ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.01.2014

«ԹՈՒՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԿՐԹՅԱԼ ԱՎԱԶԱԿ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ»

Սիրում եմ գրիչը, որը միաժամանակ և սուր է,
որ գիտե ի պաշտպանություն արդար դատերի
հազար սրազեն բազուկներ բարձրացնել:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը համընդհանուր ոգևորություն առաջ բերեց հայության շրջանում: Հրապարակախոսները հայկական մամուլում հավատ էին ներշնչում, թե ռուսական զենքի հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական բռնատիրությունից: Բայց Րաֆֆին չտարվեց ոգևորությամբ և հույսեր չակնկալեց պատերազմի հետևանքներից: Նրա համոզմամբ, ազատությունը չի շնորհվում ի վերուստ, և յուրաքանչյուր ժողովուրդ այն կարող է նվաճել միայն սեփական ուժերով: «Երբ մարդ անընդունակ է անձնապահպանության, նա կյանքի իրավունք չունի»,- ասում է Րաֆֆին` սուր քննադատության ենթարկելով հայկական հոգեբանության մեջ խոր արմատներ ձգած պահպանողական մտայնությունը: Ո՞րն է ելքը, և ի՞նչ անել:
Րաֆֆին հեգնում է ազգային որոշ գործիչների մոլորությունը, ըստ որի` հայկական հարցի լուծումը հնարավոր է ապագա քաղաքակրթված Թուրքիայում (այսօր էլ շատերը նմանօրինակ հույսեր կապում են Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու հետ):
«Մենք ունենք պատմություն,- ասում է Րաֆֆին,- 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատապարտության դատակնիքը…Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»:
Հակառակ զանազան վերացական ծրագրերի` Րաֆֆին հայոց ազգային-ազատագրական իրական ուղին համարում էր զինված ապստամբությունը:
«Եվ Տաճկաստանի հայոց խնդիրը ,- գրում է նա,-պետք է կայանա այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին անգամ կզարկի ազատության ժամը»:
Նախապատրաստական այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Ջալալեդդին», «Խենթը» և «Կայծեր» վեպերը: Այս ստեղծագործությունները խոր հետք են թողել հայ ազգային գաղափարաբանության վրա: Հատկանշական է, որ Րաֆֆին մտադիր է եղել «Կայծերը» վերնագրել «Հայդուկներ» և վեպի առաջին տպագրության սկզբում տեղադրել է մի փոքրածավալ, բայց ուշագրավ առաջաբան` «Հայդուկներ» վերնագրով, որը հայ իրականության մեջ այդ պատմաքաղաքական երևույթի թերևս միակ խոր և բնորոշ գնահատականն էր:
«Հայդուկը բնական արտահայտություն է բռնակալության լծի տակ ճնշված, հարստահարությունից տանջված և յուր մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի կյանքի ,- գրում է Րաֆֆին: – Հայդուկը ստրուկի բողոքն է իշխողի բարբարոսության դեմ…Հայդուկը հասարակ ավազակից որոշվում է գլխավորապես նրանով, որ նա ոչ թե հափշտակության ագահությունից դրդված կամ հանգամանքներից ստիպված է գործադրում իր արյունահեղ արհեստը, այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք ու ազատության բաղձանք»:
Գնահատելով Րաֆֆու ստեղծագործությունները` տարիներ անց Դանիել Վարուժանը կգրի.
«Րաֆֆին տվավ հերոսներ ապագայի ու անցյալի…Հայ մարտական շարժման պատրաստողներեն մեկը եղավ ան…Դժվար է գտնել ֆետայի մը, որ կարդացած չըլլա անոր «Խենդն» ու «Կայծերը»: Անդրանիկ ու Եփրեմ քալեցին Վարդանին` «Խենդի» հերոսին ճամբով. Սերոբ Աղբյուր և Գևորգ Չաուշ Ասլանի մարմնացումը եղան: Հայ հեղափոխությունը իրականության վերածեցին Րաֆֆիի` ոչ պատմական կոչված վեպերը: Ատիկա մեծ տաղանդին ուժն էր, որ կը հրապուրեր ապագան և իր սկզբունքներուն կը հպատակեցներ այն կայծկլտուն սաղմերը, որոնք հետո պիտի բռնկեին ու առաջ բերեին ազգային կյանքին մեջ ահագին հեղաշրջում մը` քաղաքական, ընկերային և հոգեբանական»:
Եվ իրավ, Րաֆֆու հերոսները` Վարդանը, Ասլանը, Կարոն, հայ ֆիդայու նախատիպերն են և պայքարի օրինակ են եղել ազգային երիտասարդության համար: Բերենք ընդամենը մեկ օրինակ. Սուրեն Սահակյանն իր «Հերոսապատում» գրքում անդրադառնալով Խաստուրի հերոսամարտին գրում է.
«Ալաշկերտի Խաստուր գյուղի 1899թ. հոկտեմբերի 26-28-ի հերոսամարտը և նրան հաջորդող իրադարձությունները հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսական տարեգրության փայլուն դրվագներից են: Խաստուրի հայտնի բանասաց Կարապետ Թամոյանը (Քեռի Կարո) պատմել է ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանին, որ երիտասարդ տարիներին ինքն էլ է մասնակցել հայրենի գյուղի պաշտպանությանը, կատարել մի շարք հանձնարարություններ և ամեն կերպ ձգտել նեցուկ կանգնել հայրենի ժողովրդի սրբազան դատին:
- Առավոտվա դեմ, երբ ես հասա մեր գեղ, տեսա թուրք ասկյարներ ու խուժան հասեր են Իրա Խորան Աստվածածնա վանքի դռան մոտ: Երկու կողմից էլ հրաձգություն էր: Ինձ ի՜նչ մնաց անելու: Հասա Դդե Գասպարի դռան մոտ ու ձիու խուրջինից ցած իջուցի փամփուշտներ, մեկ էլ` Րաֆֆու «Կայծեր» վեպը` հինգ օրինակ, բոլորն էլ նոր տպված: Դդե Գասպար կամուկաց էր, չըր ուզե կռվի մեջ մտնել: Ձին ներս քշեցի, չոքա դռան մոտ ու հրացանից կրակեցի: «Կայծեր» վեպի առաջին էջ բացվեցավ: Րաֆֆու նկարն էր: Համբուրեցի ու գոռացի. «Յա՜, Խաստուրա Իրա Խորան սուրբ Աստվածածին, դու օգնական էղնիս մզի…»:
Թշնամին ոռնաց ու կծկվեց նեղլիկ փողոցների մեջ: Հայ ֆիդայիները սովորաբար զենք էին կրում, իսկ Խաստուրի հայդուկները` նաև Րաֆֆու «Կայծերը»: Սա խիստ բնութագրական է, քանի որ նրանց մեծ մասը սովորել էր ոչ միայն տեղի ուսումնարանում, այլև Էրզրումի Սանասարյան վարժարանում, Հնձուց (Կարմիր) վանքի դպրոցում:
Րաֆֆու «Կայծեր»-ից հայրենասիրության դասեր էին առել նաև այն հայորդիները, ովքեր անվարան նետվեցին Արցախյան ազատամարտի բոցերի մեջ և իրենց հերոսական պայքարով մի նոր փառավոր էջ գրեցին հայոց պատմության ոսկե մատյանում: Րաֆֆու ստեղծագործություններից հայրենասիրության դասեր առնելու հերթն այժմ նոր սերնդինն է…
ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets