտնվում էր արևմտյան պետություններից տնտեսապես կախյալ վիճակում: Քեմալականների հաղթանակից հետո միջազգային կապիտալը Թուրքիայում դեռևս պահպանում էր իր գրեթե բոլոր արդյունաբերական կոնցեսիաները, երկաթուղային և ծովային փոխադրամիջոցները, բանկերը, առևտրային ընկերությունները. թուրքական նորաստեղծ կառավարությունը պարտավորվել էր արտասահմանյան բանկերին մի հսկայական գումար վճարել, որպեսզի մարեր սուլթանական պարտքը[8]: Լոզանի պայմանագրի կնքումից հետո (1923 թ. հուլիսի 23) Թուրքիայի տնտեսության գրեթե բոլոր առանցքային բնագավառները դեռ գտնվում էին եվրոպացի կապիտալիստների ձեռքում. 1924 թ. այստեղ գործում էին 94 արտասահմանյան ընկերություններ, այդ թվում` 7 երկաթուղային և 23 բանկային[9]: Տնտեսական խնդիրների լուծմանն էր ուղղված Իզմիրի տնտեսական խորհրդաժողովի հրավիրումը 1923թ.: Վերջինիս մասին հետևյալն է հայտնում տվյալ ժամանակաշրջանում Թուրքիայում գտնված խորհրդային դիվանագետ Ս. Արալովը. «Ընդդիմության պարագլուխներն առաջ էին քաշել այն տեսակետը, թե Իզմիրի խորհրդաժողովը ոչ թե ուղղված էր լինելու տնտեսական խնդիրների քննարկմանը, այլ այն գումարվելու էր Մուստաֆա Քեմալի կողմից` ինքնագովազդի և նոր կուսակցություն հիմնելու նպատակով: (…) Պայքարը քաղաքական խմբավորումների միջև արդեն այն ժամանակ սուր բնույթ էր ստացել»[10]:
Տնտեսական բարեփոխումների հետ մեկտեղ, քեմալականները Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում իրականացնում էին նաև քաղաքական արմատական փոփոխություններ: Վերջիններիս շարքում հիշատակման է արժանի հատկապես սուլթանության և խալիֆայության վերացումը: Մուստաֆա Քեմալը, նկատի առնելով, որ խալիֆայության լուծարման մասին առաջարկը կարող էր հուժկու բացասական արձագանք հարուցել երկրի ներսում, նախ բարձրացրեց միայն սուլթանության վերացման և սուլթանի աքսորման հարցերը[11]:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (այսուհետ` ԹԱՄԺ) 1922 թ. նոյեմբերի 1-ին օրենք ընդունեց սուլթանության վերացման մասին[12]: Սուլթանության լուծարումից հետո իրականացվեցին մի շարք միջոցառումներ` ուղղված պետական իշխանության ամրապնդմանը և սուլթանական շրջանակների ազդեցության թուլացմանը: 1923 թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց երեք կետից բաղկացած մի նախագիծ, որը մշակել էր Իսմեթ Ինոնյուի հետ համատեղ.
1. թուրքական պետության պետական կարգը` հանրապետություն,
2. թուրքական պետությունը գլխավորում է ԹԱՄԺ-ը,
3. թուրքական պետությունը կառավարվում է Նախարարների խորհդի միջոցով:
Սույն նախագիծը հենց նույն օրն ընդունվեց ԹԱՄԺ-ի կողմից: Ընդ որում՝ խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր բացահայտ հանդես չեկավ դրա դեմ[13]:
Ինչ վերաբերում է խալիֆայության վերացմանը, ապա 1924թ. մարտի 3-ին մի խումբ պատգամավորներ` շեյխ Սևֆեթ էֆենդու գլխավորությամբ, ԹԱՄԺ-ի քննարկմանը ներկայացրեցին խալիֆայության լուծարման և օսմանյան դինաստիայի բոլոր անդամներին Թուրքիայից վտարելու մասին օրինագիծը: Չնայած որոշ պատգամավորների առարկություններին` ԹԱՄԺ-ը 1924թ. մարտին հաստատեց այն[14]:
1923թ. ապրիլի 8-ին Մուստաֆա Քեմալը հրապարակեց նորաստեղծ Ժողովրդական կուսակցության[15] (Halk Fırkası) 9 սկզբունքները, որոնք դարձան այս կուսակցության նախընտրական ծրագրի հիմքը և մեծ դեր խաղացին հանրապետության քաղաքական համակարգի կազմավորման հարցում: Թուրքիայի ներքաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունենալ ցանկացող նախկին երիտթուրքերը ևս վերոհիշյալ ծրագրի դեմ մշակեցին «9 հոդվածներից» բաղկացած մի նախագիծ[16], որի գլխավոր պահանջն էր սուլթանության ու խալիֆայության վերականգնումը: Իթթիհադականները գիտակցելով, որ Միություն և առաջադիմություն կուսակցությունն այնքան է վարկաբեկվել, որ նրա նույնությամբ վերականգնումը միայն կխրտնեցնի երկրի բնակչությանը, համախմբվեցին Առաջադիմական հանրապետական կուսակցության (Terakkiperver Cumhuriyet Fırkası) շուրջ[17]: Թեև սույն կուսակցության ծրագիրը մշակվել էր Քարա Քեմալի կողմից, սակայն կուսակցության նախագահ էր ընտրվել Քյազիմ Կարաբեքիրը, իսկ տեղակալներ` Հյուսեին Ռաուֆ Օրբայը և Ալի Ֆուադ Ջեբեսոյը:
Հարկ է նշել, որ Մուստաֆա Քեմալն իթթիհադականների շարքում սկսել էր ընդդիմության հանդիպել դեռևս 1919 թ.` Էրզրումի և Սվասի համագումարների ընթացքում[18]: Հանրապետության հռչակումից հետո ընդդիմությունը հիմնականում ուղղված էր սուլթանության և խալիֆայության վերացման դեմ: Առաջին ընդհարումներն արտացոլվեցին Ստամբուլի և Անկարայի մամուլի էջերում[19]: Ժողովրդական կուսակցությունից` շատերի համար ոչ անսպասելի տարանջատումը տեղի ունեցավ 1924 թ. նոյեմբերի 9-ին, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Ռաուֆ Օրբայը[20]: Վերջինս 9 ընկերների հետ միասին 1924 թ. նոյեմբերի 17-ին Ներքին գործերի նախարարությանը ներկայացրեց Առաջադիմական հանրապետական կուսակցություն (Terakkiperver Cumhuriyet Fırka) հիմնելու մասին դիմումը և կուսակցության ծրագիրը, որը հրապարակվեց կուսակցության վավերացումից անմիջապես հետո[21]: ԹԱՄԺ-ում առաջին քաղաքական խմբավորման կազմավորումը սկսվել էր դեռևս «Անատոլիայի և Ռումելիի իրավունքների պաշտպանության խմբի» ստեղծման ժամանակ: Մուստաֆա Քեմալի ղեկավարության տակ գտնվող այս խումբը ստացել էր «Առաջին խումբ» անվանումը, իսկ ընդդիմադիր «Երկրորդ խմբի» առաջադեմ պարագլուխներից էր «Թան» թերթի գլխավոր խմբագիր և Տրապիզոնի պատգամավոր Ալի Շյուքրյուն: Առաջադիմական հանրապետական կուսակցության շարքերն անցան «Երկրորդ խմբի» անդամները[22]: Կուսակցության հիմնադիրների մեջ էին նաև Իթթիհադի այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք էին հանրակրթական նախկին նախարար Շյուքրյու Բլեդան, ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ջանփոլադը, պատգամավորներ Աբիդինն ու Հալիս Թուրգութը և այլք[23]:
Ինչպես նշվեց, նոր կուսակցության շարքերում մեծ թիվ էին կազմում նախկին իթթիհադականները: Առաջադիմական հանրապետական կուսակցությունն իրականում ընդհատակ անցած Միություն և առաջադիմություն կուսակցության գոյատևման օրինական երկարաձգումն էր, որը մի նոր «ռազմական թև» էր ստեղծում Մուստաֆա Քեմալի դեմ[24]:
Առաջադիմական հանրապետական կուսակցության ծրագրի դրույթների շարքում նշվում էր. «Կուսակցությունը հարգալից է կրոնական հավատքի հանդեպ»: Հենց այս կետն էլ շուտով խնդիրներ էր հարուցելու կուսակցության համար, քանի որ Ժողովրդական կուսակցությունն այս հոդվածը մեկնաբանելու էր որպես սպառնալիք` ուղղված աշխարհիկության (լաիցիզմ) սկզբունքին[25]: Առաջադիմական հանրապետական կուսակցությունը, բացի այնպիսի մեծ քաղաքներից, ինչպիսիք էին Անկարան, Ստամբուլը և Իզմիրը, մասնաճյուղ էր բացել նաև Ուրֆայում և սկսել կազմակերպվել Սվասում[26]:
Մուստաֆա Քեմալի իրականացրած վերոհիշյալ արմատական փոփոխությունները հանդիպեցին հետադիմականների կատաղի դիմադրությանը: 1925թ. տեղի ունեցավ Շեյխ Սայիդի ապստամբությունը, որն իրականում քրդական ապստամբություն լինելով` արտաքուստ հանդես էր գալիս հանրապետության և վերջինիս սկզբունքների դեմ` թեոկրատական կարգ հիմնելու կոչով: Ապստամբներն աջակցություն էին ստացել Առաջադիմական հանրապետական կուսակցության որոշ անդամների կողմից, որն էլ առիթ դարձավ, որպեսզի կառավարությունն ավելի խիստ միջոցներ ձեռնարկեր նրա դեմ:
Այսպես՝ խորհրդարանն այդ կապակցությամբ 1925թ. մարտի 4-ին ընդունեց մի օրենք, ըստ որի` արգելվում էր սուլթանության և խալիֆայության օգտին քարոզչությունը[27]: Միաժամանակ հրապարակված Կարգուկանոնի ամրապնդման մասին օրենքը (Takrir-i Sükun Yasası) լայն իրավունքներ ընձեռեց կառավարությանը` ընդդիմադիր կազմակերպությունների դեմ պայքար մղելու հարցում: Սույն օրենքի վրա հիմնվելով` Իսմեթ փաշայի կառավարությունը 1925թ. հունիսի 3-ին արգելեց Առաջադիմական հանրապետական կուսակցության գործունեությունը և փակեց գրեթե բոլոր ընդդիմադիր մամլո օրգանները[28]: ԹԱՄԺ-ում այս կուսակցության ներկայացուցիչները դարձան անկախ պատգամավորներ[29]: Օրենքի կիրառմանը զուգահեռ` վերակազմավորվեցին Անկախության դատարանները (İstiklal Mahkemeleri)[30]: Արևելյան անկախության դատարանը (Şark İstiklal Mahkemesi), 1925թ. մայիսի 25-ին մի գրություն հղելով շրջանի բոլոր նահանգներին, պահանջեց փակել Առաջադիմական հանրապետական կուսակցության` տվյալ շրջանների մասնաճյուղերը: Այդ պահանջն անմիջապես իրագործվեց նահանգապետերի կողմից, ովքեր կուսակցության մասնաճյուղերի փակման մասին արձանագրություններն ուղարկեցին դատարան[31]: 1925թ. հունիսի 3-ին Առաջադիմական հանրապետական կուսակցության գործունեությունն արգելվեց Անկախության դատարանի կողմից[32]: Սակայն կուսակցության փակումից հետո երիտթուրքերն անցան ընդհատակյա գործունեության և սկսեցին ծրագրեր մշակել` Աթաթուրքին ֆիզիկապես վերացնելու ուղղությամբ[33]: Ինչպես իրավամբ նկատում է թուրք պատմաբան Մուրադ Չուլջուն, իթթիհադականներին հատկապես վրդովեցնում էր այն, որ Մուստաֆա Քեմալը նոր կարգ հիմնելիս ցանկանում էր իրենց ամբողջովին դուրս մղել քաղաքականությունից[34]:
1926թ. երիտթուրքերը, հրահրելով հետադիմական ուժերին, զանգվածային ցույցեր կազմակերպեցին Էրզրումում, Սվասում և Կայսերիում, ինչպես նաև` պետության այլ քաղաքներում[35]: Նրանք ենթադրում էին, թե քանի որ այս բոլոր փոփոխությունները կապված էին Քեմալի անվան հետ, ապա վերջինիս սպանության դեպքում հնարավոր կլիներ վերադարձնել նախկին կարգը[36]: Իթթիհադականներին հուսադրում էր այն փաստը, որ Մուստաֆա Քեմալի նախկին զինակիցները` Քյազիմ Կարաբեքիրը, Ալի Ֆուադը և Ռաուֆ Օրբայը, հայտնվել էին ընդդիմադիրների ճակատում[37]: Թուրք պրոֆեսոր Էրգյուն Այբարսի բնորոշմամբ` 1925-1926թթ. դարձել էին Թուրքիայի ամենաճգնաժամային տարիները, քանի որ Կարգուկանոնի ամրապնդման մասին օրենքը (Takrir-i Sükun Yasası) և Անկախության դատարանների` ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, Շեյխ Սայիդի ապստամբության հետևանքով առաջացած մթնոլորտը, հեղափոխական շարժման ծավալումը, Առաջադիմական հանրապետական կուսակցության փակումը, Գլխարկի մասին օրենքը (Şapka Kanunu) և այլ իրադարձություններ մեծ ազդեցություն էին թողել երկրի հասարակական կառուցվածքի վրա[38]:
Թուրքիայի Հանրապետության նախագահի դեմ ծրագրվող մահափորձի մասին անձամբ Մուստաֆա Քեմալին ու կառավարությանը հայտնի էր դարձել դեռևս 1926թ. սկզբներին: Ընդ որում՝ այն ժամանակ այդ մասին նրանց տեղեկացրել էր արգելված Առաջադիմական հանրապետական կուսակցության անդամներից մեկը` Սարը Էդիփ Էֆեն[39], սակայն քեմալական կառավարությունը որոշել էր օգտագործել այդ մահափորձը` ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով[40]: Հենց այդ պատճառով էլ կառավարությունը 1926թ. սկզբներին դեռ միջոցներ չէր ձեռնարկել մահափորձի հեղինակներին ձերբակալելու ուղղությամբ:
Մուստաֆա Քեմալ փաշան 1926թ. մայիսի 7-ին շրջայցի էր դուրս եկել դեպի Թուրքիայի արևելյան և արևմտյան շրջաններ: Քեմալը 1926թ. հունիսի 14-ին Բալըքեսիրից ճանապարհ էր ընկնելու Իզմիր, որտեղ էլ, ծրագրի համաձայն, հունիսի 15-ին պետք է իրականացվեր մահափորձը: Ըստ ծրագրի` մահափորձն ի կատար էր ածվելու Իզմիրի Քեմերալթը պողոտայից դեպի շուկա բացվող հատվածում, որտեղ Գյուրջյու Յուսուֆը, Լազ Իսմայիլը և Չոփուր Հիլմին կրակելու էին Քեմալի վրա[41]: Սակայն կրետացի մաքսանենգ Շևքին, որի տանն էր կայացել մահափորձի նախապատրաստական աշխատանքների վերջին ժողովը, մտավախություն ունենալով, թե հունիսի 15-ի երեկոյան անմիջապես Ստամբուլ ուղևորված Սարը Էդիփ Էֆեն և Աբիդինը կառավարությանը կհայտնեն մահափորձի մասին, շտապեց Իզմիրի նահանգապետ Քյազըմ Դիրիքի մոտ` մահափորձի մասին տեղեկացնելու[42]:
Մահափորձի կազմակերպիչների խմբի ղեկավարն էր Լազիստանի պատգամավոր Զիա Հուրշիդը[43]` ԹԱՄԺ-ում ընդդիմադիր «Երկրորդ խմբի» անդամներից մեկը[44]: Նա մահափորձի հեղինակներին «Գյուլջեմալ» շոգենավով բերել էր Իզմիր և Գաֆֆարզադե հյուրանոցում նրանց ծանոթացրել Սարը Էդիփ Էֆեի հետ: Զիա Հուրշիդը նախկին իթթիհադական, Հատուկ կազմակերպության հիմնադիրներից գնդապետ Ռասիմից մի ծածկագիր նամակ էր բերել Սարը Էդիփ Էֆեին[45]:
1926թ. հունիսի 16-ի առավոտյան թուրքական թերթերը հրապարակեցին կարճ լուր, ըստ որի` բացահայտվել էր հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալի դեմ ծրագրված մահափորձը, իսկ կազմակերպիչները` ձերբակալվել[46]: Կառավարությունը 1926թ. հունիսի 18-ին մահափորձի նախաձեռնության մասին հասարակայնությանը հաղորդեց նաև «պաշտոնական հաղորդագրությամբ», որում նշվում էր, թե պարզվել է, որ Քեմալի դեմ մահափորձ է ձեռնարկվել նրա ուղևորության ընթացքում, հանցագործները ձերբակալվել են հանրապետության նախագահի` Իզմիր հասնելուց մեկ օր առաջ և խոստովանել իրենց հանցանքը, խնդիրը վստահվել է Անկախության դատարաններին, և դատարանի կազմը մեկնել է Իզմիր` գործը տեղում հետաքննելու համար[47]:

1926թ. Իզմիրի և Անկարայի դատավարությունները
Իզմիրի և Անկարայի դատաքննությունների բնույթը և ընթացքը ճիշտ ըմբռնելու համար հարկ է համառոտ անդրադառնալ Անկախության դատարանների լիազորություններին ու դատավարության սկզբունքներին: Անկախության դատարանները (İstiklâl Mahkemeleri) հիմնվել են 1920թ.` որպես սուլթանական կառավարությանը ծառայող լրտեսների և ազգայնական ուժերից դասալիքների դեմ ուղղված արագ և ազդեցիկ միջոց: Սույն դատարանները ենթակա էին ԹԱՄԺ-ին: Անկախության դատարաններին վերաբերող գործերի քննությունը նախ տարվում էր կառավարության կողմից, ապա տվյալ գործի թղթապանակը հանձնվում էր դատարանին[48]: Դատավարությունը դռնբաց էր հասարակության առջև. թերթերը մեկ օր առաջ տեղեկացնում էին նախատեսվող դատական նիստերի մասին: Անկախության դատարանների կայացրած դատավճիռներն անբեկանելի էին[49]: Դատավճիռների կատարման հարցում պատասխանատու էին քաղաքացիական ու զինվորական բոլոր պաշտոնյաները[50]: Սույն դատարանները վարույթների ընթացակարգով տարբերվում էին մյուս դատարաններից. մեղադրյալը դատարանում հարցաքննվում էր թե’ դատավորի և թե’ դատախազի կողմից: Ամբաստանյալը վկա հրավիրելու կամ դատական ակտը բողոքարկելու իրավունք չուներ[51]: Ավելին` խորհրդարանն անմիջապես վավերացնում էր դատարանի կայացրած մահվան դատավճիռը[52]: Թեև Անկախության դատարանների մասին օրենքը (İstiklal Mehâkimi Kanunu) փաստաբան վարձելն արգելող ոչ մի դրույթ չէր պարունակում, սակայն ամբաստանյալներին, ընդհանուր առմամբ, թույլ չէր տրվում դատապաշտպան ունենալ[53]:
Այս դատարանները 1921թ. հետո չէին գործում, սակայն 1923թ. դեկտեմբերին խալիֆայության մասին մի գրության տարածման պատճառով Ստամբուլ էր ուղարկվել մի նոր Անկախության դատարան, իսկ 1925թ. մարտին հրապարակված Կարգուկանոնի ամրապնդման մասին օրենքի (Takrir-i Sükun Yasası) ընդունումից հետո հիմնվել էին ևս երկու Անկախության դատարաններ, որոնցից մեկն աշխատում էր Անկարայում, իսկ մյուսը` շրջում Թուրքիայի արևելյան շրջաններում` ապստամբներին դատելու նպատակով: Անկախության դատարանները միայն 1925թ. դատապարտել են 800 հոգու, որոնցից 70-ի վերաբերյալ կայացվել է մահվան դատավճիռ[54]: Այս շրջիկ դատարանները քննել են ամենատարբեր բնույթի գործեր, որոնց մեջ հատկապես հիշատակման է արժանի դարձյալ Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձ ձեռնարկելու մեղադրանքով դատաքննված ազգությամբ հայ Մանուկ Մանուկյանի գործը[55]: 1923-1927թթ. Անկախության դատարանների քննած գործերն իրենց բնույթով որոշ չափով տարբերվում էին 1920-1923թթ. քննված գործերից: Ըստ պրոֆ. Էրգյուն Այբարսի` 1923-1927թթ. այս դատարաններում դատավարություններ են կայացել հիմնականում հետևյալ մեղադրանքներով` ապստամբության (խոսքը վերաբերում է հատկապես Շեյխ Սայիդի ապստամբությանը և «Գլխարկի մասին» օրենքի դեմ ուղղված ըմբոստություններին), Աթաթուրքի դեմ մահափորձի և իթթիհադականության, դասալքության, լրտեսության, կառավարությանն ընդդիմության, զրպարտանքի և այլն[56]: Դատարանի դահլիճի այն մասում, որտեղ սովորաբար նստում էր դատարանի կազմը, նկատելի էր մի մեծ պաստառ` հետևյալ մակագրությամբ. «Անկախության դատարանն իր պայքարում ահ ունի միայն Ալլահից»[57]: Այս դատարանն իրավասություններ ուներ հանրապետության մյուս դատարանների և վարչական մարմինների նկատմամբ: Անկախության դատարանն անհրաժեշտության դեպքում դիմում էր նման ատյանների` վերջիններիս կողմից ձերբակալված կասկածյալների թղթապանակներն իրեն ուղարկելու հարցով, և այդ պահանջներն անմիջապես բավարարվում էին[58]: Տվյալ ժամանակաշրջանում ԱՄՆ-ի գերագույն կոմիսար, ծովակալ Մարկ Բրիստոլը ԱՄՆ-ի դեսպանությանը գրում էր, թե Անկախության դատարանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ դատախազի և դատավորների միջև տարակածություններ գրեթե չեն լինում[59]:
Իզմիրի և Անկարայի դատական գործերը քննած Անկախության դատարանը կազմված էր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող ԹԱՄԺ-ի պատգամավորներից: Ռաուֆ Օրբայն իր հուշերում հետևյալ բնութագիրն է տալիս սույն Անկախության դատարանին. «Ոչ թե դատարան է, այլ ավազակների օջախ»[60]: Դատարանի պաշտոնյաները նշանակվում էին հենց դատարանի կողմից[61]: Դատարանի գրեթե բոլոր անդամները երիտասարդ էին և հավատարիմ` Մուստաֆա Քեմալին[62]: Որպես Անկախության դատարանի անդամներ հայտնի պաշտոնյաները դեռևս 1920թ. սեպտեմբերի 7-ին ԹԱՄԺ-ում հավաքվելով` որոշել էին «սեփական խղճի մտոք վճիռ կայացնել` առանց որևէ օրենքի ենթարկվելու»[63]: Անկախության դատարանների գործունեությունը փաստորեն դադարեցվել է 1927թ., իսկ 1949թ. Ջիհաթ Բաբանի և Ադնան Ադըվարի առաջարկով վերացվել է Անկախության դատարանների մասին օրենքը (İstiklal Mehâkimi Kanunu)[64]:
1926թ. հունիսի 16-ի երեկոյան Մուստաֆա Քեմալը ժամանեց Իզմիր և իջևանեց Նայիմ Փալաս հյուրանոցում: Այստեղ կասկածյալ Զիա Հուրշիդի[65] հետ դեմ առ դեմ հանդիպելուց հետո Քեմալը վարչապետին և ներքին գործերի նախարարին ուղարկած ծածկագիր հետագրերով հրամայեց կալանավորել Սարը Էդիփ Էֆեին և Իզմիթի պատգամավոր Շյուքրյուին, իսկ Ստամբուլի ոստիկանապետ Էքրեմին հղած ծածկագիր հեռագրով առաջին ազդանշանը տվեց` իթթիհադականներին ձերբակալելու ուղղությամբ[66]: Զիա Հուրշիդը ձերբակալվել էր Գաֆֆարզադե հյուրանոցում, Լազ Իսմայիլն ու Գյուրջյու Յուսուֆը` Ռագըփփաշա հյուրանոցում, իսկ Չոփուր Հիլմին և վերջինիս եղբայրը` Քարշըյաքայում[67] գտնվող իրենց տանը[68]:
1926 թ. հունիսի 17-ին Անկարայի Անկախության դատարանը` ամբողջական կազմով և Աֆիոնի պատգամավոր Ալի Չեթինքայայի (Քել Ալի) նախագահությամբ, Անկարայից մեկնեց Իզմիր[69]: Ինչպես նշվում էր ԽՍՀՄ-ի դեսպանության ամփոփագրում, հունիսի 17-ին Իզմիրում, Ստամբուլում և Անկարայում բազմաթիվ ձերբակալություններ էին կատարվել ընդդիմադիրների շրջանում[70]: Ըստ պատմաբան Ա. Գ. Ավագյանի` ուշագրավ փաստ է, որ Առաջադիմական հանրապետական կուսակցության անդամներն Անկախության դատարանի հրահանգով սկսել էին ձերբակալվել դեռ նախքան վերջինիս` Իզմիր մեկնելը, այսինքն` երբ դեռ չէր պարզվել սույն կուսակցության անդամների մեղսակցությունը մահափորձին[71]:
Ինքը` Մուստաֆա Քեմալ փաշան, այդ օրերին գտնվում էր զարմանալիորեն հանգիստ վիճակում, և չէր երևում, թե այս դեպքը հոգեբանորեն ճնշել էր նրան[72]: Սա ևս փաստում է, որ կառավարությունը և Քեմալը բավականին վաղուց են տեղյակ եղել կազմակերպվող մահափորձի մասին, սակայն այն ավելի շուտ չեն կանխել` ընդդիմադիրների և հատկապես իթթիհադականների հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով:
Ինչպես 1926թ. հունիսի 20-ին հաղորդում էր ՏԱՍՍ գործակալությունը, մահափորձի կապակցությամբ Ստամբուլում արդեն իսկ ձերբակալվել էին 40 հոգի, այդ թվում` ռազմական նախկին նախարար Ջեմալ փաշան, Օսմանյան կայսրության հանրակրթական նախկին նախարար Ահմեթ Շյուքրյուն, Ստամբուլի նախկին պատգամավոր Շյուքրյուն և Առաջադիմական հանրապետական կուսակցության մի շարք պատգամավորներ[73]:
Ուշագրավ հանգամանք էր նաև այն, որ թեև ապստամբ[74] շրջանի Անկախության դատարանի անդամները հունիսի 22-ին ուղարկած հեռագրում, անդրադառնալով այն հարցին, որ մեղավորների մեջ կային նաև պատգամավորներ, առաջարկել էին ԹԱՄԺ-ին նիստ գումարել՝ նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար, սակայն դեպքի հետաքննումն ստանձնած մյուս Անկախության դատարանը, բոլորովին նման անհրաժեշտություն չզգալով, սկսել էր կալանքի տակ առնել Առաջադիմական հանրապետական կուսակցության նախկին անդամները եղած պատգամավորներին[75]: Կալանավորվել էին սույն կուսակցության` ԹԱՄԺ-ում ներկայացված և անձեռնմխելիությամբ օժտված 29 պատգամավորներից 21-ը[76]:
Ձերբակալվել էին Առաջադիմական հանրապետական կուսակցության ներկայացուցիչ հետևյալ պատգամավորները` Ալի Ֆուադ Ջեբեսոյը, Քյազիմ Կարաբեքիրը, Ռեֆեթ Բելեն, Ջաֆեր Թայար Էղիլմեզը, գնդապետ Արիֆը, Ռյուշթյուն, Բեքիր Սամին, Սաբիթ Սաղըրօղլուն, Հալիս Թուրգութը, Նեջաթի Քուրթուլուշը, Հալեթ Սաղըրօղլուն, Մյունիր Հյուսրևը, Հալիլ Ըշըքը և ուրիշներ[77]:
Չնայած ձերբակալվել էին Առաջադիմական հանրապետական կուսակցության գրեթե[78] բոլոր առաջատար անդամները[79], սակայն Անկախության դատարանը հունիսի 22-ին հերքում էր մամուլում տարածված այն տեղեկությունը, թե նշյալ կուսակցության բոլոր գործիչներն էին կալանավորվելու[80]: Իրենց առաջատար անդամների ձերբակալման լուրն ստացած Առաջադիմական հանրապետական կուսակցության առաջնորդները ժողով էին գումարել Ռեֆեթ (Բելե) փաշայի տանը, որպեսզի քննարկեն դրա դեմ իրենց բողոքն արտահայտելու հարցը: Նրանք բողոքի մի տեքստ մշակեցին, որը ներկայացրեցին ԹԱՄԺ-ի նախագահ Քյազըմ Օզալփին, սակայն դա ոչ միայն որևէ օգուտ չտվեց, այլև հետագայում` դատավարության ժամանակ, մեկնաբանվեց որպես հանցանքի խոստովանում[81]:
1926թ. հունիսի 26-ի դրությամբ ձերբակալվածների թիվն անցնում էր 100-ից: Ձերբակալությունները շարունակվել են նաև դատավարության ընթացքում[82]: Ինչպես հունիսի 29-ին հաղորդում էր «Թայմս» օրաթերթը, սպասվում էին բազմաթիվ նոր ձերբակալություններ[83]: Նույն օրը Անկախության դատարանի նախագահ Ալի Չեթինքայան մամուլին տված հարցազրույցում մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեց երիտթուրքական կուսակցությանը[84], որից հետո` հունիսի 30-ին, սկսվեցին իթթիհադական առաջնորդների և գործիչների ձերբակալությունները[85]:
Երիտթուրքական կուսակցության կալանավորված անդամների մեջ հիշատակման են արժանի հատկապես Մեհմեթ Ջավիդը, Հաֆըզ Մեհմեթը, Իթթիհադի գլխավոր քարտուղար Միթհաթ Շյուքրու Բլեդան, դոկտոր Նազըմը, Յենիբահչելի Նայիլը, Ֆիլիբելի Հիլմին, ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ջանփոլադը, Քարա Վասըֆը, Ազմին, Ահմեթ Նեսիմին և այլք[86]:
Ձերբակալվածների վերջին խումբը գլխավորում էր Միություն և առաջադիմություն կուսակցության հայտնի գործիչ և ֆինանսների նախարար Ջավիդը[87]: Ի դեպ՝ անգլիական «Դեյլի թելեգրաֆ» օրաթերթը 1926թ. հունիսի 28-ի համարում նշում էր, թե «Քեմալ փաշայի մահափորձին մեղսակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալված Ջավիդի կալանավորման մասին լուրը, այն Ջավիդի, որը ֆինանսների նախարար էր եղել երիտթուրքերի իշխանության ժամանակաշրջանում, իսկ ներկայում Թուրքիայի պատվիրակն է «Օսմանյան պարտքի» հանձնաժողովում, մեծացրել է դիվանագիտական շրջանակների հետաքրքրությունը սույն դատական գործի նկատմամբ[88]: Նույն աղբյուրը հուլիսի 26-ին հայտնում էր, թե Եվրոպայի և Ամերիկայի նշանավոր քաղաքական գործիչներն Անկարայի առաջ բարեխոսել էին` ձերբակալված Ջավիդին ազատ արձակելու համար[89]:
Ինչ վերաբերում է Միություն և առաջադիմություն կուսակցության իշխանության տարիներին Օսմանյան կայսրության սննդի նախարարը եղած Քարա Քեմալին, ապա վերջինս ինքնասպանություն գործեց` այդպիսով կանխելով իր ձերբակալությունը: Դատական ատյանները ոչ մի կերպ չէին կարողացել գտնել նրան` չնայած բազմաթիվ խուզարկություններին: Քարա Քեմալի` արտասահման փախած լինելը բացառվում էր, քանի որ ի սկզբանե միջոցներ էին ձեռնարկվել դրա դեմ[90]: Կառավարությունը նրա թաքստոցի տեղը մատնողներին 10 հազար լիրա էր խոստանում[91]: Քարա Քեմալը ապաստանել էր փոստի նախկին տնօրեն Իհսան բեյի տանը, որի հավանոցում էլ 1926թ. հուլիսի 28-ին ինքնասպան եղավ` տուն ներխուժած ոստիկանների ձեռքը չընկնելու համար[92]:
Դարձյալ հետաքննության մեջ գտնվող մեկ այլ կասկածյալ` Անկարայի նահանգապետ Աբդյուլքադիր բեյը, որը Իզմիրի դատաքննության շրջանակներում հեռակա կարգով մահապատժի էր դատապարտվել, ձերբակալվել էր 1926թ. օգոստոսի 23-ին Բուլղարիա փախչելու ճանապարհին, և նրա մահապատիժն ի կատար էր ածվել 1926թ. օգոստոսի 31-ին[93]:
Անկարայի Անկախության դատարանը դատաքննությունն Իզմիրում սկսել է 1926թ. հունիսի 26-ին` ներկայում գրադարանի վերածված Էլհամրա կինոթատրոնի շենքում: 49 ամբաստանյալների մեծ մասը պատգամավոր էր: Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Էսքիշեհիրում և այլուր ձերբակալված բազմաթիվ կասկածյալներից դատարանի առջև էին կանգնել հետևյալ 3 խմբերի ներկայացուցիչները` 1. մահափորձի կազմակերպիչները, 2. Առաջադիմական հանրապետական կուսակցության անդամները, 3. նախկին իթթիհադականները[94]:
Դատարանի կազմը հետևյալն էր. նախագահ` Ալի Չեթինքայա[95], անդամներ` Ռիզեի պատգամավոր Լազ Ալի (Զըրհ), Այդընի պատգամավոր Ռեշիթ Գալիփ, դատախազ` Նեջիփ Ալի (Քյուչյուքա)[96]:
Իզմիրում դատաքննությունն սկսվել է գլխավոր մեղադրյալ Զիա Հուրշիդի հարցաքննությամբ: Սույն մեղադրյալը դրական պատասխան է տվել դատարանի նախագահի հետևյալ հարցին. «Ընդունու՞մ եք, որ մահափորձը ցանկացել եք կատարել քաղաքական նպատակներով»[97]: Ուշագրավ է, որ դատարանի կազմը Զիա Հուրշիդին և վերջինիս հանցակիցներին երբեք չի հարցրել նրանց` այս մահափորձը կատարելու դրդապատճառների մասին: Զիա Հուրշիդի այն ցուցմունքը, թե մահափորձը կազմակերպվել է քաղաքական պատճառներով, բավարար է համարվել դատարանի կողմից` դրա հետևում ավելի մեծ քաղաքական կազմավորումներ տեսնելու առումով: Մինչդեռ Զիա Հուրշիդն ընդամենը ցանկացել է ասել, թե հանրապետության նախագահի դեմ կազմակերպվող բոլոր մահափորձերն էլ քաղաքական բնույթ են կրում[98]:
Իզմիրի դատաքննության ժամանակ հատկապես մանրամասն են անդրադարձել երիտթուրքական իշխանության տարիներին Օսմանյան կայսրության հանրակրթական նախարարը եղած Ահմեթ Շյուքրյուի հանցակցությանը, քանի որ վերջինս Մալթայի աքսորավայրից վերադառնալուց հետո` 1924թ., անդամագրվել էր Առաջադիմական հանրապետական կուսակցությանը, և մահափորձին նրա մեղսակցությունն ապացուցվելու դեպքում այս հանցագործությունը կապվելու էր թե՛ Միություն և առաջադիմություն և թե՛ Առաջադիմական հանրապետական կուսակցությունների հետ: Ահմեթ Շյուքրյուն, ի տարբերություն Զիա Հուրշիդի, հերքել է բոլոր մեղադրանքները:
Թեև Շյուքրյուն համառորեն ժխտել է Իզմիրի մահափորձի հետ իր կապ ունենալը, սակայն նրան առերեսել են մահափորձի հետ անմիջականորեն առնչված մեղադրյալների հետ, ովքեր պնդել են, թե նա եղել է մահափորձի կազմակերպիչներից մեկը, և որ իրենք զենքերը ստացել են նրանից[99]:
Հարկ է նշել, որ Իզմիրի դատաքննության ընթացքում թե՛ դատարանի նախագահը և թե՛ դատախազը շատ են անդրադարձել նաև 1923թ. ապրիլին Ջավիդի տանը կայացած նախկին իթթիհադական պարագլուխների հավաքին, և դատարանը ձգտել է անմիջական կապ տեսնել այդ ժողովի և Իզմիրի մահափորձի միջև[100]` այն համարելով առաջին քայլը մահափորձի նախաձեռնության մեջ[101]:
Դատարանի նախագահն ու դատախազը կենտրոնացած էին հատկապես 3 իթթիհադականների վրա` սննդի նախարար Քարա Քեմալի, ֆինանսների նախարար Ջավիդի և հանրակրթական նախարար Ահմեթ Շյուքրյուի: Այս երեքից բաղկացած խումբը դատարանի կողմից ստացավ «Սև ավազակախումբ» (“Kara Çete”) անվանումը[102]:
Դատարանի անդամները «Սև ավազակախմբին» առաջին անգամ անդրադարձան Ջավիդի հարցաքննության ժամանակ` 1926թ. հուլիսի 6-ին, որից ցուցմունքներ պահանջեցին այդ հարցի առնչությամբ: Անկախության դատարանը վերջինիս հարցաքննության նիստում, դարձյալ առաջին անգամ, բարձրացրեց 1918թ. Թալեաթ փաշայի կառավարության հրաժարականի դրդապատճառները` զարմանք հարուցելով ունկնդիրների մոտ[103], քանի որ այդ խնդիրը ոչ մի տրամաբանական կապ չուներ Մուստաֆա Քեմալ փաշայի դեմ մահափորձի գործի քննության հետ: Հետևելով նախապես գրված սցենարին` նախագահը դատարանում հանդես եկավ հետևյալ մեկնաբանությամբ. «Ահավասիկ այն ժամանակ ձեր մի խումբը փախավ` հայրենիքը դժբախտության մեջ ձգելով, իսկ մյուս խումբն էլ հանձնվեց անգլիացիներին: (…) ապա ձեզ հնարավորություն տրվեց վերադառնալ Անատոլիա: Եկաք, բայց հանգիստ չմնացիք. ժողով գումարեցիք` որպես Միություն և առաջադիմություն կուսակցության երևելիներ…»[104]:
Ուշագրավ է, որ այս նույն հարցը բարձրացվեց նաև դոկտոր Նազըմի` Անկարայի դատավարության շրջանակներում կատարված հարցաքննության ժամանակ, և վերջինս խոստովանեց, որ Իթթիհադի պարագլուխների փախուստի պատճառ է եղել Հայկական հարցը` քրիստոնյաների ոչնչացումը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և այդ հարցի համար պատասխանատվությունից խուսափելու ցանկությունը[105]:
Ապա դատախազ Նեջիփ Ալին հայտնելով, թե Իզմիրում հանրապետության նախագահի դեմ մահափորձից բացի՝ եղել է նաև կառավարությունը տապալելու ծրագիր, նշեց, որ վերջինս իրագործելու էր նախկին երիտթուրքերից բաղկացած «Սև ավազակախումբ» կոչեցյալ գաղտնի խումբը: Դատախազը տեղեկացնելով, որ որոշվել է նրանց դատաքննությունն իրականացնել Անկարայում, պահանջեց առանձնացնել նշյալ հանցախմբի անդամների գործը: Դատախազի պահանջը բավարարվեց, և սույն դատական գործը բաժանվեց երկու փուլի` 1. Իզմիրի մահափորձի դատաքննության և 2. Իթթիհադականների դատավարության[106]:
Ջավիդից հետո հարցաքննվեց Իսմայիլ Ջանփոլադը[107], որին դատախազ Նեջիփ Ալին պահանջեց դատապարտել 10 տարվա թիապարտության` նշելով, թե «Իսմայիլ Ջանփոլադն ու Քարա Քեմալը, Շյուքրյու բեյի հետ մեկտեղ, եղել են կուսակցության ամենագործուն և ամենանշանավոր անդամները: Մահափորձի առնչությամբ անհնար է նրան առանձնացնել Շյուքրյուից»[108]: Իսմայիլ Ջանփոլադը շեշտեց, թե Քարա Քեմալը դեր չի ունեցել Առաջադիմական հանրապետական կուսակցության ծրագրի մշակման գործում[109]:
1926թ. հուլիսի 11-ին դատարանում ընթերցվեց դատախազ Նեջիփ Ալիի կազմած մեղադրական ակտը, ըստ որի` ամբաստանյալները 1926թ. հունիսի 17-ին մտադիր են եղել մահափորձ իրականացնել հանրապետության նախագահի դեմ: Թեև մեղադրական ակտում նշվում էր, որ Նեջաթին, Չոլաք Սելահադդինը, Հյուսեին Ավնին և Քարա Վասըֆը կապ չեն ունեցել մահափորձի հետ, բայց և այնպես դատախազը պահանջում էր նրանց դատաքննել Անկարայում` Քարա Քեմալի հետ սերտ առնչություններ ունենած լինելու պատճառով: Մեղադրական ակտում նաև շեշտվում էր, որ Միություն և առաջադիմություն կուսակցությունը մասնակից է եղել մահափորձին, սույն կուսակցության անդամները կործանման են հասցրել Օսմանյան կայսրությունը և, չնայած լուծարել են կուսակցությունը, սակայն մտադրվել են դարձյալ վերադառնալ իշխանության[110]: Ըստ դատախազի` բացահայտվել էր, որ նախքան Առաջադիմական հանրապետական կուսակցության պաշտոնապես հիմնումը` հիշյալ կուսակցության ծրագիրը մշակվել էր Քարա Քեմալի գրասենյակում և Ջավիդի` Շիշլիում[111] գտնվող տանը` իրենց իթթիհադականության մարմնավորումը համարող անձանց կողմից[112]: Մեղադրականում նաև ընդգծվում էր, թե Առաջադիմական հանրապետական կուսակցության որոշ առաջատար անդամներ միաբանվել էին Միություն և առաջադիմություն կուսակցությունը վերստին իշխանության բերել ձգտողների հետ և մահափորձի նպատակով մի քաղաքական ցանց ստեղծել` իշխանությունը միասին զավթելու համար: Բացահայտվել էր, որ այդ ցանցը գտնվել էր Քարա Քեմալի, Շյուքրյուի, Ջավիդի, Հալիս Թուրգութի, Իսմայիլ Ջանփոլադի, գնդապետ Արիֆի, Նայիլի, Հիլմիի, Անկարայի նախկին նահանգապետ Աբդուլքադիրի ղեկավարության տակ[113]: Ըստ դատախազի` երիտթուրքերն ըմբռնելով, որ օրինական ճանապարհով չեն կարող իշխանության գալ, անցել են Առաջադիմական հանրապետական կուսակցության շարքերը և վերջինս օգտագործել: Ամբաստանագրում շեշտվում էր նաև իթթիհադականների` Շեյխ Սայիդի ապստամբությանը և «Գլխարկի մասին» օրենքի դեմ ըմբոստություններին ունեցած մասնակցությունը: Մեղադրական ակտի համաձայն` Առաջադիմական հանրապետական կուսակցության փակվելուց հետո երիտթուրքերը, որպես վերջին միջոց, որոշել էին սպանել հանրապետության ղեկավարին[114]:
Իզմիրի գործով մեղադրյալների պաշտպանական ճառերը դատարանն ունկնդրության արժանացրեց 1926թ. հուլիսի 12-ին: Ահմեթ Շյուրքյուն իր պաշտպանական ելույթում պնդեց, թե ոչ մի կապ չի ունեցել մահափորձի հետ, անդրադարձավ այն ծառայություններին, որ ինքը մատուցել էր երկրին` հանրակրթական նախարարի պաշտոնին եղած ժամանակ, և բոլոր մեղադրանքները հերքելուց հետո բողոքեց, որ իրեն թույլ չեն տվել օգտվել պաշտպանության իր իրավունքից[115], այսինքն` փաստաբան վարձել և վկաներ ներկայացնել:
Իսմայիլ Ջանփոլադը պաշտպանական ճառում նշելով, թե «վերջին տարիներին ինքը, ըստ էության, անտարբեր է դարձել քաղաքականության նկատմամբ»` ժխտեց մահափորձի հետ իր առնչությունը[116]: Նա շեշտեց, թե Ջավիդ բեյի տանը կայացած ժողովում քննարկվել է Մուստաֆա Քեմալ փաշային ներկայացվելիք առաջարկությունը, իսկ հետագա հավաքի նպատակն է եղել` տեղեկանալ Քարա Քեմալի և Մուստաֆա Քեմալի միջև կայացած բանակցությունների արդյունքների մասին[117]:
Իզմիրի դատաքննությունն ավարտվեց 1926թ. հուլիսի 13-ին, երբ հրապարակվեց դատարանի կայացրած դատավճիռը, ըստ որի` մահվան դատապարվեցին 15 հոգի[118]: Դատաքննությանը ներկա գտնված և մահվան դատապարտված ամբաստանյալներն էին պաշտոնաթող գնդապետ Ռասիմը, Չոփուր Հիլմին, Սարը Էֆե Էդիփը, Գյուրջյու Յուսուֆը, Լազ Իսմայիլը, Տրապիզոնի պատգամավոր Հաֆըզ Մեհմեդը, Զիա Հուրշիդը, Իզմիթի պատգամավոր Շյուքրյուն, Սարուխանի պատգամավոր Աբիդինը, Էսքիշեհիրի պատգամավոր, գնդապետ Արիֆը, Էրզրումի պատգամավոր Ռյուշթյուն, Ստամբուլի պատգամավոր Իսմայիլ Ջանփոլադը և Սվասի պատգամավոր Հալիս Թուրգութը[119]: Ուշագրավ է, որ թեև դատախազը ամբաստանագրով վերջին երեքի համար մահապատիժ չէր պահանջել, սակայն դատարանը նրանց նույնպես մահվան դատապարտեց, որովհետև նրանք բոլորն էլ եղել էին Միություն և առաջադիմություն կուսակցության երևելի անդամներից: Հատկանշական է, որ Առաջադիմական հանրապետական կուսակցության ներկայացուցիչները` Քյազիմ Կարաբեքիրը, Ջաֆեր Թայարը Էղիլմեզը, Ալի Ֆուադ Ջեբեսոյը, Ռեֆեթ Բելեն, Բեքիր Սամին և մյուսները, ազատ արձակվեցին[120], իսկ երիտթուրք կալանավորները տեղափոխվեցին Անկարա` «Սև ավազակախմբի» դատական գործի շրջանակներում դատաքննվելու նպատակով:
Անկախության դատարանն Իզմիրում աշխատանքներն ավարտելուց հետո` 1926 թ. հուլիսի 17-ին, վերադարձավ Անկարա և իրեն հատկացված շենքում սկսեց երկրորդ դատաքննության նախապատրաստությունը: Հետաքննության շրջանակներում առաջին հարցաքննությունը կայացավ հուլիսի 20-ին[121]:
Իզմիրի մահափորձի դատաքննության երկրորդ փուլը` Անկարայի դատավարությունը կամ «Սև ավազակախմբի» դատական գործը, մեկնարկեց 1926թ. օգոստոսի 2-ին` ժամը 14:00-ին: Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր ունկնդիրներով, որոնց մեջ կային նաև պատգամավորներ[122]: Մեղադրյալի աթոռին էին 50-ից ավելի հայտնի երիտթուրքեր, որոնց շարքում հիշատակման են արժանի Մեհմեթ Ջավիդը, դոկտոր Նազըմը, Հյուսեինզադե Ալի Թուրանը, Յենիբահչելի Նայիլը, Ֆիլիբելի Հիլմին, Հյուսեին Ջահիթ Յալչընը, Քյուչյուք Թալեաթ Մուշքարան, Հյուսեին Ավնի Ուլաշը, Քարա Վասըֆը, Միթհաթ Շյուքրյու Բլեդան և Ահմեթ Նեսիմի Սայմանը[123]: Էրգյուն Այբարսի բնորոշմամբ` «հերթը հասել էր Միություն և առաջադիմություն կուսակցությունը թուրք քաղաքական կյանքից զտելուն»[124]: Ուշագրավ է, որ թեև Անկախության դատարանը հուլիսի 27-ին հայտարարել էր, թե Իթթիհադը, որպես կուսակցություն, չէր դատվելու[125], քանի որ «շատ բարիք էր բերել» երկրին, սակայն ընդամենը մեկ օր անց` հուլիսի 28-ին, հակասելով իր նախկին հայտարարությանը, հաղորդել էր, որ Միություն և առաջադիմություն կուսակցությունը նույնպես մեղավոր էր համարվում, որովհետև երկիրը ներքաշել էր Համաշխարհային պատերազմի մեջ, որի ընթացքում պարենային ծանր կացությունն օգտագործել` ի նպաստ կուսակցության անդամների հարստացմանը[126]:
Նախքան դատավարության մեկնարկը` գործի հետաքննության ընթացքում, մամուլում արդեն իսկ քարոզչություն էր տարվում Միություն և առաջադիմություն կուսակցության դեմ: Թերթերում բավականին ծանր մեղադրանքներով տեղեկատվություն էր հաղորդվում երիտթուրք ամբաստանյալների վերաբերյալ[127]: Պարբերական մամուլում տպագրվող լուրերում ու հոդվածներում նշվում էր, թե նախկին իթթիհադականներն ապագա ցուցմունքներում շատ կարևոր տեղեկություններ էին հաղորդելու, որոնք լույս էին սփռելու պատմության վրա[128]:
Հարկ է նշել, որ պատահական չէր սույն դատաքննությունը Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաքում իրականացնելու որոշումը. Անկարան խորհրդանշում էր Մուստաֆա Քեմալի և Թուրքիայի նոր ղեկավարների գերիշխանությունը երիտթուրքերի նկատմամբ, քանի որ վերջիններս միշտ դեմ են եղել մայրաքաղաքը Անկարա տեղափոխելու որոշմանը:
Անկարայի դատավարության ժամանակ Անկախության դատարանի կազմի անդամներն ավելի խստացրին իրենց դիրքորոշումը իթթիհադականների հանդեպ` նպատակ ունենալով հասարակայնության առաջ հիմնավորել նրանց պատմական պատասխանատվությունը[129]: Գործը քննող դատարանն Աթաթուրքի դեմ մահափորձի նախաձեռնության հետ ոչ մի կապ չունեցած երիտթուրքերին ևս դատապարտելու հնարավորություն ունենալու համար իրեն լրիվ ազատ էր զգում` մեղադրյալներին ամեն տեսակի հարց ուղղելու և գրեթե ամեն բանի համար հաշիվ պահանջելու առումով[130]` սկսած Առաջին աշխարհամարտի մեջ երկիրը ներքաշելուց մինչև պատերազմի ընթացքում կատարված հանցագործություններ:
Առաջին նիստում դատախազ Նեջիբ Ալին ընթերցեց իր կազմած մեղադրական ակտը, որում Իզմիրի մահափորձի նախաձեռնության և Իթթիհաթ վե Թերաքքիի` մահափորձի հետ ունեցած առնչության մասին շեշտելուց հետո մանրամասն անդրադառնում էր ազգայնական շարժման ընթացքում երիտթուրքերի կատարած աշխատանքներին և Քարա Քեմալի` իթթիհադական կուսակցությունը վերակենդանացնելու փորձերին[131]: Դատախազը մեղադրյալներին պատասխանատու էր համարում Իզմիրի մահափորձի համար և ընդգծում, որ այն պետք էր գնահատել ոչ թե որպես վրեժխնդրության գործողություն, այլ` հեղաշրջման փորձի նախապատրաստություն: Մեղադրական ակտում շոշափովում էին երեք գլխավոր հարցեր`
1. Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդների կողմից իշխանության չարաշահումը հատկապես Համաշխարհային պատերազմի տարիներին,
2. 1921 թ. իթթիհադականների` Մուստաֆա Քեմալի տեղը գրավելուն ուղղված փորձերը,
3. 1923 թ. կայացած երիտթուրքերի համագումարը[132]:
Մեղադրական ակտում նաև շեշտվում էր, թե Քարա Քեմալն էր Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին համոզել լքել երկիրը[133]: Դա հետագայում հաստատվեց նաև դոկտոր Նազըմի ցուցմունքով[134]: Դատախազը ենթադրում էր, թե անհնար էր, որ դոկտոր Նազըմն առնչություն ունեցած չլիներ այն «մահափորձի հետ, որ ցանկանում էր իրագործել գաղտնի ընկերությունը», իսկ Ջավիդ բեյը մեղադրվում էր Քարա Քեմալի ցանցում ընդգրկված լինելու մեջ[135]:
Անկախության դատարանի կողմից բարձրացված հարցերի մի մասը, ինչպես, օրինակ, առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, Առաջին աշխարհամարտի տարիներին տնտեսական չարաշահումներ կատարելու խնդիրները քննվել էին նաև 1919 թ. երիտթուրքերի դատավարությունների ժամանակ` Ռազմական արտակարգ ատյանների կողմից[136]:
Անկարայի դատավարության ընթացքում դատարանը Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների մեջ ամենամեծ ուշադրությունը հատկացրել է Ջավիդին ու դոկտոր Նազըմին[137]: Ջավիդ բեյը մեղադրվում էր զինադադարից հետո արտերկիր փախչելու և Էնվեր փաշայի հետ հանդիպելու մեջ, իսկ դոկտոր Նազըմ բեյը` Էնվեր փաշայի հետ համագործակցելու[138]: Մեղադրական ակտում նշվում էր, թե, ըստ Ջավիդի ցուցմունքների՝ դոկտոր Նազըմի տանը գտնվել է երիտթուրքերի գաղտնի հավաքների արդյունքում կազմված 9 կետից բաղկացած մի ծրագիր, որի հոդվածները մեկ առ մեկ քննարկվել և միաձայն կերպով ընդունվել են մասնակիցների կողմից[139]:
Դատական նիստերի ժամանակ հաճախ է անդրադարձ եղել Միություն և առաջադիմություն կուսակցության վարած քաղաքականությանը, և յուրաքանչյուր մեղադրյալի հարց է տրվել, թե ներկա դրությամբ Իթթիհաթ վե Թերաքքին պաշտոնապես գոյություն ունի, թե ոչ[140]:
Առաջին նիստում մեղադրական ակտի ընթերցումից հետո հարցաքննվեց Քյուչյուք Թալեաթը, որից Միություն և առաջադիմություն կուսակցության անցյալի համար հաշիվ պահանջած դատարանի նախագահը մանրամասն կանգ առավ Առաջին աշխարհամարտի ժամանակ կատարված չարաշահումների, ազգայնական շարժման ընթացքում Էնվեր փաշայի` Թուրքիա անցնելու ջանքերի և հետագա տարիներին իթթիհադականների` ամեն գնով իշխանության գալու ձգտումների վրա: Մեղադրյալը հերքեց հիշյալ փաստերի հետ իր առնչությունը[141]:
Քյուչյուք Թալեաթից հետո հարցաքննվեց Միություն և առաջադիմություն կուսակցության գլխավոր քարտուղար Միթհաթ Շյուքրյու Բլեդան, որին դատարանի նախագահը հարցեր ուղղեց երկիրը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու, պատերազմի տարիներին առաջացած սննդի խնդրի, կատարված չարաշահումների, զինադադարի կնքումից հետո երիտթուրքական պարագլուխների փախուստի և այլ հարցերի վերաբերյալ: Միթհաթ Շյուքրյուի հարցաքննության ժամանակ անդրադարձ եղավ նաև Միություն և առաջադիմություն կուսակցության փաստաթղթերի անհետացման հարցին, և կուսակցության գլխավոր քարտուղարը նշեց, թե դրանք վերցրել է Բեհաեդդին Շաքիրը[142]` այդպիսով հակասելով ինքն իրեն, քանի որ երիտթուրքերի 1919թ. դատավարության ժամանակ Միթհաթ Շյուրքուն Ռազմական արտակարգ ատյանին հաղորդել էր, որ փաստաթղթերը տարել էր դոկտոր Նազըմը: Այս հակասությունը պայմանավորված էր ոչ թե Շյուքրյու Բլեդայի վատ հիշողությամբ, այլ այն հանգամանքով, որ փաստաթղթերի անհետացման հեղինակ դոկտոր Նազըմը տվյալ պահին գտնվում էր մեղադրյալի աթոռին, իսկ Բեհաեդդին Շաքիրին վաղուց արդեն վերացրել էին հայ վրիժառուները: Այստեղ ուշագրավ է, որ ինքը` Նազըմը, դատավարության ընթացքում հերքելով կուսակցությանը վերաբերող մի շարք պնդումներ` հղում է արել Իթթիհադի համագումարների արձանագրություններին` շատ լավ տեղյակ լինելով, որ դրանք ոչնչացվել էին իր կամ Բեհաեդդին Շաքիրի կողմից: Այդ պատճառով Նազըմն օգտագործում է «…եթե այդ սղագրությունները գտնել տաք…» (…oradaki tutanakları buldurursanız…) արտահայտությունը[143]:
Շյուքրյու Բլեդայից հետո հարցաքննվեցին նաև Ազմին, Ահմեթ Նեսիմին[144], դոկտոր Հյուսեինզադե Ալին, Էյուփ Սաբրին, դոկտոր Ռուսուհին և Համդի Բաբան[145]:
1926թ. օգոստոսի 10-ին կայացավ Ջավիդի հարցաքննությունը, որի ժամանակ դատարանի դահլիճն աննախադեպ կերպով լեփ-լեցուն էր ունկնդիրներով, որոնց մեծ մասը սույն մեղադրյալին մոտիկից ճանաչող անձինք էին, ովքեր թեև նախկինում եղել էին երիտթուրքական կուսակցության անդամներ, սակայն անցել էին Ժողովրդական կուսակցության շարքերը: Նրանց մեջ կային նաև պատգամավորներ[146]: Մեղադրյալին հարցեր ուղղեցին 1923թ. իր տանը կայացած իթթիհադականների ժողովի վերաբերյալ[147]: Ըստ դատարանի անդամների` Ջավիդ բեյը, մահափորձի նախաձեռնությունից բացի, ղեկավարել էր այն խմբին, որն «ամեն գնով մտադրվել էր վերակենդանացնել» Իթթիհաթ վե Թերաքքին[148]: Դատարանի անդամներից մեկը եղած Քըլըչ Ալին իր հուշերում հայտնում է, թե Ջավիդն անվրդով է պատասխանել դատարանի նախագահի հարցերին[149]: Մեղադրյալը նշեց, թե Դամաթ Ֆերիթ փաշայի կառավարության հիմնումից հետո Միություն և առաջադիմություն կուսակցության իշխանության տարիներին երկիրը ղեկավարած բոլոր նախարարներն ազատազրկվում էին, որի պատճառով էլ ինքը նախ՝ 6 ամիս թաքնվել էր երկրում, ապա` փախել Շվեյցարիա: Նա հայտնեց նաև, որ լսել էր, թե Էնվեր փաշան մտադիր էր Թուրքիա անցնել, որից ելնելով էլ նամակ էր հղել Թալեաթ փաշային, որպեսզի վերջինս համոզեր Էնվերին` հրաժարվել այդ գաղափարից[150]: Դատարանի նախագահը Ջավիդին մեղադրեց երկրի համար օրհասական պահին այն լքելու մեջ[151]:
Սույն ամբաստանյալն Իզմիրի դատաքննության ժամանակ հերքել էր երիտթուրքերի կազմած և 9 հոդվածից բաղկացած ծրագրի գոյության փաստը, սակայն Անկարայի դատավարության ընթացքում նախագահը նրա առջև դրեց այդ ծրագիրը` ասելով. «(Իզմիրի դատավարության ժամանակ) չցանկացաք ասել, քանի որ ենթադրում էիք, թե այն մեր ձեռքը չի ընկնի, այնպես չէ՞»[152]: Ջավիդը փորձեց արդարանալ, թե շատ ժամանակ էր անցել այդ դեպքերից, և չէր հիշել դրա մասին: Այս ծրագրում դատարանի ուշադրությունն էր գրավել հատկապես երկրորդ կետը, որն ուներ հետևյալ ձևակերպումը. «Իշխանությունը և սուլթանությունը բացառապես ազգինն են»[153]: Դատարանը Ջավիդից բացատրություն պահանջեց հատկապես այդ կետի շուրջ, քանի որ սուլթանությունը վերացվել էր Մուստաֆա Քեմալի կողմից: Դատարանի կողմից հիշատակվեց նաև հինգերորդ կետը, որում ասվում էր, թե «Կառավարության կենտրոնը պետք է լինի Ստամբուլը»[154]: Երբ ամբաստանյալը շեշտեց, թե օսմանյան մայրաքաղաքը բոլոր տեսակետներից էլ հարմար էր քաղաքամայր լինելուն, նախագահը հակադարձեց նրան` որպես փաստարկ բերելով Ստամբուլի անհարմար աշխարհագրական դիրքը[155]: Հարցաքննության ժամանակ Ջավիդը նաև հերքում էր, թե 1923թ. իր տանը կայացած երիտթուրքերի հավաքը գաղտնի նպատակ էր հետապնդել[156]: Դատախազը պնդում էր, թե այդ ժողովում պետության դեմ դավադրություն էր նյութվել, իսկ դատարանի նախագահը ենթադրում, որ տվյալ հավաքում ընդունված 9 հոդվածից կազմված ծրագիրը մերժում էր 1923 թ. ապրիլի 8-ին Մուստաֆա Քեմալի հրապարակած Ժողովրդական կուսակցության 9 սկզբունքները[157]: Դատարանի նախագահը հայտարարեց, թե Ջավիդի բերած փաստարկները համոզիչ չեն[158]:
Դոկտոր Նազըմի հարցաքննության ժամանակ դատարանի նախագահի կողմից հնչեցին Իզմիրի մահափորձի հետ ոչ մի կապ չունեցող հարցեր: Դատարանի նախագահ Ալի Չեթինքայան, որպեսզի հասարակայնությանը համոզեր, որ այս մեղադրյալն արժանի էր մահապատժի, մի բան, որը որոշված էր անգամ նախքան Նազըմի ազատազրկումը և դատական գործընթացի մեկնարկը, սկսեց մեղադրյալին հարցեր ուղղել տարիներ առաջ կատարված դեպքերի վերաբերյալ. «Այս երկիրը զուր տեղը ներքաշեցիք պատերազմի մեջ: Հետևանքը հայտնի է բոլորին: Հիմա ասեք, թե Համաշխարհային պատերազմի մեջ մտնել կարողանալու համար ո՞ր պետությունների հետ եք պայմանավորվել և ի՞նչ հիմքերով»[159]:
Այս հարցին ի պատասխան՝ ամբաստանյալն ասաց, թե ինքը «տեղեկություններ չի ունեցել: Դրա մասին տեղյակ են եղել միայն Սայիթ Հալիմ, Թալեաթ և Էնվեր փաշաները»[160]: Նա նաև պնդեց, թե ինքը «բաց ճակատով» է դուրս եկել պատերազմից[161]:
Դոկտոր Նազըմի հարցաքննության ընթացքում դատարանի նախագահը հարկադրեց ամբաստանյալին ընդունել, որ կուսակցության լուծարումից հետո նրա անդամների գործունեությունը ոչ օրինական էր համարվում[162]: Ալի Չեթինքայան ընդգծելով, որ երիտթուրքերն ընդհանուր պատասխանատվություն էին կրում այդ պատմական իրադարձությունների համար, անդրադարձավ նաև իթթիհադական պարագլուխների` երկրից ճողոպրելու փաստին, որին ի պատասխան` դոկտոր Նազըմը հայտնեց, որ փախուստի որոշումը կայացվել էր կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, ըստ որի` Թալեաթը, Էնվերը, ինքը` Նազըմը, և Բեհաեդդին Շաքիրը, իրենց իսկ անվտանգությունից ելնելով, պետք է լքեին երկիրը, քանի որ «քրիստոնյաները` հույներն ու հայերը, ատելություն էին տածում իրենց հանդեպ»[163]:
Այնուհետև նախագահն անդրադարձավ Ջավիդի տանը կայացած ժողովին և այդ ժամանակ մշակված 9 հոդվածներ ունեցող ծրագրին, որը գտնվել էր Նազըմի տանը` խուզարկության ժամանակ[164]:
Աթաթուրքի կենսագիր Ֆալիհ Ռըֆքը Աթայը նշում է, թե Նազըմը Մուստաֆա Քեմալին համարում էր Թալեաթի մարդասպանը` պնդելով, որ եթե Քեմալը Թալեաթին թույլ տար վերադառնալ Թուրքիա, հայերը նրան չէին սպանի: Նույն Նազըմը, ծաղրի ենթարկելով մեջլիսի կողմից Մուստաֆա Քեմալին շնորհված «գազի»[165] տիտղոսը, Իզմիրի տրամվայներում Քեմալին անվանում էր “gazoz paşa” («գազավորված ըմպելիքի փաշա»)[166]: Ազգայնական շարջման տարիներին Նազըմը նամակագրության մեջ Մուստաֆա Քեմալին կոչում էր “sarı kul” («դեղին ստրուկ»)[167]:
Ուշագրավ է, որ իրենց իշխանության տարիներին միակուսակցական համակարգ ստեղծած երիտթուրքերը Իզմիրի և Անկարայի դատական գործերի նիստերում խոսում էին ժողովրդավարությունից և շեշտում, թե ընդդիմություն կազմելը դեմոկրատական սկզբունքներից մեկն է: Այսպես՝ երբ դատարանը Նազըմին մեղադրեց հիշյալ ծրագրի մշակման մեջ, որը կարծես ուղղված լիներ Մուստաֆա Քեմալի կուսակցության 9 սկզբունքների դեմ, Նազըմն ընդգծեց, թե «կուսակցություն հիմնելը քաղաքացու իրավունքն է»[168]: Այդ փաստարկին ի պատասխան` դատախազը հարկադրված եղավ միջամտել` ասելով. Բազմաթիվ քաղաքացիներ են ընդգրկվել Առաջադիմական հանրապետական կուսակցության շարքերը: Նրանք ազատ էին այդ հարցում: Ոչ ոք ասելիք չունի դրա դեմ: Սակայն դոկտոր Նազըմին մեղադրյալի աթոռին է հասցրել իր գաղտնի քաղաքական գործունեությունը»[169]:
Հարցաքննության վերջում դատախազը հայտարարեց, թե իր կարծիքով` անկեղծության նշույլ անգամ չէր եղել Նազըմի պատասխաններում[170]:
1926թ. օգոստոսի 23-ին դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով, ըստ որի` պահանջում էր Ջավիդին, Նազըմին, Հիլմիին և Նայիլին, 55-րդ հոդվածի համաձայն (մահապատիժ` կախաղանի միջոցով), դատապարտել մահվան, իսկ Ալի Իհսանին, Վեհբիին, Էթհեմին, Հյուսնյուին, Համդիին, Ռաուֆ Օրբային և Ռահմիին, 57-րդ (ցմահ թիապարտություն) և 58-րդ հոդվածների համաձայն, դատապարտել ազատազրկման[171]: Դատախազը նաև պահանջեց ազատ արձակել մնացած 26 մեղադրյալներին, որոնց շարքում էր Միթհաթ Շյուքրյու Բլեդան[172]:
1926թ. օգոստոսի 25-ին Անկախության դատարանն ունկնդրեց ամբաստանյալների պաշտպանական ճառերը: Քանի որ մեղադրյալներին հնարավորություն չէր տրվել փաստաբան վարձել, հենց իրենք էլ ներկայացրեցին իրենց գրած պաշտպանական ելույթները: Ամբաստանյալների մեջ հատկապես փայլուն ելույթ էր պատրաստել Ջավիդ բեյը, որի ճառը բաղկացած էր երկու մասից` ընդհանուրից և մասնավորից[173]: Գրեթե 40 րոպե[174] տևած պաշտպանական ճառում Ջավիդն արդարանում էր, թե ինքը միշտ դեմ էր դուրս եկել պատերազմի մեջ ներքաշվելու գաղափարին և այդ մասին ամեն պատեհ առիթի հայտնել կառավարությանը: Նա նաև պնդում էր, թե որևէ առնչություն չէր ունեցել պատերազմի տարիներին թույլ տրված չարաշահումների հետ[175]: Ջավիդը պաշտպանական ելույթում չէր ժխտում 9 հոդվածներից բաղկացած ծրագրի առկայության փաստը` շեշտելով, որ նման ծրագրերը բխում են քաղաքական կյանքի պահանջներից[176]:
Ջավիդից հետո պաշտպանական ճառերով հանդես եկան նաև մյուս ամբաստանյալները` Յենիբահչելի Նայիլը, դոկտոր Նազըմը, Հիլմին, Ալի Իհսանը և այլք[177]:
Անկարայի դատավարության դատավճիռը հրապարակվեց 1926թ. օգոստոսի 26-ին: Դատավճռում նշվում էր, թե «…ազգն ու երկիրը թշնամու ոտքերի տակ ձգած և փախչելուց զատ այլ ելք չգտած Միություն և առաջադիմություն կուսակցության անդամները մտադիր են եղել վերստին իշխանության գալ Ազգային-ազատագրական պայքարի վերջում: Լոզանի բանակցությունների ընթացքում Ջավիդ բեյի տանը կայացած գաղտնի ժողովներում նախկինում իթթիհադական եղած այնպիսի անձինք, ինչպիսիք են Քարա Քեմալը, Շյուքրյուն և Իսմայիլ Ջանփոլադը, Մուստաֆա Քեմալին հղված իրենց դիմումի մերժումից հետո շարունակել են քաղաքական գործունեությունը` ի տարբերություն երիտթուրքերի մի մասի, որի մեջ էր նաև Զիյա Գյոքալփը, և ովքեր հեռացել էին քաղաքականությունից: Բացահայտվել է, որ այդ գաղտնի հավաքներում որոշվել էր ԹԱՄԺ-ում ընդդիմադիր «առաջին» և «երկրորդ» խմբերը միավորելով` դրանց մեջ ներգրավել նաև նախկին իթթիհադականներին և այս հարցում ապահովել Ռաուֆ Օրբայի[178] աջակցությունը: Դրա չստացվելու դեպքում իթթիհադականներից 15-20 հոգանոց պատգամավորների ցուցակ ընդունել տալ՝ դարձյալ Ռաուֆ բեյի օգնությամբ, եթե դա էլ չհաջողվեր` բացահայտ կերպով հանդես գալ Միություն և առաջադիմություն կուսակցության անունից: Սակայն այդ բոլոր ծրագրերն էլ չհաջողվեցին, որից հետո նրանք հանդես եկան Ժողովրդական կուսակցությունը մասնատելու նախաձեռնությամբ, որին գործիք էր դարձել նաև Ռաուֆ բեյը: Այնուհետև Առաջադիմական կուսակցության հիմնումը նախաձեռնելով` ձգտել են խլել իշխանությունը»[179]:
Դատարանի կազմը կայացրած դատավճռում հետևյալ կերպ էր հիմնավորում երիտթուրքերի` նախկինում կատարած հանցագործությունները Իզմիրի մահափորձի հետ կապելու փաստը. «Սակայն եթե ուշադրություն դարձնենք մինչ այժմ թվարկված հանցագործություններին, ապա կտեսնենք, որ դրանք բոլորն էլ միավորվում են այն կետերի շուրջ, որոնք են` Համաշխարհային պատերազմի մեջ ներգրավվելը, այդ պատերազմի ընթացքում սննդի հարցով կատարված չարաշահումները և, ի վերջո, երկիրը պատերազմի մեջ ներքաշածների գործունեությունն այն վայրերում, ուր նրանք փախել էին, ինչպես նաև` հետագայում երկրում իշխանությունը խլելու համար կուսակցություն հիմնելուն ուղղված փորձերը»[180]:
Ապա դատավճիռը մեկ առ մեկ անդրադառնում էր մեղադրյալներին: Ջավիդ բեյը մեղավոր էր համարվում Իզմիրի մահափորձը նախապատրաստող անձանց հետ սերտ հարաբերություններ ունենալով` նրանց ուղղորդելու և աջակցելու, դոկտոր Նազըմ բեյը` Ջավիդի տանը կայացած գաղտնի հավաքներին և այստեղ ընդունված որոշումներին մասնակից լինելու, Նայիլն ու Հիլմին` Էնվեր փաշայի` Ռուսաստանում գտնվելու տարեթվից սկսած Միություն և առաջադիմություն կուսակցության` իշխանության գալն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ տանելու և գաղտնի ժողովներին մասնակցելով` հանցագործությանը մեղսակցելու մեջ[181]:
Դատավճռի համաձայն` ֆինանսների նախկին նախարար Ջավիդը, դոկտոր Նազըմը, Արդահանի պատգամավոր Հիլմին և Նայիլը դատապարտվեցին մահվան, իսկ Ալի Օսման Վեհբին, Հյուսնյուն, Իբրահիմ Էդհեմը, Ռաուֆ Օրբայը և Ռահմին` 10 տարվա աքսորի[182]: Անկախության դատարանն ազատ արձակեց մյուս 37 մեղադրյալներին:
1926թ. սեպտեմբերի սկզբներին Անկարայի Անկախության դատարանը քննեց Իթթիհադի դատավարությանը վերաբերող ևս մի քանի մանր գործեր: Այսպես՝ 1926թ. սեպտեմբերի 1-ին դատարանը 5 տարվա աքսորի դատապարտեց Էսքիշեհիրի մի շարք բնակիչների` փաստաբան Հյուեսին Ավնիին, ԹԱՄԺ-ի նախկին պատգամավոր Նեջաթիին, վերջիններիս ազգականներ Հասան Թահսինին և Մուստաֆային[183]: Ապացուցվել էր, որ հիշյալ անձինք բոլորն էլ կապ էին պահպանել Զիյա Հուրշիդի հետ` Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձի նախապատրաստման ժամանակ[184]:
Այստեղ հարկ է նշել, որ 1926թ. կախաղան բարձրացված Նայիլը 1919 թ. Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների դատավարության ժամանակ արդեն իսկ հեռակա կարգով դատապարտվել էր մահվան` հայերի ոչնչացումը կազմակերպելու մեղադրանքով[185]:
----------------------------------------------------------

  • [1] Murat Çulcu, Spekülatif Marjinal Tarih Tezleri, İstanbul, E Yayınları, 2000, s. 284.
  • [2] Նույն տեղում, էջ 286:
  • [3] Օսմանյան կայսրության տնտեսությունն ազգայնացնողներից մեկը եղած Քարա Քեմալը, որը Հայոց ցեղասպանության ժամանակ լինելով սննդի նախարարը` մեծ դեր էր խաղացել հայերի ունեցվածքի կողոպուտն օրինականացնելու հարցում, ինչպես նաև` ազգայնական պայքարը կազմակերպելու գործում առանցքային դերակատարություն ունեցած Karakol կազմակերպության հիմնադիրներից մեկն էր, Մալթա աքսորավայրից վերադառնալուց հետո, հոգաբարձուի կարգավիճակով, դարձյալ անցել էր երիտթուրքերի ազգային արտահանման ընկերությունների գլուխ, տե’ս Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, Derleyen: Hulûsi Turgut, İstanbul, 2005, s. 414.
  • [4] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, İstanbul, 1998, s. 384.
  • [5] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции (вторая половина XIX-первая четверть XX вв.), Ереван, изд. “Гитутюн”, 2001, с. 369.
  • [6] Аралов С. И., Воспоминания советского дипломата 1922-1923, Москва, 1960, с. 145.
  • [7] Falih Rıfkı Atay, Çankaya-Atatürk’ün doğumundan ölümüne kadar-, İstanbul, 1969, s. 346.
  • [8] Новичев А. Д., Турция, Краткая история, Москва, 1965, с. 170.
  • [9] Новейшая история Турции, отв. ред. Шамсутдинов, Москва, 1968, с. 68.
  • [10] Аралов С. И., Воспоминания советского дипломата 1922-1923, с. 208.
  • [11] Նույն տեղում, էջ 142:
  • [12] Նույն տեղում:
  • [13] Новейшая история Турции, с. 83.
  • [14] Նույն տեղում, էջ 84:
  • [15] Հետագայում վերանվանվեց Ժողովրդահանրապետական կուսակցություն (Cumhuriyet Halk Fırkası):
  • [16] Tunaya T., Türkiye’de Siyasal Partiler, Cilt 3, İttihat ve Terakki, Bir Çağın, Bir Kuşağın, Bir Partinin Tarihi, İstanbul, 2000, s. 707.
  • [17] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 369.
  • [18] Аралов С. И., Воспоминания советского дипломата 1922-1923, с. 141.
  • [19] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 707.
  • [20] Yılmaz Gülcan, Cumhuriyet Halk Partisi 1923-1946, Alfa Yayınları, 2001, s. 93.
  • [21] Նույն տեղում, էջ 94: Հարկ է նշել, որ կուսակցության ծրագիրը մշակվել էր իթթիհադական Քարա Քեմալի կողմից, տե’ս Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 385.
  • [22] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, Ankara, 1999, s. 12.
  • [23] Նույն տեղում:
  • [24] Murat Çulcu, Spekülatif Marjinal Tarih Tezleri, s. 293.
  • [25] Yılmaz Gülcan, Cumhuriyet Halk Partisi 1923-1946, s. 96.
  • [26] Նույն տեղում, էջ 98:
  • [27] Новейшая история Турции, с. 86.
  • [28] Նույն տեղում, էջ 86-87: Փակվեց նաև Իթթիհադի կիսապաշտոնական օրգան «Թանինը», որի խմբագիրն էր Հյուսեին Ջահիդը, տե’ս А. Авакян,Черкесский фактор в Османской империи и Турции, с. 370.
  • [29] Seyhun Tunaşar, Gizemli Bir Devrimci Osmanlı’nın Dahiliye Vekili Cumhuriyetimizin İstanbul Milletvekili İsmail Canpolat (Janbulet), Ankara, Piramit Yayıncılık, 2004, s. 84.
  • [30] 6 ամիս ժամկետով հիմնված այս երկու Անկախության դատարաններն օժտվեցին արտակարգ իրավասություններով: Նրանց ժամկետները երկարաձգվում էին 6 ամիսը մեկ անգամ, տե՛ս Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 406.
  • [31] Yılmaz Gülcan, Cumhuriyet Halk Partisi 1923-1946, s. 100-101.
  • [32] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 370.
  • [33] Նույն տեղում, էջ 371:
  • [34] Murat Çulcu, Spekülatif Marjinal Tarih Tezleri, s. 285.
  • [35] Новейшая история Турции, с. 88.
  • [36] Նույն տեղում:
  • [37] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 357.
  • [38] Նույն տեղում:
  • [39] Ըստ Ալի Ֆուադ Ջեբեսոյի` խոսակցություններ էին շրջում առ այն, թե Սարը Էդիփ Էֆեն իրականում թուրքական կառավարության գործակալն էր, տե’ս Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, İstanbul, İletişim Yayınları, 2008, s. 218. Թեև Սարը Էդիփը դատական նիստերի ընթացքում անընդհատ պնդել է, թե առաջինն ինքն է իշխանություններին հայտնել մահափորձի մասին, բայց և այնպես դատարանը նրա դեմ մահվան դատավճիռ է կայացրել` հակառակ պնդմամբ և մեղադրանքով, քանի որ սույն ամբաստանյալը եղել է Հատուկ կազմակերպության անդամներից մեկը, և նրան մեղադրելն ու դատապարտելն անհրաժեշտ էր, որպեսզի մահափորձը կապվեր Իթթիհադի անվան հետ:
  • [40] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 371.
  • [41] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, ss. 1-2.
  • [42] Նույն տեղում, էջ 2-3:
  • [43] Հենց նա էլ դարձավ այս գործով առաջին ձերբակալվածը, տե’ս Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 365.
  • [44] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, s. 2.
  • [45] Նույն տեղում, էջ 3:
  • [46] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 710.
  • [47] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 359.
  • [48] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 367.
  • [49] Նույն տեղում:
  • [50] Նույն տեղում:
  • [51] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 219.
  • [52] Նույն տեղում, էջ 220:
  • [53] Mete Tunçay, Türkiye Cumhuriyeti’nde Tek-Parti Yönetimi’nin Kurulması (1923-1931), İstanbul, Tarih Vakfı Yurt Yayınları, 1999, s. 174.
  • [54] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 219.
  • [55] Mete Tunçay, Türkiye Cumhuriyeti’nde Tek-Parti Yönetimi’nin Kurulması (1923-1931), s. 165.
  • [56] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 404.
  • [57] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 370.
  • [58] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 398.
  • [59] Seyhun Tunaşar, Gizemli Bir Devrimci Osmanlı’nın Dahiliye Vekili Cumhuriyetimizin İstanbul Milletvekili İsmail Canpolat (Janbulet), s. 93.
  • [60] Նույն տեղում, էջ 92:
  • [61] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 400.
  • [62] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 375.
  • [63] Mehmet Barlas, İstiklal Mahkemesi belgeleri niye gizli kalsın ki?, Sabah Gazetesi, 11.02.2010.
  • [64] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 373.
  • [65] Զիա Հուրշիդը մահափորձի կազմակերպման մասին խոստովանել էր ոստիկաններին տված իր առաջին իսկ ցուցմունքներում, տե’ս Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 442.
  • [66] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, ss. 5-6.
  • [67] Թաղամաս Իզմիրում:
  • [68] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 442.
  • [69] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 79, д. 38, 1926 г., л. 56.
  • [70] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 79, д. 37, 1926 г., л. 49.
  • [71] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 372.
  • [72] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 361.
  • [73] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 78, д. 34, 1926 г., л. 20.
  • [74] Խոսքը վերաբերում է Շեյխ Սայիդի ապստամբությանը, որը ճնշելուց հետո սույն Անկախության դատարանը գործում էր Դիարբեքիրում:
  • [75] Mete Tunçay, Türkiye Cumhuriyeti’nde Tek-Parti Yönetimi’nin Kurulması (1923-1931), s. 167.
  • [76] Seyhun Tunaşar, Gizemli Bir Devrimci Osmanlı’nın Dahiliye Vekili Cumhuriyetimizin İstanbul Milletvekili İsmail Canpolat (Janbulet), ss. 84-85.
  • [77] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, ss. 221-222.
  • [78] Նրանցից երկուսը` Աբդուլհաք Ադնան Ադըվարը և Հյուսեին Ռաուֆ Օրբայը, չէին ձերբակալվել զուտ այն պատճառով, որ գտնվում էին արտասահմանում: Ինչպես 1926 թ. հունիսի 26-ին հաղորդում էր ֆրանսիական §Լա Ռեփյուբլիք» օրաթերթը, Անկախության դատարանը հրահանգել էր Թուրքիայի արտգործնախարարությանը, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկեր` այն ժամանակ Լոնդոնում գտնվող այս երկուսին գտնելու ուղղությամբ, տե’ս АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, д. 35, 1926 г., л. 358.
  • [79] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 221.
  • [80] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 79, д. 38, 1926 г., л. 57.
  • [81] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 221.
  • [82] Նույն տեղում:
  • [83] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 369.
  • [84] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 376.
  • [85] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 79, д. 37, 1926 г., л. 49. Հենց այդ օրն է ձերբակալվել նաև Միթհաթ Շյուքրյու Բլեդան, տե’սErik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 220.
  • [86] Նույն տեղում, էջ 222:
  • [87] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, Birinci Cilt, Ekiciğil Matbaası, İstanbul, 1955, s. 21.
  • [88] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 78, д. 35, 1926 г., л. 358. Ջավիդի ձերբակալման մասին լուրը նաև մեծ անհանգստություն էր հարուցել Եվրոպայի մասոնական շրջանակներում, տե’ս А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 376.
  • [89] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 79, д. 38, 1926 г., л. 64.
  • [90] Kandemir, Cumhuriyet Devrinde Siyasî Cinayetler, Ekiciğil Matbaası, İstanbul, 1955, s. 95.
  • [91] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, s. 82.
  • [92] Kandemir, Cumhuriyet Devrinde Siyasî Cinayetler, ss. 99-100. Դատարանն այդ ժամանակ արդեն մահվան էր դատապարտել նրան:
  • [93] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 714.
  • [94] Mete Tunçay, Türkiye Cumhuriyeti’nde Tek-Parti Yönetimi’nin Kurulması (1923-1931), s. 167.
  • [95] Ալի Չեթինքայան նախկինում եղել է երիտթուրքական կուսակցության անդամ: Ավելին` նա գտնվել է անգլիացիների կողմից Մալթա աքսորված իթթիհադականների շարքում և 2 տարի եղել Իսմայիլ Ջանփոլադի բանտակից ընկերը, տե’ս Seyhun Tunaşar, Gizemli Bir Devrimci Osmanlı’nın Dahiliye Vekili Cumhuriyetimizin İstanbul Milletvekili İsmail Canpolat (Janbulet), s. 86.
  • [96] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 220.
  • [97] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, s. 27.
  • [98] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 224.
  • [99] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 475.
  • [100] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 226.
  • [101] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 712.
  • [102] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, s. 55. «Սև ավազակախումբ» անվան տակ հիմնականում շեշտվում էր Քարա Քեմալի, Քարա Վասըֆի, ինչպես նաև վերջիններիս անվամբ ստեղծված «Քարաքոլ» կազմակերպության միասնությունը: “Kara” թուրքերեն նշանակում է սև:
  • [103] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, Birinci Cilt, s. 81.
  • [104] Նույն տեղում, էջ 82:
  • [105] Doç. Dr. Ahmet Eyicil, İttihat ve Terakki Liderlerinden Doktor Nazım Bey, Ankara, Gün Yayıncılık, 2004, ss. 321-322.
  • [106] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 376.
  • [107] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, Birinci Cilt, s. 82.
  • [108] Seyhun Tunaşar, Gizemli Bir Devrimci Osmanlı’nın Dahiliye Vekili Cumhuriyetimizin İstanbul Milletvekili İsmail Canpolat (Janbulet), s. 86.
  • [109] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, s. 55.
  • [110] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 378.
  • [111] Շրջան Ստամբուլում:
  • [112] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, ss. 459-460.
  • [113] Նույն տեղում, էջ 460:
  • [114] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 229.
  • [115] Uğur Mumcu, Gazi Paşa’ya Suikast, s. 57.
  • [116] Seyhun Tunaşar, Gizemli Bir Devrimci Osmanlı’nın Dahiliye Vekili Cumhuriyetimizin İstanbul Milletvekili İsmail Canpolat (Janbulet), s. 86.
  • [117] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 376.
  • [118] Մեղադրյալներից երկուսը` Քարա Քեմալը և Աբդուլքադիրը, մահվան դատապարտվեցին հեռակա կարգով:
  • [119] Mete Tunçay, Türkiye Cumhuriyeti’nde Tek-Parti Yönetimi’nin Kurulması (1923-1931), s. 168.
  • [120] А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 379.
  • [121] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu. İzmir Suikasti’nin Perde Arkası 1926. İddianame/Duruşmalar/Hüküm, İstanbul, Temel Yayınları, 2003, s. 375.
  • [122] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, Ekiciğil Matbaası, İstanbul, 1955, s. 8.
  • [123] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 231.
  • [124] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 385.
  • [125] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 79, д. 38, 1926 г., л. 64.
  • [126] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 79, д. 38, 1926 г., л. 65. Տե’ս նաև А. Авакян, Черкесский фактор в Османской империи и Турции, с. 380.
  • [127] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 375.
  • [128] Նույն տեղում, էջ 376:
  • [129] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 714.
  • [130] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, İstanbul, Ekiciğil Matbaası, 1955, s s. 7-8.
  • [131] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 387.
  • [132] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 231.
  • [133] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 379.
  • [134] Doç. Dr. Ahmet Eycil, İttihat ve Terakki Liderlerinden Doktor Nazım Bey, s. 323.
  • [135] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 485.
  • [136] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 715.
  • [137] Դատարանի նախագահ Ալի Չեթինքայան դեռ այն ժամանակ, երբ ձերբակալությունները նոր էին սկսվել, իր մտերիմներին ասել էր` «Ջավիդին և Նազըմին անպայման կախելու ենք», տե’ս Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 50.
  • [138] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 485.
  • [139] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 380.
  • [140] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 716.
  • [141] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 388.
  • [142] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 404.
  • [143] Doç. Dr. Ahmet Eycil, İttihat ve Terakki Liderlerinden Doktor Nazım Bey, s. 303.
  • [144] Դատարանը նրան ազատ արձակելու որոշում կայացրեց, տե’ս АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 78, д. 34, 1926 г., л. 1.
  • [145] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 388.
  • [146] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 29.
  • [147] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 232.
  • [148] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 716.
  • [149] Atatürk’ün Sırdaşı Kılıç Ali’nin Anıları, s. 485.
  • [150] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 388.
  • [151] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 30.
  • [152] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 507.
  • [153] Mete Tunçay, Türkiye Cumhuriyeti’nde Tek-Parti Yönetimi’nin Kurulması (1923-1931), s. 169.
  • [154] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 508.
  • [155] Նույն տեղում:
  • [156] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 389.
  • [157] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 232.
  • [158] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 389.
  • [159] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 53.
  • [160] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 482.
  • [161] Նույն տեղում, էջ 485:
  • [162] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 58.
  • [163] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 488.
  • [164] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 63.
  • [165] «Գազի» թուրքերեն նշանակում է «հաղթանակ տանող»: Այս տիտղոսը կրում էին առաջին թուրք սուլթանները: Օրինակ` Գազի Օսման:
  • [166] Այդ մասին տե’ս Falih Rıfkı Atay, Çankaya. Mustafa Kemal’in Çankaya’sı, İstanbul, 1998, s. 346.
  • [167] Arsen Avagyan, Dr. Nazım’ın Milli Mücadele hakkında bir mektubu, “Toplumsal Tarih”, N 125, İstanbul, Mayıs 2004, ss. 30-32.
  • [168] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 64.
  • [169] Նույն տեղում, էջ 65:
  • [170] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, s. 501.
  • [171] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 78, д. 34, 1926 г., л. 18.
  • [172] Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 232.
  • [173] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 390.
  • [174] Ըստ Ցյուրխերի` Ջավիդի պաշտպանական ելույթը տևել է 75 րոպե, տե’ս Erik Jan Zürcher, Milli Mücadelede İttihatçılık, s. 232.
  • [175] Osman Selim Kocahanoğlu, Atatürk’e Kurulan Pusu, ss. 561-566.
  • [176] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 718.
  • [177] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 390.
  • [178] Թուրքիայի Հանրապետության վարչապետը նշված ժամանակաշրջանում:
  • [179] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 391.
  • [180] Kandemir, İzmir Suikastinin İç Yüzü, İkinci Cilt, s. 112.
  • [181] Ergün Aybars, İstiklal Mahkemeleri, s. 391.
  • [182] Նույն տեղում, էջ 391-392:
  • [183] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 78, д. 33, 1926 г., л. 34.
  • [184] АВП РФ, Ф. 132, Референтура по Турции, оп. 11, папка 78, д. 33, 1926 г., л. 35.
  • [185] Takvîm-i Vekayi, No 3616, 6 Ağustos 1919, ss. 1-3.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets